«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Եվրոպան և գազամուղային երազանքը

Եվրոպան և գազամուղային երազանքը
13.06.2015 | 21:03

Եվրոպան ևս մեկ հարված հասցրեց Ռուսաստանի գազային գերիշխանությանը: Անցած ամբողջ տարին Եվրամիությունը բանակցում էր Թուրքմենստանի հետ, որ բնական գազի պաշարներով աշխարհում չորրորդն է, և Ադրբեջանի հետ՝ նպատակ ունենալով ազատվել ռուսական գազից կախումից: Ամենայն հավանականությամբ՝ փորձերը պսակվել են հաջողությամբ: «Եվրոպա թուրքմենական գազի մատակարարումները կսկսվեն 2019-ից»՝ հայտարարել է Եվրահանձնաժողովի էներգետիկայի հարցերով փոխնախագահ Մարոս Սեֆկովիչը մայիսին: «Մենք կայուն փոխըմբռնման ենք հասել: Թուրքմենստանի համար հիմա շատ կարևոր է դիվերսիֆիկացնել արտահանումը, իսկ Եվրոպայի համար չափազանց կարևոր է դիվերսիֆիկացնել ներկրումը»՝ հավելել է Մարոս Սեֆկովիչը:
Diplomat-ը արձանագրել է. «Եվրամիությունն առաջին անգամ ժամկետ նշեց այն հարցում, որ ավանդաբար համարվում էր գազամուղային երազանք»: Եվրոպան իր օգտագործած գազի մեկ երրորդը գնում է Ռուսաստանից: Սակայն վերջին մեկ տարում Եվրոպան բազում տագնապալից պահեր է ապրել ՈՒկրաինայի կոնֆլիկտի պատճառով: Ավելին՝ Մոսկվան հաճախ գազամուղների իր զինանոցն օգտագործում է իբրև հարկադրանքի գործիք՝ հարուցելով եվրոպացիների նյարդայնությունը: «Ես կարծում եմ՝ Եվրոպան արդեն իսկապես հոգնել է ամեն ամառ հարկադրաբար քննարկել, թե ինչպես է ձմեռն անցկացնելու,- ասել է Սեֆկովիչը Financial Times-ի հետ հարցազրույցում 2015 փետրվարին:- Աշխարհի խոշորագույն տնտեսությունը նման տագնապներ չպիտի ունենա 21-րդ դարում»:
Անցած տարի Թուրքիան ու Թուրքմենստանը նախնական համաձայնագիր ստորագրեցին Տրանսանատոլիական գազամուղի շինարարության մասին, որով բնական գազը ադրբեջանական «Շահ Դենիզ-2» հանքավայրից մատակարարվելու է դեպի Կասպից ծով: Գազամուղի շինարարությունը նախատեսվում է ավարտել 2028-ին: Մայիսին Սեֆկովիչը հանդիպեց Թուրքիայի, Ադրբեջանի և Թուրքմենստանի էներգետիկայի նախարարների հետ՝ քննարկելու Տրանսկասպիական գազամուղի 300-կիլոմետրանոց հատվածի շինարարության հարցերը, որը պիտի միանա ТАНАП գազամուղին, որպեսզի հնարավոր լինի գազը Եվրոպա հասցնել Կասպից ծովով: (Վերջերս Թուրքմենստանում ավարտվեց «Արևելք-Արևմուտք» գազամուղի շինարարությունը, որը միմյանց է միացնում գազամուղները երկրի ներսում): Այս նախագիծը քննարկվում էր երկար տարիներ, սակայն քաղաքական և տնտեսական խնդիրները հետաձգում էին իրականացումը: Ռուսաստանը և Իրանը «առարկում էին, որ այդ գազամուղն անցնի Կասպից ծովի հատակով՝ համարելով, որ ծանծաղ ծովի փխրուն էկոհամակարգին վնաս կհասցվի»: Սակայն հիմա արդեն ընդունվել է «քաղաքական որոշում, որ Թուրքմենստանը կդառնա այդ նախագծի մաս և դուրս կգա եվրոպական շուկա»՝ ինչպես ասել է Սեֆկովիչը Reuters-ին տված հարցազրույցում: Նա հրաժարվել է հաղորդել, թե Թուրքմենստանը որքան գազ է մատակարարելու Եվրոպա, թեպետ թուրքմեն պաշտոնյաները բանակցություններում նշում էին տարեկան 10-30 միլիարդ խորանարդ մետրը: Եվրոպայի հետաքրքրությունը հարավային գազային միջանցքով ծագեց «Գազպրոմի» թուրքական հոսքի շինարարության հայտարարությունից հետո, երբ Ռուսաստանը հրաժարվեց 45-միլիարդանոց «Հարավային հոսք» նախագծից 2014-ի դեկտեմբերին: Երկու նախագծերի շրջանակներում նախատեսվում էր, որ գազամուղը կշրջանցի ՈՒկրաինայի տարածքը, որը թույլ կտա Ռուսաստանին պահպանել իր գազային առավելությունը Եվրոպայում և խոցել Կիևին: Բոլոր դեպքերում ոչ Եվրոպան, ոչ Ռուսաստանը չեն պատրաստվում առանց մարտի հանձնվել:
Diplomat-ը գրում է, որ նոր նախագծի իրականացումը հիմնականում կախված է հետխորհրդային Թուրքմենստանից՝ «կընդունի՞ նրա ղեկավարությունը այն քաղաքական որոշումները, որոնք անհրաժեշտ են Եվրոպա բնական գազի մատակարարումների համար»:
Ելենա Խոլոդնի
«Business Insider», ԱՄՆ


Հ.Գ.
Լուրջ չընդունեք, Մարոս Սեֆկովիչը իսկապես բարձրաստիճան եվրոպացի պաշտոնյա է, Եվրոպան իսկապես հոգնել է ռուսական գազային խաղերից ու գազային շանտաժից, բայց ամեն ինչ այդքան հեշտ ու պարզ է միայն թղթի վրա: Թուրքիան, Թուրքմենստանն ու Ադրբեջանը կարող են տասնյակ պայմանագրեր կնքել ու բեկանել, աշխարհն այնքան արագ է փոխվում, որ ոչ ոք չի կարող ասել 2019-ին՝ ամբողջ չորս տարի հետո, ինչ կլինի: Եթե նույնիսկ չորս տարի շարունակվի Եվրամիություն-Ռուսաստան հակամարտությունը, հաշվեկշռից պետք չէ դուրս բերել Իրանին: Աշխարհաքաղաքական խնդիրները միշտ բերում են իրենց ուղղումները: Վերջապես՝ նույն Եվրոպան Էլմաուում Մեծ յոթնյակի մակարդակով որոշում ընդունեց ավանդական էներգակիրների ծավալները տնտեսության մեջ նվազեցնելու և այլընտրանքային միջոցների անցնելու վերաբերյալ: Մարոս Սեֆկովիչը եվրապաշտոնյա է, որ բարեխիղճ կատարում է իր աշխատանքը, բայց նման հարցերը որոշում են բոլորովին այլ մարդիկ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2642

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ