«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Սոչիում կայացած «Վալդայի» նստաշրջանում աշխարհը ծանոթացավ իր ապագային

Սոչիում կայացած «Վալդայի» նստաշրջանում աշխարհը ծանոթացավ իր ապագային
27.10.2015 | 00:21

Անցած շաբաթը մտքի լուրջ սնունդ տվեց, ընդ որում` ոչ միայն նախկին Խորհրդային Միության կամ Մերձավոր Արևելքի պատասխանատու պաշտոնատար անձանց։ Չէ՞ որ միջազգային քաղաքականության ամենագլխավոր իրադարձությունը ԱՄՆ-ի կամ Եվրամիության, ՄԱԿ-ի կամ ՆԱՏՕ-ի այս կամ այն հայտարարությունը չէր։ Եվ անգամ սիրիական պատերազմը չէր։ Հոկտեմբերի 21 և 22. ահա այն «կարմիր ամսաթվերը», որոնք ազդեցություն կգործեն աշխարհի ամբողջ հետագա զարգացման վրա։ Նախագահ Բաշար Ասադի գլխավորությամբ սիրիական բարձրաստիճան պատվիրակության անսպասելի, խիստ գաղտնի այցը Մոսկվա և ռուսական ուժայինների լիակատար ընդգրկմամբ անցկացված բազմաժամ բանակցությունները` նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ, հիրավի շատ տհաճ զգացողություններ պատճառեցին Արևմուտքին, Թուրքիային, Իսրայելին և Արաբական թերակղզու միապետություններին։ Նաև անաչառորեն ասենք, որ այդ այցի մասին ամերիկյան հերթական սուտը, «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի մատուցմամբ, որը վերնագրված էր «Ասադը գաղտնի այցելել է Մոսկվա», Արևմուտքի համար տիպական բոլոր զրպարտություններով, արտացոլում է ամբողջ արևմտյան ընկերակցության հոգեբանական անհավասարակշռությունը։ Այդ ինչպե՞ս է «գաղտնի», եթե հոկտեմբերի 21-ի ամբողջ օրը Կրեմլից տասնյակ անգամ աշխարհով մեկ Սիրիայի նախագահի այցի որոշ մանրամասների վերաբերյալ ինֆորմացիոն հաղորդագրություններ էին սփռվում։
Բանակցությունների հիմնական մասը, բնականաբար, երկար տարիներ գաղտնի կպահվի։ Եվ մեր խնդիրը չէ նստել ու դատողություններ անել, թե այնտեղ ինչ են առաջարկել Սիրիայի նախագահին, և ինչ է նա առաջարկել։ Քննարկված շատ հարցեր հենց հոկտեմբերի 21-22-ին միանգամից իրականացվում էին Սիրիայի ներսում։ Ահա աշխարհի լրատվամիջոցների թղթակիցներին թույլ են տալիս մուտք գործել Լաթաքիայում Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի բազա։ Ահա սիրիական բանակը և աշխարհազորայինները շիա կամավորականների հետ ազատագրում են ևս մոտ մեկ տասնյակ բնակավայր և արձանագրում, որ ահաբեկիչների ու օտարերկրյա վարձկանների մեծ մասը փախչում է հենց Թուրքիայի կողմը։ Ի դեպ, ազատագրվել է նաև հայաբնակ Էրաումու ավանը, այսինքն` Արամոն։ Ահա Իրաքում գերված (միանգամից ասենք` իրանցիների կողմից) իսրայելցի զինվորականը հոկտեմբերի 22-ին խոստովանական ցուցմունք է տալիս այն մասին, որ Իսրայելի իշխանությունները միանգամայն լրջորեն աջակցել և աջակցում են «Իսլամական պետություն» խմբավորմանը։ Ահա ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար և դեմոկրատական կուսակցությունից նախագահի ամենահավանական թեկնածու Հիլարի Քլինթոնը հոկտեմբերի 22-ին ամբողջ 11 ժամ ցուցմունք է տալիս Կոնգրեսին և, ի վերջո, հարկադրված անուղղակիորեն ընդունում իր անձնական մեղքի բաժինը 2012 թ. Բենգազիում (Լիբիա) ամերիկյան դեսպանի սպանության գործում։ ՈՒրեմն և անուղղակիորեն ընդունում է նաև «Արաբական գարուն» գեղահունչ անվանումով (հիմարների համար) ամերիկյան մարտավարության ձախողումը:
Բայց... ամեն ինչ խամրում է հոկտեմբերի 22-ին Սոչիում` «Վալդայի» ակումբի նիստի ժամանակ Վ. Պուտինի ելույթի և հարցերին նրա պատասխանների ֆոնին («Վալդայ» միջազգային բանավիճային ակումբը ըստ էության ստեղծել է անձամբ Ռուսաստանի նախագահը 2004 թ. Վելիկի Նովգորոդում)։
Մի քանի խոսք այն մասին, թե ինչ բան է դա, այլապես մեր հայրենական լրատվամիջոցների 99 %-ը հայ ընթերցողներից գաղտնի է պահում ճշմարտությունը։ Առհասարակ ճշմարտությունը, այդ թվում և այն մասին, ինչ աշխարհը առաջնային է համարում։
«Վալդայի», որպես միջազգային մտավոր հարթակի, հիմնական խնդիրներն են. աջակցել փորձագետների, քաղգործիչների, հասարակական գործիչների ու լրագրողների բաց երկխոսությանը, անկողմնակալ քննարկել միջազգային հարաբերությունների, քաղաքականության, տնտեսության, անվտանգության, էներգետիկայի և այլ բնագավառների համաշխարհային հրատապ խնդիրները, կանխատեսել 21-րդ դարի աշխարհակարգի առանցքային միտումներն ու գործընթացները։ Ակումբի մտավոր կարողությունը բարձր է գնահատվում Ռուսաստանում և արտասահմանում։ Ակումբի գոյության տարիներին նրա աշխատանքին մասնակցել են միջազգային գիտական ընկերակցության` աշխարհի 62 երկրների ավելի քան 900 ներկայացուցիչներ։ Այդ թիվը ներառում է աշխարհի խոշորագույն «մտքի ֆաբրիկաների» ու համալսարանների պրոֆեսորների։ Միջազգային փորձագիտական ընկերակցության շրջանում ճանաչում են ստացել «Վալդայի» տարածաշրջանային խորհրդաժողովները` ասիական, մերձավորարևելյան ու եվրատլանտյան երկխոսությունները։ Ակումբի հատուկ նստաշրջան է անցկացվում Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում։ Իսկ ամենահիմնականը` 2014 թվականից, իր գոյության երկրորդ տասնամյակ թևակոխելուց հետո, ակումբը «աշխարհին Ռուսաստանի մասին պատմելու» ձևաչափից անցում կատարեց գլոբալ օրակարգի ձևավորման փաստորեն կողմնորոշված աշխատանքի, Ռուսաստանում տիրող իրավիճակի հետազոտությունից` համաշխարհային քաղաքական և տնտեսական խնդիրների որակյալ և անաչառ գնահատման։
Ովքեր շա՜տ են ուզում ծանոթանալ Վ. Պուտինի զեկուցմանը և հարցերի նրա պատասխաններին, թող չալարեն և փնտրեն ու կարդան այդ նյութերը. դրանք լիովին հասանելի են։ Իսկ մենք պարզապես աշխատենք վերլուծել նստաշրջանի այն մասի «արտաքին միջակայքի» որոշ մանրամասներ, որին մասնակցել է Ռուսաստանի նախագահը։
Նախ, նրա առաջին բանավեճը բորբոքվեց... ԽՍՀՄ-ում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջեկ Մեթլոքի հետ։ Իսկ ահա ՌԴ-ում ԱՄՆ-ի ներկա դեսպան Ջոն Թևտը լուռումունջ նստած էր դահլիճում և անգամ լարված տեսք ուներ։ Այսպիսով, Մոսկվայում ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչության ներկա ղեկավարը «չի շփվում» Ռուսաստանի ղեկավարության հետ, նա նախընտրում է ԱՄՆ-ի բարձրագույն ղեկավարությանը իր այս կամ այն միտքը հասցնել պարոն Մեթլոքի միջոցով։ Ճիշտ է, Պուտինի ֆոնի վրա խամրում է նաև ԱՄՆ-ի նախկին դեսպանի «Ռուսաստանի գիտակի» լուսապսակը. նա այդպես էլ ոչինչ չի հասկացել մի երկրի մասին, ուր աշխատել է չորս տարի (1987-1991 թթ.)։ Եվ իրականում ոչ մի կերպ և ոչինչ չկարողացավ հակադրել Ռուսաստանի նախագահի մեղադրանքներին և գնահատականների ձևակերպումներին, վերաբերելու լինեին դրանք ԽՍՀՄ-ի փլուզմանը` իբրև աշխարհաքաղաքական երևույթի, թե Սիրիայում, ՈՒկրաինայում տիրող իրավիճակներին և այլն։ Պուտինի հետ բանավեճում Մեթլոքի դիվանագիտական և հռետորական պարտությունը հանգեցրեց այն բանին, որ «Վալդայ» ակումբի Սոչիի նստաշրջանին մասնակցող արդեն մյուս ամերիկացիները (նշեմ, նույնիսկ նրանք, ովքեր կանգնած են եղել Կիևի «մայդանում») սկսեցին մամուլի համար իրենց մեկնաբանություններում օգտագործել Ռուսաստանի առաջնորդի ձևակերպումները։
Երկրորդ, Ռուսաստանի նախագահն իր կողքին նստեցրել էր... իրանցի հյուրին` Իրանի Մեջլիսի խոսնակ, իսլամական կոնսուլտատիվ խորհրդի նախագահ Ալի Արդաշիրա Ամոլի Լարիջանիին։ Մեր ընթերցողները պետք է ավելի լավ իմանան, թե ինչ տրամաչափի գործիչ է Թեհրանի այդ քաղաքական դեմքը։ Լարիջանին ոչ թե պարզապես ղեկավարում է Իրանի խորհրդարանը, այլ մինչ այդ եղել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը։ Եղել է խորհրդում Իրանի բարձրագույն ղեկավար այաթոլլահ Սեյեդ Ալի Հոսեյնի Խամենեիի ներկայացուցիչը։ Եղել է ազգային անվտանգության հիմնական հարցերի շուրջ ընթացող բանակցությունների պատասխանատուն, այդ թվում` միջուկային ծրագրի։ Որպես այաթոլլահ Խամենեիի մոտ մշտական մուտքի հնարավորություն ունեցող անձ ¥ի դեպ` եղբայրների հետ¤, պարոն Լարիջանին միշտ աչքի է ընկել ինքնուրույնությամբ ու վճռականությամբ։ Մահմուդ Ահմադինեժադի նախագահական երկրորդ ժամկետի ընթացքում Լարիջանիի և նախագահի միջև կոնֆլիկտ ծագեց պետության կառավարման մեջ վերջինիս դերի առիթով։ Խորհրդարանը նախագահին սպառնաց իմպիչմենթով, պաշտոնանկ արեց Ահմադինեժադի կաբինետի նախարարներից մեկին։ Բայց այն բանից հետո էլ, երբ Իրանի նախագահ դարձավ բարեփոխիչ Հասան Ռոհանին, Լարիջանին դարձյալ նրա նախաձեռնությունների գլխավոր քննադատներից էր. այսպես, խորհրդարանը մի քանի անգամ չհաստատեց նախագահի առաջադրած կրթության նախարարի թեկնածությունը։ Եվ ահա այս անհատականությունը նստած էր Պուտինի աջ կողմում։ Ի դեպ, նստաշրջանից հետո հենց Սոչիում տեղի ունեցան նաև Ռուսաստանի նախագահի փակ բանակցությունները Լարիջանիի հետ։ Բացի այդ, Լարիջանին նաև ելույթ ունեցավ և պատասխանեց ներկաների հարցերին։
«Վալդայի» նստաշրջանին պարոն Լարիջանիի մասնակցության հետ կապված հենց այս հանգամանքներն էլ օգնում են հասկանալու, թե ինչ կարող էր տեղի ունենալ Մոսկվայում Բաշար Ասադի հետ բանակցություններում, ինչու են հենց այս օրերին «խաղաղության ու բարեկամության» երկշաբաթյա այցով Աստրախան ժամանել Իրանի կասպիական նավատորմի երեք ռազմանավերը և ինչու պիտի Իրանի զինվորական պատվիրակությունը մինչև հոկտեմբերի վերջը Ռուսաստանում բանակցություններ վարի երկու երկրների ռազմական համագործակցության ընդլայնման շուրջ։ Եվ, հիշեցնենք, Ասադի Մոսկվա գալուց և Սոչիում Պուտինի ու Լարիջանիի ելույթներից երկու շաբաթ առաջ Իրանի արտգործնախարարությունը աշխարհին կոշտ նախազգուշացրել էր, որ «Իրանը չի համաձայնի սիրիական ճգնաժամի կարգավորման ոչ մի պլանի, եթե դրան չմասնակցի Սիրիայի նախագահ Բաշար Ասադը»։ Այսպիսով, Սոչիում կայացած «Վալդայի» նստաշրջանում Ռուսաստանն աշխարհին, առաջին հերթին ԱՄՆ-ին, կոշտ կերպով ցույց տվեց, որ Սիրիայի ու Ասադի ապագայի հարցերում, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության այլ հարցերում Մոսկվան գործակցել է և կգործակցի հենց Իրանի հետ։
Դե, իսկ ով սրանից հետևություն չանի, ավաղ, հին հռոմեական «վա՜յ պարտվածներին» խոսքը առօրեական է միշտ։ Իսկ վերջում մի քանի խոսք այն մասին, թե ինչով և ինչ են մտածում մեր լրատվամիջոցների տերերը։ Իհարկե, տեսակադրերում Հայաստանի քաղաքացիներից ինչ-որ մեկն առկայծեց։ ՈՒ երևի մեր երկրում, այնուամենայնիվ, «Վալդայի» որոշ քանակությամբ անդամներ ապրում էլ են։ Ասենք մեր լրատվամիջոցներն էլ հետին թվով ինչ-որ կերպ, անշուշտ, կլուսաբանեն Սոչիում կայացած նստաշրջանում հոկտեմբերի 22-ին տեղի ունեցածը։ Բայց հարց է ծագում, իսկ ինչո՞ւ «հետին թվով» միայն։ Հեռուստաէկրաններին կարելի էր նկատել Եվրոպայի, Ասիայի, Ամերիկայի բոլոր առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներին։ Չէի հավատա, որ Հայաստանին չի հետաքրքրում, թե ինչ և ինչպես են խոսել «Վալդայ» ակումբում։ Մեկ այլ` միջնադարյան իմաստախոսությունն էլ ասում է. «Արքային արքա է դարձնում նրա շքախումբը»։ Հեռու եմ այն մտքից, թե, իբր, միայն Հայաստանի նախագահը պետք է կարգադրի, որ հայրենական լրատվամիջոցները սովորեն տարբերել սերմը որոմից, տեղեկատվությունն ապատեղեկատվությունից և պրոպագանդիզմից։ Բայց ինչո՞վ է զբաղված մեր «արքայի շքախումբը»։ Ո՞Ւմ խորհուրդներն է լսում. մի՞թե այն մարդկանց, ում մակարդակը այնքան ցածր է, որ աշխարհակարգի վերաբերյալ նրանց հայեցողությունից արդեն նավթալինի հոտ է փչում։ Մյուս կողմից էլ, եթե Սերժ Սարգսյանի ենթականերն իրենք ի վիճակի չեն նախազգալու, թե որտեղ և ինչու են տեղի ունենալու օպերատիվ լուսաբանում պահանջող կարևորագույն իրադարձությունները, ապա գուցե և իրոք դրանով զբաղվի անձամբ Հայաստանի նախագահը։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 1825

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ