«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Չինաստան-ԱՄՆ. սիրիական ճգնաժամի դիմաց խաղաղօվկիանոսյա՞ն ճգնաժամ

Չինաստան-ԱՄՆ. սիրիական ճգնաժամի դիմաց խաղաղօվկիանոսյա՞ն ճգնաժամ
06.11.2015 | 00:41

Պարտություն կրելով Սիրիայում (ժամանակը ցույց կտա` ռազմավարակա՞ն, թե՞ ընդամենը մարտավարական), ԱՄՆ-ը, ամենայն հավանականությամբ, որոշել է առճակատում հրահրել Հեռավոր Արևելքում։ Սկզբում դա ծավալվում էր բացառապես Կորեական Ժողովրդադեմոկրատական Հանրապետության (ԿԺԴՀ) շուրջ, մինչև այն պահը, երբ լարվածությունը Կորեական թերակղզում հասավ ծայրահեղ աստիճանի, և ԿԺԴՀ-ն ու Հարավային Կորեան սկսեցին միմյանց սպառնալ բացահայտ պատերազմական գործողություններով։ Բայց այն բանից հետո, երբ ԿԺԴՀ-ն սպառնաց գործի դնել և՛ իր բալիստիկ հրթիռները և՛, եթե հարկ լինի, նաև երկրի ունեցած ամբողջ միջուկային զինանոցը, ԱՄՆ-ը և Հարավային Կորեան, այնուամենայնիվ, կասեցրին, ապա և չեղարկեցին իրենց համատեղ զորավարժությունները։ Հետագա իրադարձություններն արդեն ընթացան բազմիցս փորձարկված սցենարով. ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, իսկ նրա միջոցով նաև Ռուսաստանն ու Չինաստանը, թուլացնում են լարվածությունը, որտեղ պետք է` ճնշում գործադրելով ԿԺԴՀ-ի վրա, որտեղ պետք է` Հարավային Կորեային սպառնալիք ակնարկելով կամ էլ Սեուլին ինչ-որ բան «խոստանալով» և այլն։
Այնուամենայնիվ, երկու Կորեաների միջև առճակատման այդ պարբերական բռնկումներն այնքան էլ ծանրակշիռ առիթ չեն, որպեսզի աշխարհը մոռանա Սիրիայի ու Մերձավոր Արևելքի մասին։ Այլ հարց են ավելի բարձր կարգ, ռազմավարական ծավալով ավելի մեծ տեսակարար կշիռ ունեցող պետությունները։ Եվ ահա հոկտեմբերի 27-ից` Վիեննայում «սիրիական քառյակի» (Ռուսաստան, ԱՄՆ, Թուրքիա, Սաուդյան Արաբիա) առաջին հանդիպումից հետո, ԱՄՆ-ը դիմեց Հարավչինական ծովի ավազանում Չինաստանի դեմ ուղղված բացահայտ ռազմաքաղաքական սադրանքի։ Առանց պաշտոնական Պեկինի թույլտվության, չինական Նանշա կղզիների շրջան մտավ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի «USS Lassen» էսկադրային ականանավը։ Իսկ «Arleigh Burke» դասի մեկ էսկադրային ականանավ էլ մտավ Սուբի և Միսչիֆ խութերի շրջակա 12-մղոնանոց գոտի, որոնք նույնպես Նանշա կղզեխմբի մաս են կազմում։ 2013-14 թվերին, այս տարվա սկզբներին նույնպես քանիցս ահազանգել ենք մեր ընթերցողներին, որ հեռավորարևելյան տարածաշրջանն ու «Չինաստանի հետ վեճի» ցնորքը մոլորակն ապակայունացնելու պահեստային տարբերակներից մեկն են Սպիտակ տան և Պենտագոնի համար։ Պատրվակ, իհարկե, կա. մի քանի երկրներ, այդ թվում նաև տարածաշրջանում ԱՄՆ-ի խամաճիկները` ի դեմս Ֆիլիպինների, Թայվանի, Բրունեյի, Մալայզիայի և այլն, Չինաստանի հետ վիճարկում են Նանշա կղզեխմբի նկատմամբ ինքնիշխանության իրավունքը։ Եվ իբր ԱՄՆ-ը, որպես նշված երկրների դաշնակից, «չի կարող անպաշտպան թողնել նրանց», թեև Չինաստանը չի սպառնում հարձակվել այդ երկրներից որևէ մեկի վրա, այլ միայն պնդում է, որ այդ կղզեխումբը պատմականորեն պատկանում է Երկնային կայսրությանը։
Մենք գրել ենք նաև այն մասին, թե ինչն է Նանշա կղզեխմբի շուրջ վեճի սրման ոչ պաշտոնական պատճառը. Ֆիլիպինները հայց են ներկայացրել Հաագայի միջազգային արբիտրաժ, սակայն Չինաստանը կտրականապես չի ճանաչում այդ մարմինը, իսկ հոկտեմբերի 30-ին պաշտոնապես հրաժարվեց մասնակցելուց Հաագայի դատաքննությանը և ճանաչելուց Արբիտրաժի որևէ վճիռ։ Արդեն երկար տարիներ պնդում են, որ Նանշան և Սկարբորո ժայռախութը, ինչպես նաև դրանց շրջակա ծովի հատակը, հարուստ են նավթով ու գազով։ Բայց վերջին իրադարձություններից հետո, մեր կարծիքով, Նանշայի շուրջ տիրող իրադրության սրման ոչ պակաս կարևոր գործոն դարձավ այն փաստը, որ 2015 թվականից ԱՄՆ-ը, ըստ էության, առևտրական պատերազմ է հայտարարել Չինաստանին։ Եվ դա ևս հոկտեմբերին է եղել, ճիշտ է, դեռ ամսի 5-ին։ «Մենք չենք կարող Չինաստանի նման երկրներին թույլ տալ գրել համընդհանուր տնտեսության կանոնները։ Մե՛նք պետք է գրենք այդ կանոնները, նոր շուկաներ հայտնաբերելով ամերիկյան արտադրանքի համար և բարձր ստանդարտներ սահմանելով աշխատատեղերի պաշտպանության և շրջակա միջավայրի պահպանման համար։ Այսօր Ատլանտայում ձեռք բերված համաձայնությունը կապահովի դա»,- ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման այս խոսքերով մեկնաբանեց, այսպես կոչված, Անդրխաղաղօվկիանոսյան առևտրական գործընկերության (ԱԱԳ) մասին համաձայնագրի կնքումը։ Այնուհետև Օբաման նշեց, որ համաձայնագիրը այլ երկրներում վերացնում է ԱՄՆ-ից ներմուծվող ապրանքների վրա եղած ավելի քան 18 հազար հարկ։ Նա հավաստիացրեց, որ այդ համաձայնագիրը կպաշտպանի աշխատատեղերն ԱՄՆ-ում և շրջակա միջավայրը «ավելի, քան պատմության մեջ եղած մի որևէ այլ համաձայնագիր»։ Դե, ԱՄՆ-ի համար Անդրխաղաղօվկիանոսյան առևտրական գործընկերության համաձայնագրի շահավետությունը ակնհայտ է, իսկ ինչ կստանան այն երկրները, որոնց ամերիկացիները ստիպել են ստորագրել այդ փաստաթուղթը, առայժմ հայտնի չէ։ Ամերիկյան ապրանքների հարկումից ազատվելը չի ուղեկցվի համաձայնագիրը ստորագրած պետությունների արտադրանքը հարկումից ազատելով, բացի այդ էլ ԱՄՆ-ում աշխատատեղերի պաշտպանությունը գրեթե ինքնաբերաբար նշանակում է նշված երկրներում աշխատատեղերի պաշտպանության սաստիկ թուլացում։ Այդ երկրներն են Կանադան, Մեքսիկան, Պերուն, Չիլին, Ավստրալիան, Նոր Զելանդիան, Ճապոնիան, Մալայզիան, Բրունեյը, Սինգապուրը, Հարավային Կորեան և Վիետնամը։
Անդրխաղաղօվկիանոսյան առևտրական գործընկերության մասին համաձայնագրի կարևորությունն այն է, որ այդ փաստաթղթով ամերիկացիները հիմնում են մի միջազգային առևտրատնտեսական կազմակերպություն, որի նպատակն է ազատ առևտրի գոտիներ ստեղծել Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (ԱԽՏ)։ Այդ կառույցը պետք է դառնա Հարավարևելյան Ասիայի երկրների միավորման (ԱՍԵԱՆ-ի) և Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) այլընտրանք, նրա ստեղծումը խաղաղօվկիանոսյան գոտու նկատմամբ վերահսկողության պահպանման, մոլորակի նշված տարածաշրջաններում Չինաստանի ու Ռուսաստանի աճող ազդեցությանը դիմակայելու ամերիկյան քաղաքականության շարունակությունն է։ Հասկանալու համար, որ ԱՄՆ-ի այս նախաձեռնության ընկալման առումով ամեն ինչ այնքան էլ միանշանակ չէ ԱԱԳ-ի մասին համաձայնագիրն արդեն ստորագրած երկրներում, մեջբերենք Մալայզիայի խորհրդարանի անդամ Նուրուլ Անվարի հայտարարությունը. «ԱԱԳ-ի մասին համաձայնագիրը օտարերկրյա կորպորացիաներին հնարավորություն է ընձեռում շրջանցելու երկրների ներքին օրենսդրությունը և նորմատիվ ակտերը, որ կառավարություններն ընդունել են ի շահ հասարակության, այդ թվում` բնական պաշարների, շրջակա միջավայրի պահպանման, ինչպես նաև առողջապահության բնագավառի քաղաքականության մասին դրույթները»։ Ասենք, ԱՄՆ-ում էլ կան փաստաթղթի հակառակորդներ։ ԱՄՆ-ի նախագահի թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամպը գարնանը «ձախողում» անվանեց ԱԱԳ-ի մասին համաձայնագրի ստորագրումը։ Նա համոզված է, որ այդ փաստաթուղթը կվնասի ամերիկյան ընկերություններին։ Նրա ասելով, «դա մի գործիք է, որի միջոցով այդ բոլոր երկրները կսնանկացնեն մեզ»։ Նա հայտարարեց, որ չի հավատացել այդ նախագծի հեռանկարայնությանը այն պատճառով, որ «երկրների մեծ մասը չի հարգում ԱՄՆ-ին»։ «Մեր իշխանությունները խորագիտակ չեն։ Նրանք երեխաներ են»,- ասաց Թրամպը Օբամայի վարչախմբի մասին։
Մինչդեռ ԱՄՆ-ի նախագահն իր հայտարարություններով փորձում է այլ տեսակետ հիմնավորել։ Օբաման չի թաքցնում ԱՄՆ-ի կայսրապետական հավակնությունները։ Այդ համաձայնագրի միջոցով ԱՄՆ-ը և Ճապոնիան, որպես ավելի ուժեղ տնտեսություն ունեցող երկրներ, կնվաճեն նոր զարգացող շուկաներ։ Շատերն էլ չեն հավատում, թե ԱԱԳ-ն ԱԽՏ երկրների տնտեսությունների զարգացման միջոց է։ Իբրև ապացույց բերվում է Հյուսիսամերիկյան ազատ առևտրի մասին համաձայնագրի (ՀԱԱՀ) օրինակը, որի հետևանքով ի հայտ եկան ցածր վարձատրվող աշխատատեղեր, և զարգացող երկրներում կրճատվեցին աշխատավարձերը։ Առանձնապես խիստ կարող են տուժել Մալայզիան, Պերուն և Վիետնամը, որպես այդ միավորման ամենաթույլ տնտեսություն ունեցող երկիր։ Այն, որ ԱԱԳ-ն առաջին հերթին համապատասխանելու է ԱՄՆ-ի շահերին, ապա` Ճապոնիայի, անուղղակիորեն հաստատում է հենց Օբամայի հայտարարությունը։ Հենց նա 13 երկրների առաջնորդներից հայտարարություն արեց գործընկերության ստեղծման մասին, մնացած բոլոր երկրներն իրենց հայտարարությունն արեցին համատեղ մամուլի ամփոփագրում։ Իսկ Ճապոնիան ձեռք բերված սկզբունքային պայմանավորվածությունների մասին լուրերը հաստատել էր մինչև Օբամայի պաշտոնական ճառը։ Շատերի կարծիքով, ԱՄՆ-ը մտադիր է այդ համաձայնագրով Չինաստանին զրկել հետագա տնտեսական զարգացման հնարավորությունից` իր շուրջը համախմբելով ԱԽՏ բոլոր երկրներին, բացի ՉԺՀ-ից։ Այս կարծիքին է, օրինակ, Մալայզիայի նախկին վարչապետ Մահաթիրա Մոհամադը։ Տոկիոյում ՌԴ նախկին դեսպան, Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի դիվանագիտության ամբիոնի վարիչ Ալեքսանդր Պանովը նույնպես Չինաստանը համարում է այն երկրներից մեկը, որը կտուժի ԱԱԳ-ի ի հայտ գալու հետևանքով. «Չինաստանը ստեղծում է ազատ առևտրի իր գոտին։ Այսպիսով, երևան է գալիս երկու տնտեսական և առևտրական գործընկերություն, որոնք մրցակցելու են։ Այսօրվա հաղորդագրությունը առաջին քայլն է տարածաշրջանը տնտեսական բլոկների տրոհելու ճանապարհին»։
Այո, 2014 թ. նոյեմբերի 9-11-ին Պեկինում կայացած ԱԽՏՀ գագաթնաժողովում Չինաստանը մերժեց ամերիկյան թելադրանքը։ Ավելին, իր նախաձեռնությունն առաջադրեց թե՛ նոր Ասիական բանկի ստեղծման, թե՛ «Մեծ Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու» կազմավորման վերաբերյալ։ (Ի դեպ, նոր Ասիական բանկից Հայաստանն ակնկալում է Իրան-Հայաստան երկաթուղու շինարարության ֆինանսավորում, իսկ չինական երկրորդ նախաձեռնության հանդեպ մեծ հետաքրքրություն է ցուցաբերում, հատկապես նախագահ Սերժ Սարգսյանի այս տարի ՉԺՀ կատարած այցից հետո)։ Հենց դա էլ ստիպեց ԱՄՆ-ին շտապել իր ԱԱԳ-ով։
Բայց ի՞նչ կապ ունի այստեղ Նանշա կղզեխումբը։ Շատ պարզ. Հարավչինական ծովի և Նանշայի խնդիրը կրում է ոչ թե տնտեսական և գաղափարախոսական կամ էլ նույնիսկ ածխաջրածնային բնույթ, այլ հույժ ռազմավարական։ Ահա ռազմավարությունների ու տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի փորձագետ, չինական ռազմարդյունաբերական համալիրի գծով մասնագետ Վասիլի Կաշինի կարծիքը. «Հարավչինական ծովով և Մալակկայի նեղուցով, որն ամենանեղ տեղում ունի մոտ 2,5 կմ լայնություն, անցնում է ամբողջ համաշխարհային առևտրի 25 %-ը, ծովով նավթի փոխադրման 25 %-ը և հեղուկ բնական գազի վաճառքի ծավալի մոտ մեկ երրորդը։ Հարավչինական ծովով է անցնում Չինաստանի ամբողջ արտաքին առևտրի մոտ 60 %-ը։ Այստեղով անցնող ուղիներից տարածաշրջանային մյուս տնտեսությունների, օրինակ, Ճապոնիայի, Հարավային Կորեայի ու Ավստրալիայի կախումը է՛լ ավելի մեծ է։ Ճապոնիան Հարավչինական ծովով և Մալակկայի նեղուցով է ստանում ներմուծվող էներգակիրների մոտ 80 %-ը։ Հարավչինական ծովում և Մալակկայի նեղուցում նավագնացության շրջափակման կամ խափանման հետ կապված սպառնալիքները, բնականաբար, տարածաշրջանի ռազմավարական պլանավորման ասպարեզում կենտրոնական տեղերից մեկն են գրավում։ Համապատասխան խնդիրներին առանձնակի ուշադրությամբ է վերաբերվում տարածաշրջանի ուժեղագույն տերություն Չինաստանը»։
Հիմա հասկանալի է, թե ինչու Պեկինը արագ ու կոշտ արձագանքեց Նանշա կղզիներին ամերիկյան «USS Lassen» ականակրի մոտենալուն։ Հոկտեմբերի 29-ին Չինաստանի ժողովրդաազատագրական բանակի (ՉԺԱԲ) ռազմածովային ուժերի (ՌԾՈՒ) գլխավոր հրամանատար, ծովակալ ՈՒ Շենլին ԱՄՆ-ի ՌԾՈՒ շտաբի պետ, ծովակալ Ջոն Ռիչարդսոնի հետ տեսակապի սեանսի ընթացքում հայտարարեց. «Չնայած բազմակի բանակցություններին ու ՉԺՀ-ի կառավարության վճռական առարկությանը, ամերիկյան կողմը «USS Lassen» հրթիռային ականակիր ռազմանավն ուղարկել է չինական Նանշա կղզիների շրջան։ ԱՄՆ-ի այդ գործողությունները սպառնալիքի տակ են դրել Չինաստանի ինքնիշխանությունն ու անվտանգությունը, վնաս են հասցրել տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը։ Դրանք ծայրաստիճան վտանգավոր ու սադրիչ են։ Եթե ամերիկյան կողմը շարունակի նման վտանգավոր ու սադրիչ գործողությունները, ապա երկու պետությունների ռազմածովային և ռազմաօդային ուժերը կարող են հայտնվել արտակարգ իրավիճակում, ընդհուպ մինչև «պատահական կրակոցներ` զենքը մաքրելիս»

(չինական արտահայտություն, որը նշանակում է անկանխատեսելի հետևանքներով հղի անակնկալ միջադեպ-խմբ.)։ Իսկ Չինաստանի պաշտպանության նախարարության կայքում չին զինվորականներն է՛լ ավելի աներկմտորեն են նախազգուշացնում ամերիկացիներին. «Եթե ԱՄՆ-ը շարունակի իր վտանգավոր ու սադրիչ գործողությունները, ծովում և օդում կողմերի առաջապահ ուժերի միջև կարող է ծագել այնպիսի լարված իրավիճակ, երբ անգամ աննշան միջադեպը կարող է պատերազմի հանգեցնել»։ Բացի այդ, Պեկինում ԱՄՆ-ի դեսպան Մաքս Բոկուսը բացատրություններ տալու համար կանչվել է Չինաստանի արտգործնախարարություն։ «Ամերիկյան ռազմանավի գործողությունները խախտում են Չինաստանի ինքնիշխանությունը և նրա անվտանգության շահերը, սպառնում կղզիներում գտնվող անձնակազմի ու ենթակառուցվածքի անվտանգությանը, վնաս են հասցնում տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը»,- հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ ներկայացուցիչ Լու Կանը։
Պարզաբանենք, թե ինչ է հիշեցնում Չինաստանն ամերիկացիներին։ Դեռ 2013 թ. վերջերին չինացիները նախապատրաստական աշխատանքներ սկսեցին Նանշայի ավազանում, իսկ 2014-ի ամռանից լայնածավալ ջրատեխնիկական և շինարարական աշխատանքներ իրականացրին իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքների ընդլայնման և յուրացման նպատակով, մասնավորապես նախկինում կիսաջրածածկ Սուբի և Միսչիֆ ժայռախութերի մոտակայքում, որոնց հիմքի վրա չինացի զինվորական շինարարները լիցքի աշխատանքներ են կատարում և դրանք արդեն վերածել են արհեստական կղզիների։ Նույնանման աշխատանքներ են կատարվում նաև Նանշայի այլ կղզյակներում ու ժայռախութերում։ Առանձին արհեստական կղզիներում Չինաստանն արդեն թռիչքուղիներ է կառուցել, ինչպես նաև փարոսներ ու այլ օբյեկտներ, կազմակերպել է սահմանապահ, առափնյա պահպանություն և այլ ծառայություններ։ Այսինքն, ծովակալ ՈՒ Շենլիի սպառնալիքները դատարկ խոսքեր չեն, չին զինվորականները հաստատ կրակ կբացեն, եթե ստացվի ՉԺԱԲ-ի բարձրագույն հրամանատարության հրամանը։
Արդյոք Նանշայի ավազան ամերիկյան ռազմանավերի ներխուժումը ԱԱԳ-ի մասին համաձայնագրի ստորագրման տրամաբանական շարունակությո՞ւնն է, թե՞ ամերիկացիների «պատասխանը» Սիրիայի ափերին չինական ռազմանավերի մոտենալուն, ցույց կտա ժամանակը։ Իսկ առայժմ ակնհայտ է մեկ բան. հասկանալով, որ չի հաջողվի Սիրիայից ստանալ աշխարհի ավերման հերթական քաոսային շղթայի մի ասպարեզ, ԱՄՆ-ը վերադարձել է խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում կայունության խարխլման փորձերին։
Առայժմ արձագանքել է միայն Չինաստանը, բայց հասկանալի է, որ վաղ թե ուշ կարձագանքի նաև Ռուսաստանի բարձրագույն ղեկավարությունը։ Պեկինում և Վաշինգտոնում անհամբերությամբ են սպասում ռուսների արձագանքին։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 2784

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ