«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Հայաստանի ու Շվեյցարիայի տարբերությունը

Հայաստանի ու Շվեյցարիայի տարբերությունը
19.05.2015 | 14:06

Անցած կիրակի երեք մարզերում անցկացվեցին հանրաքվեներ: Եթե Հայաստանը Շվեյցարիան լիներ, որտեղ հասարակական ամենաչնչին կարևորության հարցերը լուծվում են հանրաքվեներով, կհամարվեր սովորական և անհրաժեշտ քայլ՝ պետական արդյունավետ կառավարման շրջագծում: Հայաստանում տեղական հանրաքվե անցկացվում էր առաջին անգամ: Առաջինը, հայտնի է, կուտ է գնում: Եթե ոչ միշտ, համարյա միշտ: Հանրաքվեին նախորդած բոլոր հրապարակումները հանրագումարի բերելիս՝ պատկերը ստացվում էր օրինաչափ՝ նրանք, ովքեր պիտի լուծարվեին իբրև համայնք և խոշորացվեին, դեմ էին, նրանք, ում պիտի միանային, կողմ էին: Ինքնապահպանման բնազդը համայնքային կառույցներին մղում էր դեմ լինել, որովհետև կորցնում էին ռեալ աշխատատեղ ու աշխատավարձ՝ ի տրիտուր ստանալով խոստումներ, որ համայնքներում խնայված գումարներով կկատարվեն այլ աշխատանքներ՝ մի տեղ ջրի, մի տեղ՝ ճանապարհի, մի տեղ՝ հողի, մի տեղ՝ հանրային շինությունների կառուցման ու վերանորոգման համար: Այսինքն՝ որոշակին կորցնում ես, անորոշը՝ ստանում, հավելած պետության հետ առնչությունների բարդացումը՝ տարբեր փաստաթղթերի ձեռքբերման գործում: Ակնհայտ էր, որ ինչ խնդիր էլ կառավարությունը ուզում է լուծել համայնքների խոշորացմամբ, բավարար չէ այդ խնդրի ներկայացումը, բացատրությունը, կոնկրետ օգուտների քարոզչությունը: Հայաստանում քարոզչությունն ընդհանրապես միակողմանի բութ գործիք է, որով անհրաժեշտ պահին խփում են անհրաժեշտ հատվածի գլխին և հաջողությունը պայմանավորում են այդ հատվածի գրպանը մի թեթև դրամավորելով կամ շանտաժով ու սպառնալիքներով: Թե ինչ կապ ունի «քարոզչության» հայկական տարբերակը իսկական քարոզչության նպատակների, խնդիրների ու ձևերի հետ, քարոզողների ու քարոզվողների խնդիրը չէ միայն: Բայց չկա այդ խնդրի գիտակցումն անգամ:

Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերի 22 համայնքներում, յուրաքանչյուր մարզում 7-8 գյուղ միավորելու հարցով, հանրաքվեի արդյունքները ի սկզբանե հայտարարվել էր, որ որոշում ընդունելու համար հիմք չեն լինելու։ Կառավարությունը համայնքների խոշորացման ծրագիրը կատարելու է՝ անկախ տեղական հանրաքվեների արդյունքներից։ Ինչո՞ւ, ուրեմն, վատնվեցին պետական միջոցները՝ 45 միլիոն դրամով հնարավոր էր լուծել կենսական հարցեր: Եթե նպատակը միայն ընդունվելիք որոշման համար հող նախապատրաստելն էր, թանկ գին է: Առավել ևս, որ հայ գյուղացին իր իրավունքների պաշտպանության համար պետության դեմ քայլեր չի արել ու չի անում՝ ոչ սոցիալական, ոչ տնտեսական, ոչ քաղաքական՝ մեկ-մեկ «համաժողովրդական» շարժման հանրահավաքներին մասնակցելու համար Երևան գալը պայքար չէ: ԿԸՀ-ի նախնական տեղեկատվությամբ՝ Լոռու մարզում Թումանյանի, Մարցի, Քարինջի, Լորուտի, Շամուտի, Աթանի, Ահնիձորի համայնքները Թումանյանի համայնք անվանմամբ միավորելուն կողմ է եղել քվեարկողների 68 տոկոսը (1007 մարդ)։ Տավուշի մարզում Դիլիջանի, Հաղարծնի, Թեղուտի, Գոշի, Աղավնավանքի, Խաչարձանի, Հովքի համայնքները Դիլիջանի համայնք անվանմամբ միավորելու օգտին կողմ է եղել քվեարկողների 70 տոկոսը (1412 մարդ)։ Սյունիքում Շինուհայրի, Տաթևի, Հալիձորի, Հարժիսի, Սվարանցի, Խոտի, Տանձատափի, Քաշունիի համայնքները Տաթևի համայնք անվանմամբ միավորելու օգտին կողմ է եղել քվեարկողների 94 տոկոսը (2668 մարդ)։
Լոռու մարզի 68, Տավուշի մարզի 70 և Սյունիքի մարզի 94 տոկոսները վկայում են, որ Հայաստանի երեք մարզերում իրականում կատարվել է ոչ թե համայնքների խոշորացման հարցով, այլ Սահմանադրության բարեփոխումների պիլոտային հանրաքվե: Փորձը հաջողված էր: Ընտրողը միանգամայն կառավարելի է՝ անկախ ինչ ու ինչու է մտածում: ԿԸՀ-ն տիրաժավորելու է «հասարակական պահանջարկի» պահանջված պատկերը: Վստահ եղեք՝ իշխանական քաղաքական ուժերը միմյանց հետ ու իրենց ներսում կոնսենսուսի կգան, ոչիշխանական անվանվողները քառյակավորվելու, եռյակավորվելու, երկյակավորվելու ու կոալիցվելու բավականին մեծ փորձառություն ունեն, որ ստանան իրենց ցանկացածը և ներկայացնեն իբրև գործունեություն հանուն հասարակության:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Իսկ Սյունիքի մարզում 6 -տոկոսանոց անկախությունը ավելին արժի, քան ամբողջ Հայաստանի 94- տոկոսանոց միասնությունը կամ ընդդիմությունը: Առնվազն տարօրինակ է, որ մարզպետը հերթական սկանդալի կենտրոնում՝ չի ապահովել 100- տոկոսանոց արդյունք: Փաստորեն՝ մի քանի մարդ մնացել է սահմանամերձ մարզում, որ իրեն թույլ է տալիս մտածելու շռայլություն:

Դիտվել է՝ 1261

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ