«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Կառավարական դարչնագույն հինգշաբթիներ (թարս խիարն ու զգաստ վարունգը)

Կառավարական դարչնագույն հինգշաբթիներ (թարս խիարն ու զգաստ վարունգը)
18.09.2015 | 00:58

Բայց ինչ մնաց մեզ`

մի տխեղծ ժամանակ,

որ ատոմ է արտադրում և համաճարակ...

Հենրիկ ԷԴՈՅԱՆ

ՃԵՐՄԱԿ ՄԱԶՈՒԹԻ ՈԴԻՍԱԿԱՆԸ
(ֆելիետոն` գրված այգաբացին)
Քոռանան չարամիտների աչքերը, ովքեր 1993-ի հունվարի 13-ին Երվանդ Զախարյանին մականունակնքեցին որպես «Մազութի Երվանդ», ակնարկելով նրա մասնակցությունը աղետաբեր «Մազութի գործ»-ին։ Ես կարկաչուն սրտով առաջարկում եմ վերակնքել տիար Զախարյանին հետևյալ պատվանունով. «Պանելարև Երվանդ»։ (Անկեղծ լինենք, երկարաշունչ պատվանուն է, սրություն չկա և նշանակալիորեն զիջում է «Մազութի Երվանդ» մականունին։ Ինչից ելնելով էլ առաջարկում եմ հետևյալ տարբերակները. ա) «Պանել Երվանդ», բ) «Արև Երվանդ»)։ Թե ինչո՞ւ, քիչ համբերեք, զի եթե օրեր առաջ 13 պտույտ կատարելով ՀՀ Կառավարական տան շուրջբոլորը` կռահեցի, որ ՀՀ 13-րդ վարչապետ Հովիկ Աբրահամյանը իր կաբինետով հանդերձ հայտնագործել է տնտեսական այս տխմար ճգնաժամի հաղթահարման բանալին` ՀՀ ԿՏ-ում ոսկեզօծ կահույք և արծաթափայլ զուգարանակոնքեր տեղակայելով, ապա նախավերջին հինգշաբթին համոզեց, որ նրանց մտքի թռիչքը միջպետական սահմաններն է հաղթահարում և գետերն է հունից հետ շրջում։ Առհասարակ պատմական էր 2015-ի սեպտեմբերի 10-ի հինգշաբթին։ Կառավարության այդ օրվա նիստում արծարծված մտքերն ու առաջարկները մի այնպիսի էներգետիկ ալիք առաջացրին, որ հայ-թուրքական սահմանից այն կողմ բռնկվեցին քրդա-թուրքական արյունալի մարտերը։ (Ի դեպ, եկեք երկու կողմին էլ մաղթենք արիություն և իղձերի իրականացում։ Ամեն)։ Միաժամանակ իսպառ վերացավ Արագածոտնում բռնկված դաբաղի համաճարակը, մայրաքաղաքի մանկապարտեզներում էլ դարձի եկան ճաշարանները։

Բանն այն է, որ մանուկներին մատուցվող հղփերշիկներից (հղփերշիկը քաղաքականացված նրբերշիկն է) մազապուրծ փախան այնտեղ բնավորված ընդդիմադիր որդերը, և մանուկները, նրանց ծնողներն ու դայակները գոհունակության խոսքեր մրմնջացին առ Կառավարական տուն։

Այո՜, պատմական էր սեպտեմբերի 10-ի հինգշաբթին։ Ես կասեի` ճակատագրական-պատմական, ինչը, չզարմանաք, նշանավորվեց Կառավարական տան ուղեգորգերի երջանիկ շուրջպարով։
Այսպիսով մազութը ճերմակ է, զի էներգետիկ փրկության ժամն է հնչել։ (Հավանաբար, Հայաստանը «թարս խիարների» ժամանակափուլից թևակոխում է «զգաստ վարունգների» շրջափուլը)։

ԳԻԼԻՈՏԻՆԻ ԿԵՆՏՐՈՆՆ ԸՆԴԴԵՄ ԲՅՈՒՐՈԿՐԱՏԻԱՅԻ
(պամֆլետը թխվեց հետճաշյա կեսօրին)
Դուք արդյոք տեղյա՞կ եք, որ ՀՀ-ում փրկօղակաձև մի կենտրոն կա, անունը` «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» կամ ուղղակի` «Գիլիոտինի կենտրոն»։ Ճակատագրական-պատմական վերոնշյալ նիստում ամբիոնը գրկախեղդեց 1993-95 թթ. ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարար տիար Արմենը Եղիազարյան (ով սույն կենտրոնի տնօրենն է) և հայացքով ուղղակի շանթահարեց ՀՀ ազգային բյուրոկրատիային։ Ներեցեք, սակայն մտահանել ենք տիար Երվանդին, թող տիար Արմենը քիչ համբերի, նրա սխրանքին կանդրադառնանք քիչ անց։

Կառավարությունը նշանավոր նիստում հավանություն է տվել «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի նախագծին։ Սա, ի՞նչ եք կարծում, հերթական թնդանոթաձգությո՞ւնն է ճնճղուկաց երամի վրա։ Բնավ։ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար տիար Երվանդը պարզաբանեց հետևյալը. «...ՀՀ ցանկացած ֆիզիկական և իրավաբանական անձ կարող է իր տան տանիքի վրա տեղադրել արևային պանելներ, արտադրել էլեկտրաէներգիա և վաճառել էլեկտրական ցանցերին»։ Ցնցվեցի՞ք, ուրեմն սնանկացող ՀԷՑ-ը շուտով կփակի Բաղրամյան պողոտան և կպահանջի չեղարկել վերոնշյալ տանիքապանելային խայտառակությունը։ Ինչո՞ւ։ Մի՞թե պարզ չէ, արդյոք եթե 10 հազար ՀՀ ֆիզիկական և իրավաբանական անձ էլեկտրաէներգիա արտադրի և այն վաճառի ՀԷՑ-ին, չի խարդախի և տարվա եղանակների թելադրանքով չի փոփոխի էներգիայի սակագինը։ Այսինքն` ՀԷՑ-ի քթից չի բերի նրա դարակազմիկ գողոնը, դրամ առ դրամ։ Վստահաբար` այո։

Զեղում-իրազեկում. «Կառավարության սեպտեմբերի 10-ի նիստում հավանության արժանացան օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի մի շարք առաջարկներ, որոնք վերաբերում են ձեռնարկատիրության և էներգետիկայի ոլորտներին։ Մասնավորապես լիցենզավորման ենթակա գործունեության մի շարք տեսակների իրականացման համար ներդրվում է ծանուցման մեխանիզմ։ Ըստ կենտրոնի տնօրեն Արմեն Եղիազարյանի, այդ գործունեության տեսակներն են հրագործական ապրանքների արտադրությունը` ներմուծումը կամ առևտուրը...», «Տնտեսավարողը վճարում է համապատասխան տուրքը, տեղեկատվություն է ներկայացնում, որի ճշգրիտ լինելու դեպքում 5 օրվա ընթացքում սկսում է գործունեությունը»։ Մի՞թե սա սքանչելի չէ, որքան ժամանակ, գումար և նյարդեր կխնայի գործարարը, կխնայի և հրավառությամբ ու պայթուցիկագմփոցներով կերջանկացնի հանրությանը, չէ՞ որ «հրագործական ապրանքը» մարմելադ կամ զուգագուլպա չէ, այն հրավառություն է և պայթուցիկ։ (Ինքս երջանիկ եմ ոտնիգլուխ, զի վերջապես պարզեցի, թե ովքեր են շահագրգռված վերոնշյալ դիվային գործարարության անխափան ընթացքով, այո, ՀՀ 13-րդ վարչապետ Հովիկ Աբրահամյանը և «Գիլիոտինի» կենտրոնի տնօրեն տիար Արմենը Եղիազարյան։ Կեցցեք)։

Անկասկած, ներկա կառավարությունը էապես չի տարբերվում իր նախորդներից, այսինքն` «խիարի թարս բուսնումը» շարունակվում է, սակայն ավելի սրընթաց։ Տեսեք, կառավարությունը զօր ու գիշեր տքնում է, օրենքներ է թխում և դրանք ուղղում է խորհրդարան։ ԱԺ-ն համահունչ է կառավարության ձեռնարկում քայլ-տքնանքին և ապահովում է դրանց քաղաքակիրթ կիրառման օրենսդրական դաշտը։ Այսինքն, որպեսզի տքնանքը կառավարական վերածվի հոգոցի, հոգոցն էլ հոգնի ու լքի հանրապետությունը։ Այսինքն, որ ՓՄՁ-ները շնչեն լիաթոք։ Սակայն ՀՀ կառավարության գերխնդիրն այլ է. միանգամայն այլ դեմքով շրջվել դեպի Արևմուտք և զեկուցել, որ պարտավորությունները լիարժեք կատարված են։ Բայց գուցե ժամանա՞կն է, որ հանրապետությունն ու հանրությունը սթափվեն և ցանկացած կառավարական որոշում ընկալեն հակառակ իմաստով։ Այսինքն, եթե կառավարությունը հռչակում է փոքր և միջին գործարարության զարգացման պետական ծրագիրը և ուղղակի ժամեր անց հազարավոր ձեռնարկություններ են փակվում, նշանակում է, որ իսկապես ամեն բան գլխիվայր է։ Եվ ես սարսափում եմ, հանկարծ մեր ներկա հարգարժան վարչապետը չվերցնի և չհռչակի, դիցուք, տնտեսական մենաշնորհների իսպառ ամորձատման համապետական ծրագրի մեկնարկը։ Տե՜ր իմ երկնավոր, ինչե՜ր կկատարվեն երկրում հայոց։

Պարզապես ցնցող էր երկրի վարչապետի վերջերս կատարած «թոնրատնային» հայտնի հանդիպումը երկրիս նշանավոր մտավորաց հետ, մեկ թաս օղու, երկու պանրակոլոլ անուշ բրդուճի և կես գդալ մեղրի ուղեկցությամբ։ Սույն հանդիպումն ավարտվեց տիար Հովիկի հավերժական շախով, քինդեր-մատերի հոյակապ շարքով և այլն։ Քանզի մտավորաց դասն անորոշ, սակայն մեղմանուշ ժպտում էր, այնինչ նրանց, առավել քան մեկին է հայտնի, որ երկիրը, իսկապես ձեռքից գնում է, որ հայրենիքը անվերապահորեն վտանգի մեջ է։ Եվ այլն։ Մի խոսքով, արգո մտավորականներ, շարունակեք ձեր թանգարանային «մեղրաշուրթ ձեռնամարտերը» վարչապետի և այլ մեծավորաց հետ, միայն թե պաղատում եմ, վաղօրոք պարզեք հպատակության ձեր ճերմակ դրոշները։

ՀԱՄԱՃԱՐԱԿԻՑ ԱՌԱՋ ԵՎ ՀԵՏՈ
(սարկաստիկ իրիկնահաց)
Կրթյալ պոետ տիար Էդոյան, անշուշտ, երկիրը թևակոխել է իր բարգավաճման ճշմարիտ փուլը։ Եվ անկասկած, արդարացված են և՛ գողոնը, և՛ սակագինը, և՛ մնացյալ վայրագությունները։ Մի խոսքով, դադար առնենք և շունչ քաշենք։ Իսկ այժմ հարցս։ Հարգարժան Հենրիկ, գուցե մեր ներկա օրը մեր հեղեղաշունչ անցյալի անդրադա՞րձն է։ Չէ՞ որ մենք շատ հաճախ մեր տաճար-քաղաքների պարիսպների տակ մեր անսուրբ ձախ ձեռքով ատոմային ականներ ենք տեղադրել և պայթեցրել ենք դրանք, հողմացրիվ ենք արել, և արար աշխարհին հրավիրել ենք մտնել քաղաք և բազմել տաճարում։ Եվ այս պահին խորագետ խորհրդիդ խիստ կարիքն ունեմ, մեր անցյալը համաճարակների և հրաշակերտումների հարահոսք է, այսօր մենք ո՞ր շրջափուլում ենք, չէ՞ որ սկսեցինք անկախ պետականության փառահեղ հիմնադրմամբ և ավարտում ենք ազգի, պետության, երկրի և ապագայի թլպատմամբ։
Ո՛ղջ լերուք։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2197

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ