«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Միայնակների տարածաշրջանը

Միայնակների տարածաշրջանը
06.11.2015 | 10:04

Ադրբեջանում ու Թուրքիայում խորհրդարանական ընտրություններից հետո և ստեղծվել է, և չի ստեղծվել նոր իրավիճակ: Ադրբեջանում հաղթեց «Ենի Ազերբայջանը», որը նշանակում է Իլհամ Ալիևի դիրքերի ամրապնդում, բայց նրա դիրքերը ոչ ոք չէր էլ սասանել: Ադրբեջանում ընդդիմության գոյությունը ձևական-պայմանական է, կան, որովհետև պիտի լինեն: Իրական ընդդիմադիրները Ադրբեջանում բանտում են և դատելով վարվող քաղաքականությունից՝ հազիվ թե առաջիկայում ազատ արձակվեն ընտրություններից հետո: Ասենք՝ համաներումով: Նույնքան ձևական-պայմանական էին խորհրդարանական ընտրությունները Ադրբեջանում, որոնց ընդդիմությունը չմասնակցեց: Այնուհանդերձ՝ Իլհամ Ալիևի «Ենի Ազերբայջանի» հաղթանակը մնում է հաղթանակ և այլևս տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական գործընթացներում Ադրբեջանի նախագահը ներկայանալու է ընտրություններում հաղթածի իմիջով: Իր առաջին պաշտոնական այցի համար ընտրություններից հետո նա ընտրեց Վրաստանը, որտեղ հանդիպելու է նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու, խորհրդարանի նախագահ Դավիթ ՈՒսուպաշվիլու և Համայն Վրաստանի պատրիարք Իլյա Երկրորդի հետ։ Այցի անոնսում նշվում է, որ ստորագրվելու են երկկողմ համագործակցության խորացման վերաբերյալ հռչակագրեր՝ քաղաքական, անվտանգության, տնտեսության, առևտրի, մշակույթի, կրթության և գիտության ոլորտներում։ Հռչակագրեր, բայց ոչ համաձայնագրեր: Վրաց-ադրբեջանական հարաբերությունները շատ ավելի սերտ են, քան հայ-վրացականը: Համենայն դեպս՝ տնտեսականն ու ռազմաքաղաքականը: Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի արտաքին գործերի նախարարներն էլ պարբերաբար հանդիպում ու տարածաշրջանային խնդիրներ են քննարկում՝ նախապես հայտարարելով, որ իրենց համագործակցությունը որևէ երկրի դեմ ուղղված չէ: Իլհամ Ալիևի շուտափույթ այցը Թբիլիսի պայմանավորված էր նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Վրաստան աշխատանքային այցով, որի առիթը սուրբ Գևորգ եկեղեցու վերաբացումն էր, բայց հանդիպումների շրջանակը նույնն էր, բացի պատրիարքի հետ հանդիպումը: Հայ-վրացական քննարկումները վերաբերում էին առևտրատնտեսական համագործակցությանը և տարածաշրջանային նոր իրավիճակին, որ ստեղծում է Իրանի պատժամիջոցներից ձերբազատումը: Նույն խնդիրները Ալիևն է Վրաստանում քննարկելու: Հետաքրքիր են լինելու նրա հանդիպումների արդյունքները: Ընտրություններին միջազգային կառույցների արձագանքներից դատելով՝ Իլհամ Ալիևի Ադրբեջանը մեկուսանում է Արևմուտքից:
Արևմուտքը պարզապես չճանաչեց Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունները և մտահոգություն հայտնեց ժողովրդավարական վիճակի կապակցությամբ: Ռուսաստանն անմիջապես ճանաչեց Ադրբեջանի ընտրությունները՝ ԵԱՀԿ-ին մեղադրելով սկանդալի մեջ, որ հրաժարվել էր դիտորդական առաքելություն ուղարկել: Քաղաքագետ Սերգեյ Մարկովը հայտարարեց, որ Ռուսաստանն ընտրություններից հետո կառուցելու է Մոսկվա-Բաքու-Անկարա առանցքը: Դա արդեն ավանդույթ է՝ Մոսկվան հայտնվում է այնտեղ, որտեղից հեռանում է Արևմուտքը: Բայց հայտարարությունը վիճելի է՝ բոլորովին էլ այնպես չէ, որ Արևմուտքը երես է թեքել Ադրբեջանից և մասնավորապես Թուրքիայից: Երկուշաբթի օրը ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի փարիզյան նիստում ընդունված որոշումը վկայում է, որ Եվրոպան շարունակելու է Ադրբեջանի հետ խաղերը, առավել ևս շարունակելու է առևտրատնտեսական կապերը: Այլ հարց է, որ Բաքուն ավելի մեծ մանևրի հնարավորություն է ստանում՝ փորձելով շահել Արևմուտքից՝ հակառակ պարագայում կգնա դեպի Մոսկվա և շահել Մոսկվայից՝ հակառակ պարագայում կա Բրյուսելը: Ռուսաստանը Մոսկվա-Բաքու-Անկարա առանցքը իսկապես շտապում է բարձրաձայնել, որովհետև թե Բաքուն, թե Անկարան ունեն այլընտրանքներ և տարաձայնություններ Մոսկվայի հետ՝ քաղաքական ու տնտեսական: Վերջապես արդեն ակնհայտ է, որ տարածաշրջանում որևէ առանցք չի կարող կայուն լինել՝ Իրանի շրջանցումով: Բոլոր դեպքերում ցանկությունը կա և ՌԴ նախագահը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի ու Էրդողանի հետ, քննարկել է ռուս-ադրբեջանական և ռուս-թուրքական համագործակցության հեռանկարները, շնորհավորել է հաղթանակը: Երեք օր հետո:
Թուրքիայի խորհրդարանական ընտրությունները, հակառակ փորձագիտական կանխատեսումների՝ հաղթանակ բերեցին ԱԶԿ-ին և վերականգնեցին նախահունիսյան ստատուս քվոն: Արևմուտքը չընդունեց և այս ընտրությունները՝ վերստին մտահոգություն հայտնեց ժողովրդավարության վիճակի, խոսքի ազատության սահմանափակման ու լրատվամիջոցներին ճնշելու պատճառով: Էրդողանը կոչ արեց համաշխարհային հանրությանը հարգել ժողովրդի ընտրությունը: Բայց ժողովրդի ընտրությունը նրան տվել է ձայների համարյա 50%-ը միայն: Էրդողանը լուծեց ԱԶԿ-ի մեծամասնություն կազմելու խնդիրը խորհրդարանում, որ բավարարում է միակուսակցական կառավարություն ձևավորելու պահանջը: Փորձագիտական գնահատականով՝ նա պիտի սպասեր հարմար պահի՝ առաջադրելու Սահմանադրության փոփոխության խնդիրը, որը խորհրդարանում լուծելու համար իր 50 %-ը հերիք չէ, բայց Թուրքիայի նախագահը արդեն իսկ հայտարարեց. «Նոր Սահմանադրության խնդրի լուծումը նոյեմբերի 1-ի ամենակարևոր ուղերձներից մեկն է»: Սա երկրորդ անսպասելի քայլն էր Էրդողանից: Նրա օրակարգում դեռ կա քրդական հարցը, երկրի տնտեսության վերականգնումը, արտաքին քաղաքական ճշտումները, կայունության վերականգնումը երկրում, իսկ նա արդեն հայտարարում է Սահմանադրություն փոխելու իր անփոփոխ մտադրությունը: Մոսկվայի հետ առանցքում հայտնվելը Էրդողանի համար առաջնահերթություն չունի: Նախ կա Սիրիայի հարցը. Անկարան ու Մոսկվան համաձայնության չեն գալիս Ասադի հարցում՝ Էրդողանը նրան ոչ միայն այլևս նախագահ չի տեսնում, այլև չի ցանկանում անցումային շրջանում տեսնել, Մոսկվան պնդում է ճիշտ հակառակը: Կան գազային խնդիրներ: «Թուրքական հոսքը» չի հոսում, Անկարան անվերջ գնի իջեցում է պահանջում, «Գազպրոմը» չի կարող հասնել ինքնարժեքի մակարդակին: Նախընտրական շրջանում Էրդողանի հայտարարությունը՝ ռուսական գազից ու ատոմակայանի շինարարությունից հրաժարվելու մասին այսօր համարվում է քաղաքական հայտարարություն, բայց ռազմավարական համագործակցությունը չի ստացվում: Մոսկվան հաճույքով կբանակցեր ընտրություններում չհաղթած կուսակցություն ունեցող նախագահի հետ, բայց ԱԶԿ-ն ասաց իր խոսքը՝ ռուս-թուրքական հարաբերությունների համար նոր հարթակ սահմանելով: Նախընտրական ողջ շրջանում Անկարան բնավ չզգաց Մոսկվայի աջակցությունը, Գերմանիայի կանցլերն էր Անկարայում, ոչ Պուտինը, Մերկելն էր նրան միլիարդներ խոստանում ու ԵՄ հեռանկարներ: Ճիշտ է՝ Մերկելի բուն նպատակը փախստականների հոսքը նվազեցնելն էր, ԵՄ-ում էլ ոչ բոլորն են կիսում նրա թուրքախանդավառությունը, բայց փաստը փաստ է: Անկարա-Բաքու տանդեմը Էրդողանի համար որքան լավ, նույնքան վատ է, Ադրբեջանը այդ տանդեմով Թուրքիայի առաջ հարուցում է խնդիրներ ոչ միայն թուրք-հայկական հարաբերություններում, այլև՝ Արևմուտքի հետ: Առավել ևս Անկարա-Բաքու-Մոսկվա առանցքը Էրդողանին ոչինչ չի տալիս, առավելագույնը ստեղծում է Իրանից պաշտպանվելու անհուսալի վահան, որովհետև նույնքան ռեալ է Մոսկվա-Թեհրան տանդեմը՝ սկսած Սիրիայի հարցում համագործակցությունից, մինչև տնտեսական համատեղ ծրագրեր:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Նոյեմբերի 15-16-ին Անթալիայում G 20-ի համաժողովն է, որին հրավիրված են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: G 20-ի հարթակում առավել հստակ կերևան թե տարածաշրջանի, թե տարածաշրջանից դուրս գործող առանցքները: Իսկ գուցե G 20-ը ավելի շատ բացահայտի, որ մեր տարածաշրջանը միայնակների հարթակ է, որտեղ գերտերությունների շահերը հնարավորություն չեն տալիս պետություններին ինքնուրույն լուծել իրենց հարցերը:

Դիտվել է՝ 958

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ