Իլոն Մասկը X սոցիալական ցանցում Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահի ավելի ընդունելի թեկնածու է համարել, քան նրա մրցակից Քամալա Հարիսին։ Նա մեկնաբանել է մի գրառում, որում օգտատերը պնդում էր, որ Թրամփը «ընտրություններում չարյաց փոքրագույնն է»։ «Միանշանակ»,- գրել է Մասկը:               
 

Ի՞նչ խնդիր են լուծում Եվրոպան ապակայունացնող միգրացիոն հոսքերը

Ի՞նչ խնդիր են լուծում Եվրոպան ապակայունացնող միգրացիոն հոսքերը
24.09.2015 | 16:02

Որևէ մեկն ունի՞ հստակ պատասխան հարցին, թե ինչու ի հետևանս «արաբական գարնան»՝ անցած տարիներին Եվրոպան չէր հեղեղվում փախստականներով: Ի՞նչ փոխվեց, որ նրանք զանգվածներով սկսեցին հատել սահմանները, այլևս ոչ միայն Իտալիայում: Ինչո՞ւ փախստականների հիմնական հոսքը հենց Սիրիայից ու Իրաքից է: Սա իսկապես կարևորագույն հարց է, եթե ինչպես առաջինը Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերունը բարձրաձայնեց, հետո նաև ԵՄ մյուս ղեկավարները, փորձ արվի ոչ թե փախստականների տեղաբաշխման հարցեր քննարկել, այլ՝ նրանց հոսքի կանխման: Ի վերջո՝ ժողովուրդների այդ մասշտաբային տեղաշարժը չի տեղավորվում միայն մարդասիրական օրակարգում: Այո, նրանք փախստականներ են, որ ունեն կարեկցանքի ու ըմբռնումի կարիք, նրանք փախչում են փրկելու իրենց կյանքը: Բայց՝ բոլո՞րը: Եվրոպան միանգամից բախվում է ոչ միայն սոցիալական, այլև քաղաքական ու ամենակարևորը՝ անվտանգության, իսկ կարճ ժամանակից նաև ժողովրդագրական բարդ խնդրի: Առանց այդ էլ Հին աշխարհի վրա շատ սուր է կախված մուսուլմանացման սպառնալիքը: Բազմամշակութայնության քաղաքականության ձախողումից հետո Եվրոպան շատ լավ հասկացավ, որ քրիստոնեական արժեհամակարգը համամարդկային արժեհամակարգի ու փոխհարաբերությունների վարքականոններում տեղակայելու իր ցանկությունը ըմբռնում չգտավ: Մահմեդականությունը փակ համակարգ է, որ խնդիր ունի ոչ թե համակեցության, այլ՝ իր ընկալումների պարտադրանքի: Բռնությունների, սպանությունների, ահաբեկչությունների, կենցաղային անհամատեղելիության, անհասկանալի ագրեսիայի ու տարօրինակությունների հորձանքում Եվրոպան դեռ չէր հասցրել պատասխան մարտավարություն մշակել, երբ սկսվեց փախստականների նոր հոսք, որին Հին աշխարհը բացահայտորեն պատրաստ չէ: Հավելեք «Իսլամական պետության» բազմակի հայտարարությունները, որ այլևս միայն իրենց «տարածքում» չեն գործելու, այլ ամբողջ աշխարհում: Իսկ նրանց «գործելը» սպանություններն ու ահաբեկչություններն են: Փախստականների անկանոն հոսքի հետ Եվրոպա ներթափանցելու փայլուն հնարավորություն է ստեղծվել, երբ գործնականում համաեվրոպական անվտանգության համակարգը չի կարողանում իրավական ու իրավաբանական կարգուկանոն հաստատել ու պարզել փախստականների ինքնությունը: Երեկ Բրյուսելում ԵՄ ղեկավարները արտահերթ հավաքվել են՝ քննարկելու միգրացիոն ճգնաժամը, լուծման հիմնական ուղիները հստակեցնել: Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների ղեկավարները համաձայն չեն փախստականների պարտադիր տեղաբաշխմանը։ Եվ դա միայն քաղաքական անհամաձայնություն չէ, Նոր Եվրոպան ունի տնտեսական բազում խնդիրներ, որոնց հավելված փախստականներին բյուջեն ուղղակի չի դիմանա: Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ պետք է անհապաղ հստակ պլան մշակել ճգնաժամը հաղթահարելու և քաոսին վերջ դնելու համար: Իհարկե, այդպես է, բայց եթե նա շարունակեր Լեհաստանի վարչապետը լինել, ինչպե՞ս կարձագանքեր նոր իրավիճակին: Նույնիսկ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նախ հայտարարեց որ պատրաստ են 180000 փախստականների ընդունել, հետո նահանջեց, երբ գերմանացիները սկսեցին հրդեհել փախստականների համար նախատեսված կացարանները: Եվրոպային պետք է աշխատուժ՝ սա միանշանակ է, բայց նույնքան միանշանակ է, որ բազմանդամ ընտանիքներով փախստականները Եվրոպա են հոսում ոչ թե աշխատելու ու ապրելու, այլ նպաստ ստանալու ու կյանքը վայելելու: Նրանք չգիտեն օտար լեզուներ, չունեն մասնագիտական պատրաստվածություն՝ իրենց հիմնական մասով: ՈՒսուցման և վերապատրաստման համար գումարներ են պետք, որոնց փոխհատուցումը չնչին է լինելու: ՈՒ դա չհասկանալ չեն կարող ոչ միայն փախստականները, այլև նրանց պահողները: Խնդրի լուծումը նրանց վերադարձն է ի վերջո: Այսինքն՝ խաղաղության հաստատումը այն վայրերում, որտեղից սկսվել է փախստականների հոսքը: Եվս մի հարց՝ ինչո՞ւ փախստականներն ընտրեցին Եվրոպան: Ոչ ԱՄՆ-ը, ոչ Ռուսաստանը: Հենց Եվրոպան հայտնվեց նրանց թիրախում: ՈՒ՞մ է ձեռնտու համաեվրոպական ապակայունացումը, և ի՞նչ խաղ է խաղարկվում, ովքե՞ր են սցենարի հեղինակները: Սա է հիմնական հարցը, որի պատասխանը գործնականում ոչ ոք չի տա:

ԵՄ ղեկավարները ձեռնարկում են հարկադրական քայլեր՝ նրանք միջոցներ են որոնում իրենց գլխին թափված մարդկանց կերակրելու, ապաստանով, հետո գուցե աշխատանքով ապահովելու, և այդ գործընթացում ԵՄ միասնությունը տրոհվում է: Սա չէ՞ր խնդիրն ի սկզբանե, որ լուծվում է միգրացիոն անկառավարելի հոսքերով:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Իսկ ընդհանրապես, եթե ԵՄ-ն համաձայն է 1 միլիարդ եվրո տրամադրել Թուրքիայի, Հորդանանի և Լիբանանի ճամբարներում ապաստանած փախստականներին, ինչո՞ւ չի քննարկվում Հայաստանին ևս ֆինանսական աջակցություն ցուցաբերելու հարցը, եթե Հայաստանի Հանրապետությունում ապաստանել է 18000 սիրիահայ՝ Սիրիան լքելով ոչ իրենց կամքով և Հայաստանում ևս ունենալով տան, աշխատանքի ու կյանքը կանոնակարգելու խնդիր:

Դիտվել է՝ 1151

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ