«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Դատավարության նյութերը հերքում են 1923-ից իրար հաջորդող թուրքական պետական-պաշտոնական շրջանների՝ հայերի ցեղասպանությունը ժխտող պնդումները

Դատավարության նյութերը հերքում են 1923-ից իրար  հաջորդող թուրքական պետական-պաշտոնական շրջանների՝ հայերի ցեղասպանությունը ժխտող պնդումները
11.09.2015 | 00:33

Օսմանյան կայսրության տարածքում հայերի հանդեպ գործված ցեղասպանության պատմության վերաբերյալ «Իրատես»-ի հարցերին պատասխանում է տարածաշրջանային հարցերով փորձագետ-վերլուծաբան ՍԱՐԳԻՍ ՀԱՑՊԱՆՅԱՆԸ:

-Ի՞նչ էր կատարվում Թուրքիայում 1918-ին:
-1918 թ. աշնանը Օսմանյան կայսրությունը Մուդրոսի պայմանագրով իր պարտությունը ճանաչելով՝ դուրս եկավ Առաջին աշխարհամարտից: Հայոց ցեղասպանության ծրագրավորման, կազմակերպման և իրականացման պատասխանատու երիտթուրքերի կառավարությունը, որ Մեհմեթ Թալեաթ փաշան էր գլխավորում, Մուդրոսի պայմանագրի ստորագրումից երկու շաբաթ առաջ հրաժարական էր տվել: Ժամանակավորապես վարչապետ՝ այդ ժամանակների տիտղոսով մեծ վեզիր դարձրին Ահմեդ Իզեթ փաշային, որը պաշտոնում հազիվ երեք շաբաթ մնաց։ Նրանից հետո Ահմեդ Թևֆիկ փաշան կառավարության գլուխն անցավ:
-Հայերի ցեղասպանությանն անդրադարձներ եղա՞ն:
-1918 թ. հոկտեմբեր-նոյեմբերին թե կայսրությունն Առաջին աշխարհամարտի մեջ ներքաշելու, թե հայերի զանգվածային կոտորածները կազմակերպելու մեջ մեղադրվող երիտթուրքերին դատելու հարցը Օսմանյան խորհրդարանում ակտիվ քննարկված խնդիրը դարձավ: Հոկտեմբերի վերջերին շատ կարճ ժամանակով վարչապետ նշանակված Ահմեդ Իզեթ փաշան խորհրդարանի հավանությանը ներկայացրեց իր կառավարության ծրագիրը, որտեղ խոսք անգամ չկար պատերազմի տարիների հանցագործությունները հետաքննելու մասին: Սակայն դահլիճից հնչած խիստ քննադատություններին ի պատասխան նա ստիպված եղավ «Արդարադատություն ենք խոստանում» հայտարարել:
-Ինչպե՞ս արդարադատությունը իրականացվեց:
-Խորհրդարանի նոյեմբերի առաջին նիստում հայկական ջարդերի հարցով անսովոր խիստ բնորոշումներով քննարկումներ անցկացվեցին: Երիտթուրքական կառավարության յոթ հայտնի դեմքերի՝ Թալեաթ, Էնվեր և Ջեմալ փաշաների, Բեհաեդդին Շաքիրի և դոկտոր Նազըմի, Ջեմալ Ազմիի և Բեդրիի հենց այդ օրերին Սև ծովով փախած լինելու փաստն արդեն յուրաքանչյուրին հայտնի էր: Մինչև նրանց փախուստը ահ ու սարսափի մատնված իթթիհադի հակառակորդները հրապարակավ ոճրագործության մյուս մեղսակիցների փախուստի առաջն առնելու մտահոգությամբ՝ նրանց կալանավորումը պահանջեցին: Օսմանյան խորհրդարանում արաբ պատգամավոր Ֆուադ բեյի առաջարկով մի հանձնախումբ կազմվեց, որի վրա պատերազմի ժամանակ Սաիդ Հալիմ և Թալեաթ փաշաների մեկը մյուսին հաջորդած կառավարությունների նախարարներին հարցաքննելու պարտականությունը դրվեց։ Այս հանձնախումբն էր որոշելու նրանց դեմ քրեական գործ հարուցել-չհարուցելու հարցը, սակայն սուլթան Մեհմեդ Վահդեդդին V-ը 1918 թ. դեկտեմբերի 21-ի օսմանյան խորհրդարանը լուծարեց, և հանձնախումբը չկարողացավ իր աշխատանքներն ամփոփելով քվեարկության ներկայացնել: Խորհրդարանական հանձնախմբի հավաքած տեղեկություններն ու փաստաթղթերը 1919-1920 թթ. տեղի ունեցող դատավարությունների ընթացքում օգտագործվեցին:
-Խորհրդարանում հայ պատգամավորներ կայի՞ն:
-1918 թ. նոյեմբեր-դեկտեմբերին օսմանյան խորհրդարանի հայազգի պատգամավորները հայկական կոտորածների շուրջ բոլոր քննարկումներին ակտիվությամբ էին մասնակցում։ Նրանք ելույթներ էին ունենում ոճրի բնույթի ու մասշտաբների մասին, պատասխանատուներին էին մատնացույց անում, հայությանը հասցված վնասներն ու կորուստները փոխհատուցելու հարցերի շուրջ առաջարկներով էին հանդես գալիս: Այդ ամբողջ ընթացքում հայ պատգամավորներին զորակցում էին խորհրդարանի հույն պատգամավորները, նրանցից ավելի շատ աչքի էր ընկնում Զմյուռնիայից Էմանուել Էմանուելիդիսը: Քննարկումներին մասնակցում էին ինը հայ պատգամավորներից վեցը միայն, իսկ Մուշի երկու հայ պատգամավորներից Գեղամ Տեր-Կարապետյանը՝ ծանր հիվանդության, Վահան Փափազյանը՝ երկրից փախած լինելու, Կ. Պոլսից «Մեծ Արևելք» օթյակի բարձրաստիճան ֆրանկմասոն Պետրոս Հալաջյանը` «թուրք մասոն եղբայրներին» չնեղացնելու համար նիստերին չէին մասնակցում: Հայ պատգամավորներից յոթը՝ Գրիգոր Զոհրապը, Վարդգեսը՝ Հովհաննես Սերենգյուլյանը, և Արշակ Վռամյան անունով հայտնի Օննիկ Դերձակյանը, Մեծն Մուրադ անունով հայտնի ֆիդայապետ, հնչակյան ազգային գործիչ Համբարձում Բոյաջյանը, Ստեփան Չրաճյանը, բժիշկ Նազարեթ Տաղավարյանն ու բժիշկ Կարապետ Բաշայանը 1915 թ. սպանվել էին: Հայերի կոտորածներին նվիրված իր «Երկու կոմիտե, երկու հանցագործություն» (1919 թ.) գրքում օսմանյան խորհրդարանի անդամ Ահմեդ Ռեֆիկն իր զարմանքն էր հայտնում մարդկայնորեն անընկալելի այս երևույթի մասին, «երբ հայերը զանգվածաբար սպանվում էին ամբողջ երկրով մեկ, հայ պատգամավորները Կ. Պոլսում շարունակում էին իրենց կապերն ու ջերմագույն հարաբերությունները անձամբ Թալեաթի և հայերի ոչնչացումը կազմակերպած Իթթիհադի մնացած ղեկավարներից շատերի հետ»:
-Ինչպե՞ս նրանք ողջ մնացին:
-Ահմեդ Ռեֆիկը երևի նրանց խնայելով, հարյուր տարի բոլորիս ուղեղում և սրտերում առկա հարցերի հարցը չի բարձրացրել, թե այդ հայ պատգամավորները ինչպե՞ս էին կարողացել փրկվել սպանդից և ողջ մնալով՝ ինչո՞ւ եղեռնի ամբողջ ընթացքում լուռ էին մնացել:
-Եվ ի՞նչ:
-1918 թ. նոյեմբերի 4-ին կայսրության ներքին գործերի նախարար Ֆեթհին էր բացատրություններ տալու համար անձամբ խորհրդարան ներկայացել: Քննարկումներին մասնակցող հայ պատգամավորները քչից-շատից քննադատեցին իրենց ազգակիցների դեմ իրագործված ոճրագործությունները: Հույն պատգամավոր Էմանուելիդիսը խորհրդարանին ութ կետից բաղկացած դիմում ներկայացրեց, որտեղ բարձրաձայնվում էին նաև հայ լինելուց բացի այլ մեղք չունեցող մեկ միլիոն հայերի սպանդին զուգահեռ հարյուր հազարավոր հույների սպանության և արտաքսման փաստերը: Օսմանյան վերջին խորհրդարանում Մուշից պատգամավոր Գեղամ Տեր-Կարապետյանը հայ պատգամավորներից միակն էր, որ բացառապես հայության քվեներով էր ընտրվել: Մյուս հայ պատգամավորները իթթիհադի՝ երիտթուրքերի կուսակցության կողմից կամ նրանց օգնությամբ էին մտել խորհրդարան: Տեր-Կարապետյանի ողջ մնալը երևի թե պատահականություն էր, նա անկողնուն հիվանդ գամված լինելու պատճառով չէր աքսորվել: Մուշ քաղաքի և Մշո դաշտավայրի շուրջ հարյուր գյուղերի մոտ հարյուր հազար հայերի բնաջնջման` Հայոց ցեղասպանության ամենից արյունոտ էջերից մեկի՝ իր ծննդավայրի մասին ամենայն տեղեկացվածությամբ նա գրի էր առել իր վերջին ասելիքը, բայց որը 1918 թ. դեկտեմբերի 9-ի նիստում հայ պատգամավորներից Տիգրան Պարսամյանի կողմից ընթերցվելու ժամանակ արդեն իր մահկանացուն կնքել էր։ Տեր-Կարապետյանի անունից հնչող ելույթում տեղ էին գտել հետևյալ բնութագրումները. «Ինչպե՞ս եղավ, որ արևելյան նահանգներում` Կարին, Սեբաստիա, Խարբերդ, Վան, Տիգրանակերտ և ՈՒրֆա գավառում բնակվող բոլոր հայերը տեղահան արվեցին, 1,5 միլիոնից ավելի հայեր ցիրուցան եղան, ջարդվեցին ու մահացան: Այս ընդհանուր ջարդի պատճառով այդ շրջանի բոլոր հայերի շարժական ու անշարժ գույքը, վանքերի ու եկեղեցիների մեջ պահվող արժեքավոր իրերը կողոպտված են, այնտեղ բնակվող վանականները սպանված ու բնաջնջված են: Այս ահավոր բռնարարքներից հետո մնացած կոտորակված թվով զավակները բռնի կերպով կրոնափոխ լինելով, այստեղ ու այնտեղ ցիրուցան են եղել»:
-Դատավարությունները ինչպե՞ս սկսվեցին:
-Մուդրոսի զինադադարի կնքումից անմիջապես հետո, համաշխարհային հասարակայնության ճնշման տակ, երիտթուրքականին հաջորդած նոր կառավարությունը որոշեց պատասխանատվության ենթարկել Օսմանյան կայսրությունը պատերազմի մեջ ներքաշած և հայերի ցեղասպանությունը կազմակերպածներին։ 1918 թ. դեկտեմբերի 16-ի որոշմամբ կազմվեցին արևմտահայության կոտորածներին վերաբերող մեղադրական ապացույցներ (ծածկագիր հեռագրեր, պաշտոնական գրություններ, հրահանգներ և հրամաններ, ականատեսների վկայություններ և այլն) հավաքող հարցաքննիչ հանձնախմբեր։ Օսմանյան կայսրության տարածքը բաժանվեց 10 դատաքննչական շրջանի, նշանակվեցին դատախազներ, քննիչներ, քարտուղարներ։ 1919 թ. հունվարի 8-ին կազմվեցին ռազմական արտակարգ ատյաններ։ Դատական նիստերի ընթացքում քննվեց երիտթուրքական կառավարության ղեկավարների, «Միություն և առաջադիմություն» կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամների և շրջանային պատասխանատու քարտուղարների ու պաշտոնյաների, հայկական կոտորածներն իրականացնող «Թեշքիլաթը մահսուսա»-ի (հատուկ կազմակերպություն), Յոզղատի, Տրապիզոնի (Կ. Պոլսի արվարձան) Բյույուքդերեի և Խարբերդի տեղահանությունն ու կոտորածները կազմակերպողների հանցավոր գործունեությունը։
-Դատավարությունները որևէ նշանակություն ունեցա՞ն:
-Օսմանյան կայսրությունն Առաջին համաշխարհային պատերազմի մեջ ներքաշած և հայերի տեղահանությունն ու ցեղասպանությունը կազմակերպած երիտթուրքական «Միություն և առաջադիմություն» կուսակցության ղեկավար գործիչների դատավարությունը Կ. Պոլսում սկսվեց 1919-ին և տևեց մինչև 1920-ը։
Երիտթուրքերի դատավարությունը ցույց տվեց, որ արևմտահայության տեղահանություններն ու կոտորածները ռազմական կամ կարգապահական միջոցառումներ չէին և սահմանափակ կամ տեղական բնույթ չեն կրել, ինչպես ցանկանում էին ներկայացնել հանցագործները, այլ եղել են կանխամտածված ու մշակված գործողություններ, իրականացվել բացարձակապես երիտթուրքական կուսակցության կենտրոնական կոմիտեի նախաձեռնությամբ ու կարգադրությամբ, իսկ կոտորածներն անմիջականորեն իրականացրել են այդ նպատակով բանտերից ազատ արձակված մարդասպաններն ու այլ ոճրագործներ։
Երիտթուրքերի կուսակցության պարագլուխների ու նախարարների դատավարությունը սկսվեց 1919 թ. ապրիլի 27-ին և (մայիսի 28-ին անգլիական հրամանատարությունը 77 հոգու անսպասելիորեն աքսորեց Մալթա կղզի և դրանով ընդհատեց դատաքննությունը) շարունակվեց մինչև հունիսի 26-ը (13 նիստ)։ Դատավճիռը հրապարակվեց 1919 թ. հուլիսի 5-ին։ 31 հանցագործներից 4-ը` Թալեաթը, Էնվերը, Ջեմալը և դոկտոր Նազըմը, հեռակա դատապարտվեցին մահվան, իսկ մնացած 27-ից ոմանք՝ տարբեր տարիների ազատազրկման, ոմանք արդարացվեցին հանցանշանների բացակայության պատճառով։ Դատավճռում սակայն, անհասկանալիորեն մոռացության մատնվեցին անգլիացիների՝ Մալթա աքսորած հանցագործները։ 1919 թ. հունիսի 21-ին, 23-ին և 29-ին տեղի ունեցան «Միություն և առաջադիմություն» կուսակցության շրջանային պատասխանատու քարտուղարների և պաշտոնատար այլ անձանց դատավարությունները։ Դատավճիռը հրապարակվեց 1920 թ. հունվարի 8-ին։ 36 մեղադրյալներից 3-ը դատապարտվեցին 10 տարվա, մյուսները՝ մի քանի տարվա ազատազրկման։
Յոզղատի հայերի կոտորածն իրականացնողների դատավճիռը հրապարակվեց 1919 թ. ապրիլի 8-ին. Յոզղատի մութասարըֆի (գավառապետ) տեղակալ և Բողազլյանի կայմակամ (քաղաքապետ) Քեմալ բեյը դատապարտվեց մահվան, իսկ Յոզղատի ոստիկանապետ Թևֆիկ բեյը՝ 15 տարվա տաժանակիր բանտարկության։ Տրապիզոնի կոտորածներն իրականացնողների դատավճիռը կայացվեց 1919-ի մայիսի 22-ին։ 8 հանցագործներից երկուսը՝ Ջեմալ Ազմի և Նայիմ բեյերը, հեռակա դատապարտվեցին մահվան, մյուսները՝ տարբեր ժամկետներով ազատազրկման։ Կ. Պոլսի արվարձան Բյույուքդերեի ոչ իսլամ բնակչության՝ հայերի և հույների հալածանքները կազմակերպողների դատավճիռը հրապարակվեց 1919 թ. մայիսի 24-ին։ Բոլոր մեղադրյալները (4 հոգի) դատապարտվեցին մի քանի տարվա ազատազրկման։ Խարբերդի հայերի տեղահանության և կոտորածների հանցագործների դատավճիռը կայացվեց 1920 թ. հունվարի 14-ին. Բեհաեդդին Շաքիրը հեռակա դատապարտվեց մահվան, իսկ երիտթուրքական կուսակցության Խարբերդի պատասխանատու քարտուղար Ռեսնեցի Նազըմ բեյը՝ 15 տարվա տաժանակիր բանտարկության։ Դատավարության արձանագրությունները հրատարակվել են 1919-1920 թթ., «Թաքվիմ-ի վեքայի» («Իրադարձությունների օրացույց») արաբատառ թուրքերեն պաշտոնաթերթի հավելվածում։ Երիտթուրքերի դատավարությունը թեև չստացավ միջազգային լայն արձագանք, այնուամենայնիվ բացահայտեց Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում և Օսմանյան կայսրության հայաբնակ այլ վայրերում երիտթուրքական իշխանությունների իրագործած հայերի ցեղասպանությունը։ Դատավարության նյութերն ամբողջովին հերքում են 1923 թվականից իրար հաջորդող թուրքական պետական-պաշտոնական շրջանների՝ հայերի ցեղասպանությունը ժխտող պնդումները։
(շարունակելի)


Հրապարակման պատրաստեց

Անահիտ ԱԴԱՄՅԱՆԸ

Դիտվել է՝ 3161

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ