«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Vox populi, or vox power and authority?

Vox populi, or vox power and authority?
09.06.2015 | 00:31

Հայաստանում նոր ավանդույթ է հաստատվել՝ «Ոչ մի շաբաթ՝ առանց քաղաքական կուսակցության» կարգախոսով: Ահա ինչ է նշանակում դաշտը «մաքրելը»՝ մեկի տեղ մի քանիսն են ի հայտ գալիս: Հունիսի 6-ին քաղաքական դաշտում քանակը որակի փոխարկելու փորձ նախաձեռնեց «Օրինաց երկիրը»՝ տասնյակ կուսակցությունների ու հինգ տասնյակ հասարակական կազմակերպությունների հետ հայտարարեց «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման ստեղծումը։ Հարցը, որին ոչ ոք դեռ չի պատասխանել, ի՞նչ է լինելու «Օրինաց երկիրը»: Այլևս միայն «Հայկական վերածնո՞ւնդն» է շրջանառվելու իբրև ՕԵԿ, թե՞ ՕԵԿ-ը մնալու է դոմինանտ ու «Հայկական վերածնունդն» օգտագործելու է իր ծրագրերը կատարելու ու իր նպատակներին հասնելու համար: Սա սկզբունքային հարց է: Միանգամայն տարբեր պատմություններ են ՕԵԿ-ի գլխավորությամբ «Հայկական վերածննդի» գործունեությունը և «Հայկական վերածննդի» գործունեությունը, որի մեջ տարրալուծվելու է ՕԵԿ-ը: Տրամաբանորեն: Իրականում, թերևս, տարբերություն չկա, երկու տարբերակում էլ կառույցը գլխավորում է Արթուր Բաղդասարյանը, իսկ նա իր քաղաքական կարիերայում այնքան փորձ է կուտակել թե՛ իբրև իշխանություն, թե՛ իբրև ընդդիմություն, որ լավ գիտի՝ ինչը որտեղ օգտագործել՝ միանշանակ շահելու համար: Եթե ստացվի՝ կուսակցությամբ, եթե չստացվի՝ անձամբ: Թեպետ «անձամբ»-ը նրա պարագայում նշանակում է կուսակցությամբ, որովհետև ՕԵԿ-ը միշտ եղել է մարդ-կուսակցություն՝ մեկ մարդու կուսակցություն, որ քանիցս ենթարկվել է քաղաքական տրանսֆորմացիաների՝ նայած, թե այդ մարդն իրեն որտեղ, ում կողքին, երբ ու ինչու է տեսնում: Տրամաբանական խաղի կանոններով գործող քաղաքական դաշտում «Օրինաց երկիրը» լինելու էր սոցիալական խնդիրներով զբաղվող կուսակցություն, որ միշտ ունի կայուն ընտրախավ, առաջադրում ու լուծում է սոցիալական խնդիրներ՝ համագործակցելով այլ քաղաքական ուժերի հետ: Արթուր Բաղդասարյանն էլ ունենալու էր պոպուլիստի կայուն համբավ՝ բառի քաղաքական իմաստով, ոչ թե քաղաքական շահարկման: Բայց Հայաստանի քաղաքական դաշտում գործում են ոչ թե տրամաբանությունն ու քաղաքական կարգավորումը, այլ քաղաքական նպատակահարմարության սկզբունքը, որի կանոնները թելադրում է իշխանությունը մյուս կուսակցություններին: Իսկ նրանք չեն դիմադրում, հարմարվում են: Եթե չեն հարմարվում, խորհրդարանի դռները նրանց առաջ փակվում են: Քաղաքական պայմանավորվածության, երբեմն-երբեմն բարձրաձայնվող ստատուս-քվոների անխախտ գոյությունը վաղուց փոխարինել է ընտրությանը: Արթուր Բաղդասարյանը դա գիտի ու լավ գիտի: Նրանից երբևէ Դիոկղետիանոս չի ստացվի, որ թողնի իշխանությունը, իսկ իրեն ուղղված հարցերին պատասխանի՝ «Դուք տեսե՞լ եք իմ աճեցրած կաղամբը»: Նա կողմնակից է «քաղաքական կաղամբի», նա Գագիկ Ծառուկյան չէ: Դաշտում գործող այլ կուսակցություններին համախմբելու և ՕԵԿ-ին միաձուլելու առաջին փորձը չէ սա, եղել է տարիներ առաջ: Ճիշտ է՝ մասշտաբներն այլ էին, հետո այդ կուսակցությունները հեռացան ՕԵԿ-ից, բայց դա այլ պատմություն է: Այսօրվա «վերածնունդը» այլ բովանդակություն ունի, և որքան ՕԵԿ-ն է պետք անհայտ ու անհասցե կուսակցություններին, նույնքան նրանք են ՕԵԿ-ին անհրաժեշտ: Թարմ արյուն է պետք ՕԵԿ-ին՝ նոր շնչառության համար: Անկախ այդ պահին քաղաքական դաշտում ունեցած դիրքից՝ իշխանություն, թե ընդդիմություն, ՕԵԿ-ը միշտ էլ ինքն իրեն առաջադրել է մաքսիմալիստական ծրագրեր և մշտապես շեշտը դրել է քանակի վրա, չմտածելով որակի մասին: Դա առանձնահատկություն է, որ բխում է ՕԵԿ նախագահի բնավորությունից՝ նրան տարածք է պետք իր գաղափարները կյանքի կոչելու, նույնիսկ եթե այդ գաղափարները իդեա ֆիքս են ու ինքն էլ գիտակցում է, որ իրականություն դառնալու ռեալ հիմքեր ոչ միայն չկան, այլև եթե դառնան էլ՝ անօգուտ են: Պոպուլիզմի ոսկե կանոնն է՝ խոսել populus-ի՝ ժողովրդի անունից և քաղաքական դիրքորոշումն արտահայտել՝ հղում անելով ժողովրդական զանգվածներին:
Քաղաքագետները պոպուլիզմը համարում են հասարակության և իշխանության փոխհարաբերության ձև, երբ իշխանությունը իր վերաբերմունքը, հետևաբար և օրենսդրությունը, փաստարկում է ժողովրդի կամքով՝ օգտագործելով հռոմեական իրավունքի սկզբունքը՝ vox populi՝ ժողովրդի ձայն): Այդ լրագրողներն են հնարել, որ պոպուլիզմի հիմքում այս ու այն քաղաքական ուժի ձգտումն է՝ շահել ժողովրդական զանգվածների վստահությունն ու աջակցությունը՝ նրանց դուր գալով ու իբրև միջոց օգտագործելով իրենց իրական նպատակների համար՝ ստանալ իշխանություն, հարստություն, համբավ: Պոպուլիստներն իրենց մտադրությունները փաթեթավորում են սոցիալական գրավչություն ունեցող ծրագրերի փայլուն թղթերով: Նրանք իրենց հռետորաբանության մեջ շեշտը դնում են շարքային մարդու տնտեսական ու սոցիալական խնդիրների վրա: Պոպուլիստներին նույնիսկ աջերի ու ձախերի են բաժանում՝ այնքան տարբեր գաղափարախոսական հիմքեր կարող են ունենալ և հաճախակի ճամբարից ճամբար փոխադրվել: Նրանք սովորաբար ներկայանում են տարբեր շրջանների կամ սոցիալական խմբերի շահերի պաշտպան՝ օրինակ, առանձին մարզի կամ սոցիալական խավի՝ երեխաների, կանանց, տարեցների, կենսաթոշակառուների, նպաստառուների, գյուղաբնակների, այս կամ այն ոլորտի աշխատակիցների ու այդ ոլորտում ծագած խնդիրներից տուժած աշխատակիցների շահերի պաշտպան, բայց միշտ և ամենուր նրանք հայտարարում են, որ պաշտպանում են ժողովրդի շահերը ու պայքարում են հանուն ժողովրդի: Հարկավ, այս կամ այն չափով պոպուլիստ են բոլոր կուսակցությունները, Հայաստանում ժողովրդի անունից խոսելը համաճարակ է նույնիսկ քաղաքական ասպարեզից դուրս: Բոլորն են իրենց իրավունք վերապահում բոլորի անունից խոսել: Թերևս այն պատճառով, որ սեփական տեսակետ ունենալու իրավունքն են կասկածի տակ դնում և «պաշտպանություն» են որոնում ընդհանրության մեջ: Ի վերջո, այդպես նաև պատասխանատվությունն է ընդհանուր: Իսկ հիմա համադրեք պոպուլիստներին ու Արթուր Բաղդասարյանի հռչակած դաշինքի նպատակներն ու խնդիրները: Արթուր Բաղդասարյանը պնդում է, որ երկիրը ճգնաժամի մեջ է ¥իսկ Հայաստանը երբևէ ճգնաժամից դուրս եղե՞լ է¤, անհրաժեշտ է համախմբել ապագայով մտահոգ ազնիվ ու արդար ուժերին։ «Ազնիվի» ու «արդարի» բնորոշումը չի տրվում, ինքնին հասկանալի է, որ այդպիսին է ՕԵԿ-ը, ՕԵԿ-ից բացի ազնիվ ու արդար այլ ուժեր կա՞ն: Ակներևաբար՝ ոչ: Հրաժարական տալով ԱԽ քարտուղարի պաշտոնից՝ Արթուր Բաղդասարյանը փորձեց երկրորդ անգամ ՕԵԿ-ի համար ապահովել նույն գետը քաղաքական հաջողությամբ մտնելու հնարավորությունը: Չստացվեց՝ այն ժամանակ գործող ոչ քառյակի, ոչ եռյակի մաս ՕԵԿ-ը չդարձավ, առավելագույնը՝ խորհրդարանում համագործակցությունն էր առանձին օրինագծերի քվեարկության կամ ստորագրահավաքների ժամանակ: Դա տագնապի առաջին ազդանշանն էր, երկրորդն ավելի ազդեցիկ էր՝ նրան չհավատաց populus-ը՝ ժողովուրդը, որ լավ հիշում էր 2008-ը, թեկուզ ՕԵԿ նախագահն ու բոլոր ՕԵԿ-ականները հազար անգամ ասել էին, որ երկիրը փրկեցին քաղաքացիական պատերազմից, բայց դա նրանց տեսակետն էր, populus-ը դավաճանության և իշխանության հետ գործակցության, շամպայնի գավաթի ղողանջով կոալիցվելու պատմությունը ուներ և ՕԵԿ-ի տեսակետից տարբերվող մեկնաբանություններ: Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո Արթուր Բաղդասարյանի վարչապետական հավակնությունները որքանո՞վ էին իրական՝ սա էլ հարցի մյուս կողմն է, բայց վարչապետ չնշանակվելը պատրվակ էր, իրականում կուսակցությունը խնդիր ուներ քաղաքական դաշտում դեմքը փրկելու ու հերթական ընտրություններով խորհրդարան վերադառնալու: Բացի այդ, կար նաև կառուցողական ընդդիմության պակաս՝ այն ժամանակ պետք էր հակակշռել ԲՀԿ-ին: Երբ ԲՀԿ-ի «այլընտրանքությունն» ավարտվեց, վերացավ նաև այդ խնդիրը ու ստացվեց, որ ՕԵԿ-ը մնացել է օդում՝ ո՛չ իշխանություն է, ո՛չ ընդդիմություն: Մնում էր, այո, նոր կարգավիճակ, նոր պատմություն ու նոր իմիջ հնարելը: Բացառապես կառուցողական՝ «Հայկական վերածնունդը» չի պայքարելու որևէ անձի կամ քաղաքական ուժի դեմ, Հայաստանի ներքին ու արտաքին խնդիրներն է լուծելու, մարդու իրավունքներն է վերականգնելու և ժողովրդավարությունն ամրապնդելու: Բնականաբար՝ ոչ մի խոսք, թե ինչպես: Կարևորը դա չէ, կարևորը համախմբումն է՝ Արթուր Բաղդասարյանը նորից իրեն զգում է զորահրամանատար և պատրաստ է վճռական ճակատամարտի: Ընթացքում «զորքը» գուցե ցրվի, գուցե մեծանա, գուցե փոքրանա, տարբեր տրամաչափի հասարակական հայտնի դեմքեր միանան՝ այդպես արդեն եղել է: Արդարադատության նախարարությունում գրանցված կուսակցությունների ցուցակը վերցնում ես ու հայտնիներին, ընտրություններին մասնակցածներին ջնջելով՝ առաջ ես գնում, ինչ մնաց, դառնում է «Հայկական վերածնունդ»: Հետո ձեռքդ ես առնում հասարակական կազմակերպությունների ցուցակը, նախընտրելի է ճյուղային: Իր անցած ճանապարհին ՀԿ-ների հետ աշխատանքի ու սեփական ՀԿ-ներ ստեղծելու պատմություն ՕԵԿ-ն ունի, 50 հասարակական կազմակերպությունը սահման չէ՝ կավելանան: Ընթացքում: Կարևորը, որ նրանք երկնքում Աստծուն ընդունեն, թե չընդունեն, երկրի վրա ընդունեն Արթուր Բաղդասարյանին, նվիրյալներ լինեն ու պատրաստ անփող աշխատելու: Իսկ Արթուր Բաղդասարյանը դեռ որոշակի ժամանակ լրատվամիջոցների համար հասանելի չի լինի: Հիմնականը նա ասել է.
«Մենք ասում ենք համախմբվենք` հանուն մեր երկրի, հանուն առաջընթացի, հանուն զարգացման, հանուն մեր վաղվա օրվա, վստահ եմ, որ այս համախմբումը մեզ հաջողություն կբերի»: Ով չի հավատում, ստոր ու նախանձ սրիկա է, կամ պատվեր է կատարում, կամ բութ է ու չի տեսնում ոչ երկրի ակնհայտ ճգնաժամը, ոչ ճգնաժամից հանող ուժին: Մի խոսքով, արժանի չէ ուշադրության, չարժի ժամանակ վատնել օտարների վրա, այդքան յուրայինների առկայությամբ: Իսկ յուրայիններին ավելի համախմբելու համար, կսկսեն շրջանառվել նոր քաղաքական միավորման դեմ դավադրության տեսություններ՝ բոլորը խառնվել են իրար, արդեն վախից չգիտեն ինչ անել, Արթուր Բաղդասարյանը հերթական անգամ խառնեց բոլոր հաշիվները՝ իր անսպառ ինտելեկտի, փորձի ու կապերի հաշվին: Բոլորը մազերն են պոկում ցայտնոտի մեջ ու չեն կարողանում ուշքի գալ՝ այնքան հարվածը հուժկու էր: Բնականաբար, սոցիալական վիճակը, թանկացումները, հարկերը, արտագաղթը, անարդարությունը, նույնիսկ ավտովթարները կդառնան քարոզչության նյութ և ամեն ինչից կառաջարկվի մեկ համադարման՝ «Հայկական վերածնունդ»՝ հարթակ, որտեղ մարդը մարդ է դառնում, երկիրը՝ երկիր, Արթուր Բաղդասարյանը՝ նախագահ: Դա է vox populi՝-ն, իսկ մնացածը կամ պիտի լռեն, կամ հեռանան, որ չստվերեն Հայաստանի ու մեր երեխաների ապագան: Հունիսի 6-ը պատմական օր էր՝ ստեղծվեց «Հայկական վերածնունդը», և Արթուր Բաղդասարյանն ասաց. «Մենք ձեռնամուխ եղանք մի նոր մեկնարկի, մի նոր ծննդի, և ես վստահ եմ, որ 60-ից ավելի քաղաքական և հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ ստեղծված «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորումը կարևոր ու վճռորոշ դեր կունենա մեր երկրում հայկական վերածնունդ ապահովելու գործում»:

Հարցեր կա՞ն: Եթե ոչ, դուք կվերածնվեք, եթե այո, մի կողմ քաշվեք ու մի խանգարեք:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ.- Այսօր նույնիսկ Արթուր Բաղդասարյանը չգիտի՝ խորհրդարանական ընտրություններում ո՛ր կողմից է լինելու՝ իշխանությա՞ն, թե՞ ընդդիմության, ու ինչ խնդիր է լուծելու: Ամեն ինչ կախված է սահմանադրական փոփոխություններից՝ որ պաշտոնը ում կտրվի: Նա գիտի քաղաքականության ոսկե կանոնը՝ մնալ ու լինել գործընթացի մեջ, անհրաժեշտ պահին գնալ զոհողությունների ու զոհեր տալ, բայց պահպանել գլխավորը՝ մնալ գործող նախագահին «ընկեր» ու հնարավորինս հաճախ հնչեցնել «День победы» երգը: Մնացածը դիտեք Հ3 հեռուստաընկերության եթերում՝ գեղարվեստական ֆիլմերի ընդմիջումներին: Բարի երթ:

Դիտվել է՝ 1275

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ