«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Ռիգան աշխարհի վերջին քաղաքը չէ

Ռիգան աշխարհի վերջին քաղաքը չէ
22.05.2015 | 04:26

«Վիլնյուսն աշխարհի վերջին քաղաքը չէ»՝ մխիթարեցին իրենց նրանք, ովքեր կողմ էին Հայաստանի եվրաասոցացմանը, համարում էին Հայաստանը Եվրոպայի մաս ու երկրի ապագան տեսնում էին նոր տեխնոլոգիաների, նոր որակի իշխանության ու քաղաքականության մեջ: Մխիթարությունը, իհարկե, մեծ չէր: «Մոսկվան աշխարհի վերջին քաղաքն է»՝ հաստատեցին նրանք, ովքեր կողմ էին Հայաստանի անդամակցությանը ԵԱՏՄ-ին, Հայաստանը համարում էին ասիական երկիր, զգուշացնում էին, որ հայկական ապրանքները մրցունակ չեն եվրոպական շուկայում, որ եվրաասոցացումը ԵՄ անդամակցում չէ, որ Հայաստանն ունի անվտանգության խնդիր, որ հետխորհրդային տարածքում՝ ինչպես հետխորհրդային տարածքում, ոչ ոք ու ոչինչ չի կարող փոխվել: Սա էլ մեծ մխիթարություն չէ: Հայաստանն անդամակցեց ԵԱՏՄ-ին: Կես տարի անց պարզվեց՝ Հայաստանը ո՛չ եվրոպական, ո՛չ ասիական երկիր է: Կես տարին այն ժամանակը չէ, որ որևէ միության անդամակցություն ի հայտ բերեր իր դրական որակները, բայց դարձավ այն ժամանակը, երբ ԵԱՏՄ-ն ի հայտ բերեց իր բացասական որակները: Մեղավորը Մոսկվան չէ: Ի սկզբանե իրավիճակը գնահատվում էր ստատիկ, հաշվի չէին առնվում արտաքին ու ներքին գործոնները: Հարցը դրվեց ու լուծվեց քաղաքական հարթության մեջ, համարվեց, որ տնտեսությունը կհարմարվի: Գուցե հարմարվեր: Բայց իրավիճակ փոխվեց: Ստացվեց, որ ԵԱՏՄ-ն, տնտեսական միություն լինելով, տնտեսապես պատրաստ չէ համագործակցության, ռուբլու, նավթի գների անկումը, իբրև հետևանք՝ տնտեսական անկումն ու ապրանքաշրջանառության նվազումը, Ռուսաստանի քաղաքական մեկուսացումն ու փոխադարձ տնտեսական պատժամիջոցները Արևմուտքի հետ վատ մեկնարկ էին ԵԱՏՄ-ի համար: Ստացվեց, որ տնտեսական առավելություններ տալու փոխարեն կառույցը դարձել է քաղաքական արգելակ: Թեպետ՝ կար, թե չկար ԵԱՏՄ-ն, Հայաստանը, որպես կանոն, ամեն քայլ համաձայնեցնում է Մոսկվայի հետ: Իշխանական ու ոչիշխանական դաշտով: ՈՒրեմն՝ ԵԱՏՄ-ի դաշտը քարեր նետել պետք չէ, խնդիրը բարդացել է այնքանով, որ իրական ենթակայությունը դարձել է նաև իրավական:
Ի՞նչ կատարվեց այս ընթացքում ԵՄ-ում: Ավելի ճիշտ՝ այն երկրների հետ, որ ստորագրեցին Վիլնյուսում եվրաասոցացման համաձայնագիրը: ՈՒկրաինան անցավ ու դեռ անցնում է պատերազմի ու խաղաղության նեղ հրվանդանով, ու եվրաինտեգրման արդյունքները դժվար է այդ իրավիճակում գնահատել: Չափազանցված է պատկերացումը, թե Արևմուտքը հանուն ՈՒկրաինայի ոտքի կանգնեց: Իրականում պատեհությունն օգտագործվեց՝ լուծելու հարցեր, որոնք հետաձգվել էին տարբեր պատճառներով: Երկրորդ համաշխարհային, երբեմն և Առաջին համաշխարհային պատերազմից մնացած տասնյակ հարցեր կան աշխարհում, որ պարբերաբար սրվում են, երբեմն լուծվում են զենքով, երբ դիվանագետների փաստարկներն ավարտվում են: Կան համակարգային անհամատեղելիության խնդիրներ, էներգակիրների, անվտանգության, տարածքային, որոնք խաղաղության մեջ անթեղված կրակի պես են, կայծ է պետք, որ բռնկեն: ՈՒկրաինական ճգնաժամը, չոր արդյունքների տեսակետից, այնքան էլ աղետալի չէր ո՛չ Ռուսաստանի համար, ո՛չ ՈՒկրաինայի, ո՛չ Արևմուտքի: Ռուսաստանը վերադարձրեց Ղրիմը: Թերակղզու աշխարհաքաղաքական նշանակությունը Մոսկվայի համար ավելին է, քան տնտեսական պատժամիջոցները և քաղաքական մեկուսացումը, որոնք ժամանակավոր են, իսկ հողն անանց արժեք է: ՈՒկրաինան վերջապես ստացավ անկախանալու հնարավորություն և այդ ճանապարհին Արևմուտքի աջակցությունը, որ այլ պայմաններում երաշխավորված չէր:

Արևմուտքը հնարավորություն ստացավ Ռուսաստանին ներկայացնել տարիներով հետաձգած պահանջները, ավելի ճիշտ՝ հնարավորություն՝ այսուհետ անտեսել Ռուսաստանի առարկությունները և խորանալ հետխորհրդային տարածքում, ընդլայնել ՆԱՏՕ-ի ներկայությունը Եվրոպայում, բացահայտ հրաժարվել ռուսական գազից կախվածությունից և այլընտրանքային էներգետիկ տարբերակներ որոնել, որ այլ պայմաններում չէր անում երկու տասնամյակ: Իրավիճակը Եվրոպայում հարթ ու հեշտ չէ՝ հաշվի առնելով ԵՄ անդամ 28 երկրների տնտեսական վիճակի, քաղաքական գերակայությունների տարբերությունները: Հին ու նոր Եվրոպաների տարբերությունները: Գործնականում համարյա կրկնվում է այն վիճակը, որում հայտնվեց Գերմանիան Բեռլինի պատը քանդվելուց հետո: Երկու տարբեր աշխարհներ հանդիպեցին, երբ պատրաստ չէին երկար սպասված հանդիպմանը: Արևմտյան ու արևելյան եվրոպաների մտածելակերպի ու գործելակերպի տարբերությունները բացահայտ են նույնիսկ ԵՄ-ի ընդհանուր տանիքի տակ: Հին ու բարեկեցիկ Եվրոպային նոր եվրոպացիները հավելեցին իրենց հողային կոնֆլիկտները, սոցիալական ու տնտեսական խնդիրները, գործազրկության բարձր տոկոսն ու, իբրև հետևանք, արտագաղթը դեպի Արևմուտք: Քաղաքական բաժանարար գծեր չկան, բայց իրական կան: Դա խնդիր է, որ հին ու նոր եվրոպացիները համատեղ պիտի լուծեն: Վիլնյուսում եվրաասոցացման համաձայնագիր ստորագրած Վրաստանը այս ընթացքում մեծ փոփոխություններ չապրեց: Իշխանության եկած «Վրացական երազանքը» մասամբ մեղմեց Միխեիլ Սաակաշվիլու հակառուսականությունը և չփոխեց արևմտյան կուրսը: «Վրացական երազանք» դաշինքի կուսակցությունների տարաձայնությունները ներքին ու արտաքին քաղաքական հարցերում, «Ազատ դեմոկրատների» դաշինքից դուրս գալը, նախարարների հաճախակի հրաժարականները, կառավարության կազմի փոփոխությունները, խորհրդարանական կառավարումը, նախագահի և վարչապետի հակասությունները, լարիի անկումը՝ խնդիրներ են, որ Թբիլիսին փորձում է լուծել: Գերխնդիր ունենալով՝ ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին անդամակցումը և Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավումը: Ինչո՞ւ Վրաստանում բարենորոգումներն սկսեցին տեղապտույտ ապրել, ինչո՞ւ արևմտյան ինտեգրման փոխարեն Վրաստանում ուժեղացավ թուրք-ադրբեջանական կապիտալի ու քաղաքական ազդեցությունը: Սրանք հարցեր են, որոնց պատասխանները Բրյուսելում, Մոսկվայում, Անկարայում ու Թբիլիսիում են: Մեծ փոփոխություններ չեղան և Մոլդովայում, տնտեսական վիճակը համարյա նույնն է, միակ տարբերությունը, որ Մոլդովային տրվեց ազատ վիզային ռեժիմ, ինչ չունեն դեռ ՈՒկրաինան ու Վրաստանը: Այս պատկերը ներկայացնում են ռուսական լրատվամիջոցները: ԵՄ-ը պնդում է, որ ՈՒկրաինան, Մոլդովան ու Վրաստանը 2014-ին ավելացրել են արտահանման ծավալները դեպի ԵՄ՝ 20 և 18 տոկոսով: Ասոցացման համաձայնագիրը ստորագրած երկրներին Ռիգայի գագաթնաժողովում կհատկացվի 200 միլիոն եվրոյի դրամաշնորհային փաթեթ, 3 միլիարդ եվրոյի ներդրումներ կլինեն Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից, Եվրոպական ներդրումային բանկից, ֆինանսական այլ կառույցներից: Բրյուսելը Կիևին հատկացնելու է 1,8 միլիարդ եվրոյի մակրոտնտեսական օժանդակություն:
Այնուհանդերձ, Ռուսաստան-Արևմուտք դիմակայությունը պատկերի առաջին շերտն է, խորքային քաղաքականության մեջ երկու կողմն էլ պահպանում է ներքին հավասարակշռությունը և հաշվի է առնում դիմացինի պահանջներն ու շահերը: Երբ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին Բրյուսելում Եվրոպայի խորհրդի նախարարների խորհրդի նիստում մայիսի 19-ին հարցրին, թե ինչ սպասումներ ունի Արևելյան հարևանության հարցում Ռիգայի գագաթնաժողովից, պատասխանեց. «Մենք չենք կարող Եվրամիությանն ու նրա գործընկերներին ինչ-որ լուծումներ պարտադրել: Մենք միայն ուզում ենք (և դա վաղուց հայտնի է Բրյուսելի մեր գործընկերներին), որ գործընթացները ԵՄ-ի և այն երկրների միջև, որ ուզում են խորացնել իրենց տնտեսական, հումանիտար և այլ հարաբերությունները, չկառուցվեն ի վնաս ՌԴ օրինական շահերի: Որ ԵՄ-ի և իր գործընկերների հարաբերություններում հաշվի առնվեն Եվրոպայի արևելքում ինտեգրացիոն գործընթացները, և նպատակը լինի դրանց ներդաշնակեցումը, ոչ թե հակադրությունը, ինչը, ցավոք, գոյություն ունի: Իրավիճակը «կամ-կամ» ներկայացնելու փորձերը, ինչպես զրոյական արդյունքով խաղը, հանգեցնում են անցանկալի և անբարենպաստ արդյունքների»: Դիվանագիտական լեզվից թարգմանաբար՝ ՌԴ արտգործնախարարի պատասխանը ազդանշան է, որ Մոսկվան շարունակելու է պատնեշել հետխորհրդային տարածք Եվրամիության «ոտնձգությունները»՝ համարելով «ՌԴ օրինական շահերի» դաշտ: Վիլնյուսում ԵՄ-ը նահանջեց, ավելի ճիշտ, մինչ այդ էր նահանջել՝ «հանձնելով» Հայաստանը իբրև ՌԴ «օրինական շահերի» տարածք: Երևանն այդպես էլ չդարձավ բանակցային հավասարարժեք սուբյեկտ: Բրյուսելում գերադասեցին «հասկանալ» Հայաստանին, քան իրավիճակ փոխել: Առավել ևս, որ Հայաստանի իշխանությունն այն պլացդարմը չէր, որ փոփոխությունների հիմքեր տար, ոչ էլ ժողովուրդն էր պատրաստ: Խնդիրը բնավ մայդանը չէ, խնդիրը մտածողությունն է: Այսօր էլ տրանսֆերտներից կախված և Ռուսաստանում աշխատող հայերիս համար Եվրոպան, շնորհիվ ռուսական քարոզչամեքենայի գերակտիվ ներկայության մեր երկրում, հասարակական գիտակցության միջին մակարդակում մերօրյա սոդոմ-գոմորի տարբերակն է, որտեղ միասեռականներից բացի մեկ էլ մուսուլմաններ կան, որ պարբերաբար կրակում են ու կեսօրին նամազ անում, փողոցներում շրջում չադրաներով: ՈՒրիշ Եվրոպա մենք չգիտենք: Երբ իմանանք, կեղծ պատկերացումները փուլ են գալու, փոխարենը մնալու են ռուսական «օրինական շահերը», որ քաղաքական դաշտից անցնում են մշակութային ու իբրև առաջին քայլ, քարոզում են Հայաստանում ռուսերենի հարյուրտոկոսանոց իմացության անհրաժեշտությունը:
Կնահանջի՞ Եվրոպան նորից, իր ամբողջ առաքելությունը կհամարի բարենորոգումներին, Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահի ներկայացվածությամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն աջակցե՞լը: ՌԴ «օրինական շահերի» տեղում կտեսնի՞ իր կենսական շահերը: Թե՞ կբավարարվի իր տարբեր ներկայացուցիչների մակարդակով հայտարարելով, որ ԵՄ-ը եղել է ու մնալու է Հայաստանում, բայց ներկայության չափը, ճիշտ ինչպես Հայաստանի նախագահը, Մոսկվայի հետ համաձայնեցնելով, որովհետև աշխարհում ընդունված կարգ է՝ առաջին դեմքերը հարցերը լուծում են առաջին դեմքերի հետ, իսկ մենք մինչև հիմա առաջին դեմքերի ստվերում ենք մեր տեղը որոնում՝ այդպես հարմար է, անվտանգ է, պատասխանատվություն չկա: Երբ դու չես որոշողը, դու չես մեղավորը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ռիգա մեկնեց: Եվրահանձնաժողովը հավանություն տվեց ԵՄ խորհրդին ուղղված առաջարկությանը՝ բանակցություններ սկսել Հայաստանի և Եվրամիության միջև Շրջանակային համաձայնագրի շուրջ: ԵՄ-ն և Հայաստանը անցյալ տարի են սկսել քննարկել նորացված համաձայնագրի շրջանակը՝ հստակեցնելով ոլորտները, որտեղ համագործակցությունը համատեղելի է ԵԱՏՄ-ում ՀՀ պարտավորությունների հետ: Ֆեդերիկա Մոգերինին կսկսի բանակցությունները Շրջանակային համաձայնագրի շուրջ, որ պետք է ներկայացվի անդամ երկրներին՝ վերջնական ընդունման համար: Գուցե նրա բախտը իր նախորդից ավելի բերի: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բրյուսելում ասում էր. «Մեր եվրոպացի գործընկերները մեզ հավատացրել են (այդ թվում` ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին մեր բանակցությունների ժամանակ), որ Արևելյան գործընկերությունը ի վնաս Ռուսաստանի շահերի չի զարգանա: Դրանք ճիշտ խոսքեր են, բայց մենք ուզում ենք, որ կոնկրետ գործերով ամրապնդվեն: Կտեսնենք՝ ինչ կլինի Ռիգայի գագաթնաժողովում»: Համենայն դեպս, Ռիգան չէ աշխարհի վերջին քաղաքը, ինչպես՝ Մոսկվան՝ միակը: Պարզվում է՝ Երևան էլ կա, անգամ Հռոմից հին է:

Դիտվել է՝ 1405

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ