«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

ԱՄՆ-ը առևտո՞ւր է անում քրդերի հետ Իրանի շուրջ

ԱՄՆ-ը առևտո՞ւր է անում քրդերի հետ Իրանի շուրջ
12.06.2015 | 00:26

Վերջերս Մերձավոր Արևելքում սկսվել են արագացված կուլիսային նորագույն խաղեր քրդական հարցի շուրջ: ԱՄՆ-ի և մի քանի այլ երկրների` տարածաշրջանում ձեռնարկած ջանքերի զարգացումներին ուշադրությունը բևեռեց քրդական մի քանի լրատվամիջոցների տեղեկատվությունը (2-օրյա ուշացումով), որ մայիսի 9-ին ԻՊ ահաբեկչական խմբավորման զինյալները մահապատժի են ենթարկել… յուրայինների, որ քուրդ էին: Իբր թե նրանք պահանջել են «աստիճանի բարձրացում» և հատուցել են կյանքով: Քրդական լրատվամիջոցները նշում էին, որ առավել հաճախացել են լուրերը, որ ԻՊ-ի առաջնորդները փորձում են մեկուսացնել քրդերին և իրաքցի արաբներին ղեկավար պաշտոններից, որովհետև չեն կարող նրանց լիովին վստահել ու նրանց փոխարինում են արտասահմանցի ջիհադականներով:
Իմանալով ահաբեկիչ-վահաբականների միջնադարյան բարքերի մասին, միանգամայն ժամանակի ոգով կլիներ ընդունել կատարվածի այս վարկածը:
Բայց, առաջին հերթին, հիշողությունիցդ չես ջնջի «քրդերի ցեղասպանության» մեղադրանքները Թուրքիայի, Ադրբեջանի և ԻՊ խմբավորման հասցեին, որ բարձրաձայնել էր, ըստ էության, թուրքական պետական մեքենայի ներկայացուցիչը՝ թուրքական Հաքյարի նահանգի (սահմանակցում է Հայաստանին, Նախիջևանին, Իրանին և Իրաքին) մունիցիպալիտետի ղեկավարներից մեկը՝ քուրդ Լոկման Օզդեմիրը դեռ 2014-ի օգոստոսի 18-ին: Նա ԻՊ-ը բնորոշել էր իբրև «քրդերի ոչնչացման գործիք», այդ գործիքն այսօր «ակտիվ օգտագործում են ԱՄՆ-ը, Իսրայելը, արաբական երկրները, Ադրբեջանը և Թուրքիան»: Այս պետությունները զինում են «Իսլամական խալիֆաթի» զինյալներին, զենքը նրանք «ամեն օր ստանում են Թուրքիայի տարածքից»: Թուրքիայի կառավարությունը ոչինչ չի անում ահաբեկիչների դեմ պայքարի համար, այլ երկրները նույնպես սառնասիրտ հետևում են «քրդերի ցեղասպանությանը», որ ծավալել են խալիֆաթի էքստրեմիստները՝ ասում էր Օզդեմիրը: Ողբերգական իրադարձությունները իրաքյան Սինջարում (Շանգալե), Թուրքիային սահմանակից սիրիական Ռաս ալ Այն, Այն էլ Արաբ, Իդլիբ քաղաքներում, կարծես հաստատում էին Հաքյարիի քրդերի մունիցիպալ խորհրդի անդամների մեղադրանքները: Երկրորդ՝ շատերին է հայտնի, որ այս կամ այն չափով հենց ԻՊ-ի ջոկատների Իրաքում ու Հյուսիսային Սիրիայում նկատելի դեր ստանձնելու պահից խաղի մեջ մտան Իրանը, լիբանանյան «Հըզբոլլահ» կուսակցությունը և Իրաքի շիա անջատականները: Եմենում իրավիճակի սրման ժամանակ, որտեղ տեղի շիաները փաստացի ապստամբեցին ոչ միայն սուննի նախագահի, այլև ԱՄՆ-ի ու Սաուդյան Արաբիայի դրածոյի դեմ, ում շնորհիվ Արաբական թերակղզու այդ երկրում ստեղծվել էին «Ալ Քայիդայի» ու ԻՊ-ի մասնաճյուղեր, պատկերը սկսեց նմանվել սցենարի, որի նպատակն է Իրանին ներքաշել ուղղակի մարտական գործողությունների մեջ տարածաշրջանում, հետո՝ երկարաժամկետ շիա-սուննիական կոնֆլիկտի սանձազերման: Իրաքում նկատելի էր, որ Ինքնավար Քրդստանի ղեկավարությունը նախաձեռնությունը կարծես թե զիջում է իրանցի խորհրդականներին և Էրբիլում, և Սուլեյմանիում:
Այս տեսակետից 13 քուրդ վահաբականների մահապատիժը արդեն հազիվ թե կարելի է ընդունել իբրև «պաշտոնների մրցակիցների» մեկուսացում, ավելի շուտ նման է «ուսուցողական վրիժառության»: Ինչի՞ համար: Մնում է միայն համադրել՝ ի՞նչ էր ԱՄՆ-ը փորձում համոզել և Իրաքի կենտրոնական կառավարությանը Բաղդադում, և Ինքնավար Քրդստանի ղեկավարներին վերջին 4-5 տարիներին և ինչ էին պատասխանում Բաղդադից ու Էրբիլից: Ամեն ինչ պարզ է՝ Իրաքի տարածքում, այդ թվում` Քրդստանում, հիմնավորվել էին հակակառավարական իրանյան զինյալները «Մոջահեդին է Հալկ» կազմակերպությունից, որին հովանավորում են ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները, և հակաիրանական քրդական PEJAK խմբավորումը, որը Իսրայելի հատուկ ծառայությունների հովանու տակ է: Թեհրանը մշտապես զգուշացնում էր Բաղդադին ու Էրբիլին, որ չի հանդուրժի, եթե Իրաքի տարածքից ահաբեկչական հարձակումներ գործեն Իրանի վրա: 10-15 տարի բավականին հաճախ «Մոջահեդին է Հալկի» ու PEJAK-ի ահաբեկիչներին հետապնդելու համար Իրանը ներխուժում էր Իրաք, այդ թվում` Քրդստան և սահմանից 15-20 կիլոմետր խորանում էր Իրաքի տարածքում: Ի վերջո, իրենք՝ Ինքնավար Քրդստանի «պեշմերգաները» և Իրաքի ուժային կառույցները պատժիչ գործողություններ ձեռնարկեցին «Մոջահեդին է Հալկի» ու PEJAK ռազմաբազաների դեմ՝ փաստացի ոչնչացնելով նրանց: Ավելին՝ վերջին 4 տարիներին ամերիկացիները ակտիվորեն մղում էին Իրաքի քրդերին անկախություն հայտարարելու առանց Մոսուլի ու Քիրկուկի շրջանների՝ նավթով ու գազով ամենահարուստ տարածքի, Ինքնավար Քրդստանի ղեկավարությանը «կախյալ» անկախության այդ տարբերակը բացահայտորեն ձեռնտու չէր:
Քուրդ իսլամիստների մահապատժից երկու օր առաջ, պարզվում է, ինչ-որ «ընդդիմադիր քրդեր» նախկինում անհայտ «Իրանյան Քրդստանի ազատության կուսակցությունից» Իրանում ևս մեկ «հեղափոխության» փորձ արեցին: Առիթը նույնն էր, որ օգտագործվում է ամենուր, ինչ-որ քրդուհու ինքնասպանությունը՝ «Ֆարինազ Խոսրավանիի, որ նետվել էր հյուրանոցի պատշգամբից, երբ իրանցի պաշտոնյան փորձել էր նրան բռնաբարել»: «Իրանյան Քրդստանի ազատության կուսակցության» փոխնախագահ Հուսեյն Յազդանպանան իրան-իրաքյան BasNews գործակալությանը տված հարցազրույցում արդեն այլ վարկած է ներկայացնում՝ ձախողակ բռնաբարողը ոչ թե պաշտոնյա էր, այլ՝ «իրանցի սպա»: Եվ ոչ թե ինչ-որ տեղ, այլ հենց իրանյան Մեհաբադում, որ, այսպես կոչված, քրդերի «Մեհաբադյան Հանրապետության» (1946-ի հունվարի 22-ից դեկտեմբերի 16) կենտրոնում, որը ղեկավարում էր, այո, Բարզանիների կլանը՝ Մուստաֆա Բարզանիի գլխավորությամբ, հյուրանոցի հրդեհումից սկսվում են զանգվածային հակակառավարական ելույթներ արդեն ծանոթ ռեֆրենով, որը մի քանի օրից վերջնականապես ձևակերպվում է Էրբիլում, որտեղ հիմա իշխում է Մուստաֆա Բարզանիի որդին՝ Մասուդ Բարզանին, իբր «Մենք բոլորս Ֆարինազ ենք»: Ծանոթ ձեռագիր է, չէ՞: ԱՄՆ-ի ու Իսրայելի դրածոները, ի դեմս քրդերի, որ արձագանքեցին «Իրանյան Քրդստանի ազատության կուսակցության» «արդարության կոչերին», փորձում էին իրանյան Մեհաբադում խաղարկել տիպիկ «կիևյան մայդան»՝ Հուսեյն Յազդանապան խստիվ զգուշացնում էր Թեհրանին «ուժ չգործադրել խաղաղ ցուցարարների դեմ Քրդստանի իրանյան քաղաքներում»: Իսկ եթե հանկարծ իրանցիները «չլսեն» քրդերին, «պեշմերգան ամենուր է և սպասում է», որ զինված պայքար ծավալի:
Բայց Իրանը Լիբիա չէ, առավել ևս ՈՒկրաինա, Իրանը ղեկավարում են բնավ էլ ոչ փոքրոգի օլիգարխներ, որոնց վրա ԱՄՆ-ում կամ այլ երկրներում տոննաներով կոմպրոմատ կա, և որոնց ներդրումները արևմտյան բանկերում են պահվում: Թեպետ մայիսի 10-ին իրաքյան Էրբիլում «բարզանիական» քրդերը միտինգներ ու բողոքի ցույցեր արեցին իրանյան Մեհաբադի «քրդական ընդդիմության» օգտին, նույն օրը Իրանի անվտանգության ուժերը, այդ թվում, ասում են, քրդերից ձևավորված «Եգանե վիժե» ստորաբաժանումը և Իսլամական հեղափոխության պահնորդների կորպուսը ճնշեցին բողոքողներին ու ցրեցին «քուրդ ընդդիմադիրների» զանգվածային կուտակումները: Հավանաբար եղել է նաև հրաձգություն՝ քրդական ԶԼՄ-ները հաղորդում են, որ մի քանի վիրավորներ են եղել մարտական փամփուշտներով, բայց վախենում են հիվանդանոց դիմել, որպեսզի չձերբակալվեն: Նրանցից մեկը՝ 25-ամյա ուսանող Ակամը, գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Ձերբակալվել են 40 «ընդդիմադիրներ», տեղափոխվել են ՈՒրմիա, Մեհաբադում իրավիճակը հանդարտվել ու կայունացել է: Իրադարձությունները չափազանց հիշեցնում են 2006-ի մայիսյան իրավիճակը Հյուսիսային Իրանում, երբ ԱՄՆ-ը և Թուրքիան սադրել էին Իրանի ադրբեջանցիներին հակակառավարական ելույթների ու զինված ապստամբությունների, իսկ հայտնի ռենեգատ պրոֆեսոր Մահմուդ Չեխրագանլը նույնիսկ ԱՄՆ-ից «գործուղվել էր» Բաքու, որտեղ պիտի «սպասեր ապստամբների հաջողությանը»: Բայց անցած 9 տարում իրանյան ուժային կառույցները չեն մոռացել գիտակցության բերել նրանց, ովքեր ցանկանում են գործիքի դեր կատարել ԱՄՆ-ի ու Իսրայելի հատուկ ծառայությունների ձեռքին:
Իսկ քրդերի «Մեհաբադյան հանրապետության» գեներալի որդին՝ Ինքնավար Քրդստանի ներկա նախագահ Մասուդ Բարզանին մայիսին ավարտեց իր մեկշաբաթյա ացը ԱՄՆ և ԵՄ որոշ երկրներ: Եթե վերլուծենք հաղորդագրությունները Վաշինգտոնից և, օրինակ, Բուդապեշտից (մայիսի 12-ին), ապստամբ Մուստաֆա Բարզանիի ժառանգը նորից սկսել է Արևմուտքում խոսել Իրաքյան Քրդստանի անկախության մասին: Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, օրինակ, հայտարարեց, որ իր երկրի կառավարությունը աջակցում է ժողովուրդների անկախության ձգտմանը, այդ թվում՝ Իրաքում Քրդստանի, որ, նրա խոսքով, կարող է Մերձավոր Արևելքում կայունացնող դեր խաղալ: Իհարկե, Հունգարիայից Մերձավոր Արևելքի «վերաֆորմատավորման» հարցերում ոչինչ կախված չէ, սպասել է պետք Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի դիրքորոշումներին՝ հասկանալու համար, ինչպիսին կարող է լինել ԵՄ-ի միասնական վերաբերմունքը Մասուդ Բարզանիի ու նրա կլանի այսօրվա ձգտումներին: Հունգարիայից հետո Ինքնավար Քրդստանի նախագահը եղել է նաև Չեխիայում՝ ևս մի երկիր, որից ոչինչ կախված չէ տարածաշրջանում, որտեղ «մոդան թելադրում են» տարածաշրջանային ծանրքաշայիններ Թուրքիան ու Իրանը: Այդ պատճառով ուշադիր ուսումնասիրության արժանի են Բարզանիի ԱՄՆ այցի նյութերը, որ հակասական են: Քրդստանի ղեկավարը, ում բացակայությամբ իր կլանի անդամները հակաիրանյան ելույթներ են հրահրել՝ «Մենք բոլորս Ֆարինազ ենք», խոսում է լիակատար հաջողության մասին: Եվ վստահ է առաջիկա անկախությանը: «Չեմ կարող հաստատել, որ դա կլինի եկող տարի կամ երբ, բայց Քրդստանի անկախությունը մոտենում է», հայտարարեց նա՝ ելույթ ունենալով ԱՄՆ-ի Ատլանտյան խորհրդում: «Այս ուղերձով ես ուզում են Քրդստանի ժողովրդին հաղորդել, որ մեր հանդիպումը Սպիտակ տանը շատ հաջող էր»,- ասաց Բարզանին իր պատվին կազմակերպված ընդունելությանը Վաշինգտոնի Առևտրի պալատում: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը երաշխիքներ է տվել Քրդստանի տարածաշրջանային կառավարությանը, որ Իրաքի կենտրոնական իշխանությունից կպահանջի զենք տրամադրել քրդական «պեշմերգայի» ուժերին: Դա իսկապես պրոբլեմ է՝ Իրաքի շիա նախկին վարչապետը այդ պարտականությունը չէր կատարում, ներկան՝ նույնպես շիա, անտեսում է: Բարզանիի Վաշինգտոն գալուց մեկ շաբաթ առաջ ԱՄՆ-ի կառավարությունը որոշել էր 715 միլիոն դոլար հատկացնել Իրաքի անվտանգության ուժերին՝ ԻՊ-ի խմբավորումների դեմ պայքարի համար, պայմանով, որ 25 % կհատկացվի քրդական ու սուննիական ուժերին, որոնք մասնակցում են պայքարին: Այդ պատճառով Բարզանիին տրված երաշխիքները գուցե այցի նպատակն էին, բայց դա հիմք տալի՞ս է ասելու, որ «Սպիտակ տանը շատ հաջող հանդիպում է եղել»:
Ամերիկացիները Բարզանիին զենք չտվեցին, նորից ուղարկեցին Բաղդադ՝ քրդերին հասցեագրված 25 %-ի հետևից: Անկախության միտումին, կարծես թե, նույնպես չաջակցեցին: ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը Բարզանիին կոչ արեց համագործակցել կենտրոնական իշխանության հետ՝ չհիշատակելով անկախության հնարավորությունը: «Երկու ղեկավարները համաձայնեցին, որ անհրաժեշտ է սերտ համագործակցել Իրաքի կառավարության, Քրդստանի տարածաշրջանային իշխանության և միջազգային կոալիցիայի հետ ԻՊ-ի դեմ շարունակվող պայքարում, հատկապես Մոսուլն ազատագրելու համար»,- հայտարարեց Սպիտակ տունը՝ հավարտ հանդիպման: «ԱՄՆ-ն առաջվա պես Իրաքը դիտարկում է միասնական, ինկլյուզիվ կառավարվող՝ ի շահ Իրաքի բնակչության տարբեր խավերի»,- հայտարարեց մամլո քարտուղար Ջոշ Էռնեստը: Սպիտակ տունը նաև հայտարարեց, որ ամերիկա-քրդական բանակցությունների գլխավոր թեման ԻՊ-ի զինյալների դեմ պայքարն է, այլ ոչ թե անկախությունը: 2003-2004-ին Իրաքում ամերիկյան օկուպացիոն վարչակարգի ղեկավար Պոլ Բրեմերն ասաց. «Ես չեմ կարծում, որ հիմա անկախ Քրդստանի կազմավորումը բխում է ամերիկյան կամ իրաքյան շահերից, նույնիսկ՝ քրդերի շահերից: Հիմա այնքան իրադարձություններ են ծավալվում տարածաշրջանում՝ ինչպես ասաց նախագահ Բարզանին, որ այդ հարցը ավելի լավ է հետաձգել»: Այնուհանդերձ, Բարզանին շարունակում է համառորեն խոսել, որ Իրաքյան Քրդստանը մտադիր է ինքնորոշման հարցով հանրաքվե անցկացնել, հենց ավարտվեն մարտական գործողությունները Իսլամական խալիֆաթի դեմ:
Մենք առավել հաճախ հիշատակում ենք ԻՊ խմբավորումը, քրդերին, Իրանը և ԱՄՆ-ը, այդ հանգամանքը ենթադրել է տալիս, որ Բարզանիի այցը օվկիանոսից անդին, նրա բանակցությունները, քրդերի «ինքնաբուխ ընդվզումները» իրանյան Մեհաբադում (Բարզանի կլանի նախկին «տոհմական կալվածքը») և 13 քրդերի՝ ԻՊ-ի զինյալների մահապատիժը փոխկապակցված են ինչ-որ անտեսանելի, բայց շոշափելի թելերով: Հարկադրված ենք նաև հիշել դեռ 2014-ի հուլիսի 9-ին Իրանի ԱԳՆ-ի կոշտ նախազգուշացումը (այաթոլա Սեյեդ Ալի Հուսեյն Հոմենեի հայտարարությունների հիման վրա) ԻԻՀ ԱԳՆ արաբական ու աֆրիկյան երկրների գծով փոխնախարար Հուսեյն Ամիր-Աբդոլահիանի շուրթերով. «Իրաքի բաժանման ծրագիրը նախապատրաստվել է Իսրայելում և Իրանի խնդիրն է խանգարել իրագործմանը»: Հենց Թեհրանի այդ կոշտ դիրքորոշումը ստիպեց ԱՄՆ-ին անցյալ տարի որոշ հարցերում ինչ-որ չափով սահմանազատվել տարածաշրջանային հարցերում Իսրայելին անվերապահ աջակցությունից: Սակայն հիմա ԱՄՆ-ում սկսվում է հերթական ընտրական շրջանը՝ ԱՄՆ-ի կառավարող երկու կուսակցություններն էլ սկսել են թեկնածուների առաջադրումը, առայժմ պրայմերիզներում, բայց գործընթացը սկսված է և չի կարող չազդել Սպիտակ տան արտաքին քաղաքականության վրա, այդ թվում՝ Մերձավոր Արևելքում: Սակայն Իրանն ԱՄՆ-ի համար «անանց արժեք» է, և Թեհրանի հետ վեցյակի միջուկային բանակցությունների ճակատագիրը կուլուարային խորհրդակցություններում (ոչ միայն Ջոն Քերիի ուղիղ բանակցություններում ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ), Սիրիայի ու Եմենի հարցերում հիմա Վաշինգտոնի ցանկացած քաղաքական գործչի համար շատ ավելի կարևոր են, քան Իսրայելի իրավիճակային «վիրավորվածությունը»:
Ի՞նչ է կատարվել այս տարի մայիսին «քրդական ճակատում»: Տարբերակներից մեկն է, որ Բարզանիի կլանը, այնուամենայնիվ, որոշել է ընդունել ԱՄՆ-ի ծրագիրը, և որպեսզի ամերիկացիները համոզվեն, «բարզանիականները» Էրբիլում ու իրանական Մեհաբադում համապատասխանեցրել են «Մենք բոլորս Ֆարինազ ենք» ակցիաները: Այսինքն՝ Բարզանիի կլանը Վաշինգտոնին ասել է, որ պատրաստ է զոհաբերել Իրանի իր կողմնակիցներին ու ցեղակիցներին՝ ստեղծելու համար տպավորություն, որ Իրաքի հետ սահմանագծին ապրող Իրանի քրդերը, ապագայում կարող են դիտարկվել իբրև հեռանկարային հակաիրանական «հեղափոխական զանգված»: Քանի դեռ Մասուդ Բարզանին ԱՄՆ-ում էր, համբերատար էին և Իրանի իշխանությունները: Սակայն, ամենայն հավանականությամբ, «առևտուրը» Վաշինգտոնին աննշան թվաց, և ԱՄՆ-ը առաջադրեց այլ, ավելի մեծ պահանջներ Ինքնավար Քրդստանի իշխանությանը: Արդյունքում չտրվեցին անկախության հանրաքվեի աջակցության երաշխիքներ և զենք չտրվեց, թեպետ երկրորդ դեպքում ԱՄՆ-ը և իր, և Բարզանիի համար մանևրի տեղ թողեց՝ տեսնենք, ինչ կանի Իրանը: Բայց կլանի ղեկավարի` ԱՄՆ-ից Եվրոպա մեկնելու պահին, արդեն իրանցիները «հոգնեցին սպասել» և հետևեցին ուժային գործողություններ «բարզանիականների» դեմ Մեհաբադում, իսկ սադրիչներին որոշվեց դուրս բերել (բացառված չէ՝ իբրև պատանդ՝ Բարզանիի հետ «սեփական առևտրի» համար): Ի պատասխան ԻՊ-ի ամերիկյան խամաճիկները մահապատժի ենթարկեցին 13 «մեծ ցանկություններ ունեցող» քրդերի: Իբրև ուսուցողական, կանխարգելիչ բարձրագույն պատիժ, որ Բարզանին չհրաժարվի Վաշինգտոնում ստացած «հրահանգներից» ու «խորհուրդներից»:
Հաշվի առնելով Էրբիլում ու Սուլեյմանիում իրանական ռազմական ու հատուկ ծառայությունների ներկայացուցիչների ներկայությունը, չպետք է բացառել, որ Բարզանին ԱՄՆ մեկնում էր Իրանի հետ նախապես համաձայնեցված ծրագրով: Տարածաշրջանում ծավալվում է Իրանի ու Իրաքյան Քրդստանի հատուկ ծառայությունների ինչ-որ համատեղ գործողություն, ասենք, ԻՊ-ի դեմ պատրաստվող հակահարձակումից առաջ: Այս պարագայում 13 քրդերի մահապատիժը ԱՄՆ-ի և ԻՊ-ի նրա խամաճիկների ցուցադրական քայլն է՝ իբրև այն սպառնալիքն ընկալելու վկայություն, որ այդ 13 սպանվածները կամ նույնիսկ այլ քրդեր Խալիֆաթի շարքերում կարող էին Իրանի և քրդական «պեշմերգայի» «հինգերորդ շարասյան» դեր խաղալ Մոսուլի և Հյուսիսային Իրաքի այլ առանցքային բնակավայրերի վրա հակահարձակման ժամանակ: Ի վերջո, քաղաքական ինքնասպան չէ Մասուդ Բարզանին, որպեսզի մերկապարանոց նետվի կատարելու Իրանի ներսում իրավիճակն ապակայունացնելու ԱՄՆ-ի պատվերները: Նա չի կարող չհասկանալ, որ ԱՄՆ և Եվրոպա այցերից հետո հարկադրված է վերադառնալ Էրբիլ և պայմանավորվել Իրանի հետ, թեկուզ նրանց ազատ արձակման հարցով, ում տարել են ՈՒրմիա: Այս իրադարձությունները վկայում են, որ «քրդական հարցը» այդպես էլ չի դառնում ինքնուրուն աշխարհաքաղաքական գործոն Մերձավոր Արևելքում, ուրեմն՝ քրդերի ճակատագիրը (նույնիսկ անկախության հանրաքվեից հետո) կախված է լինելու երրորդ երկրներից:

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 2940

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ