Իլոն Մասկը X սոցիալական ցանցում Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահի ավելի ընդունելի թեկնածու է համարել, քան նրա մրցակից Քամալա Հարիսին։ Նա մեկնաբանել է մի գրառում, որում օգտատերը պնդում էր, որ Թրամփը «ընտրություններում չարյաց փոքրագույնն է»։ «Միանշանակ»,- գրել է Մասկը:               
 

ՀԱՊԿ-ի գագաթնաժողովը Դուշանբեում. ևս մի նոր հաշվարկի կետ համաշխարհային ռազմավարությունում

ՀԱՊԿ-ի գագաթնաժողովը Դուշանբեում. ևս մի նոր հաշվարկի կետ համաշխարհային ռազմավարությունում
25.09.2015 | 00:03

ՀԱՊԿ-ի անդամ պետությունների ղեկավարների` օրերս Դուշանբեում կայացած եռօրյա գագաթնաժողովը էական նշանակություն ունի, ընդ որում` ոչ միայն տարածաշրջանային, այլև համաշխարհային։ Ի դերև ելան նեղ մտահորիզոն ունեցող կամ Արևմուտքի կողմից հովանավորվող «վերլուծաբանների» կանխատեսումները, ուր այդ մարդիկ բացահայտորեն ծաղրում էին ՀԱՊԿ-ի դաշնախումբը և Հայաստանին կոչ էին անում դուրս գալ այդ ռազմաքաղաքական կառույցի շարքերից ու սկսել ՆԱՏՕ մտնելու գործընթաց։ Փորձենք հասկանալ, թե ինչու է Երևանում այդ նպատակը հետապնդող անձանց խումբը վերստին սկսել չարագույժ տոնայնությամբ «կռկռալ», թե, իբր, ահա հիմա` Դուշանբեից հետո էլ կայանալու է Ռուսաստանի «դավադիր» համաձայնությունը... Ադրբեջանի հետ (պա՛հ), և ռուսները խաղաղապահ ուժեր կմտցնեն Արցախ, նպատակ ունենալով վերջ դնել ԼՂՀ-ի անկախությանն ու Արցախը «հանձնել» ապշերոնցիներին։

Բայց ոչ միայն դա պետք է հասկանանք։ Հենց Դուշանբեի գագաթնաժողովը ցույց տվեց, որ ՀԱՊԿ-ի մեջ մտնող երկրների նախագահների, այդ թվում` Սերժ Սարգսյանի, ելույթներին մեծ ուշադրությամբ հետևում էին ՄԱԿ-ում, ԱՄՆ-ում, Եվրամիությունում, Չինաստանում, Իրանում, այսինքն` փաստորեն, ամբողջ մոլորակում։ Այդ թվում` ՆԱՏՕ-ում, որի օգտին առնվազն 10 տարի վարձու «ագիտատորները» քարոզչություն են անում Երևանում։ Սակայն կյանքը տեղում չի դոփում, առավել ևս 2015 թ. շոգ ու լարված սեպտեմբերյան այս օրերին։ Եթե համեմատելու լինենք, թե ինչ էր հայտարարվել, և ինչ սկսեց տեղի ունենալ Դուշանբեի գագաթնաժողովից թե՛ առաջ, թե՛ հետո, ապա ստիպված պիտի լինենք խոստովանելու, որ աշխարհը, ըստ էության, հենց երկյուղով ու հուզմունքով էլ սպասում էր նախագահների տաջիկստանյան բանակցություններին, և, տեսնելով արդյունքները, սկսեց արձագանքել։ Ընդ որում, ոչ այն տեսանկյունից, ինչ կանխատեսում և ակնկալում էին Արևմուտքի երևանյան համախոհները։
Եվ այսպես, Տաջիկստանում տեղի ունեցած բանակցությունները բաժանվում էին երեք ինքնուրույն ենթաբաժնի, թեև դրանցից երկուսը, անշուշտ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի` կենտրոնական դարձած ելույթներն էին, ինչը, ի դեպ, հավաստում է, որ ՀԱՊԿ-ի շարքերում հենց Հայաստանն է այժմ առանձնակի արժեք ու նշանակություն ունեցող օղակը, իր զորեղությամբ երկրորդը` Ռուսաստանի զինված ուժերի և նրանց գերագույն գլխավոր հրամանատարի գործոնից հետո։ Սակայն, մենք, այնուամենայնիվ, առաջինը դիտարկենք տեսախցիկների ուշադրությունից դուրս մնացած մի շարք երկկողմ ու բազմակողմ հանդիպումներ։ Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի ասելով, «ՀԱՊԿ-ի առաջնորդները որոշել էին ավելի տևական կարգով ոչ պաշտոնական մթնոլորտում շփվել»։ Այսպիսով, աշխարհը հազիվ թե մոտ ժամանակներս ամենայն մանրամասնությամբ իմանա, թե ինչի շուրջ էին այդ ոչ պաշտոնական մթնոլորտում կարծիքներ փոխանակում բոլոր նախագահները։ Գագաթնաժողովի այդ մասի գաղտնիության վարագույրը մասնակիորեն բացեցին հենց Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը, որոշ չափով էլ` Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Նրանց ելույթների բովանդակային մասին մանրամասն անդրադառնալն այսօր այնքան էլ նպատակահարմար չի լինի, ուստի կանգ առնենք առավել առանցքային բառերի ու մտքերի վրա։
Տվյալ փուլում հայկական գործոնի կարևորությունը ընդգծվում է ոչ միայն նրանով, որ Դուշանբեից հետո ՀԱՊԿ-ում նախագահող է դառնում Երևանը, և ռազմաքաղաքական դաշնախմբի հաջորդ գագաթնաժողովը տեղի է ունենալու հենց մեր մայրաքաղաքում` 2016 թ. երկրորդ կեսին, թեև թե՛ Դուշանբեի գագաթնաժողովի որոշումների, թե՛ դրան հետևած իրադարձությունների տեսանկյունից սա շատ կարևոր է։ Բայց կան շատ ավելի կիրառական իրողություններ, և դրանցից մեկը հետևյալն է. Սերժ Սարգսյանը իր պաշտոնակիցներին համակողմանիորեն ներկայացրեց թե՛ հայ-ադրբեջանական սահմանում տիրող իրադրությունը, թե՛ Արցախում առկա իրավիճակը։ Հիշեցնենք` Հայաստանի նախագահն այս խնդիրները հասցրել էր բարձրաձայնել նաև առանձին` Պուտինի համար, սեպտեմբերի 7-ին, երբ աշխատանքային այցով գտնվում էր Մոսկվայում։ Տաջիկստանից հաղորդագրություն չի եղել, թե Հայաստանի նախագահի ելույթի այդ մասին ինչպես են արձագանքել նրա պաշտոնակիցները, և թե ինչ է որոշվել կամ որոշման կարգով առաջարկվել։ Իսկ ահա այդ հաշվով հնարավոր ենթադրությունների որոնման համար հուշումներ եղան. 1) Ս. Սարգսյանի ելույթի երկրորդ մասը, 2) Ա. Լուկաշենկոյի ելույթի կարևորագույն մասը։ Թեև, իհարկե, Հայաստանի և Բելառուսի նախագահների հայտարարությունների հետազոտվող թեզիսները ցանկացած ոք կարող է յուրովի մեկնաբանել։ Բայց բացարձակապես անվիճելի է, որ ՀԱՊԿ-ում սեփական խաղաղապահ ուժերի կազմավորման հարցը վերակենդանացնելու և դրա լուծումն արագացնելու Ս. Սարգսյանի առաջարկությունը պայմանավորված է ոչ միայն սահմաններում տիրող իրադրությամբ և արցախյան ճակատում առկա իրավիճակով։ Հիշենք` հենց Դուշանբեի գագաթնաժողովին հաջորդած օրերին էր, որ ԼՂՀ-ի ղեկավարությունը հանդես եկավ հայտարարությամբ, խստորեն նախազգուշացնելով, որ հակամարտության գոտում խաղաղապահների տեղաբաշխման մասին խոսակցությունը կարող է առարկայական լինել միայն այն բանից հետո, երբ ձեռք բերված լինի վերջնական կարգավորումը և ճանաչված լինի Արցախի անկախությունը։
Այսպիսով, Ստեփանակերտը, ընդ որում` Երևանի հետ բացահայտորեն համաձայնեցված, արդեն ուղեփակոց է դրել այն ուժերի առջև, որոնք, հնարավոր է, քնում-վեր են կենում ու տեսնում, թե ինչպես են իրենց զորքերը խաղաղապահ գործողության պատրվակով զավթում հակամարտության գոտին։ Այսինքն, նաև դուրս են գալիս Իրանի հյուիսիսային սահմանագլուխ։ Ո՜չ, դա Ռուսաստանը չէ։ Եվ նույնիսկ ոչ էլ ամբողջ ՀԱՊԿ-ը։ Այստեղ խոսքը այն երկրների և ուժի համաշխարհային կենտրոնների մասին է, որոնք Իրանում որակվում են իբրև արտատարածաշրջանային։ Հենց Ռուսաստանի և Իրանի ճնշմամբ անցյալ տարի հաջողվեց մերձկասպյան բոլոր երկրներին, այդ թվում` Արևմուտքի «հավաքական գործակալին»` Ադրբեջանին, ստիպել ստորագրելու համապատասխան հռչակագիր, որը բացառում է տարածաշրջանի գործերին «արտատարածաշրջանային երկրների ու կառույցների» մասնակցությունը։ Բայց չէ՞ որ «Մեծ Մերձկասպիականը» նաև Հայաստանն ու Արցախն են։ Հաշվի առնելով Իրանի և Ռուսաստանի լիակատար գործակցությունը ոչ միայն Մերձկասպիականում, այլև Միջին Ասիայում և Մերձավոր Արևելքում, մենք կարող ենք վստահաբար ասել, որ Թեհրանն ու Մոսկվան ԼՂՀ-ում և հակամարտության ամբողջ գոտում օտարերկրյա զորքերի գոյություն չեն հանդուրժի, առավել ևս, որ ՀԱՊԿ-ի երկրների զինծառայողների խաղաղապահ զորախմբերը այդ դաշնախմբի անդամ երկրները նախատեսում են օգտագործել այլ նպատակով և այլ ռազմաճակատներում։ Արդեն այլ թեմա է, երբ մենք արդեն լսել ենք և լսում ենք, օրինակ, այն մասին, թե ինչպես են և՛ Ռուսաստանի ԱԳՆ-ն, և՛ ռուսական բոլոր առաջատար լրատվամիջոցներն ու հեռուստամեկնաբանները Արևմուտքին հրամցնում... Հայաստանի օրինակը, հիշեցնելով, որ Երևանը լուռ, անաղմուկ, առանց լացուկոծի, առաջիններից մեկը ընդունեց և տեղավորեց սիրիացի փախստականներին։ Այստեղ բառացիորեն ամեն ինչը ակնարկներով ասված խոսքեր են. թե՛ Սիրիայի, թե՛ այն բանի առնչությամբ, որ, ասենք, Արևմուտքից ու նրա դաշնակիցներից բացի, Ռուսաստան-Իրան զույգից բացի, սիրիական հարցերում որպես առանձին շահագրգիռ կողմ հանդես է գալիս նաև Հայաստանը, գուցե և ամբողջ հայ ազգը։
ՀԱՊԿ-ի խաղաղապահների մասին Ս. Սարգսյանի խոսքերին ծանրակշիռ հավելում կատարեց Ա. Լուկաշենկոն, խոսք բացելով ՀԱՊԿ-ի արագ արձագանքման հավաքական ուժերի (ԱԱՀՈՒ) առանձնակի նշանակության և դրանց որակի ստուգման մասին։ Սա սոսկ ակնարկ չէ, սա համարյա ուղղակի մատնացույց է անում, թե հատկապես որ զորքերը կարող են դառնալ ՀԱՊԿ-ի խաղաղապահ զորախմբի միջուկը։ Մյուս կողմից, դա խոստովանություն է նաև, որ Դուշանբեի գագաթնաժողովից ոչ այնքան առաջ Տաջիկստանում տեղի ունեցած խռովության (կամ պետական հեղաշրջման փորձի) ճնշման գործում հենց ԱԱՀՈՒ-ի ստորաբաժանումների մի մասն է գլխավոր դերակատարումն ունեցել, ըստ էության, ապշեցնելով տաջիկ իսլամիստների գործողությունների նկատմամբ արձագանքի օպերատիվությամբ։ Եվ ահա արդեն այստեղից Պուտինի ճառում, ինչպես նաև գագաթնաժողովի ամփոփիչ փաստաթղթերում եղած ազդանշանային խոսքերին ու արտահայտություններին անցնելու ուղղակի իմաստ կա։ Նախ` երկրորդի մասին։ Ահա, հակիրճ, թե ինչպես են ձևակերպված եղել «Դուշանբե-2015»-ի հրապարակային ամփոփիչ գաղափարները. «Մեծ երկյուղներ են պատճառում Մերձավոր Արևելքի իրադարձությունները` կապված «Իսլամական պետություն» միջազգային ահաբեկչական կազմավորման գործունեության հետ։ Տարածաշրջանում նրա սանձազերծած բռնությունն ու ահաբեկչությունը ընդգրկում են շատ երկրների տարածքներ, զոհերի թիվը հասնում է հազարների։ Այս գործոնը ծանրացնում է Սիրիայում, Լիբիայում, Եմենում, Իրաքում, ամբողջ տարածաշրջանում իրավիճակի կարգավորման խնդիրը։ «ԻՊ»-ի քայքայիչ ակտիվությունն արդեն տարածվել է Աֆղանստանում, ինչն էապես մեծացնում է ահաբեկչության, կրոնական ծայրահեղականության և թմրահանցագործությունների սպառնալիքի չափը, Աֆղանստանի տարածքը դարձնելով թմրանյութերի արտադրության խոշորագույն կենտրոններից մեկը աշխարհում։ Միաժամանակ, Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք տանում են դեպի նրա միջազգային ներգրավվածության կարգավորում, հնարավորություններ են ստեղծում տարածաշրջանային իրադրության կայունացման համար։ Դուշանբեում հավաքական անվտանգության խորհրդի (ՀԱԽ) նստաշրջանի առաջնային թեման առաջադրված խնդիրների կատարմանը ՀԱՊԿ-ի պատրաստության հանկարծական ստուգման արդյունքների քննարկման և նրա ռազմական բաղկացուցչի զարգացման հարցերն էին»։
Մեր կարծիքով, ամեն ինչ ավելի քան ակնհայտ է։ Եվ Պուտինի ելույթը աշխարհի առջև այլ կարգի երկընտրանք է դնում. կամ դուք ահաբեկիչների հետ եք (և պետք չէ քողարկվել այն «պիտակով», թե դուք, ասենք, ուզում եք տապալել կամ նույնիսկ սպանել Բաշար Ասադին), կամ ամեն տեսակ ահաբեկիչների դեմ հանդես եկող աշխարհի հետ։ Դատելով ըստ ամենայնի, Ռուսաստանի նախագահը այդ գաղափարների թունդ ձևակերպումները ավելի խտացված ձևով կկրկնի նաև Նյու Յորքում` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի առաջիկա նստաշրջանում, որին, ի դեպ, սպասվում է նաև մեր նախագահի, ինչպես նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությունը։ ՈՒ երևի հիմա զուր չէ, որ ասում են, թե հենց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հարթակը կարող է դառնալ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական եռակողմ հանդիպման վայր։ Աշխարհն ուրիշ ելք չունի. ՌԴ ղեկավարը կոշտ հայտարարել է, որ Մոսկվան օգնել է, օգնում է և կօգնի «Սիրիայի կառավարությանը` ահաբեկչության դեմ մղվող պայքարում»։ Եվ խոսքը ոչ թե Արևմուտքի, Իսրայելի, Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի խամաճիկների մասին է, այլ Բաշար Ասադի օրինական կառավարության։
Իսկ հիմա տեսնենք ընդհանուր պատկերը։ Նախ, և՛ Հայաստանում, և՛ Արցախում տեղի ունեցան լայնածավալ զորավարժություններ։ Երկրորդ, ՌԴ Կենտրոնական օկրուգում, ապա և համարյա ամբողջ Ռուսաստանում տեղի ունեցան մարտական պատրաստականության հերթական հանկարծական ստուգումները, այդ թվում` Կասպից ծովում։ Գործի են դրվել ավելի քան 100 հազար զինծառայողներ և հազարավոր միավոր զինտեխնիկա, կատարվել են «Իսկանդերների» արձակումներ և այլն։ Երրորդ, տեղի են ունեցել ՀԱՊԿ-ի «Գործակցություն-2015» զորավարժություններ։ Այնուհետև Իսրայելի վարչապետ Նեթանյահուն շտապով մեկնում է Մոսկվա, Սաուդյան Արաբիայի թագավորը շտապ հեռախոսազրույց է ունենում Պուտինի հետ, Կրեմլ է շտապում նաև Էրդողանը։ ԱՄՆ-ի պետքարտուղար Քերին պատրաստ է բանակցություններ վարելու Սիրիայի նախագահի հետ, թեև դեռ Դուշանբեից առաջ Ամերիկայում Ասադին ապրիորի բացառում էին «բանակցողների» թվից։ Ի. Ալիևը հայտարարել է Ադրբեջանի «եվրոպական երազանքի» վախճանի մասին. ահա, խնդրեմ, թե՛ Դուշանբեի արդյունքը, թե՛ Մոսկվայի և Թեհրանի կողմից Բաքվի վրա համակարգված ճնշման արդյունքը։ Վերջապես, Ռուսաստանն ու Բելառուսը բելառուսական տարածքում ստեղծում են ռազմաօդային նոր բազա։ Իսկ Եվրոպայում սկսել են խոսել այն մասին, որ և՛ Մերձավոր Արևելքի փախստականների, և՛ բուն տարածաշրջանի խնդիրները անհնար է լուծել առանց Մոսկվայի օգնության։
Եվ այս ամենը դեռ սկիզբն է։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 2787

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ