Իլոն Մասկը X սոցիալական ցանցում Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահի ավելի ընդունելի թեկնածու է համարել, քան նրա մրցակից Քամալա Հարիսին։ Նա մեկնաբանել է մի գրառում, որում օգտատերը պնդում էր, որ Թրամփը «ընտրություններում չարյաց փոքրագույնն է»։ «Միանշանակ»,- գրել է Մասկը:               
 

Քաղաքական ԲԲԸ-նե՞ր, թե՞ կոնսոլիդացիա

Քաղաքական ԲԲԸ-նե՞ր, թե՞ կոնսոլիդացիա
08.09.2015 | 00:38

Կեսարների ամիս օգոստոսին Հայաստանում շոգ էր, քառասունն անց, արևի տակ դանդաղ ճմլկոտող քաղաքում քաղաքական կյանքը մեկ մարում էր, մեկ բռնկվում: Հիմնականում Բաղրամյան պողոտայում: Կարճատև արձակուրդից վերադարձած նախագահը սկսեց քաղաքական ուժերի հետ հանդիպումների նոր փուլ սահմանադրական բարեփոխումների գործընթացի շրջանակներում՝ ևս մեկ անգամ հայ հանրության հիշողությունը նորացնելով, թե ինչ պատվարժան ու մոռացված, բայց համարյա պատմական նշանակություն ունեցող կուսակցություններ կան Հայաստանում, որոնք խրոխտաբար ապահովելու են քաղաքական կոնսոլիդացիան: Հանդիպումներն անցան սահմանափակ տեղեկատվության, բայց կռահելի ընթացքի պայմաններում: Հին ու նոր, հին-նոր, իշխանական ու ոչիշխանական, խորհրդարանական ու ոչխորհրդարանական կուսակցությունները նախագահներով ու անդամներով հաստատեցին, որ կողմ են սահմանադրական բարեփոխումներին, համարում են անհրաժեշտ ու անխուսափելի, բայց մանր-մունր առաջարկներ, պայմաններ ու պատկերացումներ ունեն՝ իրենց աջակցությունը բարձրաձայնելու համար: Անակնկալներ գրեթե չեղան: ԲՀԿ-ն գնաց ու ասաց, որ կողմ է Սահմանադրության փոփոխությանը և այլևս ՀՀԿ-ի գերիշխանության վերարտադրության խնդիրը վերացած է տեսնում: Իր կենսագրությունը զրո կետից այս տարի վերսկսած կուսակցության համար բնական ու տրամաբանական ընթացք է, նախկին կոչերը, հայտարարությունները, բոցաշունչ ու կիսահիստերիկ ելույթները անցյալ, անդարձ անցյալ համարեք: Պատմությունը, ի վերջո, նաև սպունգ է, որ ջնջում է ինքն իրեն, եթե չկա պահանջարկ ու կա նոր առաջարկ: ԲՀԿ-ն այլ խնդիր ունի՝ մեծ ու դարակազմիկ: ՀՅԴ-ի հետ մրցակցության մեջ ՀՀԿ-ի համար մնալ երկրորդը, անվերջ սիրելի ու անդառնալի յուրային: ՀՅԴ-ն ԲՀԿ-ի ճանապարհին անպատեհ կանգնեց ու սկսեց տարփողել իր հաղթանակը անտեղի՝ եթե ՀՅԴ-ն հաղթել է, որ կուսակցական տարբեր մակարդակներով մի շաբաթից ավելի ազդարարում էր եթերով ու թերթերով, ո՞ւմ է հաղթել: ՀՀԿ-ի՞ն: Ինքն իրե՞ն: Ա՞յլ կուսակցություններին: Ի վերջո, ինչո՞վ է նոր Սահմանադրության հենց այս տարբերակը սկզբից մինչև վերջ ՀՅԴ-ի հաղթանակ: Իր ստեղծման օրից կուսակցությունը ամենուր ու միշտ ձգտել է իշխանության: Իշխանության կողքին ու իշխանության մեջ լինելու իդեա ֆիքսը ՀՅԴ-ի համար արդեն երրորդ դար հասած ավանդույթ է: Կարևոր չէ՝ ո՞վ է այդ իշխանությունը, անցյալ դարասկզբի Թուրքիայի «Իթթիհադ վե Թերաքի՞ն», թե՞ անկախ Հայաստանի անցյալ դարավերջի իշխանությունը, կամ՝ այս դարասկզբի: ՀՅԴ-ն ունի մեկ խնդիր՝ դեպի իշխանություն, դեպի հնարավորինս շատ ու մեծ լծակներ, բայց հնարավորինս քիչ ու փոքր պատասխանատվություն: Համենայն դեպս, որևէ տեղ իշխանության հետ ու իշխանության մեջ լինելու ՀՅԴ-ի արդյունքները եթե հայ ժողովրդի համար ճակատագրական չեն եղել, նաև դրական չեն դարձել: Այսքանով ՀՅԴ-ն ԲՀԿ-ի համար անհաղթահարելի պատվար չէ, բայց քաղաքականությունը ոչ միայն հնարավորի, այլև անհնարը հնարավոր դարձնելու արվեստ է, որին ՀՅԴ-ն բացահայտորեն ավելի լավ է տիրապետում, քան գործունեության սահմանափակ ազատություն ունեցող ԲՀԿ-ն, որին մնացել է միայն իր նվիրվածությունն ու հավատարմությունը անվերջ հավաստելու ճանապարհը՝ հընթացս մի քանի հարկադիր ընդդիմադիր ելույթներ ունենալով: Ի վերջո՝ կուսակցությունը խորհրդարանում հայտարարել է, որ ինքն այսուհետ ընդդիմություն է: Չի կարող ընդդիմությունը միշտ ու բոլոր հարցերում իշխանության հետ համաձայն լինել նաև քննարկումների մակարդակում: ԲՀԿ-ն արդեն ասաց, որ մաս չի կազմելու «Ոչ»-ի շարժմանը: Դա այն է, ինչ այս փուլում իրենից պահանջվում էր: «Ժառանգությունը» այս անգամ նախագահական չգնաց՝ իր առաջարկները չընդունելու պատճառով: Թեպետ խորհրդարանական խմբակցության մի մասը, ի դեմս «Ազատ դեմոկրատների», հանդիպեց նախագահին ու, հակառակ նախկին հավաստիացումների, ևս չի միանա «Ոչ»-ին:

Քաղաքական դեմքը պահպանելու համար որոշ ժամանակից կհայտարարվի, որ «Ազատ դեմոկրատներն» առաջադրել է պայմաններ (ասենք, կայուն մեծամասնության հոդվածի վերաբերյալ, կամ՝ այլ), որոնք ընդունվել են, և խորհրդարանական կառավարման մոդելին անցմանը դեմ լինելու իրավական ու քաղաքական խոչընդոտներ չի տեսնում, առավել ևս որ Վենետիկի հանձնաժողովը ևս դրական է վերաբերվում կառավարման մոդելի փոփոխությանը, բովանդակությանն ու ձևերին: Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամների հետ խորհրդարանական հանդիպումների շարքին «Ժառանգությունը» մասնակցեց և մնաց նույն տեսակետին՝ ոչ այս, ոչ այն: Սերժ Սարգսյանին հանդիպելու հրավերը մերժեց միայն ՀԱԿ-ը: Սկզբունքորեն ու հիմնովին: Պատճառաբանությունները նույնն են: ՀԱԿ-ը չի կարող որևէ պարագայում կողմ լինել կառավարման համակարգ փոխելուն՝ առաջին Սահմանադրությունն ընդունած Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահությամբ՝ սա պատմական պատճառ է, քաղաքական պատճառը իշխանությանը դեմ լինելն է, իրավական պատճառներ ՀԱԿ-ը դեռ չի ներկայացնում:
Նախագահականում ներկա ստացած կուսակցություններից իրեն կամակոր մանկան պես պահեց ՕԵԿ-ը: Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի, ապա նաև նախագծի վերաբերյալ տևական ժամանակ տեսակետ չհայտնող ՕԵԿ-ականները հայտարարում էին, որ կուսակցության դիրքորոշումը կներկայացնեն վերջնական տարբերակն ունենալուց հետո: Այդ ընթացքում ՕԵԿ-ը ձևավորեց «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորումը՝ իր պնդումով 110 քաղաքական կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների հետ: Օրերս նրանց անունից հայտարարեց, որ սահմանադրական բարեփոխումների նախագիծն անընդունելի է: Մասնավորապես անընդունելի են «խորհրդարանական կառավարման մոդելի ներդրման քողի ներքո ամբողջ իշխանությունը մեկ անձին` վարչապետին տրամադրելու փորձերը, որոնք ենթադրում են ոչ թե խորհրդարանական, այլ վարչապետական կառավարում, ինչն ավելի նման է ոչ թե խորհրդարանական, այլ նախագահական կառավարմանը»: Թարգմանաբար՝ Արթուր Բաղդասարյանի նախագահական հայտը ևս մերժվել է, ինչը հաստատում է նրա՝ նախագահի հետ հանդիպման չգնալը: Կա ևս մեկ տարբերակ՝ ՕԵԿ-ին կվստահվի հանրաքվեից հետո բողոքական զանգվածի հետ լինելու ու նրանց ոչ մի տեղ տանելու բարձր պատիվը: Բայց այդ գործի համար կա ավելի երիտասարդ ու եռանդուն և այս ամբողջ ընթացքում հանգիստ վայելած մեկ այլ մարդ-կուսակցություն՝ «Քաղաքացիական նախաձեռնությունը»: Նիկոլ Փաշինյանը կփորձի այդ դափնիների վրա էլ մխրճվել խորհրդարանական ընտրությունների մեջ, եթե հաջողվի:
ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, ՕԵԿ-ը, ՀՀՇ-ն, ՀՔԴՄ-ն, «Ազատ դեմոկրատները», ՎՍԴԿ-ն, «Ազգային միաբանությունը», «Սահմանադրական իրավունք միությունը» ՀՀԿ-ի գլխավորությամբ այն քաղաքական հիմքն են, որ ներկայացնում են սահմանադրական բարեփոխումների համար քաղաքական ուժերի կոնսոլիդացիան: Թվարկումը տպավորիչ կարող է լինել միայն Հայաստանից դուրս, արտաքին քաղաքական սպառման համար: Ներհայաստանյան կյանքում յուրաքանչյուր կուսակցության անցած ճանապարհը, ներկա հնարավորություններն ու հավակնությունները այնքան բացահայտ են, որ կարճ կարող են բանաձևվել «ՀՀԿ և ընկերություն» բաց բաժնետիրական ընկերություն, որ ստեղծվում է մեկանգամյա գործածության համար:
Նախագահականում հանդիպումների ընթացքում, ինչ էլ հայտարարեն հանդիպման մասնակիցները, հաստատեն, թե հերքեն, սահմանադրական բարեփոխումներից բացի որոշարկվում է ապագա խորհրդարանի պատկերը: Հենց այս հանգամանքն է քաղաքական տարբեր դիրքորոշումներ ունեցող ուժերին տանում Բաղրամյան 26՝ չվտանգելու համար իրենց քաղաքական ապագան: Սահմանադրությունը՝ Սահմանադրություն, ընտրությունը՝ ընտրություն, Հայաստանում ընտրացուցակները և պատգամավորների կազմը որոշվել ու որոշվում են նախագահականում: ՈՒ այդ փաստի հետ չեն կարող հաշվի չնստել ոչ հանդիպումներին մասնակցածները, ոչ չմասնակցածները:
Գործնականում թվում է՝ «Ոչ»-ի ճակատը մնում է ՀԱԿ-ի հույսին: Մեկ էլ՝ «Հիմնադիր խորհրդարանի»: Նաև՝ «Ժառանգության»: Բայց այդ ճակատը կարող է վճռական համալրում ստանալ, եթե Վարդան Օսկանյանը վերջապես ստանա ակնկալած ֆինանսավորումը և կուսակցություն ստեղծի, եթե բացահայտ խաղի մեջ մտնի Ռոբերտ Քոչարյանը: Քաղաքական բանավեճին զուգահեռ այդ դեպքում խաղի մեջ կմտնեն ֆինանսները, որոնց վերջնանպատակը սահմանադրական հանրաքվեն տապալելը չէ միայն, այլ կառավարման մոդելի, ուրեմն և նախագահի պաշտոնի պահպանումը և սահուն անցումը ընտրական ցիկլ, երբ հեռացող Սերժ Սարգսյանին հակակշիռ փորձելու է դառնալ երկրորդ նախագահը՝ նվազեցնելով ՀՀԿ-ի վերարտադրության շանսերը: Ավելի ճիշտ՝ տրոհելով ՀՀԿ-ն, որովհետև ցանկացած կուսակցություն Հայաստանում աշխատանքի տեղավորման բյուրո ու կարիերայի կայացման պայման է, հետո՝ քաղաքական կառույց: Իրավիճակի փոփոխության դեպքում ՀՀԿ-ն բացառություն չի կազմելու բնականաբար:
Օգոստոսյան իրադարձությունների պատկերը սահմանադրական բարեփոխումների մասով հիմնականում այսպիսին էր, եթե հավելենք, որ խորհրդարանում սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամների հետ հանդիպումներում վերջապես «հիշեցին» ՀՀԿ-ին՝ ամբողջ երկու օր ու իր 300-ից ավելի առաջարկներով ՀՀԿ-ն ցեմենտում է կոնսոլիդացիան ինքն իր շուրջ ու իր գլխավորությամբ: Բայց դեռ հայտնի չէ՝ դա օգո՞ւտ, թե՞ վնաս է սահմանադրական բարեփոխումներին, երբ գործը հասնի հանրաքվեին: Եթե ՀՀԿ-ն չգերազանցի տասը տարի առաջ Ռոբերտ Քոչարյանի նախագահության ընթացքում սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի րոպեում 45 քվեարկող ռեկորդը, կառավարման մոդելը Հայաստանում չի փոխվի: Շարքային ընտրողի համար այսօր շատ ավելի կարևոր են սոցիալական ու տնտեսական հարցերը, դոլար-դրամ նոր խաղերը, էլէներգիայի թանկացումն ու գնաճը, քան խորհրդարանական կառավարման առաջին օրից երկնքից մանանա թափվելու իրավական հիմքերի ու քաղաքական խոստումների հեռանկարը: Իրական կոնսոլիդացիան, եթե կայանա, կայանալու է ոչ քաղաքական վարձավճարված դաշտում, այլ հենց այստեղ, որտեղ ժողովուրդը մնացել է մենակ իր պրոբլեմների հետ: Եվ շատ մեծ հարց է այդ կոնսոլիդացիան ասելու է «Այո՞», թե ՞ «Ոչ»:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- Եթե փորձենք ավելի խորքից քննարկել կոնսոլիդացիայի «Այո»-ն ու «Ոչ»-ը, դաշտերը կարող են վերջնականապես խառնվել: Ի վերջո, նախագահական, կիսանախագահական, թե խորհրդարանական կառավարման մոդելը չէ գլխավորը, կարևորը պետության անկախությունն է, տնտեսական ներուժը, անվտանգությունը: Ի՞նչ տարբերություն ՀԱԿ-ի «Ոչ»-ի ու ՀՀԿ-ի «Այո»-ի միջև, եթե Հայաստանի ապագան երկուսն էլ տեսնում են ԵԱՏՄ-ում: Փաստացի սահմանադրական փոփոխություններին «Ոչ» ասող միակ քաղաքական ուժը, որ նաև Հայաստանի ինքնորոշման, ոչ թե Արևմուտք կամ Ռուսաստան անվերապահ ու անդարձ կողմնորոշման կողմնակից է, «Հանրապետություն» կուսակցությունն է, որ նաև դեմ էր ԵԱՏՄ-ին անդամակցությանը: Ստացվում է, որ «Այո»-ի ճակատը մեկանգամյա գործածության բաց բաժնետիրակամ ընկերություն է, իսկ «Ոչ»-ի ճակատը կարող է ձևավորվել երկու տարբեր հարթությունների վրա: Առաջին՝ մեկանգամյա գործածության՝ «Դեմ ենք հանրաքվեին ու վերջ, մյուս խնդիրները մեր լուծելիքը չեն» սկզբունքով: Երկրորդ՝ «Դեմ ենք հանրաքվեին, որովհետև սահմանադրական փոփոխություններից առաջ Հայաստանում քաղաքական, տնտեսական ու սոցիալական տասնյակ առաջնահերթ խնդիրներ կան, որոնց լուծումը պետք է մեզ ու մենք պետք է տանք» սկզբունքով: Դա երկարաժամկետ ու առավել քան կենսական կարևորության նպատակ է, որի շուրջ կոնսոլիդացիան կոնսոլիդացիա է Հայաստանի ներկայի ու ապագայի համար:

Դիտվել է՝ 1098

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ