«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Շարունակվում է կարտոֆիլային դիվանագիտությունը

Շարունակվում է կարտոֆիլային դիվանագիտությունը
13.05.2015 | 20:08

Մայիսի 12, Սոչի, բանակցությունների 8 ժամ՝ 4 ժամ երկու արտգործնախարարները, 4 ժամ նախագահն ու նախարարները, և, կարծես, հարաբերությունները վերականգնվում են: Երեկ Սոչիում հանդիպեցին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին: Լավրովն ասաց, որ իր հանդիպումը Քերիի հետ հրաշալի է անցել, հանդիպման նա եկավ սպիտակ «Պոբեդայով» և Քերիին նվիրեց մի զամբյուղ կարտոֆիլ, մի զամբյուղ լոլիկ, Հայրենական պատերազմի խորհրդանիշներով շապիկ, Քերին նրան «պատասխանեց» դիվանագիտական պայուսակով, որի մեջ ԱՄՆ-ին վերաբերող ՌԴ լրատվամիջոցների հրապարակումների դայջեստն էր: Պայուսակը ծանր էր, բայց Քերին ասաց՝ կարող ես չկարդալ, միևնույն է, սուտ են: Ի վերջո, ՌԴ-ի ու ԱՄՆ-ի հարաբերություններում տեղաշարժ է՝ երկու տարի Ռուսաստանում չեղած ԱՄՆ-ի պետքարտուղարի համարյա անակնկալ այցը վկայում է, որ նրանք ուզում են նորմալ համագործակցության վերադառնալ՝ այսպես են գնահատել բանակցությունները Կրեմլում: Սոչիի քննարկումների առանցքում եղել է ՈՒկրաինան: ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի գնահատմամբ՝ «Բանակցություններում մենք ոչ բոլոր հարցերում էինք համամիտ, բայց հիմա ավելի լավ ենք միմյանց հասկանում: Մենք ընդունում ենք, որ պետք է խուսափենք քայլերից, որոնք կարող են երկարաժամկետ վնաս հասցնել մեր երկրների հարաբերություններին ու համագործակցությանը ամենատարբեր ոլորտներում: Հատկապես, եթե հաշվի առնենք, որ մեր համատեղ ջանքերից են միջազգային ասպարեզում կախված ժամանակակից շատ սուր պրոբլեմների լուծումները»: ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի գնահատմամբ՝ «Մենք քննարկում էինք երկու երկրների համար կարևոր հարցերը: Ես շնորհակալ եմ նախագահ Պուտինին, որ նա այդքան ժամանակ հատկացրեց մեր քննարկումներին: Ես շնորհակալ եմ նրան ուղղամտության, ռուսական տեսակետի մանրամասն մեկնության համար, և շնորհակալ եմ, որ նա կարծում է՝ մենք կարող ենք այդ խնդիրներին կառուցողական լուծումներ տալ համատեղ»: Պուտինը Քերիին ասել է, որ Կիևը պետք է բանակցի Արևելքի հետ, Քերին խոստացել է առաջարկը ուսումնասիրել: Նորմանդական ձևաչափի փոփոխության հարց չի քննարկվել: ՈՒկրաինայի հարցում երկու նախարարներն արձանագրեցին իրենց տարակարծությունները և համաձայնությունը, որ պետք է հստակ ու ամբողջությամբ կատարել Մինսկի համաձայնագիրը՝ մինչև կրակի լիակատար դադարեցում: Ռուսաստանն առաջարկում է հեռացնել ոչ միայն 100 մմ տրամաչափով հրանոթները, այլև տանկերը և 40 մմ-ից փոքր տրամաչափով զենքերը: Նախօրեին ՈՒկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել էր, որ ուկրաինական բանակը կվերադարձնի վերահսկողությունը Դոնեցկի օդանավակայանի վրա: Կիևից Սոչի եկած Ջոն Քերին հարկ համարեց ասել. «Եթե իրոք նախագահ Պորոշենկոն ցանկանում է ուժային գործողություններ սկսել, մենք առաջարկում ենք մտածել, հետո քայլեր անել, որովհետև մինսկյան համաձայնությունները լուրջ վտանգի կենթարկվեն և մենք լուրջ մտահոգություն ունենք այդ գործողությունների հնարավոր հետևանքներից: Այս պահին դա շատ ապակառուցողական քայլ կլինի»:

ՌԴ նախագահի օգնական ՈՒշակովը մամուլին փոխանցել է, որ Քերի-Պուտին հանդիպումը շատ էր ցանկանում ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, որ իր ողջույններն է փոխանցել ՌԴ նախագահին: Թերևս այդ ողջույնները միայն բանավոր չեն եղել, բայց ոչ նախագահի օգնականը, ոչ որևէ մեկն այդ մասին ոչինչ չի ասել: Պուտին-Օբամա հնարավոր հանդիպման մասին՝ ևս: Քննարկումների օրակարգում ոչ միայն ՈՒկրաինան էր, այլև Մերձավոր Արևելքը և ռուս-ամերիկյան հարաբերությունների կարգավորումը: Սերգեյ Լավրովն ասել է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը գոհ են Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ընթացքից: Երկու երկրներն էլ անհրաժեշտ են համարում Կորեական թերակղզու միջուկազերծումը: Պուտինը պատրաստ է շարունակել երկխոսությունը՝ հաշվի առնելով միմյանց շահերը: Քերին կարևորել է երկխոսությունը. «Ես այստեղ եմ, որպեսզի որոշումներ ընդունող առանցքային երկրները միմյանց հետ հանդիպեն ու քննարկեն խնդիրները, հատկապես երբ իրավիճակը զարգանում է արագ ու անակնկալ»: Ռուսաստանն ու ԱՄՆ-ը պայմանավորվել են համագործակցել Սիրիայում իրավիճակի կարգավորման հարցում, անդրադարձել են նաև «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը:
Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների հարցը ռուսական կողմը չի բարձրացրել: Հանդիպումներից հետո ՌԴ արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է. «Առճակատման խորացումը, պատժամիջոցային ճնշումը փակուղային ճանապարհ են: Հնարավոր չէ Ռուսաստանին հարկադրել հետ կանգնել իր ազգային շահերից և հրաժարվել սկզբունքային դիրքորոշումից մեզ համար առանցքային հարցերում»: Պատժամիջոցների հարցը արծարծել է ինքը՝ Քերին, նշելով, որ ՈՒկրաինայի վերաբերյալ Մինսկի համաձայնագրի կատարումից հետո պատժամիջոցները կարող են հանվել: Այսօր ԱՄՆ-ի պետքարտուղարը այդ հարցին անդրադարձել է արդեն Անթալիայում, որտեղ մասնակցում է ՆԱՏՕ-ի նախարարական գագաթնաժողովին. «Մենք Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ չենք ուզում, դրանք անհրաժեշտ են ՈՒկրաինայում խաղաղության և հրադադարի ապահովման համար»։ Այսքանը կամ համարյա այսքանը երեկ Սոչիում կայացած ութժամյա բանակցությունների մասին: Բնականաբար, քննարկված ոչ բոլոր հարցերն են բարձրաձայնվում և ոչ բոլոր արդյունքներն են ներկայացվում: Փակագծերի մեջ են մնում առավել կարևոր հարցերը, բայց պետք չէ կտրել դիվանագետների հացը՝ նրանք էլ ունեն գաղտնիքների իրավունք: Միևնույն է, վաղ թե ուշ, ամեն ինչ էլ հայտնի է դառնում, եթե ոչ խոսքերի մակարդակով, քաղաքականության՝ միանշանակ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Փաստորեն Ջոն Քերին հակասեց Անգելա Մերկելին՝ մայիսի 10-ին Գերմանիայի կանցլերը դատափետում էր Ռուսաստանին Ղրիմի անեքսիայի համար և պահանջում էր դադարեցնել պատերազմը ՈՒկրաինայում, իսկ Քերին այդ մասին բարձրաձայն ոչինչ չասաց, ավելին՝ հրապարակավ նախազգուշացրեց ՈՒկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին անմտածված քայլեր չանել: ԱՄՆ-ը, փաստորեն, շատ ավելի «քնքուշ» վերաբերմունք է դրսևորում Ռուսաստանի նկատմամբ, քան պարտադրում է ԵՄ-ին: Սա իսկապես անակնկալ էր ոչ միայն Անգելա Մերկելի, այլև ԵՄ բոլոր երկրների համար: ԱՄՆ-ի պետքարտուղարի այցը Սոչի և բանակցությունները ՌԴ արտգործնախարարի ու նախագահի հետ ոչ միայն ԱՄՆ-ում ու Ռուսաստանում պիտի իմաստավորվեն, այլև Եվրամիությունում: Իսկ մենք կարող ենք մի քիչ ավելի հանգիստ շնչել, գուցե նաև ակնարկել, որ Քերին Ռուսաստան գնաց ՀՀ նախագահի ԱՄՆ այցից հետո՝ ո՞վ ասաց, որ միշտ ճշմարտություն կա բոլոր հայտարարությունների հիմքում, որ հնչում ու տարածվում են: Իսկ ընդհանրապես՝ ռուս-ամերիկյան կարտոֆիլային դիվանագիտությունը սկսել է արդյունքներ տալ:

Դիտվել է՝ 1232

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ