Իլոն Մասկը X սոցիալական ցանցում Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահի ավելի ընդունելի թեկնածու է համարել, քան նրա մրցակից Քամալա Հարիսին։ Նա մեկնաբանել է մի գրառում, որում օգտատերը պնդում էր, որ Թրամփը «ընտրություններում չարյաց փոքրագույնն է»։ «Միանշանակ»,- գրել է Մասկը:               
 

Նյու Յորք՝ քաղաքակա՞ն ֆիեստա, թե՞ պարզապես ֆիեստա

Նյու Յորք՝ քաղաքակա՞ն ֆիեստա, թե՞ պարզապես ֆիեստա
02.10.2015 | 00:45

28-ը եզրափակումն էր քաղաքական սեպտեմբերի: Միջազգային մակարդակով: Նյու Յորքում ՄԱԿ-ի հոբելյանական՝ 70-րդ նստաշրջանում ելույթներն ու պետությունների ղեկավարների երկկողմ հանդիպումները լրացնում էին միմյանց՝ քաղաքականության ճշտման և ուղղորդման համար: Համաշխարհային քաղաքականության: Եվ իհարկե՝ տարածաշրջանային: Իլհամ Ալիևը, ինչպես և սպասվում էր, ինքն իրեն դուրս դրեց քաղաքական ֆիեստայից: ՈՒ նա մենակ չէր՝ Թուրքիայի նախագահն էլ Նյու Յորք չմեկնեց: Մեծ ու փոքր եղբայրները նոյեմբերի 1-ին խորհրդարանական ընտրությունների են պատրաստվում: Ամեն մեկը՝ յուրովի, երկուսն էլ՝ նույն ձեռագրով: Էրդողանը քրդերի դեմ է պայքարում, որ համախմբի հասարակությանը իր կուսակցության ու ավելի շատ՝ անձի շուրջը: Ալիևը պայքարում է հայերի դեմ, նույն նպատակով: ՈՒ մինչ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հրադադարի խախտման մեջ մեղադրում էր հայերին և ասում, որ նրանք ամեն ինչ անում են բանակցությունները ձախողելու համար: Բանակցությունները վերցրեց ու ձախողեց Իլհամ Ալիևը՝ չեկավ հանդիպման վայր, իրադարձությունները զարգացան առանց նրա՝ որակական փոփոխություններ չարձանագրելով: Գոնե հրապարակային մակարդակով: Որ քննարկումներ եղել են տարբեր շրջանակներում ու տարբեր մակարդակներով, միանշանակ է, բայց՝ առանց բարձրաձայնումի: Բացառությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հանդիպումներն ու հայտարարություններն են, հավելեք Սերգեյ Լավրովին: Քերին լռեց: Իլհամ Ալիևը շարունակում է կրակել, Սերժ Սարգսյանը, նախքան Նյու Յորք գնալը, «կրակեց» Երևանից՝ հայտարարելով, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի անբաժանելի մասն է: Իսկ Նյու Յորքում ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի անունից` ի պատիվ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանին մասնակցող երկրների պատվիրակությունների ղեկավարների տված ընդունելության ժամանակ Բարաք Օբամայի հետ կարճ զրույց ունեցավ՝ «որի ժամանակ քննարկվել են համահայկական նշանակության հարցեր» (կարճ զրույց ու լուրջ հարցե՞ր): Սերժ Սարգսյանը ելույթ ունեցավ ասամբլեայում, որ առանձին քննարկման թեմա է:
Նյու Յորքի քաղաքական ֆիեստայի գլխավոր մենամարտը Պուտին-Օբամա հանդիպումն էր, որին նախորդեցին դիվանագիտական ասեմ-ասեսներ երկու կողմերից: Հանդիպումը, այնուամենայնիվ, կայացավ ու տևեց նախատեսվածից կրկնակի երկար: Հանդիպումից առաջ երկուսն էլ ելույթ ունեցան նստաշրջանում ու հայտնի դարձրին իրենց պաշտոնական տեսակետները, երեկոյան արդեն մնում էին համադրում-հակադրումն ու ամփոփումը: «Երկուշաբթի օրը Բարաք Օբաման ու Վլադիմիր Պուտինը ՄԱԿ-ի ամբիոնից ընդգծեցին միջազգային համագործակցության անհրաժեշտությունը»՝ գրեց The New York Times-ը և ճշտեց՝ «բայց այդ հիմնադրույթները խարխլվում են սիրիական ճգնաժամի բնույթի վերաբերյալ խոր տարաձայնություններով»: «Պուտինի աճող ագրեսիվությունը Սիրիայում կարող է պատճառ դառնալ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև մրցակցության նոր դարաշրջանի և Մերձավոր Արևելքում Ռուսաստանի դերի մեծացման» արձանագրում է The New York Times-ը: Եվ Պուտինը, և Օբաման ԻՊ-ն համարում են լուրջ սպառնալիք, իսկ հետո իրավիճակի նրանց գնահատականներն արմատապես տարբերվում են: ՄԱԿ-ի ամբիոնից նրանք միմյանց վրա բարդեցին պատերազմի ու փախստականների ճգնաժամի մեղքը: Պուտինը «անտեսեց փաստը, որ Ասադի գլխավոր թիրախը միշտ էլ եղել է ներքին ընդդիմությունը, ոչ թե ԻՊ-ն»: The New York Times-ը կարծում է, որ տեսականորեն երկու նախագահներն ունեն քաղաքական կոմպրոմիսի հիմքեր, բայց արագ կոմպրոմիսներ չեն լինի ոչ Ասադի կառավարության ու ընդդիմության, ոչ Վաշինգտոնի ու Մոսկվայի միջև:
The Washington Post-ը իրավիճակն ավելի է բացում. «Զորքերն ու ինքնաթիռները հանդուգն նետելով ի պաշտպանություն արյունով թաթախված սիրիական դիկտատուրայի, ՌԴ նախագահը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից աշխարհի երկրներին կոչ արեց լայն կոալիցիայով միանալ իրեն ԻՊ-ի ու համանման խմբավորումների ոչնչացման համար»: Նա հայտարարեց, որ այդ կոալիցիան, հակահիտլերյանի նման, պետք է միավորի դեմոկրատիան, դիկտատուրան ու թեոկրատիան՝ շարունակում է The Washington Post-ը:

Թերթը համաձայն չէ, որ Սիրիայի բոլոր դժբախտությունների մեղավորն արևմտյան միջամտությունն է: Օբաման հայտարարեց, որ զանգվածային սպանությունները Սիրիայում սկսվեցին, երբ Ասադը բռնությամբ ճնշեց ժողովրդավարամետ ապստամբությունը: «Օբամայի տեսակետը Պուտինի կոնցեպցիայից ոչ միայն նախընտրելի է բարոյական առումով, այլև ավելի ռեալիստական է»` համարում է The Washington Post-ը և արձանագրում, որ իր կոնցեպցիան պաշտպանելու կամ Պուտինի կոնցեպցիային դիմակայելու համար Օբաման ռազմավարություն չունի: The Wall Street Journal-ը փոխում է ուղղությունը՝ Սիրիայում Պուտինն ու Թեհրանը կառուցում են «ազդեցության աղեղ» Աֆղանստանի արևմուտքից Միջերկրականի արևելք: Նրանք ձգտում են թուլացնել ԱՄՆ-ի ազդեցությունը՝ խաղարկելով Օբամայի՝ այդ տարածաշրջանից հեռանալու ցանկությունը: Օբաման ՄԱԿ-ում հայտարարեց, որ Սիրիայում հնարավոր չէ վերադարձ նախապատերազմյան ստատուս քվոյին, և պետք է Ասադից նոր ղեկավարի իշխանության կառավարվող փոխանցում, բայց ինչպե՞ս է նա դրան հասնելու: Պուտինն ամեն օր Սիրիայում «փաստեր» է ստեղծում՝ այնտեղ նետելով ավիացիա ու տանկեր՝ ավելի ու ավելի շատ: Պետքարտուղար Ջոն Քերին հույս ունի նոր երկխոսություն կազմակերպել Սիրիայի հարցով, բայց Ասադը հիմա ավելի քիչ, քան երբևէ ցանկություն ունի կոմպրոմիսի, որովհետև գիտի՝ Ռուսաստանն ու Իրանը՝ «Հըզբոլլահի» աջակցությամբ Սիրիայում նվազագույնը կապահովեն «ալավիական պրոտեկտորատ»: Ի վերջո Օբաման կհաշտվի Սիրիայում Ռուսաստանի ներկայության և Ասադի իշխանության, կամ Թեհրանի ու Մոսկվայի մեկ այլ ծառայի հետ: Օբաման «հրաժարվում է ընդունել, որ Ամերիկայի նահանջի քաղաքականությունը ստեղծել է վակուում, որը լցնում են սրիկաները»՝ թեման փակում է The Wall Street Journal-ը:
Երկուշաբթի օրը ՄԱԿ-ում երկու տարի միմյանցից խուսափող նախագահները խաչեցին սրերը՝ մենամարտի ելույթներով, որոնք արտացոլեցին «միանգամայն տարբեր տեսակետներ սիրիական ճգնաժամի և Մերձավոր Արևելքում կայունության ապահովման վերաբերյալ»՝ փաստում է The New York Times-ը: «Չսահմանափակվելով բառամենամարտով ու առավոտյան ելույթներից հետո ճաշի ժամանակ սառցե հայացքներով՝ երկու նախագահները շարունակեցին դիվանագիտական նուրբ պոկերը, և յուրաքանչյուրը փորձում էր մյուսին իր դիրքերից տեղաշարժել»: «Երկու ելույթներից, մեկ ընդունելությունից և մեկ տետ ա տետ հանդիպումից հետո չեղավ որևէ ակնարկ, որ երկու նախագահները նվազեցրել են իրենց բաժանող անջրպետը՝ Ասադի ճակատագիրը»՝ գրում է թերթը: Պուտինը Ասադի շուրջ համախմբվելու կոչ է անում. «Խորագույն սխալ է սիրիական իշխանությունների հետ համագործակցությունից հրաժարվելը: Ասադի կառավարությունը միակն է, որ արիաբար պայքարում է ահաբեկչության դեմ», հայտարարեց նա: Օբամայի հետ հանդիպումից հետո ՌԴ նախագահն ասաց, որ բանակցությունները «շատ օգտակար ու անկեղծ էին»: «Ամերիկյան պաշտոնյաները, որ անանուն մնալու պայմանով համաձայնել են լրագրողներին իրավիճակը բացատրել, հաստատել են այդ որակումը՝ նշելով, որ հանդիպման կեսը վերաբերել է ՈՒկրաինային, կեսը՝ Սիրիային: Այնուամենայնիվ, ոչ մի ազդանշան, որ հաղթահարվել են տարաձայնությունները Ասադի ապագայի վերաբերյալ», պնդում է The New York Times-ը:
«Օբաման, Պուտինը, Ռոհանին, Սի Ձինպինը՝ յուրաքանչյուրը այսօր գնում է իր ճանապարհով՝ նշում է Յան Բրեմերը՝ «Եվրասիա» կոնսալտինգային-վերլուծական կենտրոնի հիմնադիրը: Corriere della Sera-ում հարցազրույցում նա ասել է. «Ելույթների ու հանդիպումների այդ օրը ՄԱԿ-ում առանց լիդերի աշխարհի մարմնավորումն է: Դա լիովին վերաբերում է Ամերիկային, բայց ամենածանր հետևանքները բեռ են դառնալու Եվրոպայի համար՝ Մերձավոր Արևելքից փախստականների հոսքը միայն բարդացնելու է իրավիճակը»: «Այսօր հաղթում է Պուտինը, այսօր նրա աշխարհաքաղաքական տրիումֆն է, բայց հետո նա շատ բարձր գին է վճարելու», կարծում է փորձագետը՝ «ռուս զինվորների դիակները կվերադարձվեն», իսկ «Ասադի արյունոտ հակահարձակումը ավելի կհեշտացնի վարձկանների հավաքագրումը ամբողջ աշխարհում, որ պատրաստ են կռվել հանուն ԻՊ-ի»: Բրեմերը համարում է, որ ԱՄՆ-ը Մերձավոր Արևելքում վակուում է թողել, որ լցնում է Պուտինը՝ բացատրելով, որ եթե ոչ ինքը, դա ԻՊ-ն կանի: Ռուսները ռազմական միավորում են ստեղծում Սիրիայում, այաթոլաները ուժեղացնում են ազդեցությունը Իրաքում: «Առայժմ Պուտինը հաղթանակ է տոնում՝ նա ուժեղացնում է իր ազդեցությունը Մերձավոր Արևելքում և սկսում է պառակտել ԱՄՆ-ի եվրոպական դաշնակիցների շարքերը՝ ոմանք պատրաստ են աչք փակել Ասադի վրա: Նրան նույնիսկ հաջողվեց երկրորդ պլան մղել ուկրաինական ճգնաժամը»՝ վկայում է Բրեմերը: «Եթե որևէ մեկը կասկածում էր, որ XXI դարում ռազմական ուժը կարող է իրեն արդարացնել, Վլադիմիր Պուտինը ապացուցեց», գրում է Tagesanzeiger-ում Յուլիան Հանսը: «Առանց Լաթաքիայում արագ ստեղծված ռազմաօդային բազայի Պուտինը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, գուցե նորից մենակ կանգնած մնար բուֆետի կողքին, ինչպես անցյալ նոյեմբերին Բրիսբենի G20-ի սամմիթում»՝ նշում է Հանսը: Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Օբամայի ամենամեծ սխալը ուկրաինական ճգնաժամում Ռուսաստանը տարածաշրջանային տերություն անվանելն էր: «Մտածո՞ւմ ես՝ մտածիր, բայց մի բարձրաձայնիր՝ հրապարակային վիրավորանքները Պուտինի համար նույնն են, ինչ ՆԱՏՕ-ի ընդարձակումը դեպի Արևելք»՝ եզրափակում է Յուլիան Հանսը: «Ռուսաստանը չի հավակնում համաշխարհային տերության կարգավիճակի»՝ հայտարարեց ՌԴ նախագահը CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Բայց սիրիական հարձակումը, որ նրան դարձրեց ամենահարգարժան հռետորը ՄԱԿ-ի 70-րդ ասամբլեայում և վերջապես հանդիպում նվիրեց ԱՄՆ-ի նախագահի հետ, բոլորովին այլ լեզվով է խոսում՝ Պուտինը հերքեց Օբամային: Լիովին հնարավոր է, որ հենց դա էր ամբողջ ակցիայի գլխավոր նպատակը»:
Foreign Policy-ում FP Group-ի գլխավոր խմբագիր Դևիդ Ռոտկոպֆը գրում է՝ իսկ եթե ԱՄՆ-ի ոչ արդյունավետ պայքարը ԻՊ-ի դեմ Օբամայի վիթխարի ծրագրի մա՞սն է: «Վերահանձնարարենք Վլադին ու այաթոլային»: Նրա կարծիքով՝ Օբաման ցանկանում է Սիրիան Ռուսաստանին ու Իրանին թողնել, որովհետև ԱՄՆ-ը մտադիր չէ խրվել այնտեղ: «Օբամայի համար կարևոր չէ, որ Ռուսաստանը իրեն դիրքավորում է իբրև ԱՄՆ-ի հակառակորդ, իսկ Պուտինը հանուն իր վարկանիշի պահպանման «Ռուսաստանի մեծության վերականգնման» համար խաղադրույք է դնում արտասահմանում ագրեսիայի վրա: Կարևոր չէ, որ Մերձավոր Արևելքում խախտվում է սուննիների ու շիաների հավասարակշռությունը: «Կարևոր չէ, որ Ռուսաստանն ու Իրանը աշխարհի ամենավտանգավոր խաղացողներից են և բարձր տեղերում են Պենտագոնին նյարդայնացնող հնարավոր հակառակորդների ցանկում»՝ գրում է Դևիդ Ռոտկոպֆը: «Երկրորդ համաշխարհային պատերազմի՝ «Հաղթանակ ցանկացած գնով» աշխարհընկալումից մենք անցում ենք կատարել Օբամայի ժամանակների աշխարհընկալմանը՝ «Նահանջ ցանկացած գնով» ՝ արձանագրում է FP Group-ի գլխավոր խմբագիրը: Դա չի նշանակում, որ ռուս-իրանական թիմը հեշտությամբ ջախջախելու է ԻՊ-ն, բայց Ռուսաստանի ու Իրանի համար հիմա գլխավորը ԻՊ-ն վերացնելը չէ, այլ Սիրիայի քաղաքական կարգավորման մեջ առանցքային լծակներ ստանալը: Ռուսաստանի ու Իրանի ռազմավարությունը պահանջում է պահպանել ազդեցությունը Դամասկոսում: «Քանի որ ԱՄՆ-ը, Եվրոպան, սուննիները և նույնիսկ Իսրայելը հաճույքով համաձայնում են՝ ԻՊ-ն սանձելու և փախստականների հոսքը դադարեցնելու դիմաց, հավանաբար ռուս-իրանական գամբիտը կաշխատի»:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- Նկատե՞լ եք, որ բոլոր ժողովուրդների դիցարանում կան ռազմի ու պատերազմի աստվածներ, դիվանագիտության աստված ոչ ոք չունի, իսկ դիվանագիտությունը միշտ է եղել:

Դիտվել է՝ 1087

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ