Իլոն Մասկը X սոցիալական ցանցում Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահի ավելի ընդունելի թեկնածու է համարել, քան նրա մրցակից Քամալա Հարիսին։ Նա մեկնաբանել է մի գրառում, որում օգտատերը պնդում էր, որ Թրամփը «ընտրություններում չարյաց փոքրագույնն է»։ «Միանշանակ»,- գրել է Մասկը:               
 

Հայկական լաբիրինթոսը

Հայկական լաբիրինթոսը
17.07.2015 | 00:56

Հունիսի 14-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 7 դրամով բարձրացրեց էլէներգիայի սակագինը և հունիսի 17-ից «Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը Ազատության հրապարակում հանրահավաք հրավիրեց, որը ինքնաբուխ վերածվեց նստացույցի, ապա նաև Բաղրամյան պողոտան «գրավելու» ու երկու շաբաթ այնտեղ բողոքի հանրահավաք, նստացույց անելու: Սա սկիզբն էր իրադարձությունների, որոնք որոշակի ինքնատիպություն հաղորդեցին 2015-ի հայկական ամռանը: 2015-ի ամառը քաղաքակա՞ն է, քաղաքացիակա՞ն, սոցիալակա՞ն, թե՞ պարզապես ամառ, որից երկու տարի հետո համապետական ընտրություններ են, իսկ մինչ այդ՝ սահմանադրական հանրաքվե:

Փորձենք ամփոփել.
1. Էլէներգիայի թանկացման դեմ սոցիալական շարժումն ասպարեզ բերեց «Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնություն, որը հունիսի 28-ին տրոհվեց, բայց փորձում է ասպարեզում մնալ՝ բարձրացնելով արդեն ոչ սոցիալական հարցեր:
2. «Ո՛չ թալանին» նախաձեռնության Բաղրամյան պողոտան լքելուց հետո մնացին ակտիվիստներ, որ հետո իրենց անվանեցին «Ոտքի, Հայաստան» ու շարունակեցին շարժումը՝ մինչև ոստիկանության միջամտությամբ Բաղրամյան պողոտան երթևեկի համար բացելը: Նրանք պահանջում են էլէներգիայի թանկացման կասեցում:
3. Երկու շաբաթում սոցիալական շարժումը՝ ոչ առանց իշխանության աջակցության, գեներացրեց հասարակական էներգիան ու լիցքաթափեց:
4. Էլէներգիայի սակագնի բարձրացումը չեղարկելու պահանջը չբավարարվեց ու տարրալուծվեց ոստիկանության դեմ պայքարի:
5. Իշխանությունը գերադասեց սոցիալական շարժմանը կարգավիճակ չտալ և պայքարը վերածեց Բաղրամյան պողոտան բացելու տեխնիկական խնդրի լուծման:
6. ՀԷՑ-ի սեփականատեր Ռուսաստանը ինքնատիպ արձագանքեց երևանյան իրադարձություններին ու արեց քայլեր, որ առաջին հայացքից ՀԷՑ-ի հետ կապ չունեն, և իրենից հեռացրեց ՀԷՑ-ի ներկա վիճակի պատասխանատվությունը:
7. Այս ամբողջ ընթացքում քաղաքականությունը քնած չէր. նոր կուսակցությունների դերի ու նոր խորհրդարանում տեղերի բաշխման սակարկությունները սկսվել են: Արդեն հստակ է՝ ովքեր ինչ դեր են խաղալու Սահմանադրության փոփոխության հանրաքվեի հարցում:
Իշխանությունը սքանչելի օգտագործեց քաղաքացիական շարժումը և այլևս չունի նրա կարիքը՝ նման շարժումները մեկանգամյա օգտագործման համար են: Գործնականում ամեն ինչ ավարտվել է, բայց պայքարն առերևույթ շարունակվում է: Թերևս խնդիրը հընթացս քաղաքական նոր էլիտայի ձևավորումն էր՝ միանգամից ասպարեզ հանելու անհայտ մարդկանց, որ հաղթանակի դափնեպսակով կշարունակեն նախորդների փառավոր գործերը: Էլէներգիայի բարձրացված սակագինը չեղարկելու հարցը արդեն հունիսի 23-ի ջրոցիից ու բռնոցիից հետո մղվել էր հետին պլան: Աստիճանաբար պարզվում էր, որ հայտարարված ֆիլմից բացի նկարահանվում է մեկ այլ ֆիլմ, որ մեծ էկրան կբարձրանա երկու տարի հետո: Հարցերի հարց դարձան կուսակցությունների ու քաղաքացիական նախաձեռնության փոխհարաբերությունները, օրեցօր ավելի հաճախ ու բարձր հայտարարվում էր, որ կուսակցությունները սպառել են իրենց ու այլևս անելիք չունեն: Երբ շախմատի տախտակը շրջում եք ու խաղը դիտարկում եք այլ տեսանկյունից, պարզ է դառնում, որ անցած մեկ ամսում Հայաստանում հընթացս լուծվում էին բոլորովին այլ հարցեր ու այլ խնդիրներ: Սահմանադրության փոփոխությունների հայեցակարգը ներկայացված է, խաղի պայմանները ակնհայտորեն խստանում են, հերթական խորհրդարանական ընտրությունները դառնում են 30-ով պակասած պատգամավորների գլադիատորական մարտեր երկու փուլով:

Գործնականում փոխվում է կոալիցիոն տրամաբանությունը. եթե առաջ կոալիցիաները կազմվում էին ընտրությունների արդյունքներով, հիմա ընտրվելու համար պետք է մաս կազմել կամ իշխանությանը, կամ շատ ուժեղ ընդդիմությանը: Այս համապատկերում քաղաքական կուսակցությունների համահասարակական լիակատար վարկաբեկումը նոր իմաստ է ստանում և ազդանշան է, որ նոր խորհրդարանում գերակայելու են նոր դեմքերը: Ժամանակը կարճ է՝ արագ պետք է նրանց խաղի մեջ մտցնել: Այլապես՝ անհասկանալի է, որ իրենց բարձրացրած պահանջներից ոչ մեկին չհասած, երկու շաբաթով Բաղրամյան պողոտան փակած երիտասարդներն իրենց հայտարարում են հաղթած ու իրավունք են վերապահում խոսել քաղաքական կուսակցությունների ավելորդության, հասարակական կյանքում դերի ու առաքելության ավարտի մասին: Նույնքան տարօրինակ է, որ կուսակցություն ասելիս հասկանում են միայն ոչիշխանական քաղաքական ուժերին և նրանցից են պահանջում լուծումներ, որ կարող է միայն իշխանությունը տալ: Նկատեցի՞ք՝ ինչ արագությամբ՝ շաբաթը մի կուսակցություն էր ստեղծվում նախքան ՀԷՑ-ի պատմությունը՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Ալյանս», Արթուր Բաղդասարյանի «Հայկական վերածնունդ»: Ռոբերտ Քոչարյանն է նոր կուսակցություն ստեղծում, որ հայտնի էր փետրվարից: Էդմոն Մարուքյանն է պատրաստվում կուսակցություն ստեղծել: Մի կողմից` բոլորն ընդունում են, որ փոքրիկ Հայաստանը պետք չէ մասնատել անվերջ ու միմյանցից ծրագրային ու գաղափարական տարբերություններ չունեցող կուսակցությունների միջև, մյուս կողմից՝ նորանոր կուսակցություններ ու կուսակցությունների միավորումներ են ի հայտ գալիս՝ ներսի ու դրսի հովանավորներով: Ո՞րն է պատճառը: Պատճառը արտաքին գործոնի՝ Ռուսաստանի խայտառակ մեծ ներգործությունն է հայկական քաղաքական ուժերի վրա: Քաղաքագիտական վերլուծության օրերից պարզ էր, որ քաղաքական պայքարը Հայաստանում մեկ խնդրի շուրջ է պտտվում՝ ո՞վ ավելի հավատարիմ կսպասարկի Ռուսաստանի շահերը: Իշխանության հետ մրցակցող ոչիշխանական ուժերը փետրվարին տանուլ տվեցին պայքարը: Պարզ դարձավ, որ նրանք հայտնվեցին պահեստայինների նստարանին, ոմանք գուցե ընդհանրապես դաշտ դուրս չգան: ՀՀԿ-ի բացարձակ մեծամասնությունը և քաղաքական ընդդիմության չգոյությունը ի հայտ բերեցին իրավիճակային հարցեր լուծող քաղաքացիական նախաձեռնությունների անհրաժեշտություն, որ կատարում են քաղաքական խնդիր՝ ընդունեն, թե ոչ: Խորհրդարանական ընտրություններից առաջ քաղաքական դաշտի նոր դասավորության կարիք զգացին հավասարապես թե Հայաստանի, թե Ռուսաստանի իշխանությունները: Հայաստանի իշխանությանը պետք էր արևմտամետ բևեռ՝ խաղը հավասարակշռելու համար, բևեռ, որ գործում է իշխանության հետ համաձայնության դաշտում: Ռուսաստանին պետք են նոր դեմքեր ու քաղաքական ուժեր, որ նախկինների պես հայտնի չեն իրենց կողմնորոշումներով, կարող են կատարել այն դերը, որ մինչ այդ կատարում էին ոչիշխանական ուժերը՝ այդ պատճառով զրոյացնելով իրենց քաղաքական կապիտալը: Պատրա՞ստ են քաղաքացիական նախաձեռնությունները դիմակայել քաղաքական փորձություններին՝ ոչ պայմանական ու ոչ մանկական, թե՞ նրանք ևս հընթացս հայտնվելու են իշխանության ծրագրերում՝ ձևավորելու քաղաքական «նոր» էլիտա՝ նոր պայմաններում հին քաղաքականությունը շարունակելու առաքելությամբ: Նրանք, որ այսօր իրենց որոշումները օրվա մեջ տասն անգամ փոխում են, կունենա՞ն կամք ու դիմացկունություն՝ չխաղալու իշխանության խաղը և հավատարիմ մնալու այս օրերին հնչած ամենապայծառ կարգախոսին՝ «Մենք ենք տերը մեր երկրի»: Արդեն աշնանը քաղաքական դաշտը վերաբաժանվելու է երկու մասի՝ կողմ ու դեմ Սահմանադրության փոփոխությանը, հիմնավորումները ևս հայտնի են՝ երկու կողմերի էլ: Գտնվելո՞ւ է ուժ, որ հասարակությանը բացատրի` խնդիրը նախագահական, թե խորհրդարանական կառավարման մոդելի մեջ չէ, խորհրդարանի ընտրությունը բարդացնելու, նախագահ ընտրելու ձևերի մեջ չէ, վարչապետի իրավասությունները փոխելը չէ, ուստի անիմաստ է Սահմանադրություն փոխելը, երբ գործնականում Հայաստանում շարունակելու է գործել նույն մոդելը՝ նույն իշխանական բուրգում գործող անձանց փոխատեղություններ կատարելով, նշանակովի ընտրություններով, սոցիալական նույն քաղաքականությամբ, տնտեսական նույն քաղաքականությամբ, նույն արտաքին քաղաքականությամբ: Ի՞նչ իմաստ ունի Սահմանադրությունը փոխելը կամ չփոխելը: Գործող ու նոր ստեղծվող կուսակցություններն էլ, որ ինքնակամ կամ հարկադրված ներքաշվելու են այդ խաղի մեջ՝ սպասարկելու են համակարգի շահերը, իսկ գործընթացը բոյկոտելու դեպքում դուրս են մնալու քաղաքական դաշտից: Ստացվում է ավանդական հայկական լաբիրինթոս, որտեղ ելքը չեն գտնում, որովհետև չի եղել ի սկզբանե ու չկա: Ելքը Հայաստանում ստեղծված զուգահեռ իրականության մեջ է, որտեղ ապրում է ժողովուրդը՝ ժամանակի մեջ ոչ թե ինքնակազմակերպվելով, այլ ցրվելով ու այլ երկրներում փնտրելով իր երկրի խնդրի լուծումը: Զուգահեռ այդ իրականության մեջ քաղաքական գրավիտացիայի օրենքը չի գործում, որևէ օրենք չի գործում՝ բացի բրոունյան շարժումից, ու դա գործող համակարգը դարձնում է կենսունակ, ստեղծված լաբիրինթոսը՝ քաղաքական նորանոր մանևրների դաշտ, որտեղ օրը քառասուն կուսակցություն էլ ստեղծվի, թե վերանա, վիճակը նույնն է, պատերը քանդելու փոխարեն գերադասում են փողոցները փակել: Հայաստանում պիտի լինի Հայաստանում կառավարվող ու Հայաստանի շահերով գործող կուսակցություն, ոչ ռուսամետ, ոչ արևմտամետ, հայամետ ու հայկական շահերը սպասարկող, թիկունքում հայ ժողովրդին ունեցող: Հայաստանում կառավարվող կուսակցությունը միայն կարող է իշխանության գալով՝ ապահովել լեգիտիմ իշխանություն ու, գիտեմ, որ համարյա հայհոյանք է հնչում, բայց՝ զարգացում: Ժողովրդավարության ու տնտեսության: Բնավ այնպես չէ, որ այդպիսի ուժեր Հայաստանում չկան: Եղել են, կան: Իրականում նրանք են շատ ավելի հաստատուն ու աներեր կանգնած Հայաստանի ինքնիշխանության պահպանության դիրքերում, ու նրանց դեմ է գործում ամբողջ իշխանական համակարգը՝ հավելած ոչիշխանական կուսակցական համակարգը, որ իր գոյապահպանությունը տեսնում է երկրից դուրս գտնվող ուժերին ու անհատներին սպասարկելու մեջ: Որովհետև նրանք էլ հույս չունեն, որ ժողովուրդը ասելու է իր խոսքը: Հայամետ ուժերը դեմ էին Հայաստանի անդամակցությանը ԵԱՏՄ-ին: Արդեն պարզ է՝ ԵԱՏՄ-ն 70-միլիոնանոց սպառման շուկայի բանալին չէր, Հայաստանի անվտանգության ամպհովանին չէր, միջոց էր՝ պահպանել ներկա վիճակը ևս մի քանի տարի՝ ապագայի անորոշության պայծառ հեռանկարով: Ռուսաստանը ևս ԵԱՏՄ-ի անհեռանկարայնությունը տեսնելով՝ փորձում է զարգացնել ինտեգրման նոր մեխանիզմներ՝ ԲՌՀՉՀ-ն ու ՇՀԿ-ն, որտեղ առաջին ջութակը Չինաստանն է, երկրորդն առաջիկայում կարող է Հնդկաստանը դառնալ, բայց որի շրջանակներում Ռուսաստանը պահպանում է դեպի Արևելք շարժման առաջատարի քաղաքական դերը՝ ի հակակշիռ Արևմուտքում կորցրած դիրքերի: Սա մեծ քաղաքականություն է, որը չի ամրակայվում մեծ տնտեսության ստեղծմամբ: Իրանի դեմ պատժամիջոցների վերացմամբ նոր իրավիճակ է ստեղծվում տարածաշրջանում ու համաշխարհային տնտեսության, ուրեմն և աշխարհաքաղաքականության մեջ: Նոր ալյանսներ են ուրվագծվում՝ ռազմական, տնտեսական, էներգետիկ՝ Թուրքիայից Իսրայել: Իսկ Հայաստանը լողում է՝ առագաստները պարզած Արևմուտք, խարիսխի վրա «Ռուսաստան» գրած: Քամիները նշանակություն չունեն՝ խարսխի ծանրությունը թույլ չի տալիս տեղից պոկվել, ու մենք լողում ենք մեր շուրջը: Խոստումնալից նավարկություն է՝ տեղ ենք հասնելու, որովհետև տեղից չենք պոկվելու: Թե հին, թե նոր Սահմանադրությամբ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Ինչպիսի՞ն է 2015-ի հայկական ամառը: Ե՞րբ է խարսխից պոկվելու ժամանակը: Ե՞րբ է հայկական լաբիրինթոսը քանդելու պատերը: Որևէ սահմանադրություն իրավիճակ չի փոխելու, երբ ինքնորոշման փոխարեն առանցք է կողմնորոշումը, ալիքի վրա մնալու համար՝ բազմավեկտոր ապակողմնորոշումը: Խառնաշփոթի անունն է «Ապահով Հայաստան»:

Դիտվել է՝ 1177

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ