«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Յակունինի դեմարշը չի տեղավորվում եռակողմ ընդհանուր շահերի շրջագծում

Յակունինի դեմարշը չի տեղավորվում եռակողմ ընդհանուր շահերի շրջագծում
23.06.2015 | 00:22

Առայժմ կիսաձայն, բայց ԶԼՄ-ները սկսել են խոսել ԻՊ-ի և Սիրիայում նրան հարող ահաբեկչական կազմակերպությունների անհաջողությունների մասին և համապատասխանաբար՝ տարածաշրջանի հակատակֆիրիստական ուժերի հաջողության մասին: Տեսանելի շրջադարձի սկիզբը մայիսի վերջին 2-3 օրերն էին, որից հետո հունիսի 3-ին Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին բարձրաձայնեց Իրանի երեք կարմիր գծերը ԻՊ-ի ահաբեկչական գործունեության առնչությամբ: «ԻՊ-ի ցանկացած մարտահրավեր Բաղդադի կամ շիական սրբավայրերի վերաբերյալ, Իրանի սահմանին մոտենալու զինյալների ցանկացած փորձ երեք կարմիր գծերից է խմբավորման նկատմամբ»,- հայտարարեց կոնտրծովակալը, որ մի ժամանակ եղել է Իրանի պաշտպանության նախարարը: Արևմտյան և ռուսաստանյան ԶԼՄ-ները հիմնականում անդրադարձան Շամխանիի զգուշացմանը «խալիֆայականներին»՝ չմոտենալ Իրանի սահմանին, իրականում Շամխանին շատ ավելի լայն է հասկանում «կարմիր գիծը», քան ուզում են տեսնել Արևմուտքում և Ռուսաստանում: Նրա հայտարարությունը հաջորդեց իսլամիստների մի քանի լոկալ պարտություններին Իրաքի Անբար նահանգում, որի կենտրոն Էր Ռամադին նրանք վերջերս հեշտությամբ գրավել էին, լիուլի լրացնելով իրենց ռազմական զինանոցը:
Կոնտրծովակալ Շամխանիի խոսքերի բացատրությունը եկավ հետո, երբ հունիսի 5-ին լիբանանյան Daily Star-ը հաղորդեց համարյա սենսացիոն լուր: Իրանից Սիրիա են գալիս 15 հազար շիա կամավորականներ, նրանց թվում կան շիաներ Աֆղանստանից ու… Իրաքից: Տարածաշրջանի ահաբեկիչների սարսափ, ԻԻՀ պահնորդների արտասահմանում գործողությունների համար կազմավորված «Ալ Կոդս» ջոկատի հրամանատար, Սիրիայում ռազմական խորհրդատու, գեներալ Կասեմ Սուլեյմանին ինչ-որ տեղ Լաթաքիայի նահանգում է և ծրագրում է սիրիական բանակի, աշխարհազորի ու շիա կամավորների հակահարվածները: Դեռ մայիսի 30-ին սիրիացիները հակահարձակվել էին ահաբեկիչների դիրքերի վրա Դամասկոսից հյուսիս դեպի Հոմս: Եթե հավատանք սիրիական SANA գործակալությանը, այնքան հաջող, որ հավանական համարվեց հակահարձակումը Թադմոր-Պալմիրայի և նույնիսկ Թուրքիայի սահմանի ուղղությամբ: Լիբանանյան Daily Star-ը հաղորդում էր, որ հարավից նախագահ Բաշար Ասադի զորքերը հակահարված են ծրագրում՝ գեներալ Սուլեյմանիի զորամիավորումների հետ համաձայնեցրած: Լիբանանյան «Հըզբոլլահ» կուսակցության ղեկավար շեյխ Հասան Նասրալան Սիրիա հասած 15-հազարանոց շիա կամավորականների կորպուսի մասին տեղեկատվությունից հետո հայտարարեց, որ հարևան պետություն է ուղարկելու ևս 5 հազար լիբանանցի շիաներ ի հավելումն 7 հազար կամավորների, որ արդեն առաջին տարին չէ, որ օգնում են Սիրիայի ալավիներին, շիաներին ու քրիստոնյաներին՝ դիմադրել իսլամիստների գրոհներին:
Սիրիայում նախապատրաստվում է ինչ-որ բան, հազիվ թե աղբյուրներն այդ մասին «պատահաբար» խոսեցին հունիսի 7-ի Թուրքիայի խորհրդարանական ընտրություններից առաջ, որոնց ընթացքում պարզվեց, որ թուրքական հասարակությունում ԻՊ-ի հովանավորների հակառակորդների դիրքերը էականորեն ուժեղացել են: Հայտնի դարձավ նաև, որ Իրանը Դամասկոսին 1 միլիարդ դոլարի վարկ է տվել: Փաստացի, Իրանն ու Ռուսաստանը (թիկունքում ունենալով Չինաստանը) հիմա Սիրիայի միակ դաշնակիցներն են, և միայն նրանք են իրականում նպաստում ԻՊ-ի ոչնչացմանը: Իզուր չէր Սիրիայի խորհրդարանի նախագահ Ջիհադ ալ Լահամը, Թեհրանում պաշտոնական այցի ժամանակ, հունիսի 1-ին երախտագիտություն հայտնում այդ երկրներին իր ժողովրդին ահաբեկիչների հետ պայքարում աջակցելու համար: Հավելած, իհարկե, Լիբանանի «Հըզբոլլահը»: Սիրիացի զինվորներն ու աշխարհազորայինները օրերս վերացրին ԻՊ-ի «արտաքին գործերի նախարար» Մուհամադ ալ Գալյաբ Մուխեյրային եղբոր ու մի քանի զինակիցների հետ, ոչ թե ԱՄՆ-ի գլխավորությամբ արևմտյան հակաահաբեկչական կոալիցիայի «կետային հարվածները», ինչքան էլ փորձի գովազդել Արևմուտքը: Հիմա իրանցիները նախաձեռնում են Սիրիա ուղարկել շիաներին ոչ միայն Իրանից ու Աֆղանստանից, այլև Իրաքից: Իրաքում շիաների վիճակն այնքան էլ անտանելի չէ, նույնիսկ, հաշվի առնելով, որ Էր Ռամադին և Անբար նահանգի մի մասը սուննիների ու իսլամիստների վերահսկողության տակ է: Ցավոք, Իրաքում «ռազմաճակատի գծի» իրական պատկերի մասին քչերը գիտեն և հնարավոր չէ վստահ ասել, որ սպառնալիքը Բաղդադին կամ զինյալների Իրանի սահման դուրս գալու վտանգը լիովին վերացված են: Հայտնի է, որ մայիսի 26-ից սկսված է Էր Ռամադիի ազատագրումը՝ Իրաքի բանակի ոստիկանական ուժերի ու շիական աշխարհազորի հետ: Իրաքի շիական ոստիկանության Սիրիա մեկնելու պատրաստակամությունը հաստատում է, որ Իրաքում «խալիֆաթականները» լավագույն օրերը չեն ապրում: Երբ հունիսի 8-ին հաղորդվեց, որ սիրական բանակը նույնիսկ ընդլայնել է գազի հանքավայրերից մեկի «անվտանգության գոտին», դեպի ուր նետվում են տակֆիրիստները Թադմոր-Պալմիրայից հետո, ոչ զարմանք, ոչ էլ ուրախություն առաջացրեց Սիրիայում, Իրաքում ու Իրանում, ակնհայտ է, որ այդ երկրներում տեղեկացված մարդիկ ավելին են սպասում:
Հունիսի 5-ը ընդհանրապես հետաքրքիր օր էր տարածաշրջանի շիական համայնքների համար: Իրանն այդ օրը երրորդ դիվանագիտական նախազգուշացումն արեց Սաուդյան Արաբիային Եմենի հարցով, անհաջողությունների շրջան սկսվեց Արաբական թերակղզու շիաների «ընդդիմախոսների» համար: Թուրքական Anadolu գործակալության հաղորդմամբ՝ Սաուդյան Արաբիայի ժամանակավոր հավատարմատարը Թեհրանում հրավիրվեց Իրանի ԱԳՆ, և նրան բողոքի նոտա հանձնվեց Էր Ռիադի գլխավորած կոալիցիայի՝ Եմենին հասցված օդային հարվածների պատճառով: Այդ օդային հարձակումներից մեկի ժամանակ երկու հրթիռներ ընկել էին Իրանի դեսպանատան շենքի մոտ: Նախորդ անգամ՝ ապրիլի 30-ին, Սաուդյան Արաբիայի դիվանագետը հարկադրված էր եղել լսել Իրանի բողոքը, երբ թագավորության հակաօդային պաշտպանության ինքնաթիռները արգելակել էին հումանիտար բեռով Իրանի ինքնաթիռի վայրէջքը Եմենի մայրաքաղաքում: Իրանի Կարմիր կիսալուսնի ընկերության ինքնաթիռը երկու անգամ չէր կարողացել վայրէջք կատարել Սանայում սաուդյան ռազմական ավիացիայի գործողությունների պատճառով և հարկադրված էր եղել վերադառնալ: «Սաուդյան Արաբիայի նման գործողությունները հակասում են միջազգային իրավունքի նորմերին և անընդունելի են»՝ իր նոտայում նշել էր Իրանի ԱԳՆ-ը: Նույն օրը Եմենի բանակի ռազմական աղբյուրը հաղորդել էր, որ Սաուդյան Արաբիային սահմանակից Ջիզան նահանգում, Սամտա քաղաքից հարավ և Ավտալ քաղաքից արևելք շիական «Անսար ալա» շարժման զինյալները ոչնչացրել են սաուդցի երեք սպաների և վեց զինվորների: Եմենի բանակը և ժողովրդական ջոկատները հրկիզել են սաուդյան Ատ-Տվելեկ ամրությունը և մեծ զինապահեստ: Ադեն նահանգի Էնմա քաղաքը բանակն ու ժողովրդական աշխարհազորը մաքրել է «Ալ Քաիդայի» ահաբեկիչներից ու իսլամ արմատականների «Ալ Իսլահ» ոստիկանական ջոկատներից, որ մեծ զոհեր են կրել: Սանայում տասնյակ հազարավոր ցուցարարներ փողոց դուրս եկան՝ բողոքելով Սաուդյան Արաբիայի չդադարող ահաբեկչության դեմ: Նրանք կտրականապես մերժում էին Ալ Սաուդի վարչակարգի ու նրա դաշնակիցների փորձերը իրենց անընդունելի պայմաններ պարտադրելու պատճառով, հայտարարելով, որ Եմենի ժողովուրդը կհաղթի ագրեսորներին:
Դիտարկողներից անհայտ չմնաց հետևյալը` կառավարական բանակի որոշ մասեր, որ իբր հավատարիմ էին մնացել գահընկեց արված սաուդյան-ամերիկյան դրածո Աբդ-Ռաբու Մանսուր Խադիին, որ ապաստանել է Սաուդյան Արաբիայում, շիաների ու հուսիտների հետ կռվում են թագավորության բանակի հետ ու ազատել են մի քանի շրջաններ ահաբեկիչներից ու իսլամիստներից ու մարտական գործողությունները տեղափոխել են ագրեսորի տարածք: Սաուդցիների արձագանքը ինքնատիպ էր՝ նրանք եմենցիներին մեղադրեցին սաուդյան տարածքը СКАД-ներով հրթիռակոծելու մեջ, որ, իբր, բարեհաջող ոչնչացրել էին ամերիկյան Patriot հակահրթիռային համակարգերը: Ոչ ոք ու երբեք մինչև 2015-ը, ընդհանրապես չէր վկայել, որ Եմենում նման համակարգեր կան, որքան էլ հնացած համարվեն: Մեկ-երկու սուտ, թե տեղեկատվական պատերազմի մի ամբողջ շղթա կա սաուդցիների հայտարարությունների մեջ, ժամանակը ցույց կտա: Համենայն դեպս, շատ ինտերնետ-ռեսուրսներ երկու շաբաթ առաջ սկսեցին մեղադրել Էր Ռիադին Եմենի դեմ «կեղտոտ» ատոմային ռումբ օգտագործելու մեջ: Ցավոք, ունե՞ն սաուդցիները «կեղտոտ» ռումբ (ի վերջո, Հարավսլավիայում աշխարհը տեսավ՝ ինչպես «քաղաքակիրթ» Արևմուտքը հեշտությամբ այդ զենքն օգագործում էր եվրոպական երկրի դեմ, երկար տասնամյակների գործողության ական դնելով՝ Բալկաններում հիմա գրանցվում է օնկո-հիվանդների թվի աճ) կամ եմենցիները՝ СКАД-ներ, մոտ ապագայում դժվար է պարզել: Սակայն այս իրադարձությունների կապը Սանայում Իրանի դեսպանատան հրթիռակոծման փաստի ու Իրանի ԱԳՆ-ի բողոքի նոտայի հետ, ակնհայտ է, որը, համադրելով Սիրիային 20 հազար կամավորականների համաշիական օգնության փաստի հետ, հնարավորություն է տալիս եզրակացնել՝ Իրանը և տարածաշրջանի շիականները, օգտագործելով գեներալ Կասեմ Սուլեյմանիի բառերը, «մեծ անակնկալ» են պատրաստում ԻՊ-ի տակֆիրիստական արմատականներին և այդ բանդիտների հովանավոր պետություններին: Հետաքրքիր է` որ կողմ կուղղվի շիական «անակնկալը»՝ Թուրքիա՞, թե՞ Սաուդյան Արաբիա (Իրաքի միջով): Կարելի է հարցը և այդպես ձևակերպել, թեպետ Սիրիայում, Իրաքում ու Եմենում պատերազմների վերջնական շրջադարձը դեռ հեռու է:
Ավելի ուշ տարածված տեղեկությունները հաստատեցին, որ տարածաշրջանում ոչ միանշանակ գործընթացներ են ծավալվում: Սիրիական բանակը և լիբանանյան կամավորականները վահաբականներից մաքրեցին Արևմտյան Կալամունը: Սիրիացի քրդերը ահաբեկիչներից խլեցին Թուրքիային սահմանակից Թել Աբյադ քաղաքը և Այն Իսա գյուղը Սիրիայի հյուսիսի Ռակա նահանգում: Թել Աբյադը ԻՊ-ի համար կարևոր քաղաք է՝ Թուրքիայի հետ անցումային կետ, որտեղով անցնում են մաքսանենգ նավթի մեծ ծավալները, համալրում է գալիս, զենքերի քարավաններ: Պարզ է, որ նման գործունեությունն առանց Թուրքիայի աջակցության (կամ որևէ լուրջ էլիտար խմբի) անհնար է, այդ պատճառով ԻՊ-ի նավթի, զենքի կամ համալրման համար պետք չէ անհանգստանալ, մի ուրիշ, թեկուզ նվազ հարմար, անցում կգտնեն: Իզուր չէր, որ Թել Աբյադում ու Այն Իսայում պարտությունից հետո սալաֆիտյան ահաբեկիչների մեծ մասը Թուրքիա փախավ: Գլխավոր հարցը՝ քրդերը կշարունակե՞ն հարձակումը: Հետո հարավն է՝ «խալիֆաթի մայրաքաղաք» Ռական: Սիրիայի նախագահ Բաշար Ասադն ուրախությունից 7 միլիոն դոլար հատկացրեց Հասեկե նահանգին, որտեղ քրդերը մեծամասնություն են: Բայց ինչպե՞ս հասկանալ որ Հասեկեում քրդերը հարձակվել են… սիրիական բանակի ջոկատների վրա: Մյուս կողմից՝ թափ է հավաքում շիաների ապստամբությունը Սաուդյան Արաբիայի Արևելյան նահանգում և ամբողջ պատկերը բարդանում է Սաուդյան Արաբիայի տարածքում բանակի ու ապստամբ հուսիտների հաջողություններով: Արդյունքում սաուդցիները, մի կողմ թողած ԱՄՆ-ը, հզոր պատվիրակություն ուղարկեցին Սանկտ Պետերբուրգի Միջազգային տնտեսական համաժողով և հասան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ընդունելությանը: Ըստ տեղեկությունների, խոսակցությունը եղել է ոչ միայն ռուս-սաուդական առևտրատնտեսական համագործակցության մասին, այլև նավթի գնի, Սիրիայի ու Իրաքի իրավիճակի: Հունիսի 19-ին Իրանն ու Թուրքիան համատեղ նիստ արեցին Սիրիայի իրավիճակի հարցով, թեպետ մինչ այդ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը կտրուկ քննադատում էր Թեհրանին «միակողմանի դիրքորոշման» համար և բացառում էր Իրանի մասնակցությունը Սիրիայի կարգավորմանը: Հանդիպումը անցավ Քաղաքական ու միջազգային հետազոտությունների ինստիտուտի և Մերձավորարևելյան ռազմավարական հետազոտությունների գիտական կենտրոնի մասնակցությամբ: Իրանի պատվիրակությունը ղեկավարում էր ԻԻՀ ԱԳՆ քաղաքական ու միջազգային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Մուստաֆա Զահրանին: Նիստի մասնակիցները քննարկել են համաշխարհային տերությունների վարած քաղաքականության ներգործությունը Մերձավոր Արևելքի կոնֆլիկտների վրա, տարածաշրջանային սոցիալական ու քաղաքական իրադարձությունների ազդեցությունը Սիրիայի իրավիճակի վրա, կարևորել են Իրանի ու Թուրքիայի համագործակցությունը տարածաշրջանային ճգնաժամերի կարգավորման գործում: Իրանը և նրա գլխավոր միջազգային գործընկերները շարունակում են մեծացնել քաղաքական-տնտեսական ակտիվությունը: Չէին հասցրել միջազգային ԶԼՄ-ները «մարսել» մայիսի 29-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովի տեղեկությունը, որ ԵԱՏՄ-ը բանակցում է Իրանի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ՝ «հայկական բիզնեսի ու հայկական կարգավորիչների» աջակցությամբ, քանի որ «Հայաստանը ԵԱՏՄ միակ երկիրն է, որ ցամաքային անմիջական սահման ունի Իրանի հետ և այդ երկրի հետ առևտրի մեծ փորձ», հունիսին միանգամից մի քանի զարգացումներ եղան Իրան-Հայաստան-Ռուսաստան եռանկյունու մեջ: Ոչ բոլորը դրական, բայց մի քանի ամիս մտածելու տեղիք տվող: Հունիսի 4-ին ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը կատեգորիկ զգուշացրեց Արևմուտքին ձեռնպահ մնալ մինչև հունիսի 30-ը Իրանի միջուկային ծրագրի համաձայնագիրը ձախողելու փորձերից: Մայիսի 27-ից Վիեննայում Իրանի ու վեցյակի բանակցությունների վեցերորդ փուլն է ընթանում, և Իրանն արդեն բանակցությունները «ծանր» է որակել: Իրանի ԱԳ փոխնախարար Աբաս Արաքչին, մեկնաբանելով իրավիճակը, ասել է. «Եթե համաձայնության չհասնենք, աշխարհի վերջը չէ»՝ մեջբերում է «Կեյհան» թերթը: Իրանի բոլոր առաջատար լրատվամիջոցները, հղում անելով իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլա Սեյեդ Ալի Հուսեյն Համենեիին, հաստատում են, որ պաշտոնական Թեհրանի դիրքորոշումը չի փոխվել՝ Արևմուտքը միակողմանի ոչ մի զիջում չի ստանա: Այդ պատճառով Ռյաբկովի նախազգուշացումը և ժամանակին է՝ արտացոլելով բանակցությունների ընթացիկ պահը, և ավանսով՝ Մոսկվան ևս գիտի՝ ինչու են միջուկային բանակցություններն արգելակվում: Արևմուտքը խոսում է նրա հայտարարության երկրորդ հատվածի մասին՝ Ռուսաստանը պնդում է, որ Իրանի պատժամիջոցների վերաբերյալ ցանկացած որոշում կարող է ընդունվել միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևով: Հունիսի 5-ին ՌԴ ԱԳՆ-ը հայտարարում է, որ Շանհայի համագործակցության կազմակերպության բոլոր անդամները դրական են գնահատում Իրանի անդամության հայտը: ՇՀԿ-ի հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, ԱԳՆ ասիական ու խաղաղօվկիանոսյան համագործակցության բաժնի վարիչ Բախտիար Խակիմովը հիշեցրել է, որ Իրանը ՇՀԿ-ում դիտորդի կարգավիճակ ունի 2005-ից, իսկ 2009-ին կազմակերպության անդամության հայտ է ներկայացրել: Հունիսի 6-ին Իրանի նավթի նախարար Բիժան Նադմար Զանգանը միջազգային Bloomberg գործակալությանը հաղորդել է, որ Թեհրանը պատրաստվում է երեք նոր ծովային փոխադրուղիներ բացել Կասպից ծովով ՌԴ ապրանքափոխադրումների համար, և Իրանը արտահանում է նավթի առաջին ծավալները Ռուսաստան «Նավթ՝ ապրանքների դիմաց» ծրագրի շրջանակներում արդեն հունիսի 8-ից: Զանգանիի խոսքով՝ Իրանը պատրաստվում է ՌԴ արտահանել օրական 500 հազար բարել նավթ: Մոտավորապես նույն ժամանակահատվածում (մայիսի 29-հունիսի 7) Իրանը մի քանի անգամ հաղորդեց, որ պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետ ուրանի փոխադրման մասին, այդ թվում՝ ՌԴ ուրան արտահանելու: Հենց այդ հաղորդումներից հետո ԶԼՄ-ներում հայտնվեցին վերնագրեր, որ պատրաստվում է Իրանի «նավթագազային արգելակում», և Թեհրանը քննարկում է «Թուրքական հոսքին» միանալու հարցը, իսկ ռուսական «ЛУКойл» ընկերությունը պատրաստվում է վերադառնալ Իրան: Ով և ինչպես գնահատեց Թեհրանից ու Մոսկվայից տարածված տեղեկությունները, փորձագետները պետք է անաչառ ընդունեն, որ իրանցիները և ռուսները, ինչպես և Սիրիայում, փորձում են առաջ գնալ միասին և նախատեսում են փոխադարձ աջակցություն համաշխարհային քաղաքականության ու համաշխարհային տնտեսության տարբեր ոլորտներում: Ավելին՝ Իրանը հաստատում է Եվրասիայի հետ ինտեգրացիոն կապերի հակվածությունը Ռուսաստանի ու Չինաստանի օրինակով: Թափը չի թուլացնում և ՌԴ ռազմածովային ակտիվությունը Միջերկրական ծովում՝ միայն վերջերս ավարտվեցին ռուս-չինական համատեղ զորավարժությունները, իսկ հետո՝ ռուս-եգիպտական, համաշխարհային ԶԼՄ-ները ուշադիր հետևում են և մշտապես հաղորդում են ռուսական ռազմանավերի Միջերկրական ծով մտնելու մասին:
Տեղեկատվությունների այդ շղթայում պատահական չէր և սուրբ Էջմիածնի հաղորդագրությունը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի և այաթոլա Համենեիի ներկայացուցիչ Սեյեդ Ալի Գազի Ասգյարի հանդիպման մասին: Նրանք քննարկել են բնավ էլ ոչ միայն հայ-իրանական պատմական կապերը և ԻԻՀ-ում հայ համայնքի վիճակը, այլև բոլոր «ժամանակակից մարտահրավերները», ներառյալ «էքստրեմիստական շարժումները աշխարհում, որ կործանարար ազդեցություն ունեն ամբողջ մարդկության կյանքի վրա»: Այսինքն՝ խոսքը եղել է Մերձավոր Արևելքի և քրիստոնյաների ու շիաների դեմ ահաբեկիչների գործողությունների մասին: Հայաստանի և Իրանի բարձրագույն հոգևոր դասը պատրաստ է համատեղ դիմակայել «ժամանակակից մարտահրավերներին» ոչ միայն Անդրկովկասում: Կարծես այդ իրադարձությունը և Էջմիածնի նշանակալից հայտարարությունը Հայաստանի ու Մերձավոր Արևելքի, Իրանի ու տարածաշրջանում հայ համայնքների ճակատագրի համար լիովին տեղավորվում է Իրանի ձեռնարկած միջոցառումների ու քայլերի համատեքստում՝ միավորելու դաշնակից ուժերը միջազգային ահաբեկչակամ ուժերի դեմ պայքարում: Հենց այդ պատճառով անհեթեթ ու անհամահունչ է «Ռուսական երկաթուղագծեր» ԲԲԸ-ի տնօրեն Վլադիմիր Յակունինի հունիսի 8-ի հայտարարությունը, որ իբր Իրան-Հայաստան երկաթուղագիծը արդյունավետություն չունի: Հարցի մանրամասների մեջ չմտնելով՝ հիշեցնեմ, որ նախ՝ պարոն Յակունինն ինքը դեռ 2012-ին հայտարարում էր, որ Իրան-Հայաստան երկաթուղու շինարարության ծրագիրը ռեալ հիմքեր ունի: «Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ, սակայն իրականացումը միջպետական հարաբերությունների ոլորտում է և միայն մեզնից չի կախված»՝ հայտարարել է Յակունինը 2012-ի փետրվարի 16-ին Երևանում: Երկրորդ՝ 2014-ի դեկտեմբերի 22-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ԲԲԸ-ի տնօրեն Վիկտոր Ռեբեցը ասել է, որ ՀԿԵ-ին է պատկանում հայ-իրանական երկաթուղու կառուցման գերակա իրավունքը: Երրորդ՝ 2008-ի հոկտեմբերին դեռ ԱԺ արտահերթ նիստում, ուղերձով դիմելով ժողովրդին ու խորհրդարանին, նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ առաջիկա տարիներին սկսվելու է Իրան-Հայաստան երկաթգծի շինարարությունը:
2007-14-ին շահագրգիռ կողմերը, պետք է ենթադրել, ոչ առանց պատկերացնելու տարածաշրջանի ու նրա շրջակա տարածքների ծանր ապագան, նպատակահարմար էին համարում Իրան-Հայաստան ճանապարհների կառուցումը: Հիմա, կարծես, Իրանը, Ռուսաստանը և Հայաստանը նույնպես տեսնում են արտատարածաշրջանային համագործակցության նպատակահարմարությունը և Եվրասիական ինտեգրացիոն գործընթացների առումով, և ընդհանուր սպառնալիքների ու մարտահրավերների դեմ համատեղ պայքարի: Դա առավել քան հրատապ է դառնում, եթե հաշվի առնենք Ռուսաստանի ու Հայաստանի մտադրությունները՝ ուժեղացնել Իրանի հետ և ռազմական (նաև ռազմատեխնիկական) համագործակցությունը: Յակունինի դեմարշը չի տեղավորվում եռակողմ ընդհանուր շահերի շրջագծում: Հիմա Անդրկովկասը և Մերձավոր Արևելքը մի փուլում են, երբ չի կարելի ամեն ինչ չափել տնտեսական նպատակահարմարության արշինով, երբ զուտ տնտեսական շահերը տեղը զիջում են ռազմավարական նպատակահարմարությանը, նույնիսկ՝ ռազմական: Ճիշտ է, հետո Յակունինը կարծես թե փոխեց հռետորաբանությունը: Այնուհանդերձ, դա չի փոխում վերաբերմունքը նրա նկատմամբ՝ իբրև պաշտոնյայի, որ վնասում է ոչ միայն Հարավկովկասյան երկաթուղու, Հայաստանի ու Իրանի, այլև սեփական երկրի շահերին: Յակունինին ու նրա նման մտածողներին խորհուրդ ենք տալիս լսել ՀՀ պաշտպանության նախարար (ՀԱՊԿ-ում ՌԴ գործընկեր) Սեյրան Օհանյանի հունիսի 19-ին ՆԱՏՕ ԽՎ «Rose Roth» սեմինարի ժամանակ ասածը՝ որ ահաբեկչական «խալիֆաթը» հնարավոր սպառնալիք է ներկայացնում և Անդրկովկասի համար, այսինքն՝ ինչ-որ չափով նաև Կովկասի ռուսական հատվածի:

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 2655

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ