«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Բազմակի խաղերի իրական պատկերը

Բազմակի խաղերի իրական պատկերը
18.09.2015 | 00:26

Սկսվեց: Գործընթացը: Ավելի ճիշտ՝ շարունակվեց: Աշնանային նստաշրջանը բացված հայտարարելուց հետո ԱԺ-ն անցավ սահմանադրական բարեփոխումների նախագիծը արագացված կարգով քննարկելուն: Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի ներկայացուցիչ Վարդան Պողոսյանը աշխատանքային ամբողջ մի օր ներկայացրեց սահմանադրության նախագիծը և հիմնավորումները, թե ինչ տարբերություններ կան գործողի և առաջարկվողի միջև ու ինչու պետք է կառավարման համակարգ փոխել: Շտապեց հիշեցնել, որ նախագիծը բարձր գնահատականի է արժանացրել Վենետիկի հանձնաժողովը՝ իր վերջին եզրակացության մեջ անվանելով «չափազանց բարձր որակի և արժանի դրվատանքի», «միջազգային չափանիշներին համապատասխան»: Հաջորդ ամբողջ օրը նա պատասխանում էր պատգամավորների հարցերին՝ խաղաղ ու տաղտուկ, կիսադատարկ դահլիճում, որ ավանդույթ է՝ պատգամավորները նախընտրում են աշխատասենյակներից հետևել նիստի ընթացքին: Միայն երբեմն լեզվակռիվ էին սարքում ՀԱԿ-ի պատգամավորները: Վարդան Պողոսյանը, ամբողջ աշխարհի սահմանադրական փորձը անգիր արած, պատասխանում էր հարցերին հիպնոտիկ հանդարտությամբ, թվում էր` եթե նա օրինակներ բերի Մեծ Բրիտանիայի Սահմանադրությունից, դա էլ կընկալվի, թեպետ Միացյալ Թագավորությունը երբեք սահմանադրություն չի ունեցել: Սահմանադրության փոփոխությունների նախագծի քննարկումն Ազգային ժողովում փաստ է, որ հաջորդ քայլով փաստ է դարձնելու սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն և այդ հանրաքվեի համապարփակ «այո»-ն:
Ի սկզբանե պարզ է, որ ՀՀԿ-ն կողմ է լինելու, ԲՀԿ-ն՝ նույնպես ¥բացառյալ մի քանի պատգամավորներ¤, ՀՅԴ-ն կողմ է ու կողմ, ՕԵԿ-ը իր համար կամրագրի ձեռնպահ քվեարկությունը, «Ժառանգության» մի մասը և ՀԱԿ-ը դեմ են լինելու, «Ազատ դեմոկրատները»՝ հազիվ թե:
Սահմանադրության փոփոխության, հետևաբար կառավարման մոդելի փոփոխության իրավական ու քաղաքական փաստարկներն ու հակափաստարկները համոզիչ ու անհամոզիչ լինելու հարցը, ի վերջո, ապրիորի է՝ պե՞տք է իշխանությանը, կփոխվի, պետք չէ՞, չի փոխվի: Սա է իրականությունը: Իսկ իշխանությունն ասում է, որ պետք է: Եվ ուրեմն՝ սկսեք հուշեր գրել, թե ինչ էիք անում նախագահական վերջին ընտրությունների ժամանակ, որ 2013-ին էին, փաստորեն 13-ն իր խաղը խաղաց նաև նախագահի գլխին: Ոչ միայն բարևի մասով, այլև Րաֆֆի Հովհաննիսյանի խոստումի՝ ասում էր, չէ՞, որ այլևս երբեք չի առաջադրվելու: Փաստորեն, ճիշտ էր ասում, ընտրություն չկա, որտե՞ղ առաջադրվի: Չէ, նախագահ կա, նախագահի ընտրություն կա, բայց դա արդեն էլիտար ընտրություն է լինելու՝ պատգամավորների ու ընտրիչների ձեռամբ, իսկ նրանք չափազանց էլիտար պայմաններում են թեկնածու առաջադրելու՝ այլևս ոչ մի ընդդիմադիր թեկնածու, միայն իշխանական ու իշխանական: Ինչո՞վ առաջադիմություն չէ՝ ի տարբերություն գործող սահմանադրության, թեպետ Վարդան Պողոսյանը իր հիմնավորումների պատկառելի ցանկում այս մեկը չի ներառել:
Իբրև քաղպարապմունք՝ քաղաքական գրագիտության համար. սահմանադրությունը, որպես հիմնական օրենք, սահմանում է մարդու և պետության հիմնարար հարաբերությունները և պետական իշխանության կառուցվածքը: Յուրաքանչյուր ժամանակակից սահմանադրություն ունի երկու հիմնական խնդիր՝ երաշխավորել մարդու հիմնական իրավունքները և սահմանել ժողովրդավարության և իրավական պետության պահանջներին համապատասխանող պետական իշխանության մարմինների համակարգ:

Սահմանադրությունները ստեղծվում են առավել երկար կյանք ունենալու ակնկալիքով: Սահմանադրությունը պետք է ունենա այնպիսի բովանդակություն, որ, մի կողմից, արգելք չհանդիսանա ընթացիկ օրենսդրության միջոցով արձագանքելու հասարակական հարաբերությունների փոփոխություններին, իսկ մյուս կողմից` թույլ չտա, որ ընթացիկ օրենսդրությունը նենգափոխի իր էությունը: Հասարակությունն ինքնին հարափոփոխ է, հետևաբար, հրամայական է դառնում սահմանադրությունների այնպիսի ճկունությունը, որը նպաստում է հասարակության զարգացմանը:
Սահմանադրական բարեփոխումների հիմնավորումներից պարզվում է նաև, որ 1995-ի սահմանադրությունը «իշխանակենտրոն» էր՝ «անձնակենտրոն» իշխանական համակարգով, առանցքը ոչ թե մարդն էր՝ իր հիմնական իրավունքներով, այլ ՀՀ նախագահը՝ իշխանության բոլոր ճյուղերի նկատմամբ գերակա դիրքով: 2005-ի բարեփոխումները, կարևոր քայլ լինելով հիմնական իրավունքների երաշխավորման և պառլամենտարիզմի զարգացման ճանապարհին, չկարողացան ամբողջությամբ լուծել «մարդակենտրոն» սահմանադրության ստեղծման և հավասարակշռված կառավարման համակարգի հիմնախնդիրները:
Գուցե զարմանալի հնչի, բայց նույն այդ «հիմնավորումները» փաստում են, որ անկախության ձեռքբերումից հետո օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով երկիրը չի հասել այնպիսի հանգրվանի, որ արձանագրվի՝ ժողովրդավարությունը հաստատուն հիմքերի վրա է, մարդու իրավունքները հուսալիորեն պաշտպանված են, արմատավորվել է կառավարման արդյունավետ համակարգ, դատարաններն անկախ ու անաչառ են: Բարեփոխումների հիմնական նպատակ են որակվում կայուն ժողովրդավարական համակարգի հաստատումը և իրավական պետության անկյունաքարը հանդիսացող իրավունքի գերակայության երաշխավորումը:
Առայժմ այսքանը, մինչև հանրաքվե ժամանակ կա՝ ներկայացնելու նախագծի նպատակներն ու խնդիրները, առավելություններն ու թերությունները՝ ինչպես տեսել ու արձանագրել է սահմանադրական բարեփոխումները նախապատրաստող հանձնաժողովը: Անդրադառնանք քաղաքական դաշտին: Եթե «Այո»-ի ճակատը արդեն հստակ է և անակնկալներ չի նախատեսում, բարդ է իրավիճակը «Ոչ»-ի ճակատում: Հիմնական խնդիրը ոչ թե գաղափարական է, այլ ֆինանսական: Գաղափարական մեծ խնդիրներ չկան. այն ուժերը, որոնք կազմավորման օրից իշխանափոխության խնդիրն են փորձում լուծել ու դեռ չեն լուծել, դեմ են սահմանադրական փոփոխությանը, ինչպես դեմ են գործող իշխանության որևէ քայլի: Խորհրդարանում նրանք բերում են քաղաքական հակափաստարկներ, իրավական մանրամասների մեջ չեն մտնում: Եզակի բացառություններով: Արտախորհրդարանական դաշտում ձևաչափեր են ստեղծվում ու քանդվում: Այդպես էլ լինելու է, քանի դեռ խորհրդարանական խմբակցություններում եղած պատգամավորները, որ նաև սեփական կուսակցություններն են ստեղծել կամ ստեղծում են, վերջնականապես չեն հայտարարել իրենց դիրքորոշումը: Իրականում, սակայն, խորհրդարանական ու արտախորհրդարանական դաշտի մի մասը սպասում է Ռոբերտ Քոչարյանին: Իսկ նա չի շտապում: Նա ձգում է պաուզան, ենթադրաբար՝ իր արտաբերելիք խոսքին ոչ թեական, այլ կատեգորիկ շեշտադրումներ տալու համար: Դատելով նախորդ հարցազրույցներից՝ Ռոբերտ Քոչարյանը դեմ է սահմանադրությունը փոխելուն, որով իմաստազրկվում է իր վերադարձը իշխանություն: Նոր պայմաններում իբրև վարչապետ վերադառնալու համար նրան պետք է խորհրդարանական մեծամասնություն, իսկ ՀՀԿ-ն այդ հաճույքը նրան չի պատճառի, նախագահ լինելը նրա համար այլևս անիմաստ է, երբ կառավարման մոդելի փոփոխությամբ իշխանությունը կուտակվում է վարչապետի ձեռքում: Շարքային ընդդիմադիր լինելը Ռոբերտ Քոչարյանի համար անփառունակ հեռանկար է: Ինչպես և շարքային իշխանավոր: Պատկերացնո՞ւմ եք նրան իբրև X կուսակցության խմբակցության ղեկավար վարչապետին հարց ուղղելիս, կամ՝ ԱՊՀ ՄԽՎ պատվիրակության կազմում Մոսկվա մեկնելիս: Չի կպչում: Դա Վարդան Օսկանյանի, բայց ոչ իր դերն է: Բայց երկրորդ նախագահը չի շտապում բացահայտ հակադրվել երրորդին ու ողջ հասակով ¥ֆինանսները՝ ներառյալ¤ խաղի մեջ մտնել: «Երկու ղարաբաղցիներից մեկը մյուսի դեմ չի գնա» սկզբունքը մինչև հիմա հիմնականում գործել է՝ հընթացս քննադատությունները ընդդեմ գործունեության փաստ չեն: Գուցե նա ուզում է հասկանալ, թե այսօրվա թիվ 1 ղարաբաղցին, ի վերջո, ի՞նչ է ցանկանում ստանալ սահմանադրական փոփոխություններով, որպեսզի պարզի՝ ինքը ինչի՞ կարող է հավակնել: Գուցե իսպառ որոշել է անձնական կյանքին նվիրվել և վերջին «Երբեք մի ասա երբեքը» ստուգում էր իշխանության զգոնությունն ու արձագանքը: Հիմա արդեն նրա դեմ է խաղում ժամանակը, որ սպառվում է, եթե իսկապես մտադիր է վերադառնալ: Ապավինել հանգամանքների բարենպաստ դառնալուն` անհեթեթ է, լուրջ ծրագրեր ունեցողներն իրենք են հանգամանքները փոխում ու դարձնում իրենց համար բարենպաստ: Ով-ով, Ռոբերտ Քոչարյանը դրա ձևերն ու մեթոդները լավ գիտի ու բազմիցս գործադրել է: Փաստորեն, նա չի ստանում իր ակնկալած քարտ բլանշը Ռուսաստանից: ՌԴ նախագահը միջազգային ասպարեզում ունի ծրագրեր, որոնց իրականացման համար իրեն պետք է գործող, ոչ թե նախկին իշխանությունը: Ահա և Ռոբերտ Քոչարյանը մնում է պահեստայինների նստարանին, դաշտ դուրս գալու ու գոլ խփելու հեռանկարը համարելով անիրական, քանի դեռ դաշտում ոչ թե ֆուտբոլ, այլ «Դու՝ ինձ, ես՝ քեզ» են խաղում: Օրը մեկ տեսակետ ու մարտավարություն փոխող քաղաքացիական նախաձեռնությունները, ֆինանսական հոսքից կտրված ՀԱԿ-ը, մարդ-կուսակցություններն ու ռուսական դաշտում գործող մյուս ուժերը ՀՀԿ-ի համար վտանգավոր չեն իր նպատակների իրականացման ճանապարհին: ՈՒ ստացվում է, որ «Ոչ»-ի ճակատում մնում են «Հանրապետություն» կուսակցությունը` բացահայտ և ոչ բացահայտ՝ ՀՀ վարչապետ ու ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանը, որ սահմանադրական փոփոխություններից հետո չի կարող ստանալ վարչապետի պաշտոն, թեև հայտարարել է, որ միայն բարձր պաշտոն է ակնկալում: Նրա դեմ գործելու է ոչ այնքան սեփական կուսակցությունը, որքան իրականությունը: Տնտեսական աճի ամեն շաբաթ բարձրաձայնվող նրա հավաստիացումների անիրական լինելը ու երբևէ իրականանալու հեռանկարի բացակայությունը: Հենց վարչապետին է սպառնում շարքային դառնալը՝ կարևոր չէ որ դաշտում: Նույնիսկ Չինաստան գնալ-գալուց հետո: Ստեղծված աշխարհաքաղաքական պայմաններում Հովիկ Աբրահամյանը համարժեք ընկալում չունի ո՛չ ռուսական, ո՛չ արևմտյան ճակատներում: Հանրապետության հրապարակի աշխատանքային հասցեն կորցնելուց հետո նա առավելագույնը մնալու է շարքային օլիգարխ, ում արագ ցույց են տալու «կրկեսի» տեղը, եթե փորձի քաղաքական խաղեր տալ: Եվ այնպես չէ, որ նրա բարեգործությունը՝ եկեղեցիների կառուցման ու մոդայիկ այլ տրենդների տեսքով, քաղաքական հանդուրժողականության ու համակեցության հիմք կդառնա իշխանության հետ: Նրան հիմա, որքան էլ տարօրինակ է հնչում, քաղաքական հենարան է պետք ու դաշնակից, օրեցօր ակնհայտ է դառնում, որ ԲՀԿ-ն այդ հենարանը չի դառնալու, ավելի շատ կշռաքար է՝ կախված վարչապետի պարանոցից: Նոր ԲՀԿ-ն երբեք չի վտանգի գործող իշխանության հետ հարաբերությունները, հին ԲՀԿ-ականներն ունեն իրենց Ռոբերտ Քոչարյանը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- Իսկ սահմանադրությո՞ւնը: Ստացվում է, որ սահմանադրությունը՝ թե՛ հին, թե՛ նոր, ոչ թե հիմնական օրենքի գործառնությունն է կատարում, այլ իշխանության իշխանություն մնալու հիմքերն ապահովելու: Իսկ ժողովո՞ւրդը: Ժողովուրդն այս խաղում չկա, նրան վերապահված է «Այո»-ն ապահովելու գործը, հավանաբար դեկտեմբերին: Եթե ինքնաբուխ չկազմակերպվի ու չորոշի, որ հանրաքվեն հենց նախագահական ընտրություններն են, որտեղ միակ թեկնածուն ինքն է և իր իշխանության համար այս անգամ պետք է մինչև վերջ պայքարի:

Դիտվել է՝ 1096

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ