«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Մոսկվան, Պեկինն ու Թեհրանը ջանում են մոլորակը զերծ պահել պատերազմի «տաք փուլից»

Մոսկվան, Պեկինն ու Թեհրանը ջանում են մոլորակը  զերծ պահել  պատերազմի «տաք փուլից»
06.10.2015 | 00:07

Մենք արդեն քանիցս նշել ենք, որ արդի աշխարհը շատ բուռն ու ամենօրյա փոփոխություններ է կրում։ Եվ ահա, ինչպես ասում են, «տեղ հասանք»։ Առանձնացնենք տեղեկատվական ընդամենը երեք առիթ` մտորելու, թե ինչ է տեղի ունենում։
Մի քանի օր է, ինչ արևմտյան բառացիորեն բոլոր լրատվամիջոցները ճչում են, թե դեպի Սիրիայի ափ է ընթանում Չինաստանի ռազմանավերի մի խումբ, այդ թվում` մեկ ավիակիր, ինչպես նաև չինական ծովային դեսանտայիններ։ Սեպտեմբերի 24-ին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հրապարակավ ընդունեց, որ Արևմուտքը պետք է բանակցի անմիջականորեն Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ, այսինքն, Սիրիայում օրինական իշխանությունների գոյությունը համառորեն ժխտելու ժամանակներն անդառնալիորեն անցել են, ինչպես որ օրեցօր կրճատվում են ԱՄՆ-ում Բարաք Օբամայի վարչակազմի իշխանության գլուխ գտնվելու օրերը։ Վերջապես, սեպտեմբերի 25-ին հաղորդագրություն ստացվեց այն մասին, որ Ռուսաստանի Սևծովյան նավատորմի դրոշակակիր «Մոսկվա» հարվածային հրթիռակիր հածանավը սեպտեմբերի 24-ին դուրս է եկել Սևաստոպոլի նավահանգստից և սեպտեմբերի 27-ի երեկոյան հասել է Սիրիայի տարածքային ջրերի շրջան։ Պաշտոնապես` «ռազմածովային զորավարժությունների» մասնակցելու համար։
«Ռուսական ռազմանավերի անձնակազմերը հղկում են հակասուզանավային, հակաօդային և հակառազմանավային պաշտպանության, փրկարար-որոնողական գործողությունները, ինչպես նաև ծովում աղետի ենթարկված ռազմանավերի և օդային ապարատների անձնակազմերին օգնություն ցուցաբերելու և նրանց հետ կապ ապահովելու վարժանքներ են անցկացնում»,- ասվում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության ամփոփագրում։ Բացի հածանավից և երկու ռազմանավերից («Լադնի» պահականավն ու P-109 հրթիռանավը), որոնք Բոսֆորն անցել են սեպտեմբերի 24-ի ցերեկը, զորավարժություններին կմասնակցեն «Սմետլիվի» պահականավն ու «Սարատով» դեսանտային մեծ նավը (ԴՄՆ), մի շարք օժանդակ ռազմանավեր ու նավեր։ Դրանց կմիանա նաև վաղուց արդեն Միջերկրական ծովում գտնվող «Պիտլիվի» պահականավը։ Զորավարժությունների ընթացքում, որոնք կանցկացվեն սեպտեմբերի 30-ից մինչև հոկտեմբերի 7-ը, նախատեսվում են հրետանային և հրթիռային կրակի փորձարկումներ վերջրյա և օդային թիրախների վրա։ Դրանք տեղի կունենան Կիպրոս կղզու և Սիրիայի Տարտուս նավահանգստի միջև ընկած չեզոք ջրերում։ Ծովագնացության համար վտանգավոր գոտի է հայտարարվել 41 կմ տրամագծով մի շրջան, որի կենտրոնը գտնվում է Տարտուսից 70 կմ արևմուտք։
Հարցի ռազմական կողմին դեռ կվերադառնանք, թեև պետք է կանխավ ասել, որ Ռուսաստանի հրամանատարության ու, երևի, Սիրիայի իշխանությունների այդ որոշումը հանկարծական ու տարերային չէ. զորքերի նախապատրաստման և զորախաղերի անցկացման պլանը հաստատվել էր դեռ 2014 թ. վերջին` միջազգային իրավունքի նորմերին համապատասխան։
Դառնանք Մերկելի խոսքերին։ Բացի այն, որ նա, ըստ էության, Սիրիայի և ընդհանուր առմամբ Մերձավոր Արևելքի նկատմամբ Գերմանիայի կառավարության կուրսի փոփոխություն է ակնարկում, ուզում է ասել նաև, որ կտրուկ շրջադարձ է սպասվում այդ հարցերում ամբողջ Եվրամիության քաղաքականության մեջ։ Կասկածից վեր է, որ այդ փոփոխությունները պայմանավորված են նաև Ասիայից հարյուրհազարավոր մուսուլման փախստականների անկառավարելի հոսքով, ինչը մեծ խնդիրների առջև է կանգնեցրել ինչպես ԵՄ անդամ, այնպես էլ ոչ անդամ երկրներին։ Բայց, համոզված եմ, Գերմանիայի ու ԵՄ-ի դիրքորոշումների փոփոխությունները կապված են նաև այն բանի հետ, որ նրանք, վերջապես, սկսել են ականջ դնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ռուսական ԱԳՆ-ի այն համառ խորհուրդներին, որ նախքան ԵՄ-ում «փախստականների խնդիրների» լուծումը վատ չէր լինի «միտք անել», թե որն է Եվրոպայի զավթման գլոբալ պատճառը, և ում է դա ձեռնտու։
Զուր չէ, որ հիշյալ նորությունների «հեռապատկերում» աննկատ չմնաց ևս երկու հաղորդագրություն. նախ, Սպիտակ տունը պաշտոնանկ արեց «Իսլամական պետություն» (ԻՊ) արմատական խմբավորման դեմ պայքարի համակարգող, Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերի (ISAF) գլխավոր հրամանատար գեներալ Ջոն Ալենին։ Դա ամերիկյան հերթական ապաշնորհ գեներալի սոսկական պաշտոնաթողություն չէ։ Դեռ վերջերս Օբաման գեներալ Ալենին նկատի ուներ Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնի համար։ Եվ հենց Ալենն է (դեռ 2012 թ. պաշտոնազրկված ԿՀՎ տնօրենի և ամերիկյան բանակի գեներալ Դևիդ Պետրեուսի հետ մեկտեղ) համարվում և՛ Իրաքի կործանման, և՛ Սիրիայի դեմ մղվող պատերազմի պլանի հեղինակը։ Հիշեցնենք, «Ասադի դեմ պայքարում սիրիական ընդդիմությանն օգնելու» պատրվակով Սիրիայի դեմ սանձազերծված պատերազմ սկսելու պլանը հաստատվել էր Լիբիայում տարած «հաղթանակից» և գնդապետ Մուամար Քադաֆիի սպանությունից անմիջապես հետո և սկսել էր իրականացվել 2011 թ. վերջից։
Երկրորդ, Ռուսաստանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին մեղադրել է այն բանում, որ ամերիկացիները շրջափակում են «Իսլամական պետություն» խմբավորման դեմ միջազգային պատժամիջոցների կիրառման և այլ միջոցների ձեռնարկման հարցը։ Երկրորդ լուրը հասկանալի է. ամերիկացիներին ժամանակ է պետք, որ «մաքրեն» ԻՊ-ի ստեղծման ու ամրապնդման գործին իրենց մասնակցության հետքերը։ Հիշեցնենք, որ Իրանի իշխանություններն ու հատուկ ծառայությունները դեռ 2014 թ. ամռանից հենց ԱՄՆ-ին ու Իսրայելին են հրապարակավ մեղադրում այդ խմբավորման ստեղծման և նրա ահաբեկիչներին օգնության ցուցաբերման գործում։ Եվ զբաղեցրած պաշտոններից գեներալ Ալենի հեռացումը հենց հետքերը մաքրելու անհրաժեշտությունից բխող քայլերից մեկն է։ Չէ՞ որ հենց Պետրեուսն ու Ալենն են մշակել Բաշար Ասադի հետ բանակցությունների ժխտման դոկտրինը և Սպիտակ տանը ստիպել ընդունելու այն։ Եվ ահա այստեղ վրա են հասնում. ա) «մեր ֆրաու» Մերկելը, բ) Օբամայի համառ առաջարկությունները` Նյու Յորքում հանդիպում ունենալու Վլադիմիր Պուտինի հետ, ով սեպտեմբերի 28-ին ԱՄՆ-ում էր գտնվում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հոբելյանական 70-րդ նստաշրջանում (բացվել է սեպտեմբերի 15-ին) իր ելույթի կապակցությամբ։ Թե ինչ է ուզում Օբաման, պարզ է. 1) վերջին անգամ փորձ անել Ռուսաստանին «կոճկելու» իր «հակաահաբեկչական կոալիցիային», որի գործողություններն առայժմ հանգեցրել են միայն ԻՊ-ի գրոհայինների դիրքերի ամրապնդմանը, 2) եթե չհաջողվի, ապա փորձ անել «լղոզվելու» Սիրիայի իշխանությունների, ինչպես նաև Իրանի ու Ռուսաստանի արդեն հաջող հակաահաբեկչական գործողություններին, որ աշխարհը տեսնում է ամբողջ անցած շաբաթվա ընթացքում։ Դե, իսկ Գերմանիայի կանցլերին հանձնարարել են բարձրաձայնել այն, ինչ Օբաման ինքն առայժմ չի համարձակվում բարձրաձայնել. ընդունել Սիրիայում ԱՄՆ-ի քաղաքականության ձախողումը և որ Սիրիայի ոչնչացման պլանի ի հայտ գալու «մեղավորներից» վերջինը (այսինքն` գեներալ Ալենը) «արդեն պատժված է»։
Ա՜յ քեզ Սիրիա, ա՜յ քեզ Բաշար Ասադ... Ըստ էության, մի փոքր ու ոչ այնքան խտաբնակ երկիր է, այնքան էլ հարուստ չէ օգտակար հանածոներով, բայց ինչքա՜ն նիզակներ փշրվեցին նրա պատճառով, և նրա համար ԱՄՆ-ի ի՜նչ բարձրաստիճան պաշտոնյաների «գլուխներ թռան»։ Ովքե՞ր են զբաղվում սիրիական հարցով. Պուտին, այաթոլլահ Խամենի, Սի Ցզինպին, Էրդողան, Նեթանյահու, Հորդանանի թագավոր Աբդալլահ, Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիք (նույնիսկ Ելիզավետան «հանկարծ հիշել է», թե կարելի է, պարզվում է, «օգնել Ռուսաստանին» ԻՊ-ի դեմ մղվող պայքարում), ԵՄ անդամ երկրներ։ Բոլորին հնարավոր չէ թվարկել, հա, նույնիսկ «Պաղեստինի Պետության» նախկին ղեկավար Մահմուդ Աբասը։ Հայաստանը, ավաղ, ոչ մի կերպ չի զբաղվում Սիրիայով, բացի Սիրիայից հայ փախստականներին ընդունելու պատրաստակամության մասին ամենամյա ուղերձից։ Բայց սիրիահայերի ինչի՞ն է պետք ժամանակակից Հայաստանում մեր համակարգի ակամա ստրուկների վերածվելը։ Մանավանդ որ նրանք Սիրիայում էլ հայոց հայրենի հողում են, ժամանակն է, որ Հայաստանի իշխանությունները դա բարձրաձայնեն հրապարակավ և պաշտոնապես։ Սակայն կրկնենք մեկ անգամ ևս. Դուշանբեում ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովում նույն Պուտինը, այդ թվում` Հայաստանին, մեկ անգամ ևս առաջարկեց իրավամբ զբաղվել Սիրիայով։ Սպասենք իրադարձությունների զարգացմանը, այդ թվում` տվյալ տեսանկյունից։
Իսկ հիմա արծարծված թեմայի ռազմական կողմի մասին։ Սիրիայի ափերին ռուսական ռազմանավերի մոտենալը հաստատված է բոլոր պաշտոնական աղբյուրներով, ինչ վերաբերում է Չինաստանի ռազմածովային ջոկատին, ապա, տարբեր տեղեկությունների համաձայն, նրանում տեղ են գտել մեկից մինչև երեք հածանավ, որոնք մինչ այդ նավարկում էին Ադենի նեղուցում և զբաղվում էին ծովահեններից նավերի պաշտպանությամբ։ Դրանց միացել է մեկ ավիակիր։ Սակայն առայժմ ո՛չ պաշտոնական Պեկինը, ո՛չ Չինաստանի ժողովրդաազատագրական բանակի հրամանատարությունը չեն հայտարարել, թե որն է դեպի Սիրիա սրընթաց երթի նպատակը։ Այո, աշխարհն արդեն տեսել է նաև ռուս-չինական համատեղ ռազմածովային զորախաղեր Միջերկրական ծովում, բայց դրանք Եգիպտոսի ափերի մոտ էին։ Բայց ՌԴ դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի անդամ, սենատոր Իգոր Մորոզովը սեպտեմբերի 24-ին բացահայտորեն մեկնաբանեց իրավիճակը. «Չինաստանը միանում է Սիրիայում մեր ռազմական գործողությանը։ Ես կարծում եմ, որ Իրանը ևս կակտիվացնի իր աշխատանքը «Հըզբոլլահի» միջոցով։ ՈՒստի արդեն կարելի է ասել, որ մյուս միջազգային կոալիցիան արդեն թափ է առնում։ Միացյալ Նահանգները պետք է միայն միանա։ Մեզ»։
Իհարկե, ռուսական ռազմածովային նավատորմն առաջին անգամ չի շրջերթ կատարում դեպի Սիրիա։ Օրինակ, սկսած 2015 թ. օգոստոսի 8-ից արդեն ավելի քան տասն անգամ վեց ԴՄՆ է մտել Միջերկրական ծով, ընդ որում` տեխնիկան և մնացած բեռներն սկսել են զետեղել նաև վերին տախտակամածում։ Բացի ԴՄՆ-ներից, փոխադրումների մեջ ներգրավվել է նաև բեռնատար լաստանավ։ Իսկ օգոստոսի 20-ին նույն երթուղով անցավ «Նիկոլայ Ֆիլչենկով» ԴՄՆ-1171 նավը։ Այդ ուղերթը առանձնապես հայտնի դարձավ, քանի որ դա 2,5 տարում առաջին դեպքն էր, երբ բեռը զետեղված էր վերին տախտակամածում և ցանցերի տակ երևում էին ԲՏՌ-ների ուրվագծերը։ Երեք օր հետո Սիրիայում առաջին անգամ երևաց ԲՏՌ-82Ա-ն, ինչը ոմանք կապեցին իրար հետ, թեև այդ ԲՏՌ-82Ա-ն, ամենայն հավանականությամբ, բերել էին դրանից առաջ` «Նովոչերկասկ», «Կորոլյով», «Ազով», «Ցեզար Կուննիկով» ԴՄՆ-ներով, որոնք դրանից 1-2 շաբաթ առաջ նախորդ երթերն էին կատարել (Բոսֆորն անցել էին օգոստոսի 8-ին և 16-ին)։ Օգոստոսի 26-ին Բոսֆորով Միջերկրական ծով մտան «Ազով» և «Ցեզար Կուննիկով» ԴՄՆ-775 նավերը։ Սեպտեմբերի 3-ին ևս Բոսֆորով Միջերկրական ծով անցան երկու ԴՄՆ-775-եր` «Նովոչերկասկը» և «Կորոլյովը»։ Նույնիսկ այդ երկու նավերից մեկի վրա էլ բեռների մի մասը հարկ եղավ տեղադրել վերին տախտակամածին։ Սեպտեմբերի 7-ին անցավ «Ալեքսանդր Տկաչենկո» բեռնատար լաստանավը, որը դրանից առաջ երկար ժամանակ աշխատել էր Թեմրյուկ-Կերչ ծովային անցուղում, բայց սեպտեմբերի 1-ին մտել էր Նովոռոսիյսկ և բեռնված մեկնել Միջերկրական ծով։ Սեպտեմբերի 8-ին Բոսֆորով Միջերկրական ծովի կողմը անցավ «Սարատով» ԴՄՆ-1171-ը, որի բեռնված տեխնիկայի վրա բարձրացվել էր նախազգուշական դրոշ` «Տանգո»` «Ինձնից հեռու մնացեք»։ Այսպես` մինչև սեպտեմբերի վերջը։
Եվ ուրեմն, ի՞նչ է հատկապես տեսնում աշխարհը։ Կարծում եմ, ոչ միայն պարզապես ծայրաստիճան լուրջ մոտեցում «Իսլամական խալիֆայության» ռազմական ոչնչացմանը և արտաքին ագրեսիայից Սիրիայի պաշտպանությանը, ագրեսիա, որ իրականացվում է օտարերկրյա վարձկանների ձեռքով, որոնք մինչև օրս էլ Արևմուտքից թե՛ հետախուզական տեղեկություններ են ստանում, թե՛ ֆինանսական աջակցություն։ Ճիշտ է, ասում են, որ հիմա, իբր, Արևմուտքն այլևս հետախուզական տեղեկություններ չի տալիս ԻՊ-ի ավազակային խմբավորումներին։ Սակայն ոչ պակաս չարագործ և ֆունդամենտալիստական «Ջեբհաթ-ան-Նուսրային», ինչպես նաև մի շարք այլ, ավելի մանր ջիհադական կազմավորումների Արևմուտքն ու Թուրքիան շարունակում են թե՛ ֆինանսներ, թե՛ հետախուզական տեղեկություններ տրամադրել։ Այս բոլոր սուննիական ահաբեկչական խմբավորումները Արևմուտքի և Թուրքիայի քաղաքականության լծակների ու գործիքների էությունն են և պայքարում են Սիրիայի հանդեպ առավել բարեհաճ եվրասիական երկու խոշորագույն պետությունների` Ռուսաստանի և Իրանի դեմ։ Եվ, հաշվի առնելով տխրահռչակ «ույղուրյան հարցը», նաև Չինաստանի դեմ, ինչի պատճառով էլ Պեկինը որոշել է, այնուամենայնիվ, ցույց տալ, որ Երկնային կայսրությունը ևս հիշում է Սիրիան։ Եվրասիայի առաջատար տերությունների եռյակը իրականում Սիրիան չի փրկում, առավել ևս Բաշար Ասադի իշխանությունը կամ ալավիներին։ Նրանք աշխարհն են փրկում երրորդ համաշխարհային պատերազմի սանձազերծումից, որովհետև Արևմուտքի բախումը Ռուսաստանի-Իրանի-Չինաստանի հետ հենց երրորդ համաշխարհայինը կլինի։ Եվ կարևոր չէ, թե որ ձևաչափով է այն հոսում, գլխավորն այն է, որ Մոսկվան, Պեկինն ու Թեհրանը ջանում են մոլորակը զերծ պահել պատերազմի «տաք փուլից»։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 2855

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ