«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Պարզապես պիտի պատը ցատկես

Պարզապես պիտի պատը ցատկես
15.09.2015 | 10:19

Եվրամիությունը երկարաձգել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցները՝ համարելով, որ փոփոխություններ չեն եղել: Իրավիճակը չի վերանայվի մինչև 2016-ի հունվարը: Ի պատասխան՝ 2014-ի օգոստոսից Ռուսաստանը սահմանափակել էր պարենի ներմուծումը ԱՄՆ-ից, Կանադայից, Ավստրալիայից, Նորվեգիայից և ԵՄ երկրներից: Մեկ տարի անց այդ ցանկում հայտնվեցին Ալբանիան, Չեռնոգորիան, Իսլանդիան և Լիխտեյնշտեյնը, որ չլինելով ԵՄ անդամ, միացել էին ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին:

Պատժամիջոցների և տնտեսության վիճակի հարցերը Ռուսաստանում մղվում են երկրորդ պլան՝ առաջին գիծ է գալիս Սիրիայի հարցը: ՈՒ դարձյալ միմյանց են բախվում ՌԴ-ի ու ԱՄՆ-ի շահերը: 70 տարի ԱՄՆ-ի նախագահները՝ թե հանրապետական, թե դեմոկրատ, փորձել են թուլացնել Մերձավոր Արևելքում Ռուսաստանի ազդեցությունը: Հարի Տրումենը Կարմիր բանակը հեռացրեց Իրանի հյուսիսից 1946-ին, Ռիչարդ Նիքսոնը միջուկային պատերազմի սպառնալիքով կանխեց ԽՍՀՄ-ի մասնակցությունը Եգիպտոսի ու Սիրիայի պատերազմին Իսրայելի դեմ 1973-ին, Ջիմի Կարտերը սպառնաց զորքեր մտցնել Պարսից ծոց՝ ի պատասխան 1979-ին խորհրդային զորքերի Իրան մտնելու: Բարաք Օբամայի առաջ հիմա երկընտրանք կա՝ նա պիտի կողմնորոշվի՝ ինչպես արձագանքել ՌԴ նախագահի որոշմանը զենքով աջակցել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի իշխանությանը: Նա կամ պիտի դեմ լինի, կամ՝ միանա, որովհետև Պուտինը հայտարարում է, որ պայքարը ահաբեկչության դեմ է և կոչ է անում միասնական ճակատ կազմել «Իսլամական պետության» զինյալների դեմ պայքարի համար: Թուրքիան պատրաստվում է նոյեմբերի 1-ին խորհրդարանական արտահերթ ընտրությունների՝ գործանականում քաղաքացիական պատերազմի մեջ: Նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը «Առաջադիմություն և զարգացում» կուսակցության մեծամասնություն դառնալու համար այլ ճանապարհ չգտավ, քան քրդերին պատերազմ հայտարարելը: Քրդաբնակ նահանգներում ամեն օր զոհեր ու պայթյուններ են լինում: Վերադառնալով մեկ դար առաջ կիրառած քաղտեխնոլոգիային՝ Թուրքիայի իշխանությունը այս անգամ որոշել է լուծել քրդական հարցը և զարմանալի չէ, որ քրդերին սպանում են՝ հայտարարելով, որ նրանք հայ են կամ աջակցում են հայերին:
Նոյեմբերի 1-ին խորհրդարանական ընտրությունների է պատրաստվում Ադրբեջանը: Բաքուն ևս «պատերազմի» մեջ է՝ դիվանագիտական ու տեղեկատվական: Եվրամիության և եվրոպական կառույցների դեմ: Միլի մեջլիսի արտահերթ նիստում քննարկվել է Եվրանեստին Ադրբեջանի անդամության կասեցումը՝ ի պատասխան Եվրախորհրդարանի բանաձևի և ընդհանրապես համաեվրոպական քննադատության՝ Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման դեպքերով: Փաստացի՝ երկու եղբայր պետությունները նույն ռազմավարությամբ են գնում ընտրությունների՝ «գտնել» արտաքին թշնամի և ազգը համախմբել արտաքին սպառնալիքի դեմ պայքարում: Կստացվի՞ և ինչքանով՝ կերևա նոյեմբերին:
ԱՄՆ-ի Կոնգրեսը պատրաստվում է քննարկել Իրանի միջուկային ծրագրի շուրջ Վիեննայի համաձայնագիրը, և արդեն ակնհայտ է դառնում, որ հանրապետականներին չի հաջողվի կասեցնել փաստաթուղթը, որն այդքան կարևորում է ԱՄՆ-ի դեմոկրատ նախագահ Բարաք Օբաման՝ համարելով իր արտաքին քաղաքականության կարևորագույն ձեռքբերումներից մեկը: Թերևս՝ Կուբայի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելուց հետո:
Իսկ Հայաստանում քաղաքական օրակարգի թիվ մեկ խնդիր պաշտոնապես հայտարարված են սահմանադրական բարեփոխումները և այսօր աշխատանքները սկսող ԱԺ նստաշրջանի օրակարգում Սահմանադրության նախագծի ընդունումն է: Քաղաքական ուժերի և հասարակության կոնսոլիդացիան, որն այնպես կարևորում են Վենետիկի հանձնաժողովն ու եվրոպական կառույցները, գործնականում չի կայանում: Նախագահականում հանդիպումներ ունեցած կուսակցությունները, խորհրդարանական քաղաքական ուժերին հանած, հասարակության որևէ շերտ չեն ներկայացնում, ավելին՝ խորհրդարանական ուժերն էլ համաժողովրդական ընկալման ու աջակցության հայտ ներկայացնել հազիվ թե կարող են: Չի ձևավորվում և «Ոչ»-ի ճակատը: Տարբեր պատճառներով: Հասարակության համար սահմանադրական բարեփոխումները, հակառակ սպասելիքների, չեն կարևորվում, նույնիսկ կառավարության մոդելի փոփոխության հարց ունենալով:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը համարյա ամեն շաբաթ հայտարարում է տնտեսական աճի մասին, բայց նրա հայտարարությունները ոչ մի ազդեցություն չեն ունենում գնաճի կանխման վրա: Էլէներգիայի սակագնի բարձրացմանը հետևած գործընթացներն էլ ոչ իշխանության, ոչ քաղաքացիական հասարակության մակարդակներում որևէ ձեռքբերում չեն արձանագրում: Տիպիկ հայկական լաբիրինթոսում բոլորն իրենց ձեռքին ունեն Արիադնայի կծիկները և գնում են թելը բռնած, բայց այս լաբիրինթոսում մուտքեր ու ելքեր չկան, պարզապես պիտի պատը ցատկես՝ դուրս գալու համար: Ցատկելու ցանկություն ոչ ոք չունի: Հետևաբար բոլոր գործընթացները քաղաքական, տնտեսական, սոցիալական, իրավական, բարոյահոգեբանական մակարդակներում սկսվում ու շարունակվում են բարեփոխումների կարգախոսով, որոնք որևէ փոփոխություն չեն բերում որևէ ասպարեզում: Հայաստանում արդեն կայուն օրինաչափություն է ձևավորվել՝ կատարվող քայլերն ունեն հայտարարված և չհայտարարված բովանդակություն: Սովորաբար՝ բացարձակապես միմյանցից տարբեր: Խոսքը միայն Սահմանադրության փոփոխությանը չի վերաբերում, վերաբերում է ամեն ինչին: Եվ սա խնդիր է, որ կասկածի տակ է դնում ոչ միայն պետության գործունակությունը, այլև՝ հասարակության: Էլէներգիայի սակագնի բարձրացման ողջ պատմությունը՝ ապացույց: ՈՒ նման «պատմությունները» ավելի շատ են, քան ավարտված պատմությունները:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Իսկ արտաքուստ ամեն ինչ նորմալ է՝ կառավարության չկատարված խոստումների լամբադայից հետո՝ լամբադա պարելով ոստիկանները Բաղրամյան պողոտան են բացում ու ցուցարարներին ուղարկում են տուն: Իշխանությունը և ընդդիմությունը խնդիր չեն տեսնում: Ազգային ժողովը սկսում է աշնանային նստաշրջանը: Կառավարությունն ամբողջ ամառ տքնաջան աշխատելուց հետո նույնքան եռանդուն շարունակում է աշխատանքը աշնանը՝ իր կազմում ունենալով աշխարհի ամենագեղեցիկ կին նախարարին: Նախագահն ու վարչապետը ԵԱՏՄ շրջագծում հանդիպումներ են ունենում, իսկ վարչապետը նույնիսկ պատրաստվում է Չինաստան գնալ: Ամեն ինչ, ինչպես միշտ, հրաշալի է, բայց հայերի կյանքը ստացվում է միայն Հայաստանից դուրս: Բայց դա բնավ ցատկ չէ լաբիրինթոսից դուրս, դա շրջապտույտ է նույն լաբիրինթոսում:

Դիտվել է՝ 1248

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ