Իլոն Մասկը X սոցիալական ցանցում Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահի ավելի ընդունելի թեկնածու է համարել, քան նրա մրցակից Քամալա Հարիսին։ Նա մեկնաբանել է մի գրառում, որում օգտատերը պնդում էր, որ Թրամփը «ընտրություններում չարյաց փոքրագույնն է»։ «Միանշանակ»,- գրել է Մասկը:               
 

Հայոց սեպտեմբերը նոր է սկսվել

Հայոց սեպտեմբերը նոր է սկսվել
11.09.2015 | 00:43

Սեպտեմբերի 7-ին Մոսկվային մերձակա Նովո-Օգարյովոյի իր նստավայրում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ընդունեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Այցը աշխատանքային էր՝ ոչ պաշտոնական, ոչ պետական, որ հանդիպման վայրն ու ժամը խնդրո առարկա դառնան, բայց նաև այցի աշխատանքային կարգավիճակն է վկայում, որ հայ-ռուսական հարաբերություններում միջպետական ու պաշտոնական տարրը դուրս է մղվում՝ տեղը զիջելով ընթացիկ օրակարգերին: Իսկ դա լինում է մեկ պետության շրջանակներում: ՀՀ նախագահի սեպտեմբերյան հանդիպումները, այն էլ Ռուսաստանում, այն էլ Պուտինի հետ, տագնապի ու սպասումի դուռ են բացում. ո՞վ կարող էր սեպտեմբերի 7-ի առավոտյան կամ կեսօրին ասել՝ ինչ ընթացք է ունենալու ու ի՞նչ հետևանք հերթական աշխատանքայինը: Հաջորդ օրն էլ, անցած օրերին էլ ՀՀ շարքային մահկանացուներից քանի՞սը կարող են ասել, թե իրականում ինչ հարցեր են քննարկվել ու ինչ որոշումներ են կայացվել հավարտ նովոօգարյովյան երեկոյան ընդունելության, բայց չէ՞ որ հետևանքները վերաբերում են բոլորիս՝ այստեղ, հիմա ու հետո:
Առաջին հայացքից հանդիպումը հասու էր լրատվամիջոցներին: Տեղեկատվության այդ ձևաչափը ՌԴ նախագահի մամլո ծառայության աշխատակարգն է, իսկ ՀՀ նախագահի պաշտոնական էջի տեղեկատվությունը ավելին չէր, քան կար ՌԴ նախագահի kremlin.ru կայքում: Սովորաբար առաջին երեք դեմքերի հանդիպումների պաշտոնական տեղեկատվությունը երկու սկզբունքով է կառուցվում. 1. չասել՝ ինչ է եղել և 2. ասել՝ ինչ չի եղել: Այդպես է բոլոր երկրներում: Միջպետական հարաբերությունների մասին տեղեկատվությունը գրական կամ պատմական ժանրի զարգացման վատ հիմք է: Առավել ևս՝ ճանաչողական չէ:
Սերժ Սարգսյանի սեպտեմբերի սկզբի այցը կարևոր էր Հայաստանի քաղաքական օրակարգի մի քանի կետերով: Ոչ միայն Պուտինն ուներ հարցեր, որոնց պատասխանը չուներ, հարցեր ուներ նաև Սարգսյանը: Հանդիպումից մի քանի օր անց վաղ է հարց ու պատասխանի մեջ որոշակիություն որոնել՝ ով ինչ էր ուզում իմանալ ու ստանալ, ով ինչ տվեց ու չտվեց: Եթե իսկապես իրենց հարաբերություններն այնքան ռազմավարական են ու այնքան առանձնահատուկ, որ պարբերաբար հանդիպում են, հեռախոսում և տարբեր համաժողովների ժամանակ են հանդիպում, բայց միշտ քննարկելու բան ունեն՝ նկատի ունենալով Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունների առանձնահատուկ բնույթը, ԵԱՏՄ-ին Հայաստանի միանալը, լիարժեք մասնակցությունը ՀԱՊԿ-ին, ուրեմն նրանց երկուստեք պիտի հետաքրքրեն միմյանց օրակարգերը:
Սկսենք Հայաստանից:
Սերժ Սարգսյանը հաստատ պիտի հետաքրքրվեր, թե ի՞նչ վիճակում է Ռուսաստանի տնտեսությունը՝ ի՞նչ ազդեցություն ունեն պատժամիջոցները իրականում ու ինչպե՞ս են դիմակայում: Ինչքա՞ն է ընկնելու ռուբլին, և տարեվերջին ի՞նչ ցուցանիշներ է ունենալու տնտեսությունը: Նավթի գների հետ ի՞նչ է կատարվում, ու ի՞նչ հակաքայլեր ունի Ռուսաստանը ճգնաժամին հակազդելու: Հետո Սերժ Սարգսյանը պիտի սահուն անցում կատարեր տարածաշրջան՝ ի՞նչ է կատարվում Թուրքիայում: ՌԴ ռազմավարական գործընկեր Անկարան ուզում է քրդերի հա՞րցը լուծել, թե՞ Էրդողանն ուզում է իշխանությունն ամբողջ ծավալով վերականգնել, ու ինչպե՞ս է Պուտինը վերաբերվում թուրքական վերիվարումներին, ու նոյեմբերի խորհրդարանական ընտրություններում ի՞նչ կանխատեսումներ կան՝ Էրդողա՞նը, թե՞ ով կհաղթի: Ռուս-թուրքական գազային ծրագրերն ի՞նչ եղան: Գազի ու նավթի ալիքի վրա Սերժ Սարգսյանը նույնքան սահուն կարող էր անցնել Իրան ու անկեղծորեն հետաքրքրվել, թե ի՞նչ վիճակում են ռուս-իրանական հարաբերությունները, պատժամիջոցների հանումը Թեհրանից ի՞նչ վնասներ է տալիս Ռուսաստանին ու ի՞նչ հեռանկարներ է բացում այլ ուղղություններով համագործակցության համար: Հընթացս նա պիտի պարզեր, թե հայ-իրանական ի՞նչ նախագծեր կարող են իրականանալ՝ առանց ռուսական արգելակների:

Հպանցիկ պիտի մտներ Վրաստան ու Վազիանիի նախկին ռուսական ռազմաբազայի տեղում ՆԱՏՕ-ի ուսումնավարժական զորակայան բացելու ռուսական արձագանքները ճշտեր: Պարտադիր պիտի շոշափեր երկաթուղու վերագործարկման հարցը՝ աբխազների պահով, վրացիների ու ռուսների: Եվ արդեն շատ ուղղակի պիտի Ադրբեջանից խոսեր՝ ի՞նչ պատահեց, որ Ադրբեջանը նորից ակտիվացավ սահմանին, Լավրովը ի՞նչ ասաց Ալիևին, որ ադրբեջանական հրետանին սկսեց գնդակոծել Հայաստանը: Հայաստանը, ոչ Ղարաբաղը՝ պիտի շեշտեր Սերժ Սարգսյանը ու, համենայն դեպս, հարցներ, թե «Իսկանդերները» ե՞րբ են Հայաստան հասնելու: Լավրովը սովորական դիվանագիտական ֆրազնե՞ր էր պտտում, որ Ղարաբաղի հարցում առաջընթաց պիտի լինի, թե՞ նորություն կա: ՈՒ պիտի զգացներ, որ Նյու Յորքում Իլհամին հանդիպելը այս պայմաններում հեռանկարային չէ: Տարածաշրջանից տուն վերադառնալով՝ պիտի ըստ կարգի կարևորեր ԵԱՏՄ-ն ու հետո ասեր, որ Հայաստանի առաջ ոչ միայն բազմամիլիոնանոց շուկան չբացվեց, այլև արտահանումը կրճատվեց, այդ թվում՝ Ռուսաստան, պիտի աչքերը կկոցած հարցներ, թե հայկական ձկանն ի՞նչ էր եղել, որ խորովեցին, բայց չկերան, ու Հայաստան մտնող, Ռուսաստանում արգելված նորվեգական ձկնատեսակները կապ ունե՞ն այդ հարցի հետ, թե՞ թյուրիմացություն էր, բյուրոկրատական քաշքշուկ, որ ամեն երկրում էլ պատահում է: Սերժ Սարգսյանը պիտի խոսեր ՀԷՑ-երի աուդիտից ու էլէներգիայի սակագնի ճակատագրից, որովհետև աուդիտի, սակագնի թանկացման, համակարգի արդիականացման, անարդյունավետ թե արդյունավետ կառավարման ու մնացածի բուն արդյունքները հենց այդ խոսակցությունից են կախված: Հանուն քաղաքավարության պիտի նաև հարցներ, թե Վլադիմիր Վլադիմիրովիչը մեկ էլ ե՞րբ է մտադիր Հայաստան գալ:
Իսկ ՌԴ նախագա՞հը: Ի՞նչ է Ռուսաստանին պետք Հայաստանից: Վլադիմիր Պուտինը մտահոգ ժպիտը դեմքին պիտի պատասխաներ, որ Արևմուտքի պատժամիջոցները արդեն ոչնչի չեն հասնում՝ ինչ ավերելու էին, ավերել են ու հիմա ավելի արդիական են ռուսական հակապատժամիջոցները արևմտյան ապրանքների նկատմամբ: Պուտինը հաստատ ուրվագծելու էր փախստականների ու միգրանտների հորձանքում խեղդվող Եվրոպայի հուսահատ պատկերը, հիշեցնելով, որ ինքը զգուշացրել էր, թե Մերձավոր Արևելքը իրար խառնելուց հետո ԱՄՆ-ը ի՞նչ խաղ է խաղալու Եվրոպայի գլխին: Չլսեցի՞ն՝ թող վայելեն: Խոսելու էր ԻՊ-ից ու Սիրիայից, բայց առանց կոնկրետության: Հետո, աչքերը կկոցած, ասելու էր, որ դեռ պարզ չէ Նյու Յորքում Օբամայի հետ կհանդիպի՞, թե՞ ոչ, եթե հանդիպի էլ, հրապարակային չի լինի, որովհետև տեսանելի արդյունքներ չեն լինելու: ՈՒ ընդհանրապես նա արդեն անցյալ է: Ի՞նչ մնաց մինչև ընտրությունները ԱՄՆ-ում, պետք է մտածել նոր նախագահի հետ հարաբերությունների մասին: Քերին էլ լավ տղա է, Լավրովի ընկերն է, բայց նա էլ հեռացող է: Պարտադիր ՌԴ նախագահը խոսելու էր ՈՒկրաինայից, բայց չասենք, թե ինչ էր ասելու: Նա երկար չէր խոսելու նաև ԵԱՏՄ-ից, հիշելու էր բարի խոսքով Նազարբաևին ու տենգեի անկումը, հոկտեմբերին վերընտրության գնացող Լուկաշենկոյին, ով ամեն ինչ անում է, որ ընտրությունները Արևմուտքը լեգիտիմ համարի, բայց ապրուստի փողն իրենից է ուզում: ՈՒ ընդհանրապես՝ ԵԱՏՄ-ում երկու կարևոր երկիր կա՝ Ռուսաստանն ու Հայաստանը, մնացածը կոնկրետ տեղերում կոնկրետ խնդիրներ լուծելու համար են: Ղարաբաղի կոնկրետ խնդրին անդրադառնալով՝ Պուտինն ասելու էր, որ Մինսկի խումբը փաստացի սպառել է իրեն ու նույնիսկ հրադադարի ռեժիմի պահպանությամբ չի կարողանում կարգին զբաղվել: Իսկ եթե ՀԱՊԿ-ի ուժեր լինեն տարածքում, Իլհամ Հեյդարովիչը նախկին ինտենսիվությամբ չի գրոհի: Պուտինը դիվանագիտորեն չի մանրամասնի՝ ի՞նչ նկատի ունի «տարածքում» ասելով՝ Հայաստանի՞ տարածքը, թե՞ Ղարաբաղի, թե՞ Ադրբեջանի: Խոսքի մեջ կասի, որ Բաքվին նորից զենք են վաճառելու, ֆինանսական դժվարություններ կան, փող է պետք, պահուստային հիմնադրամները դատարկ են, նավթի գների բարձրացումը խաբուսիկ է, հնչուն մետաղն է միայն ալիքի վրա պահում Ռուսաստանը: Բայց անպայման կասի, որ Ռուսաստանը երբեք Հայաստանի դեմ քայլեր չի ձեռնարկի ու ընդհանրապես հայերն ավելի շատ ապրում են Ռուսաստանում, քան Հայաստանում, իսկ ֆորպոստում ավելի շատ լինում են զինվորականներ, քան բնակչություն: Այս բառերի վրա նա անպայման կժպտա ու կհավելի. «Կատակ եմ անում, իհարկե»: Անթաքույց շրջանցելով Վրաստանի, Թուրքիայի, Իրանի վերաբերյալ հարցերը, Վլադիմիր Վլադիմիրովիչը ուղղակի կհարցնի, թե ի՞նչ նպատակ ունեն սահմանադրական բարեփոխումները Հայաստանում, և ինչո՞ւ Սերժ Սարգսյանին դուր չի գալիս նախագահական կառավարումը: Ի՞նչ իմաստ ունի խորհրդարանական կառավարմանն անցումը, եթե ընտրությունները հետխորհրդային տարածքում նույն սխեման ունեն: ՈՒ ընդհանրապես Հայաստանը ո՞ւր է գնում: Ինչքա՞ն է շարունակելու ԵՄ-ի հետ ռևերանսները, որոնցից ոչինչ չի շահում, կամ՝ ՆԱՏՕ-ի հետ: Չէ որ ՆԱՏՕ-ն թշնամական բլոկ է Ռուսաստանին: Այս կետում նա կասի, որ ՀԱՊԿ տարածքում անցնելու են նույն զինատեսակների պարտադիր օգտագործման և ուսումնական նույն ծրագրերին: Հետո էլ կհարցնի՝ երբ ՆԱՏՕ-ն Ռուսաստանի քթի տակ ռազմաբազաներ է բացում, Ռուսաստանը չպիտի՞ նույնը անի: Նաև կհարցնի՝ «Շանթն» ի՞նչ նպատակ ուներ, Մատենադարանի գրքերը և Ազգային պատկերասրահի կտավները էվակուացնելով՝ ի՞նչ էին ուզում Բաքվին ասել: Զորավարժություններն անհրաժեշտ են, բայց պե՞տք է ժողովրդին վախեցնել, թե այսօր-վաղը պատերազմ է սկսվելու: Քանի Ռուսաստանը կա, Հայաստանը ոչինչ չունի վախենալու ոչ մեկից, բացի Ռուսաստանից: Վլադիմիր Վլադիմիրովիչը նաև անտարբեր կհարցնի, թե հայերն ինչո՞ւ չեն սիրում Ռուսաստանում ապրող հայ օլիգարխներին՝ Արա Աբրահամյանից Կարեն Կարապետյաններ, ու կանցնի հաջորդ հարցին՝ ինչո՞ւ ՀԷՑ-երը չվաճառել ու հարցը փակել: Հետո մի թեթև կհորանջի ու հավարտ կհարցնի՝ Հովիկ Արգամիչն ինչո՞ւ է Պեկինը ջրի ճամփա դարձրել: Կասի, որ մի քանի օր առաջ Պեկինում Սին իրեն ասաց, որ այլևս ներդրումներ չի անելու ուրիշ երկրներում, տնտեսական աճը նվազել է, խնդիրներ կան, մինչև չլուծի, Մետաքսի ճանապարհ, երկաթուղի, աշխատատեղեր պիտի մոռանալ: Ճապոնիան էլ իր հերթին է սկսել տարածաշրջանը խառնել: ՈՒ ընդհանրապես՝ պետք չէ շտապել, հարցեր կան, որ ժամանակի մեջ են լուծվում, պետք չէ ոտնատակ ընկնել, ամեն ինչ իր ընթացքն ունի: Իրանի հարցում էլ: Կպարզվի: Ամեն ինչ կպարզվի: Իսկ արդեն ոտքի վրա Վլադիմիր Վլադիմիրովիչը կհարցնի, թե Ռոբերտ Սեդրակովիչն ինչպե՞ս է, մոր կորուստը ծա՞նր է տանում, թե՞ որոշել է քաղաքականություն վերադառնալ ի վերջո:
Այսպես կամ համարյա այսպես, բաց թե փակ դռների հետևում: Տարբերակ է, չէ՞, որ հանդիպում են, ու ոչինչ չի լինում: Եվ դա ամենամեծ արդյունքն է, որից պետք է գոհ լինել: Ո՞վ գիտի՝ ի՞նչ կարող էր լինել, եթե Վլադիմիր Վլադիմիրովիչը իր առաջ խնդիր դներ Ղարաբաղի հարցը լուծել, Բաքվին ԵԱՏՄ բերել ու Անկարայի հետ հարաբերությունները սերտացնել, իսկ Թեհրանին ցույց տալ տեղը տարածաշրջանում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- Հետո՞: Վլադիմիր Վլադիմիրովիչը Սերժ Ազատիչի հեռանալուց հետո զանգահարեց Սերգեյ Վիկտորովիչին ու ասաց. «Հանդիպեցինք: Ասացի»: Լավրովը հարցրեց. «Իսկ նա՞»: Վլադիմիր Վլադիմիրովիչը ծիծաղեց. «Ոչինչ չասաց»։ Լավրովը հարցրեց. «Ո՞Ւմ հետ է համաձայնեցնելու»: Պուտինը պատասխանեց՝ «Տեսնենք, կերևա»: Սերժ Սարգսյանը արդեն ինքնաթիռում հոգնած հրահանգեց՝ «Տեսեք՝ ինչ են գրում, թարգմանեք ու հրապարակեք: Ընթացքում կմտածենք՝ ինչ ավելացնենք»: Նա ոչ տխուր էր, ոչ ուրախ: Մտածում էր՝ փող չկա, ժամանակ չկա, ԵԱՏՄ-ն չկա, կա հանրաքվե: Իսկ Դուշանբեում, երբ պիտի նորից հանդիպեն, ոչ այո կասի, ոչ՝ ոչ: Պետք չէ շտապել: Երկու-երեք տարի կա: Սեպտեմբերն էլ նոր է սկսվել:

Դիտվել է՝ 1256

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ