«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Պատմության հետ դեմ առ դեմ

Պատմության հետ դեմ առ դեմ
27.10.2015 | 01:12

1999-ի հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովի վրա զինված հարձակման պատճառով, որը տեղի է ունեցել կառավարությանը հարց ու պատասխանի ժամանակ, զոհվել են ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանը և Ռուբեն Միրոյանը, ՀՀ օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանը, ԱԺ պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը, Միքայել Քոթանյանը: Վիրավորվել են ԱԺ պատգամավորներ Արմեն Խաչատրյանը, Հերմինե Նաղդալյանը, Անդրանիկ Մանուկյանը, Էդմունդ Ծատուրյանը, Գագիկ Մինասյանը, առողջապահության նախարար Հայկ Նիկողոսյանը, սեփականաշնորհման նախարար Պավել Ղալթախչյանը, վիճակագրության, պետռեգիստրի ու վերլուծութան նախարար Ստեփան Մնացականյանը: Ահաբեկչական խումբը գերի էր վերցրել 91 անձանց, հիմնականում ԱԺ պատգամավորների։ Գերեվարված են եղել նաև նիստը լուսաբանող լրագրողները, նրանց որոշ ժամանակ անց ահաբեկիչները դուրս են թողել: Վիրավորված պատգամավորներին ու կառավարության անդամներին նույնպես որոշ ժամանակից դուրս են թողել։ Գերի մնացած անձինք ազատ են արձակվել հոկտեմբերի 28-ի լուսադեմին՝ ահաբեկիչների կողմից զենքերը վայր դնելուց ու հանձնվելուց հետո։ Ահաբեկիչների դատավճիռը հրապարակվեց 2003-ի դեկտեմբերի 2-ի դատական վերջին նիստի ժամանակ։ Նորք-Մարաշ շրջանային դատարանի դատավոր Սամվել ՈՒզունյանը ոճրագործությունն իրականացրած 7 ահաբեկիչների հանդեպ կայացրեց վճիռ, ըստ այդմ՝ 6 հոգի դատապարտվեց ցմահ, իսկ մեկը՝ 14 տարվա ազատազրկման, բուն գործողությունը իրականացնողները 5-ն էին: Սա պաշտոնական պատմությունն է: Պաշտոնական պատմությունը նաև արձանագրել է, որ այդ օրը դահլիճում չէին արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը, պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը, ազգային անվտանգության նախարար Սերժ Սարգսյանը, էկոնոմիկայի նախարար Արմեն Դարբինյանը, արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար Վահան Շիրխանյանը: Համաձայն պաշտոնական վարկածի՝ Նաիրի Հունանյանը իր նախաձեռնությամբ կազմակերպել է գործողությունը, մշակել է մանրամասները, ներգրավել համախոհների, նրանց օգնությամբ ձեռք է բերել զենք ու մուտք գործել ԱԺ, սպանել ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանին, ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանին, մի շարք այլ պաշտոնյաների, այնուհետև հանձնել զենքերն ու հանձնվել իրավապահներին։ Կա նաև ռուսական հետքի պատմությունը՝ 2005-ի ապրիլին նախկին ռուս հետախույզ Ալեքսանդր Լիտվինենկոն «Ռեալնի Ազերբայջան» շաբաթաթերթին տված հարցազրույցում հայտարարել է, թե հոկտեմբերի 27-ը ռուսական հատուկ ծառայությունների, ավելի ստույգ՝ Գլխավոր հետախուզական վարչության ձեռքի գործն է եղել։ «ՌԴ-ի հատուկ ծառայությունների ղեկավարությունում շատերը տեղյակ են, որ 1999 թ. հայկական խորհրդարանի գնդակահարությունը կազմակերպել էր մեկ այլ հատուկ ծառայություն՝ ԳՌՈՒ-ն։ Այդ հատուկ գործողությունը ռուսական քաղաքական ղեկավարությանը հնարավորություն տվեց կանխելու ղարաբաղյան կարգավորման համաձայնագրի ստորագրումը։ Եթե չեմ սխալվում, խոսվում էր Ստամբուլի ԵԱՀԿ գագաթնաժողովում նախագահներ Հեյդար Ալիևի և Ռոբերտ Քոչարյանի հուշագիր ստորագրելու մասին։ Խաղաղ գործընթացը զարգանում էր ՌԴ-ի վերահսկողությունից դուրս, ինչը դրդեց ՌԴ հատուկ ծառայություններին՝ իրականացնել հատուկ գործողություն Հայաստանի խորհրդարանում։ Պայթյունը Բաքվի մետրոյում, հայոց խորհրդարանի սպանդը` ռուսական հատուկ ծառայությունների դիվերսիոն գործունեության նույն շղթայի օղակներն են»: Որոշ ժամանակ անց Հայաստանում ՌԴ դեսպանատունը հերքող հայտարարություն է տարածել, որին կրկին արձագանքել էր Լիտվինենկոն. «Ինչ վերաբերում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան հայտարարությանը, ես հայտարարում եմ, որ նրանք փորձում են մաքրել իրենց հատուկ ծառայությունները ահաբեկչությունից և այն կեղտից, որի մեջ մինչև ականջները թաղված են։ Ռուսական հատուկ ծառայությունները ահաբեկչական կազմակերպություն է»:

Նշվում էր նաև թուրքական հետքի մասին՝ հիմք ընդունելով Հրանտ Մարգարյանի, Շանթ Հարությունյանի, Կարեն Պարունակյանի ցուցմունքները: 1992-ին Հրանտ Մարգարյանը Նաիրի Հունանյանին հեռացրել է ՀՅԴ-ից այն պատճառով, որ, լինելով դաշնակցության լրատվական կենտրոնի աշխատակից, հիմնել էր իր լրատվական կենտրոնն ու ՀՅԴ «Հայլուրի» նյութերը ուղարկում էր Թուրքիայում իր որոշակի գործընկերներին: Շանթ Հարությունյանը վկայել է, որ նա գնացել էր Թուրքիա, նկարահանումների, իրեն ասել է, որ պետք է հանդիպեր Դեմիրելի հետ ու Հայաստան-Թուրքիա հեռուստակամուրջ կազմակերպեր: ԱԱՆ աշխատակից Կարեն Պարունակյանը վկայել է. «Ն. Հունանյանին ճանաչել եմ 1999 թ. հունվարի կեսերից կապված նրա կողմից Թուրքիա կատարվելիք այցի հետ... Մեր վարչությունն արդեն ստացել էր օպերատիվ տվյալներ և անհրաժեշտ էր նրա հետ տանել համապատասխան աշխատանք, որը հանձնարարվել է ինձ»։
2013-ին Wikileaks կայքը հրապարակել է 2001-2004-ին ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Օրդուեյի գաղտնի նամակը հոկտեմբերի 27-ի դեպքերի մասին։ Դեսպանը հատուկ ընդգծում է, որ ընդդիմությունը մեղադրում է իշխանություններին՝ հանձին նախագահի պաշտոնը զբաղեցնող Ռոբերտ Քոչարյանի, ոճրագործության բացահայտման ողջ ընթացքը սեփական վերահսկողության տակ պահելու համար։ Դեսպանը գրում է. «Չնայած որևէ կոնկրետ ապացույցի բացակայությանը՝ զոհերի հարազատներն ու ընդդիմադիր լիդերները մեծ մասամբ մեղադրում են Քոչարյանին, որ նա իր վերահսկողությունն է հաստատել դատապրոցեսի վրա, ծածկում է կարևոր կառավարական տեղեկությունները գործի վերաբերյալ՝ փորձելով ամրացնել սեփական քաղաքական դիրքերը»։ Օրդուեյն ընդգծում է, որ Քոչարյանն ու նրա կողմնակիցները վճռականորեն ժխտել են իրենց մասնակցությունը սպանություններին, իսկ դեսպանությունը հակառակը վկայող որևէ ապացույց երբևէ չի տեսել։
Կրկնում եմ՝ սրանք պաշտոնական վկայություններ են, պատմություն ու վարկածներ: ՈՒսումնասիրվել են, թե ոչ, ընթացք տրվել է, թե ոչ, ես չգիտեմ: Ես ընդամենը կրճատումներով շարադրում եմ այն տեղեկությունները, որ յուրաքանչյուր ոք կարող է կարդալ Վիքիպեդիայի հայերեն տարբերակով, իսկ կրճատումների պատճառը նյութի ծավալուն լինելն է պարզապես: Պաշտոնական պատմությանը զուգահեռ տասնյակ այլ պատմություններ կան, որ ճշտում, հակասում, հաստատում ու լրացնում են այս տարբերակները, բայց չկա բացատրություն 1999-ի հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի 17.15 րոպեին, երբ ֆինանսների նախարարը պատասխանում էր հարցին, դահլիճ ներխուժած, խորհրդարանն ու կառավարությունը հինգ րոպեում գլխատած մարդասպանների բուն արարքին: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այդ օրերին հայտարարեց, որ «ուչաստկովին» էլ ոճրագործությունը կբացահայտի, «ուչաստկովի» այդպես էլ չգտնվեց: «Հեղափոխական ռոմանտիկների» նրանց ծրագիրը որքան 1999-ին, նույնքան այսօր՝ 2015-ին, անլուրջ ու անհավանական է՝ նրանց կատարածի համեմատությամբ: Որևէ երկրում, եթե բոլոր կառույցները կատարում են պաշտոնական պարտականությունները, նման իրավիճակներ չեն ստեղծվում: ՈՒ դա հաստատում են Իցհակ Ռաբինի, Ինդիրա Գանդիի, Բենազիր Բհուտոյի սպանությունները:
Իսկ Հայաստանում այդ իրավիճակը ստեղծվեց, որովհետև 1999-ին իսկապես հեղափոխություն էր եղել՝ մինչև այսօր չգիտակցված, հնարավոր ու անհնար միջոցներով վարկաբեկված, աղավաղված, ի վերջո գնդակահարված հեղափոխություն, որի հետևանքները պետք էին միայն պետությանն ու ժողովրդին, որը պետք չէր ներսում ու դրսում շատ ավելի մեծ քաղաքական ու ռազմական հնարավորություններ ունեցող ուժերի, քան Հայաստանի ժողովուրդն էր ու Հայաստանի այդ ժամանակ դեռ ութամյա պետությունը: Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ «Միասնություն» դաշինքի հիմքը Վազգեն Սարգսյանն էր, բայց առանց Կարեն Դեմիրճյանի դաշինքը չէր լինի համաժողովրդական քաղաքական ուժ, որ հաղթեց ընտրություններում ու իշխանություն ձևավորեց: Ես տեսել եմ մարդկանց աչքերը 1999-ի մայիսին, ընտրարշավի բոլոր օրերին ես տեսել եմ՝ ինչպես էր սկզբում սառն ու անհավատ ժողովուրդն էլեկտրականանում ամեն հանդիպումից հետո: Կարեն Դեմիրճյանի ոտքերի տակ մորթվող ոչխարներն ու գառները, Վազգեն Սարգսյանին ուղղված հազարավոր նամակները ապագա իշխանության նկատմամբ հույսի ու վստահության, սպասելիքների վկայություն էին: Իսկ նրանք, հույս ունեմ, որ շատերն են դեռ հիշում, մարդկանց հետ խոսել գիտեին, մարդկանց սրտերի ճամփան գտնել գիտեին՝ անմիջական, պարզ ու իրական խոսքով: Մայիսից հոկտեմբեր Հայաստանն աշխարհի ամենաբուռն փոփոխությունների ընթացքն ապրող երկիրն էր: Ողջ տնտեսության գույքագրումը վարչապետի առաջին քայլն էր, «Նաիրիտի», «Կանազի», մեծ արդյունաբերության աստիճանական վերագործարկման քաղաքական որոշումը սեփական պատասխանատվությամբ՝ Վազգեն Սարգսյանի երկրորդ քայլն էր: Տնտեսությունը պիտի հասնի բանակի մակարդակին՝ Վազգեն Սարգսյանի անբեկանելի որոշումն էր: Հոկտեմբերի 22-ին Ֆելիքս Փիրումյանին Լոռու մարզպետ նշանակած վարչապետը նրան անձամբ տարավ մարզպետարան ու ներկայացրեց ոչ միայն մարզին, այլև երկրին սպասող փոփոխությունները: Մի քանի ամսի, մի քանի տարվա կտրվածքով: Ներքին ու արտաքին կյանքի: Աշխատավարձերի ու թոշակների, էլեկտրաէներգիայի պարտքերի փակումը, տնտեսության վերագործարկումով՝ աշխատատեղերի բացումը, կոռուպցիայի վերացումը, Ղարաբաղի հարցի լուծումն ու Թուրքիայի հետ սահմանի բացումը՝ իբրև հետևանք, նույն հարթության վրա էին նրա համար: Դա ծրագիր էր, որի կատարման մեխանիզմները կային, կային հստակ՝ կետ առ կետ, ժամկետներով ու կատարողներով: Կար արդեն Հայաստանի Հանրապետության զարգացման 30-ամյա ծրագիրը, որովհետև երկիրը պիտի հեռանկար ունենա, երկիրը պիտի արժանապատվություն ունենա ու միայն այսօրով չապրի: Իսկ որ Վազգենն ասածը կաներ ու անում էր, ոչ ոք չէր կասկածում: Ոչ ներսում, ոչ դրսում: Մայիսից՝ հոկտեմբեր Հայաստանն այդ ժամանակ աշխարհի ամենահեռանկարային պետությունն էր: ԱՄՆ այցից հետո ասուլիսում վարչապետը հանգամանալից ներկայացնում էր ՀԲ-ի ու Եվրաբանկի հետ համատեղ ծրագրերի, ոլորտային ներդրումների պայմանավորվածությունները, տնտեսության զարգացման առաջնահերթությունները, արտաքին քաղաքական առաջիկա փոփոխությունները: Որ 21-րդ դարը մերն է լինելու՝ չէր կասկածում ոչ ոք: Այս ընթացքով՝ Կարեն Դեմիրճյանին ունենալով ԱԺ նախագահ, Վազգեն Սարգսյանին՝ վարչապետ, հետո արդեն՝ նախագահ: Հայաստանը դառնում էր տարածաշրջանի ամենաուժեղ պետությունը, հետևաբար կարողանալու էր իրապես անկախ լինել: Դժվար, քայլ առ քայլ, բայց վերականգնելու էր ութ տարում կիսաքանդված ու լրիվ քանդված արդյունաբերական ձեռնարկությունները, սպառման շուկաներ էր գտնելու ու փոխելու էր տարածաշրջանում իր տեղն ու դերը, ուժերի հարաբերակցությունը: Հարյուրամյակի ու հազարամյակի փոփոխությունից 66 օր առաջ Հայաստանի Հանրապետությունը կորցրեց ապագայի հեռանկարն ու ներկայի երաշխիքները: Հետո արդեն ամեն ինչ վերադարձավ այն կետին, որտեղից շեղել էին Կարեն Դեմիրճյանն ու Վազգեն Սարգսյանը՝ առաջ տանելու ու իրավիճակ փոխելու քաղաքական կամքով: «Կառուցել և պաշտպանելը» դադարեց կարգախոս լինել: Հետո արդեն Ղարաբաղի հարցը չլուծվեց, Հայաստանը պարտքի դիմաց գույք սկսեց հանձնել ու հռչակվելով սպասարկման ոլորտ, տնտեսական երկնիշ աճի պարագայում իսկ՝ կամաց-կամաց դատարկվել, ինչպես պիտի լինի ֆորպոստը, որտեղ խիստ սահմանափակ է խաղաղ բնակչության թիվը:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Իսկ օրը պատմական էր, Մայր աթոռ սուրբ Էջմիածնում ընտրվեց Ամենայն հայոց կաթողիկոս: Երբ մի քանի ժամյա ընտրությունից հետո ձեռքը տվեցին դեղին թղթի կտորը՝ Գարեգին Երկրորդը ի տես բոլորի արցունքն աչքերին՝ դողացող ձայնով կարդաց՝ Ազգային ժողովում կրակել են, կան վիրավորներ ու սպանվածներ:

Դիտվել է՝ 1437

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ