ԱՄՆ-ը անորոշ ժամանակով դադարեցրել է Վրաստանի սեյսմիկ մոնիտորինգի կենտրոնի ֆինանսավորումը՝ տեղեկացնում է NewsGeorgia-ն։ Որոշման հիմնավորման մեջ նշվում են «հակաժողովրդավարական գործողությունները և Վրաստանի կառավարության կեղծ հայտարարությունները, որոնք չեն համապատասխանում ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցության չափանիշներին»։               
 

«Էրդողանը շահեց ընտրությունները, բայց տանուլ տվեց Թուրքիան»

«Էրդողանը շահեց ընտրությունները, բայց տանուլ տվեց Թուրքիան»
10.11.2015 | 00:07

Միջազգային խոշոր իրադարձությունները մի տեսակ ստվերում թողեցին հույժ տարածաշրջանային նշանակության երկու փաստ` Թուրքիայում և Ադրբեջանում նոյեմբերի 1-ին անցկացված խորհրդարանական ընտրությունները։ Թուրքիայում դրանք արտահերթ էին, Ադրբեջանում` հերթական։ Այդ պետական կազմավորումները շատ յուրահատուկ են, քանի որ կարծես միավորված լինեն դեռևս Սուլեյման Դեմիրելի ու Հեյդար Ալիևի հաստատած կարգախոսով` «Մեկ ժողովուրդ` երկու պետություն»։ Եվ չես հասկանա, թե ինչին է ուղղված ակնարկը, որովհետև, ասենք, եթե «մեկ ժողովուրդ» է, ապա, հաշվի առնելով հայերի կոտորածները Շուշիում, Նուխայի (Շեքիի) գավառում և Բաքվում, ժամանակակից Ադրբեջանը պակաս պատասխանատու չէ Հայոց ցեղասպանության համար, քան Թուրքիան։ Իսկ եթե հայերի ֆիզիկական ոչնչացման ակտերին ավելացնենք նաև Նախիջևանի մարզի հայաթափումը, ապա առհասարակ, Ադրբեջանը արդեն վաղուց պետք է արժանացած լիներ տարբեր ցեղասպանությունների ընթացքն ու հետևանքներն ուսումնասիրող գիտնականների սևեռուն ուշադրությանը։ Եվ այս ամենը դեռ առանց հաշվի առնելու Արցախի պաշտպանական պատերազմն ու այն ցեղասպանական երևույթները, որ թույլ է տվել Ադրբեջանը 1991-94 թթ. ընթացքում։
Ապշերոնյան թյուրիմացությունը (դե, եթե հիշենք, թե իր հուշագրություններում հնարովի Ադրբեջանը ինչպես է բնութագրել ռուսական սպիտակգվարդիական շարժման զինվորական առաջնորդներից մեկը` գլխավոր շտաբի գեներալ-լեյտենանտ Անտոն Դենիկինը, որը, ի դեպ, ճորտ գյուղացու որդի էր, ապա «ադրբեջանական հանրապետությունը» այլ կերպ չես անվանի) ոչնչով չզարմացրեց` հաղթեց ալիևյան խանի, այսինքն` Իլհամ Հեյդար-օղլուի «կուսակցությունը»։ Միլլի մեջլիս անցածների մեջ է նրա կնոջ` Մեհրիբան «խանըմի» «կուսակցությունը»։ Ինչո՞վ է տարբերվում ընտանեկան կապալից։ Ես չեմ հասկանում, թե ինչու է մի շարք լրատվամիջոցների մեկնաբանություններում հիշատակվում, թե «խափանվել է» հնարովի Ադրբեջանի «հեղափոխականացման» և ալիևյան խանի իշխանության տապալման պլանը։ Ինչ է, որևէ մեկը նրան սպառնացել է սպանե՞լ (իսկ խաների իշխանությունը, որպես կանոն, հենց մահվամբ էլ ավարտվում է)։ Խնդիրն այն է, որ ապշերոնյան «ընդդիմության» նույնիսկ այն մասը, որը, համապատասխանաբար, համարում են արևմտամետ կամ ռուսամետ, իրականում «Ապշերոնի հանրապետության» ազգային անվտանգության նախարարության վարձու գործակալներից է կազմված։ Այնպես որ, ապշերոնյան խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքներն այնքան էլ հետաքրքիր չեն։ Դե, ասենք, խանական ընտանիքի «բարեկամների» կազմը խորհրդարանում մեկ-երկու հոգով փոխվեց, է, ի՞նչ անենք։ Ոչինչ։
Կովկասյան թաթարները դեռ 20-րդ դարի սկզբներից կողմնորոշված են բացառապես դեպի օսմանյան թուրքերը, զուր չէ, որ պանթյուրքիզմի գաղափարախոսության մշակման կենտրոններից մեկը հենց Ապշերոնն էր, որն այն ժամանակ պաշտոնապես կոչվում էր Բագու, ոչ թե Բաքու... Այսինքն, թուրքական ոչինչ այդ քաղաքի անվան մեջ 20-րդ դարի սկզբին չկար։ ՈՒստի այնքան էլ զարմանալի չէ, որ, օրինակ, 2014 թ. խանական ընտանիքների ներսում հիմնական իրադարձությունն այն էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի ճնշմամբ խան Իլհամ Հեյդար-օղլուն հարկադրված էր աչքից հեռու վանել թուրքական գաղտնի «Նուրջուլար» (նուրսիականներ) կազմակերպության տեղական խմբավորումը։ Եվ վերջ։ Այն, ինչ կատարվում է հնարովի-Ադրբեջանի ծայրամասային գավառներում, այդ թվում` ազգային փոքրամասնությունների բնակության վայրերում, սովորաբար ոչ ոքի չի հետաքրքրում կամ էլ եթե հետաքրքրում է, ապա հույժ իրավիճակային նկատառումներով, օրինակ, խանական ընտանիքի վրա ճնշման լրացուցիչ լծակների որոնման համար։
Ես մի քիչ պարզեցնում եմ, իհարկե, բայց, ավաղ, առանց հեգնական ծիծաղի պարզապես անհնար է վերլուծել Ապշերոնում տեղի ունեցող իրադարձությունները, այնպես որ, այդ պետական կազմավորումը պարզապես գոյություն ունի և ձգտում է որսալ միջազգային քաղաքականության «համընթաց քամիներ», որպեսզի երկարացնի խանական ընտանիքի հարստանալու և, համապատասխանաբար, հնարովի Ադրբեջանի գոյության ժամկետները։ Իսկ «արանք-արանք» էլ մե՛կ կսրեն օպերատիվ իրադրությունը արցախյան ռազմաճակատներում, մե՛կ «օբյեկտիվի մեջ կհայտնվեն» Սիրիայում ահաբեկիչների դեմ մարտնչող «Ապշերոնի հանրապետության» քաղաքացիների ոչնչացման հերթական հաղորդագրությունների պատճառով և այլն։
Իսկ Թուրքիան այլ բան է։ Սիրիայի, ինչպես նաև Մերձավոր Արևելքում ռուս-իրանական համագործակցության պատճառով այդ երկիրը հետաքրքրում է, առանց չափազանցության, գրեթե ամբողջ աշխարհին, նրա թե՛ քրիստոնեական մասին, թե՛ մուսուլմանական։ ԱՄՆ-ի պետդեպարտամենտի ու Պենտագոնի նախկին պաշտոնյա, Միջին Արևելքի հարցերի փորձագետ Դենիել Փայպսը Nationalrewiev.com կայքում հրապարակված հոդվածում անդրադարձել է նոյեմբերի 1-ին Թուրքիայում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ «Ես, ինչպես և մյուս փորձագետները, ցնցված էինք, երբ հաղորդեցին, որ «Արդարություն և զարգացում» կառավարող կուսակցությունը (ԱԶԿ) այս տարվա հուլիսին անցկացված ընտրություններից հետո 9 %-ով ավելացրել է իր քվեների թիվը, իսկ խորհրդարանական տեղերը` 11 %-ով»,- գրում է նա։ Հունիսի զարգացումները հետևողականորեն ցույց էին տալիս, որ չորս խոշոր կուսակցությունները խորհրդարանում ստանում են մոտավորապես միատեսակ թվով քվեներ։ Ի վերջո, այդ կուսակցությունները երկուստեք թշնամական հայացքներ ունեն, և քիչ հավանական է, որ հինգ ամսվա ընթացքում նրանց շրջանում նշանակալի տեղաշարժ եղած լինի։ ԱԶԿ-ի քվեների թվի աճը կուսակցության համար խորհրդարանական մեծամասնություն ապահովեց, որ նա կորցրել էր հունիսյան ընտրություններից հետո, նախագահ Էրդողանին խոստանալով դեպի բռնապետական իշխանություն տանող կիսաօրինական ուղի, ինչին նա ձգտում է։ Սակայն, հոդվածի հեղինակի ասելով, ներկա ընտրությունների արդյունքներից կեղծիքների հոտ է փչում։ Դժվար է պատկերացնել, որ, օրինակ, քրդերի դեմ ԱԶԿ-ի պատերազմը Թուրքիայի քրդերի մոտավորապես քառորդ մասին ստիպեր հրաժարվել քրդամետ կուսակցությանը պաշտպանելուց և իրենց քվեները տալ ԱԶԿ-ին։ Հաշվի առնելով Թուրքիայում կեղծիքների պատմությունը, զարմանալի չէ, որ այդ ընտրությունները ևս կեղծված լինեն, երբ կանխավ արդեն տեղեկություններ էին տարածվել, թե լուրջ ջանքեր են գործադրվում արդյունքների վրա ազդելու համար։
Այո, քրդերին, Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» անդամներին ամեն կերպ հալածում, ահաբեկում էին սպառնալիքներով, շանտաժի ենթարկում։ Շարքային քրդերին խեղդում էին ահաբեկչական ակտերի արյան ծովում, նույնիսկ առանց հետաքննության դրանց հեղինակ ազդարարելով քրդական աշխատավորական կուսակցությանը կամ հրապարակավ հայտարարելով, թե «կասկածում են, որ դա ՔԱԿ-ի զինյալների ձեռքի գործն է»։ Բավական է հիշել ամռանը Սիրիայի հետ սահմանամերձ Սուրուչ քաղաքավանում կամ հոկտեմբերին Անկարայում կազմակերպված ահաբեկչությունները։ Թուրքիայի բանակն ու ժանդարմությունը ամուր փակել էին քրդաբնակ վիլայեթների ելումուտը և անցկացնում էին «ահաբեկիչների դեմ ուղղված խուզարկություններ»։ Իսկ Ջիզրե և Յուքսեկովա քաղաքավաններում (դարձյալ Սիրիայի սահմանից ոչ հեռու) առհասարակ ցեղասպանություն էին սարքել, հրետակոծում էին բնակելի տները։ Հիմա Թուրքիայի քաղաքացիները երկընտրանքի առջև են կանգնած. կա՛մ ընդունել, կա՛մ մերժել ընտրությունների արդյունքները։ Ի՞նչը կգերակշռի. վախը Էրդողանի դաժանությունների՞ց, թե՞ կեղծիքների առաջ բերած ցասումը։ «Ցավոք, քանի որ ընտրությունների միջոցով պետական հեղաշրջումը փակել է ժողովրդավարության ուղին, ապա եթե թուրքերը դիմակայեն, նրանք այդ բանը պետք է անեն ոչ ժողովրդավարական ուղիով»,- գրում է ամերիկացի հեղինակ Փայպսը։ Կարծում եմ, որ Փայպսի արձագանքից էլ արդեն հասկանալի է, որ Էրդողանի կուսակցությունը իրավունք է ստացել միանձնյա կազմելու կառավարությունը։ Ընդդիմությունը, այդ թվում` քրդերը, «խաղից դուրս են»։ Այնպես որ, ճիշտ է մեր հայրենակից թուրքագետ, Հայաստանի ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը` «հիրավի, Էրդողանը շահեց ընտրությունները, բայց տանուլ տվեց Թուրքիան»։ Եվ ամերիկացի Փայպսի արձագանքը պերճախոս ապացույցն է այն բանի, որ այդ երկրին սպասում է առնվազն դժվարին և արյունալի ապագա։ Եվ հարկ չկա հաշվի առնել այն հանգամանքը, թե այս օրերին արտասահմանյան որ երկրների առաջնորդներն են Էրդողանին և ԱԶԿ-ին շնորհավորել այդ, լիովին կարելի է ասել, «պյուռոսյան հաղթանակի» առթիվ, Իրանն ու Ռուսաստանը նրանցից են, որոնք սևեռուն հետևել և հետևում են իրադարձությունների զարգացմանը Թուրքիայում և քրդական խնդրի վիճակին։ Նրանք իրենց հետևություններն արել են Դենիել Փայպսից շատ առաջ, և այդ հետևությունները կապված են Սիրիայում ու արաբական այն երկրներում Անկարայի խաղացած դերի հետ, որտեղ թուրքերն ԱՄՆ-ին օգնել են զարգացնելու «արաբական գարունը» (դրանք կապված են նաև Ռուսաստանի, Իրանի, Իրաքի ու Սիրիայի` Բաղդադում գործող քառակողմ ռազմատեղեկատվական կենտրոնի ստեղծման հետ)։
Հիշում եմ, Անկարայի հոկտեմբերի 10-ի ահաբեկչական ակտից անմիջապես հետո մի խումբ հայտնի փորձագետներ, այդ թվում` քրդեր (Ֆրահադ Պատիև, Էլդար Կասաև), Ռուսաստանում միարժեք պնդում էին, որ վերջ, «Թուրքիայում նույնիսկ հարաբերական անդորրի մասին ստիպված են մոռանալ»։ Բա ո՞նց։ Արտահերթ ընտրությունների «արդյունքներն» այդպես էլ չեն լուծում քրդերի հարցը, ի վերջո, նույն ՔԱԿ-ը Անկարայի ահաբեկչությունից հետո դիմեց ժամանակավոր հրադադարի` միայն մեկ հիմնավորմամբ` չխանգարել հետաքննությանը և խորհրդարանական ընտրություններին նախապատրաստվելուն։ Ճիշտ է, Էրդողանն ու նրա ենթակաները «գթացին», հայտարարեցին, որ Սուրուչի և Անկարայի ահաբեկչական ակտերը «Իսլամական պետության» (ԻՊ) ահաբեկիչների ձեռքի գործն են։ Բայց ո՞վ չգիտե, որ Էրդողանի ու ԱԶԿ-ի կառավարման շրջանի Թուրքիան է հենց ԻՊ-ի ջիհադականների հիմնական բազան։ Այնպես որ, հավանաբար, ՔԱԿ-ի պարտիզանները շուտով կարող են վերսկսել պատերազմական գործողություններն ընդդեմ թուրքական բանակի և ժանդարմության։ Սա Հայաստանին հետաքրքրում է, առաջին հերթին, այն պատճառով, որ մեզ համար պարզ է` այս անգամ, ինչպես օգոստոս-սեպտեմբերին, բախումների ասպարեզ կդառնա նաև մեր հարևան Իգդիրի վիլայեթը։ Իսկ դա արդեն թե՛ վտանգավոր է, թե՛ ընդհանուր առմամբ քիչ կանխատեսելի։
Մի ոչ անհայտ նրբություն. օրինակ, ապշերոնյան 1news.az համացանցային կայքը ջանադրաբար քարոզում էր, որ «բարձրագույն օրենսդիր մարմին են անցել ազգությամբ մեկ ադրբեջանցի և երեք հայ»։ Սենսացիա՞ է։ Ոչ։ Այդ «փոքրամասնությունները» (նրանցից երկուսը) անցել են կառավարող ԱԶԿ-ի ցուցակներով, այնպես որ, նրանցից օգուտ մի սպասիր։ Ճիշտ է, մեկ հայ պատգամավորուհի անցել է... նացիոնալիստական (փաստորեն` ֆաշիստական) ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ) ցուցակով։ Դա Սելինա Դոգանն է։ Ես չեմ սխալվում, և՛ հին «քեմալականները», և՛ «ոչ քեմալականները» նույն թուրք ֆաշիստներն են, ինչպես որ զուտ ֆաշիստական «նացիոնալիստական շարժում» կուսակցության (ՆՇԿ)` «Բոզ քուրդ» ահաբեկչական կազմակերպության «աշխարհիկ ձևի», անդամները։ Մեկ այլ հայ էլ` Գարապետ Պայլանը, անցել է քրդամետ HDP կուսակցության ցուցակով։ Բայց նրանք ոչ մի հարց լուծել չեն կարող։ Չէ՞ որ դա նույն ցեղասպանող Թուրքիան է...

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 1738

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

utton_compact">

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Պա­հան­ջում են հրա­ժա­րա­կան
Պա­հան­ջում են հրա­ժա­րա­կան