Փետրվարյան հայտնի նիստից հետո, երբ ՀՀԿ-ն ԲՀԿ-ի նախագահին ուղարկեց կրկես, քաղաքական դաշտի վերադասավորումների խնդիր առաջացավ: Ակնհայտ էր, որ նախկին ԲՀԿ այլևս լինել չի կարող, բայց նույնքան ակնհայտ էր, որ ինչ-որ մեկը պիտի լինի քաղաքական դաշտի այն հատվածում, որտեղ գործում և ծրագրեր էր իրագործում ԲՀԿ-ն: Հարցը չի վերաբերում քաղաքականությանը, ԲՀԿ-ն երբեք էլ քաղաքական կուսակցություն չի եղել, հարցը վերաբերում է ռուսական շահերի սպասարկմանը, որով զբաղվում էր ոչիշխանությունը Հայաստանում՝ ԲՀԿ-ի գլխավորությամբ: Եվ քանի որ երկար ժամանակ Հայաստանում փաստորեն այդ հարցով ոչ ոք չզբաղվեց, իսկ ով զբաղվեց՝ պարզվեց, ուժերը բավարար չեն, Մոսկվան ինքը որոշեց լրացնել բացը: Այդպես ասպարեզ եկավ միֆը, որ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը Հայաստանում պիտի զբաղվի ակտիվ քաղաքականությամբ: Միֆը՝ միֆ, բայց նա ինքն էլ հավատաց, որ ժամանակն է Հայաստանը կարգի գցել, ու հայտարարեց, որ մտադիր է Հայաստանի ապագա քաղաքական կյանքին մասնակցել: Հարցը ինչպես-ին չհասավ: Փառք Աստծո, հին ու նոր կապեր կան, հին ու նոր ընկերներ ու մշտական շահեր, որոնք մերթ ընդ մերթ համընկնում են: Մի քիչ ուշ, մի քիչ շուտ Արթուր Բաղդասարյանը որոշեց ԲՀԿ-ից լքվածներին հավաքել մի տանիքի տակ ու քանի որ այլևս «Օրինաց երկիրը» նեղ էր այդ ծավալուն համախմբման համար, ընտրեց իր կարծիքով ավելի հնչեղ ցուցանակ՝ «Հայկական վերածնունդ»: Գաղափարը ինձնից, փողերը քեզնից՝ սկզբունքով կայացավ Արթուր Բաղդասարյան-Արա Աբրահամյան նախնական պայմանավորվածությունը, ու ամենակարևորը՝ բաժանվեցին պաշտոնները՝ Արա Աբրահամյանը՝ վարչապետ, Արթուր Բաղդասարյանը՝ նախագահ: Իշխանափոխությո՞ւն է, իշխանափոխություն է: Ժողովրդավարության հաղթանա՞կ է: Հաղթանակ է: Հայաստանում ոչինչ չի փոխվում, Ռուսաստանը ստանում է Հայաստանն իբրև ՌԴ դաշնային սուբյեկտ՝ ժամանակավորապես անկախ իրավական կարգավիճակով: Որ նման ծրագիր կա, վկայում է ՕԵԿ խմբակցության գործունեությունը խորհրդարանում՝ կառավարության անշեղ ու աներեր քննադատությունը, կես-կես քվեարկությունները, վերջին ապացույցը սահմանադրական բարեփոխումների նախագծի քվեարկությունն էր՝ Հեղինե Բիշարյանն ու Իշխան Խաչատրյանը դեմ էին, Մհեր Շահգելդյանը, Հովհաննես Մարգարյանն ու Լևոն Դոխոլյանը՝ ձեռնպահ։ Այսինքն՝ «Հայկական վերածնունդ» նախագիծը իր ծրագրերը փորձելու է շարունակել ընդդիմադիր դաշտերում՝ գլխավոր ու վճռական ազդակ համարելով ՌԴ-ի մասնակցությունն ու աջակցությունը «Հայկական վերածննդին»: Սա է պատմությունը, բայց որքանո՞վ է այս պատմությունը իրապատում: Որ Արթուր Բաղդասարյանը ռևանշի ձգտում ունի, պարզ է: Պարզ է, որ Արա Աբրահամյանը ժամանակ առ ժամանակ որոշում է Հայաստանում քաղաքականությամբ զբաղվել, մամուլ է ֆինանսավորում, կուսակցություններ ու հասարակական կառույցներ, որ պիտի անհրաժեշտ պահին ցատկահարթակ դառնան: Բայց այդպես էլ ցատկը չի ստացվում: Արա Աբրահամյանը կարող է Ֆրանսիա էլ գնալ, ԱՄՆ էլ ու տեղի հայկական համայնքներում տրամադրություններ շոշափել՝ քաղաքական ու ֆինանսական աջակցության որոնումներում: Հետո՞ ինչ: Ո՞վ է նրան ասելու՝ այո: Ի վերջո՝ Հայաստանում նրան լուրջ չեն ընկալում, իսկ Արթուր Բաղդասարյանին ռուսները լուրջ չեն ընկալում: Ճիշտ է՝ լավ էլ կապեր ու հարաբերություններ կան, ստեղծվել են թե ԱԺ նախագահ, թե Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար աշխատելիս: Բայց նույնքան ու ավելի լավ ու ազդեցիկ կապեր ունի Սերժ Սարգսյանը, ում բնավ պետք չեն ոչ Արա Աբրահամյանը, ոչ Արթուր Բաղդասարյանը իբրև քաղաքական ֆիգուրներ: Բայց խաղը նրան պետք է: Խաղը շարունակվելու է ու թափ է հավաքելու: Ոչ միայն այն պատճառով, որ ձեռնտու է ռուսական ինչ-որ շրջանակների, այլև՝ հենց ՀՀ նախագահին: Նախ՝ թեմա է, որ լրատվական դաշտը կծամծմի ու կզբաղվի՝ իրական քաղաքական ու տնտեսական թեմաները քննարկելու փոխարեն: Հետո՝ թեմա է, որով կզբաղվի քաղաքական դաշտը և այդ «զբաղմունքի» ընթացքում կլինեն օգտակար բացահայտումներ, իսկ ամենակարևորը՝ միմյանցով կզբաղվեն
ԲՀԿ-ի այսօրվա հովանավոր Հովիկ Աբրահամյանը, որ հավակնում է սահմանադրական փոփոխություններից հետո էլ մնալ վարչապետ, և վարչապետական հայտ ներկայացնող Արա Սբրահամյանը: Աբրահամյանն Աբրահամյան է, Սերժ Սարգսյանի համար այս պարագայում ոչ մի տարբերություն, նա կողմերից որևէ մեկին ոչ կաջակցի, ոչ կխանգարի, թող զբաղվեն իրարով ու իրար չեզոքացնելով, իսկ իրեն տարածք ու ժամանակ տան իր գործով զբաղվելու: Ինչո՞վ շահեկան չէ: Փաստորեն՝ Սերժ Սարգսյանը նայում է ու քմծիծաղում՝ գաղջ մթնոլորտ է, կրկեսում գաղջ մթնոլորտ է, ու դա շատ լավ է, փոխվեց մթնոլորտը՝ վերանալու է կրկեսը:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Չե՞ն հասկանում այս ամենը Արա և Հովիկ Աբրահամյանները, Արթուր Բաղդասարյանը և այլք: Իհարկե հասկանում են, իհարկե գիտեն, բայց պետք է աշխատեն, ուրեմն աշխատում են: Հանձնարարված ուղղությամբ: Իրենց կամոք: Բոլորն էլ նույն ցուցանակի տակ՝ «Հանուն Հայաստանի», և նույն նպատակով՝ բա մեր ազնիվ ցեղը գնա-կորչի՞: