«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Մեր տերակոտե բանակը

Մեր տերակոտե բանակը
23.06.2015 | 01:04

1987-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն համաշխարհային ժառանգության մաս հայտարարեց չինական տերակոտե բանակը, որ Ցին դինաստիայի հիմնադիր Ցին Շինխուանդիի խելահեղ ձեռնարկն էր, իսկ նա միավորեց Չինաստանը և Չինական մեծ պարսպի բոլոր հատվածները: Մ. թ. ա. 210-209-ին: 8099 հետիոտն ու ձիավոր զինվորներ՝ զենքերով, ռազմակառքեր հայտնվեցին Ցինի Սիանում գտնվող դամբարանում: Մ.թ.ա. 246-ին գահ բարձրացած Ին Չժենը ուզում էր, որ կավե զինվորները իր հետ լինեն այնկողմնային աշխարհում՝ շարունակելու պատերազմները, որ այսկողմնային աշխարհում չէր ավարտել: 700 հազար վարպետներ 38 տարում կատարեցին նրա ցանկությունը: Տերակոտե բանակը այսօր էլ կա ու պահպանում է պետությունը տեսանելի ու անտեսանելի վտանգներից: Կավե զինվորները հունցվել են Չինաստանի բոլոր շրջաններում, և ոչ մեկը մյուսին նման չէ:
Ինչո՞ւ հիշեցի չինական տերակոտե բանակը: Չգիտեմ, նրանք Չինական պարսպի հետ նույն գործն են արել՝ միավորել են երկիրը, եղել են ընդհանրական գաղափար, որ տարածքը դարձրել է Հայրենիք: Մենք տերակոտե բանակ չենք ունեցել: Մենք չենք ունեցել պարիսպ: Մեր բանակը, պարիսպը, պարտությունն ու հաղթանակը կենտրոնացրել ենք մեր ներսում ու դարձել ենք պայթյունավտանգ՝ ինքներս մեզ համար: Բայց՝ հարմար ու հարմարվող օտարների համար: Ի տարբերություն չինականի, հայկական կավի առանձնահատկությունն է՝ ճկուն է, ճկվում է թրծելուց հետո էլ:
Անցած շաբաթը ծանր էր, երկուշաբթիի էին նման շաբաթվա բոլոր օրերը: Արտահերթ նիստ էր անում Ազգային ժողովը: Իր սիրելի ավանդույթով՝ կառավարությունը արտահերթի օրակարգը կազմում է վիճահարույց հարցերով՝ վստահ, որ մեծամասնություն ՀՀԿ-ն անցկացնելու է բոլոր օրինագծերը: ՀՀԿ-ն անցկացնում է, երբեմն խոսում է դեմ, բայց հիմնականում քվեարկում է կողմ՝ առանձին բացառություններով, որոնք որակ չեն դառնում: Ակցիզային հարկի թանկացմամբ նոր թանկացումներ կլինեն, թեպետ կառավարությունը խոստանում է, որ ալկոհոլն ու սիգարետը չեն թանկանա, բայց դա մանկական հեքիաթ է, որին միայն կառավարության պաշտոնյաներն են հավատում: «Պետական պարտքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծով կառավարությունն առաջարկում էր հստակեցնել միայն կառավարության պարտքային պարտավորությունների սահմանված շեմը գերազանցելու դեպքում առաջացող հարաբերությունները: Կառավարության պարտքը չպետք է գերազանցի ՀՆԱ-ի 60 տոկոսը, որը չի ներառում Կենտրոնական բանկի պարտքի չափը: Պատգամավորները պնդում էին, որ կառավարությունը փորձում է ԿԲ-ի պարտքերը դուրս բերելով՝ մեծացնել նոր վարկեր ներգրավելու հնարավորությունը, իսկ դա ռիսկային է բոլոր առումներով: Գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանն առարկում էր ու փարատում մտահոգությունները, բայց փաստը մնում է փաստ, որ կառավարության պարտքը հասնում է ՀՆԱ-ի 50 տոկոսի սահմանագծին, իսկ դա արդեն կարմիր գիծ է: Հայաստանում ԱՄՀ գրասենյակի ղեկավար Թերեզա Սանչեսը հայտարարեց, որ ԱՄՀ-ի վերլուծությունների համար պարտքերի տարանջատումը նշանակություն չունի, պարտքը դիտարկվում է մեկ ամբողջություն: Իսկ երեկ նոր արտահերթ նիստ հրավիրվեց՝ քվեարկությունների ու համաձայնագրերի համար:
Շաբաթվա անսպասելի իրադարձությունը ուրբաթ օրվա հանրահավաքին հաջորդած նստացույցն էր՝ սոցիալական բունտը, որ անհնար էր համարվում Հայաստանում: Սոցիալական բունտը, որ միայն Երևանում չէ, այլև մարզերում ու Գյումրիում: Հունիսի 17-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 7 դրամով թանկացրեց էլեկտրաէներգիայի վարձը: Այդ օրը բեմադրվեց էներգետիկ թատրոնի ևս մեկ արար՝ հանձնաժողովում ընթերցվեց Եվգենի Բիբինի սպառնալից նամակը, որ սակագինը 17 դրամով չթանկացվի, ՀԷՑ-երը չեն երաշխավորում սպասարկումը:
Բայց Ռոբերտ Նազարյանը հերոսացավ մինչև վերջ և ամբողջ տասը դրամով «վնասեց» ՀԷՑ-երին: Էներգետիկ թատրոնը, իհարկե, դիտարժան, բայց ծանր ներկայացում էր, բոլոր գործող անձինք մնացին ողջ-առողջ, զոհեր չեղան, բայց ինչպես թատրոնն արտացոլում է իրականությունը, այնպես էլ այս ողջ պատմությունը վկայեց, որ Հայաստանի Հանրապետությունը իրականում չունի էներգետիկայի ոլորտի կառավարման ռազմավարություն: Չի ունեցել նման խնդիր ու հիմա էլ չի պատրաստվում ունենալ: Երկու օր անց պայքարի դուրս եկած ակտիվիստները համարում են, որ ամեն ինչ կորած չէ, և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը չէ այն ատյանը, որտեղ լուծվում են խնդիրները: «Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը վստահ է, որ Ռոբերտ Նազարյանի գլխավորած հանձնաժողովի որոշումը եղանակ չի փոխում: Նա, իհարկե, ճիշտ է: Եվ ճիշտ են փողոց դուրս եկած հազարավոր սպառողները, այն մի քանի հարյուրը, որ գիշերում են Ազատության հրապարակում: ՈՒրբաթ օրը նրանք մինչև երկուշաբթի ժամանակ տվեցին իշխանություններին սակագինը վերանայելու համար և խոստացան պահանջը չկատարելու դեպքում շարժվել նախագահական նստավայր: Իշխանությունները մի քանի տարբերակներ ունեն, որոնցից ամենավերջինը որոշումը չեղյալ հայտարարելն է, բայց նրանք, ինչպես միշտ, կգնան իրենց ճանապարհով: Հայաստանում ավանդույթ է ջրցան մեքենաներով ու ոստիկաններով նախագահականը պաշտպանելը: Այո, այս անգամ չկան քաղաքական պահանջներ, սպառողներն ուզում են պաշտպանված տեսնել իրենց իրավունքները և դիմում են իշխանությանը՝ ընդամենը: Բայց ցանկացած փաստ Հայաստանում կարող է մեկնաբանվել ամենատարբեր սկզբունքներով, ցանկացած խաղաղ գործողություն կարելի է վերածել ծեծկռտուքի ու բախման և հարուցել հերթական քրեական գործը, որովհետև Հայաստանում քաղաքական խնդիրներ չեն եղել, չկան ու չեն լինելու:
Երիտասարդական ուժերով ծավալվող պայքարը բոլորիս է վերաբերում, բոլորս ենք սպառող, անգամ իշխանությունը, որ, ինչպես պարզվում է, որոշակի արտոնություններ ունի չվճարելու կամ մասամբ վճարելու: «Ո՛չ թալանին» նախաձեռնությունը ինքնակազմակերպման ու պայքարի տակտիկայի ձևակերպման իր իրավասություններն ունի: Ակնհայտ է, սակայն, որ հարցը միայն էլեկտրաէներգիայի գինը բարձրացնել-չբարձրացնելը չէ: Հարցը շատ ավելի խորքային է ու պահանջում է հիմնավոր լուծում, քան կարող էր լինել ՀԷՑ-երի հերթական հայցի մերժումը, հետաձգումը, հիմա արդեն՝ որոշման վերանայումը:
«Ինտեր ՌԱՈ» ընկերությունը արդեն տասը և ավելի տարիներ հայկական էլցանցերի սեփականատերն է մոնոպոլ կարգավիճակով, ՀԷՑ-երի նրանց կառավարումը ոչ միայն չի արդիականացրել էլցանցերը, այլև հասցրել է ճգնաժամի ու ֆինանսական աղետի ողջ էներգետիկ համակարգում, հիմա հերթական անգամ սակագնի փոփոխությունը՝ ոչ 17, ոչ 7 դրամով իրավիճակը չի փոխելու: Իրավիճակը չի փոխվելու, եթե Եվգենի Բիբինը գնա, մեկ այլ կառավարիչ գա: Խնդիրը անձը չէ, խնդիրը կառավարման համակարգն է: Բաշխիչ էլեկտրացանցերը ժամանակին սեփականաշնորհվեցին, որպեսզի արդյունավետ կառավարվեն, արդիականացվեն ու շահույթով աշխատեն: Որևէ խնդիր լուծված չէ: Բաշխիչ էլեկտրացանցերը պետք է պետականացվեն և նոր պայմաններով վաճառքի հանվեն՝ միջազգային մրցույթով, իսկ կուտակված պարտքի մարումը կարող է հետաձգվել, գանձվել կառավարչից կամ երրորդ տարբերակ գտնել, բայց շարունակել նույն ձևով՝ վնասարարություն է պետության նկատմամբ: Ստեղծված իրավիճակում Ռուսաստանը ինքն է իր էլեկտրացանցերի արդիականացումը հանձնում այլ երկրների՝ գերմանական E On կոնցեռնը, օրինակ, պատրաստ է Կալինինգրադի մարզի էլցանցերն արդիականացնել՝ Սանկտ Պետերբուրգի տնտեսական միջազգային ֆորումում հայտարարել է «Ռոսսետի» ընկերության նախագահ Օլեգ Բուդարգինը: Հայաստանին պետք է էներգետիկ ոլորտի գույքագրում և ունեցած հզորությունների շահագործման հնարավորությունների վերանայում: Ատոմակայան ունեցող երկիրը չպիտի կախված լինի երաշտից, ՀԷԿ-երի ու ՋԷԿ-երի արտադրած էլեկտրաէներգիայի գների տարբերությունից ու տատանումներից: Մեծամորի ատոմակայանի աշխատանքը ևս մեկ տասնամյակ կամ ավելի երկարացնելը հարցի լուծում է այդքան ժամանակով միայն: Հայաստանին նոր ԱԷԿ է պետք՝ նոր տեխնոլոգիաներով ու ապահովության երաշխիքներով: Արևմտյան կապիտալի ու տեխնոլոգիաների, կառավարման ներդրումով: Մենք չենք կարող սպասել այնքան, մինչև Ռուսաստանը իր քաղաքական ու տնտեսական հարցերը Արևմուտքի հետ կարգավորի, ժամանակ ու ցանկություն, հնարավորություններ ունենա ևս մեկ ատոմակայան Հայաստանում կառուցելու: Նման մտադրություն Ռուսաստանը բացահայտորեն չունի: Էներգետիկ դիվերսիֆիկացումը այն խնդիրն է, որի լուծումով Հովիկ Աբրահամյանի կառավարությունը կարող է իսկապես պատմության մեջ մնալ՝ իբրև տնտեսության հիմքերի հիմքի ստեղծման արմատական լուծում տված կառավարություն: Հրաշալի քառյակի ուժերով իշխանության գալը հրաշալի գործունեության երաշխիք չէ՝ պարզվեց: Պարզվեց նաև, որ հրաշալի քառյակն արդեն չկա, բայց նրա գոյության հետևանքները շարունակվում են: Ճիշտ այնքան հրաշալի, որքան իրենք էին:
Ստրասբուրգում սկսվեց ԵԽԽՎ ամառային նստաշրջանը, որտեղ լսվելու են մոնիթորինգի հանձնաժողովի զեկուցումները: Ադրբեջանին վերաբերող զեկույցը համազեկուցողներ Պեդրո Ագրամունտի և Տադեուշ Իվինսկու ջանքերով ներառել են նաև Հայաստանը: Այսինքն՝ եթե Հայաստանի «ագրեսիան» չլիներ, Ադրբեջանը ժողովրդավար երկիր կլիներ: Թե ինչու են իսպանացին ու լեհը համակվել ադրբեջական տասնամյակների վաղեմության մտայնությամբ, կարևոր չէ: Կարևորը՝ որ խորհրդարանական վեհաժողովը կազմափոխվել ու որակափոխվել է այնքան, որ բացարձակ գերակայություն է տալիս շահերին՝ միայն իբրև ցուցանակ պահպանելով իր հիմնադիր արժեքները: Պատճառներն այնքան շատ են ու այնքան բազմազան, որ վերլուծելը, միևնույն է, բերելու է նույն եզրահանգմանը, իսկ մեզ շարունակում է թվալ, թե Հայաստանի Հանրապետության սահմանն անցնում է Ստրասբուրգով: Ոչ, Ստրասբուրգում մենք սահման չունենք, ինչպես Մոսկվան չէ մեր մայրաքաղաքը:
Հայաստանի արտաքին քաղաքականությունը որոշում է ոչ ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակությունը, ոչ էլ պատվիրակությունն է պատասխանատու այդ քաղաքականության հաջողությունների կամ ձախողումների համար: Սահմանադրությամբ այդ խնդիրը լուծում է ՀՀ նախագահը: Անգամ արտաքին գործերի նախարարն ընդամենը արտաքին քաղաքականությունը իրականացնող պաշտոնյա է, ոչ ավելին: Բայց մենք ուզում ենք, որ Ստրասբուրգում ԱԺ պատվիրակությունը, ինչպես ռինգում, նոկաուտի ենթարկի հակառակորդներին ու եռագույնը ծածանելով՝ հաղթական երգի Հայաստանի հիմնը: Պակասին համաձայն չենք, որովհետև եթե այդպես չէ, ուրեմն պարտություն է, ուրեմն ձախողում է, ուրեմն դավաճանություն է՝ սա է մեր ըմբռնումը: Սխալ ու իրականությունից կտրված ըմբռնումը՝ ինչպես քաղաքականության մասին ընդհանրապես, այնպես էլ ԵԽԽՎ-ում մասնավորապես: Եվրոպայում ասիական այդ պատկերացումները չեն աշխատում: Այնտեղ քավության նոխազ դարձնում են ոչ թե պատվիրակություններին, այլ երկրներին, որոնց վարած քաղաքականության հետ ինչ-որ հարցում համաձայն չեն: Իսկ այդ «ինչ-որ» հարցերը մենք միայն ավելացնում ենք, առավելագույնը տալիս ենք ժամանակավոր լուծումներ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ.- Մենք այդպես էլ չունեցանք մեր տերակոտե բանակը, որ համազգային ներքին դիմադրողունակության ցուցիչն է, մեր տերակոտե բանակը դարձել ենք մենք, իսկ մենք երևի ջայլամի գեն ունենք՝ խնդիրներից կամ հեռանում ենք, կամ հայհոյում ու մոռանում, որ խեղդվողի փրկության գործը խեղդվողի գործն է, նույնիսկ եթե ինքն իր մազերից հարկադրված լինի իրեն ջրից հանել: Բանակ է պետք, թեկուզ կավե, բայց՝ մտածող, բայց՝ դիրքերը երբեք չլքող: Տերակոտե: Գոնե:

Դիտվել է՝ 1539

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ