«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Պուտինն Օբամային համարում է թույլիկ, Օբաման Պուտինին՝ խուլիգան

Պուտինն Օբամային համարում է թույլիկ, Օբաման Պուտինին՝ խուլիգան
17.09.2015 | 10:42

Օբաման մտածում է՝ արժի՞ Պուտինի հետ բանակցել սիրիական ճգնաժամի մասին, երբ նա գա Նյու Յորք՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու՝ գրում է The New York Times-ը: «Ռուսական զինատեսակների ու տեխնիկայի հայտնվելը Սիրիայում Օբամայի վարչակազմում սրեցին վեճերը՝ ի՞նչ անել Ռուսաստանի հետ՝ երկխոսությո՞ւն սկսել, թե՞ փորձել մեկուսացնել,- գրում են Պիտեր Բեյկերը և Էնդրյու Կրամերը:- Եթե ընդունենք, որ ՈՒկրաինան ու Սիրիան Ռուսաստանի համար մոլորակում ամենակարևոր կոնֆլիկտների գոտին են, ամերիկացի որոշ պաշտոնյաներ երկու խնդիրն էլ կոչ են անում լուծել Մոսկվայի միջոցով, այսինքն՝ անհրաժեշտ են բանակցություններ: Որոշ պաշտոնյաներ զգուշանում են, որ հանդիպման մասին պայմանավորվածությունը Պուտինի օգտին կլինի և չվաստակած պարգև կդառնա միջազգային ասպարեզում նրա կռվազանության դիմաց»: Հեղինակները համարում են, որ Օբաման բնազդաբար հակված է բանակցությունների, ինչպես եղավ Իրանի ու Կուբայի դեպքում՝ ԱՄՆ-ի վաղեմի թշնամիների: Կրեմլի քայլը Սիրիայում Օբամայի վարչակազմին անակնկալի բերեց, Պուտինի մտադրություններն այնքան էլ պարզ չեն՝ ընդունում են Բեյկերն ու Կրամերը: Եթե համակարգում որոշումներն ընդունում է մեկ մարդ, բացառիկ արժեքավոր է նրա հետ հանդիպումը, բայց Օբամայի համար, որ ջանադիր փորձում է մեկուսացնել Պուտինին ՈՒկրաինայի ինքնիշխանությունը խախտելու համար, այդ հանդիպումը քաղաքականության180 աստիճանով շրջադարձ է դառնում:

Պուտինի հետ Օբամայի հարաբերությունները չստացվեցին 2009-ից, երբ նրանք առաջին անգամ հանդիպեցին: «Ինչպես ասում են խորհրդականներն ու վերլուծաբանները՝ «Պուտինն Օբամային համարում է թույլիկ, Օբաման Պուտինին՝ խուլիգան»: ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին կողմնակից է Ռուսաստանի հետ երկխոսության, բայց ոմանք Սպիտակ տանը զգուշանում են, որ հանդիպումը Նյու Յորքում միայն կավելացնի Պուտինի հանդգնությունը:.

Ամերիկացի վերլուծաբան Պոլ Բոնիսելին Foreign Policy-ում գրում է. «Սեպտեմբերի 11-ին Ֆորտ Միդում ելույթ ունենալիս Օբաման զինվորականներին ասաց, որ ԱՄՆ-ի ու ՌԴ-ի շահերը Սիրիայում համընկնում են Իսլամական պետության դեմ պայքարում: Բայց նա չհիշատակեց առավել կարևոր պրոբլեմը՝ Բաշար Ասադի վարչակարգը, ԻՊ-ի դեմ հաղթանակը ընդամենը մի ախտանիշի վերացումն է այս շատ ավելի լուրջ հիվանդության»: «Ամերիկայի առանցքային նպատակը, որ մի քանի տարի առաջ հստակ ձևակերպեց Օբաման, Ասադի վարչակարգին վերջ դնելն է: Սակայն ինչ-որ պահի նա հրաժարվեց այդ առաքելությունից և իրավիճակը շարունակեց վատանալ»,- գրում է Բոնիսելին: «Գուցե ԱՄՆ-ի համար աշխարհաքաղաքական առումով ամենավատ արդյունքն է, որ Ռուսաստանը հիմա զորքեր է տեղակայում Սիրիայում՝ պաշտպանելով Ասադին»: Պուտինն ուզում է վերադառնալ նախապատերազմյան ստատուս քվոյին, երբ սիրիական վարչակարգը «Մերձավոր Արևելքում ռուսական քաղաքականություն անցկացնողն էր»,- գրում է Բոնիսելին: «Ի պատասխան Ասադին ռազմական օգնության մեծացման, Օբաման ասում է, որ մենք պատրաստվում ենք համագործակցել ՌԴ կառավարության հետ, որպեսզի նրանց հասկացնենք, որ չի կարելի վարել ձախողման դատապարտված քաղաքականություն»: Ինչո՞ւ պիտի Պուտինն ուշադրություն դարձնի այդ նախազգուշացումներին՝ հռետորական հարց է տալիս հեղինակը: «Երբ լավատեսական խոսակցությունները դադարում են միայն քաղաքական PR լինելուց և դառնում են իսկական մոլորություն, մենք կարող ենք վստահ լինել՝ գաղափարախոսությունը գերակայում է ողջամտությանը: Խելամիտ չէ համարել, որ ԱՄՆ-ը և ՌԴ-ն միատեսակ շահեր ունեն Մերձավոր Արևելքում: Ոչ ավելի, քան ՈՒկրաինայում կամ նախկին ԽՍՀՄ հանրապետություններում», կարծում է հեղինակը:
Ի՞նչ է անելու Օբաման, երբ Պուտինը շարունակի առաջ շարժվել՝ աջակցելով Ասադին և պարտություն ցանկանալով նրա բոլոր ընդդիմախոսներին, այդ թվում՝ չափավոր ապստամբներին, որ սովորել ու հանդերձավորվել են ԱՄՆ-ում: Դա բխում է նրա շահերից, բայց ծառայո՞ւմ է ԱՄՆ-ի շահերին: «Զառանցանք է այդպես մտածելը»,- եզրակացնում է Բոնիսելին: «Նպատակները, որոնցից ելնելով Պուտինն ամրացնում է Սիրիայում ռազմական ազդեցությունը, թերևս դեռ աղոտ են: Սակայն ակնհայտ է, որ Ռուսաստանի գործուն վերաբերմունքը և հանդգնությունը կտրուկ տարբերվում են այն անհեթեթությունից, որ դարձել է ԱՄՆ-ի մերձավորարևելյան քաղաքականությունը», -վստահեցնում է Ահարոն Դևիդ Միլերը The Wall Street Journal-ում: Նրա կարծիքով՝ «ԱՄՆ-ի նպատակները միմյանց հակասում են» և «Վաշինգտոնը ոչ դրդապատճառ ունի, ոչ հնարավորություն այդ նպատակներն իրականացնելու»: Ռուսաստանի համար, հակառակը, ԻՊ-ի դեմ պայքարը «լիովին համատեղվում է Պուտինի մյուս առանցքային խնդրի հետ՝ աջակցել Ասադին» կամ, նրա հեռանալու դեպքում, վճռական ազդեցություն ունենալ նրա իրավահաջորդի ընտրության վրա:

«Որքան էլ թույլ թվա ռուսական ներգործությունը Սիրիայում, երբ Պուտինը ռուսական դիրքերն ամրապնդելու քայլեր է ձեռնարկում, նա ուժեղ է: Պնդելով, որ իր գլխավոր թշնամին ԻՊ-ն է, Ռուսաստանը կարևոր քայլ է անում Ասադին աջակցելու պայմանների ստեղծման ուղղությամբ: Գուցե Պուտինը մեծամտացել է: Սակայն երբ ԱՄՆ-ի սիրիական քաղաքականությունը թվում է թույլ ու խառնակ, Պուտինը թվում է հանդուգն»,- գրում է Միլերը: «Թեպետ ԱՄՆ-ը կարևոր համաձայնագիր է կնքել Իրանի միջուկային ծրագրով, Իրանի աջակցությունը Սիրիայում ստացավ Պուտինը, այլ ոչ Վաշինգտոնը: Նման իրադարձությունները հաստատում են տպավորությունը, որ Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ը շաշկի է խաղում, իսկ բոլոր մյուսները՝ եռաչափ շախմատ»,- տրտնջում է Միլերը:

«Երկու պատերազմներում, որոնց մեջ ներքաշված է Արևմուտքը «ուրիշի ձեռքով» կարևոր փոփոխություններ են լինում», - գրում է The Independent-ի լրագրող Կիմ Սենգուպտան: Արևելյան ՈՒկրաինայում սկսել են պահպանել հրադադարը, իսկ Սիրիայում նոր փորձեր են ձեռնարկվում կարգավորման շուրջ պայմանավորվելու համար: «Ռուսաստանը նույնպես ներքաշված է այդ պատերազմներում և այս պահին ունի ռազմավարական ուժեղ դիրքեր: «Սառեցված» կոնֆլիկտը Դոնբասում ձեռնտու է Կրեմլին, որն ուզում է թուլացնել պատժամիջոցները»,- կարծում է Սենգուպտան: Սիրիայում Կրեմլը բացահայտ մեծացնում է իր ռազմական ներկայությունը և առաջատար դեր է խաղում դիվանագիտության մեջ: Նրա կարծիքով՝ Արևմուտքի անհաջող քաղաքականությունն է նախադրյալներ ստեղծել Մերձավոր Արևելքի ներկա քաոսի և ԵՄ-ում փախստականների ճգնաժամի համար:

«Հիմա մենք բացահայտեցինք, որ Արևմուտքը մերժել է Ռուսաստանի ծրագիը, որ կարող էր հանգեցնել Ասադի հրաժարականին»,- պնդում է հեղինակը: Ֆինլանդիայի նախկին նախագահ Մարտի Ախտիսաարին հայտարարել է՝ Սիրիայի վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամների հետ 2012-ին իր բանակցությունների ժամանակ ՌԴ ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը խոսել է անհապաղ երկխոսություն սկսելու և «Ասադի հրաժարականի էլեգանտ ձև» գտնելու անհրաժեշտության մասին, բայց ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան մերժել են Ռուսաստանի առաջարկը: Ախտիսաարին հայտարարել է, որ զղջում է այդ կորսված շանսի համար: «Ռուսաստանին, ում հետ Արևմուտքը երեք տարի առաջ քամահրանքով վերաբերվեց, հիմա ընկալում են, հատկապես Վաշինգտոնում, իբրև երկիր, որ առանցքային դեր է խաղում այդ խնդրի լուծման որոնումներում: Բրիտանական ու ամերիկյան զորքերի պաշտոնաթող հրամանատարները բացահատ կոչեր են անում Ռուսաստանի հետ այլանս կազմելու և նույնիսկ Ասադի հետ պայմանավորվելու մասին՝ ԻՊ-ի դեմ պայքարի նպատակով: Գործող հրամանատարները ոչ պատոնապես կրկնում են նրանց տեսակետը»,- հաստատում է հեղինակը: Ճիշտ է՝ սաուդցիները և սիրիական ընդդիմությունը առաջվա պես կարծում են, որ չի կարելի Ասադին մոտ թողնել կարգավորմանը: Հիմա Արևմուտքը պատրաստակամորեն կկառչեր Ասադի «էլեգանտ» հեռանալուց, «սակայն Պուտինը աներեր է, երբ խոսքը նրա վարչակարգին Ռուսաստանի ռազմական աջակցության մասին է»: Սիրիայում ամենամեծ թվով հաղթաթղթերը հիմա հենց Պուտինի ձեռքում են՝ կարծում է Սենգուպտան:

Der Spiegel-ի խնդրանքով ռուս փորձագետները մեկնաբանել են տեղեկությունները ռուսական ռազմատեխնիկա Սիրիա փոխադրելու և Ջաբլայում ավիաբազա ստեղծելու մասին: Նախագահ Պուտինը Սիրիայում ռուսական օդային հարվածների հեռանկարի մասին հարցին ի պատասխան ասել է, որ վաղ է այդ մասին խոսել: Փորձագետներին այդ ձևակերպումը ստիպել է զգաստանալ, բայց «Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ» ամսագրի գլխավոր խմբագիր Ֆյոդոր Լուկյանովի կարծիքով՝ մեծ չէ հավանականությունը, որ Ռուսաստանը Սիրիայում ցամաքային գործողություններ կձեռնարկի՝ «Ռիսկը չափազանց մեծ է»: «Առավել հավանական է, որ Սիրիայում առավելության կհասնի ոչ թե չափավոր ընդդիմությունը, այլ ԻՊ-ը»,- կարծում է Լուկյանովը, և իսլամիստների հաջողությունները լրջորեն անհանգստացնում են Մոսկվային, քանի որ ահաբեկչական խմբավորումները կարող են տարածվել ՌԴ-ի հյուսիսկովկասյան տարածքներ և Կենտրոնական Ասիայի սահմանակից պետություններ: Լուկյանովը համաձայն չէ, որ Կրեմլը նպատակադրվել է պահպանել Ասադի նախագահական պաշտոնը, նրա համար կարևոր է, որ Սիրիայում ալավիները լինեն իշխանություն, որ վերահսկում են գոնե երկրի մի մասը: Արևմուտքը չափազանց շատ է կենտրոնացել Ասադի ճակատագրի վրա, ավելի կարևոր է, թե «հին, սիրիական սեկուլյար պետության որ մասերը դեռ հնարավոր է փրկել»՝ ի հակակշիռ իսլամիստ զինյալների: Մոսկվայի Կարնեգի կենտրոնի տնօրեն Դմիտրի Տրենինը Պուտինի սիրիական քաղաքականության ևս մեկ հնարավոր դրդապատճառ է նշել. «Նա ցանկանում է ամրապնդել Ռուսաստանի դիրքերը իբրև կարևոր խաղացողի հետխորհրդային տարածքից դուրս»:

«Ռազմական հենակետերի կառուցումը Սիրիայի ափամերձ տարածքներում հնարավոր են դարձնում և ուժային գործողությունները ԻՊ-ի դեմ, և հարվածները ընդդիմության դիրքերին: Որի՞ն է հակված Կրեմլը, դեռ պարզ չէ»,- եզրակացնում է հեղինակը:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ.Գ. Արևմտյան մամուլի այս սեղմ տեղեկություններին հավելեք Դուշանբեում ՌԴ նախագահի «սիրիական» ելույթը և կստանաք Մերձավոր Արևելքում ծավալվող իրադարձությունների մոտավոր պատկերը: Հանած հազարավոր փախստականները, որոնք ոչ ԱՄՆ, ոչ Ռուսաստան չեն գնում: Հավելած Ռուսաստանի հետ երկխոսություն սկսելու ԱՄՆ-ի պատրաստակամության տեղեկությունը, որ Ջոն Քերին հաստատում է, Սպիտակ տունը՝ ոչ: Այդ «այո»-ն ու «ոչ»-ը կձգվեն մինչև հոկտեմբերի 2-ը, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը լինելու է Նյու Յորքում՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին, որտեղ կամ կհանդիպի ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ, որը կնշանակի, որ գոնե Սիրիայի, գուցե նաև այլ հարցերում, երկխոսությունը կկայանա, կամ չի հանդիպի, որը կնշանակի, որ ներկա իրավիճակը երկու տերությունների փոխհարաբերություններում կշարունակվի և ավելի կվատանա: Մինչև ԱՄՆ նախագահական ընտրություններ: Հետոն հետո կերևա:

Այս համապատկերում Դուշանբեում ՀԱՊԿ նստաշրջանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը և հրադադարի խախտման Ադրբեջանի վարած քաղաքականության մասին մանրամասները բնականաբար ըմբռնում չէին գտնելու՝ ոչ Ադրբեջանին զենք վաճառող Ռուսաստանն ու Բելառուսը, ոչ Թուրքալեզու ժողովուրդների գագաթնաժողովում Իլհամ Ալիևի բոցաշունչ հակահայկական ելույթն ունկնդրած Ղազախստանի ու Ղրղզստանի նախագահները ՀԱՊԿ-ի իրենց դաշնակցի մտահոգություններն ու խնդիրները կիսելու մտադրություն չէին ունենալու և ՀԱՊԿ-ի նստաշրջանն ամփոփող հայտարարության մեջ չէին անդրադառնալու հայ-ադրբեջանական հարաբերություններին: ՈՒրեմն մեր ինչի՞ն է պետք ՀԱՊԿ ռազմաքաղաքական կառույցն ընդհանրապես ու մասնավորապես: ՀԱՊԿ-ը պետք է Մոսկվային, իբրև հակակշիռ ՆԱՏՕ-ին և Վարշավայի նախկին պակտի տարբերակ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո: Իսկ մեզ պետք են հայ-ռուսական երկկողմ հարաբերությունները և ռազմական համագործակցությունը, որպեսզի Ադրբեջանին զինող Ռուսաստանը պարիտետը պահի Հայաստանի մասով: Ընդամենը: Մնացած ամեն ինչը իրադարձային է ու իրավիճակային, հետևաբար՝ արագ անցողիկ:

Դիտվել է՝ 1262

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ