«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Ո՞վ կասի վերջին խոսքը

Ո՞վ կասի վերջին խոսքը
12.05.2015 | 19:01

Բավական էր, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը գնար Արցախ և մասնակցեր հրապարակային միջոցառումներին, որ նորից ասպարեզ գային նրա իշխանական հավակնությունների վերաբերյալ խոսակցություններ: Ո՞Ւմ բարևեց, ո՞ւմ ժպտաց, ո՞ւմ հետ խոսեց, ո՞ւր գնաց: Ինչո՞ւ Արցախ գնաց, Հայաստանից մեկնածների հետ շփվե՞ց, թե՞ ոչ: Հյուրանոցո՞ւմ, ռեստորանո՞ւմ, փողոցո՞ւմ: Առնվազն պատշաճ չէ որևէ մարդու այսքան հետամտել՝ մարդն ունի անձնական կյանքի իրավունք: Ի՞նչն է տարօրինակ, որ ղարաբաղցին գնում է Ղարաբաղ՝ տոներին մասնակցելու, առավել ևս, որ ինքն է եղել առաջին նախագահը Ղարաբաղում: Ի՞նչ անեին նույն նպատակով Արցախ մեկնած պաշտոնյաները, որ միասին աշխատել են, պաշտոնականից բացի, ունեն մարդկային հարաբերություններ: Չտեսնելո՞ւ տային նրան: Որ՝ ի՞նչ: Ռոբերտ Քոչարյանն ինքն իրեն տնային կալանքի ենթարկի՞, որ տեղիք չտա անհիմն ենթադրությունների ու քննարկումների իր անձի շուրջ: Հետո ի՞նչ, որ ժամանակին և ԼՂՀ, և ՀՀ նախագահ էր: Կրակը չընկա՞վ: Ճի՞շտ է: Գուցե: Գուցե նաև առաջինը Ռոբերտ Քոչարյանը չհամաձայնի: Քաղաքական գործչի համար կարևորը, որ իր մասին գրեն, լավ, թե վատ՝ երկրորդ հարցն է, առաջինը՝ չմոռանան: Իսկ Ռոբերտ Քոչարյանը մնում է քաղաքականության մեջ, նախորդ լինելով՝ նախկին չի դարձել: Եվ դա բավարար հիմք է նրա հրապարակային ու ոչ հրապարակային հանդիպումները քննարկման հարց դարձնելու համար: Իհարկե, շատ ավելի շահեկան կլիներ, եթե նաև հարցազրույցներ տար այդ ընթացքում՝ առաջին դեմքով մեկնաբանելու իր քայլերը: Ասենք՝ ի՞նչ է մտածում ԼՂՀ ԱԺ ընտրությունների, ԼՂՀ քաղաքական կյանքի զարգացումների, տնտեսական վիճակի, ԼՂՀ հարցով բանակցությունների ընթացքի, գուցե նաև երկու տարուց ԼՂՀ նախագահական ընտրությունների մասին: Օրինակ՝ ի՞նչ կարող են զրուցել ԼՂՀ երկու նախկին նախագահները՝ Ռոբերտ Քոչարյանն ու Արկադի Ղուկասյանը: Ինչ ասես՝ եղանակից, քեֆ-հալից, տրամադրությունից, քաղաքականությունից, եկող-գնացողից: Նաև՝ ո՞վ է իրենցից ուզում վերադառնալ ԼՂՀ՝ նույն պաշտոնին: Իսկ ինչո՞ւ ոչ: Երկուսի համար էլ փայլուն վերադարձ կլինի: Վերադարձ հայրենիք, վերադարձ քաղաքականություն: Մեծ քաղաքականություն: Ի վերջո, ինչ ուզում ես՝ արա, Հայաստանի հետ կապված, ներքին, թե արտաքին, բոլոր հարցերում Ղարաբաղը կա ու լինելու է: Ի՞նչ կասեն ղարաբաղցիները, որ սիրում են ամեն ինչ ու ամենքին իրենք ընտրել: Զրույցի թեմա չէ՞: Ի՞նչ կասեն հայաստանցիները, օրինակ, Սերժ Սարգսյանը, օրինակ, Հովիկ Աբրահամյանը, օրինակ, Գալուստ Սահակյանը, թեմա չէ՞: Սերժ Սարգսյանը սահմանադրական փոփոխություններով անուղղակի ասելիքն ասել է, Գագիկ Ծառուկյանին ու ԲՀԿ-ն իրար հակացուցելով՝ հաստատել է, բայց ուղղակի ոչինչ չի ասել: Հովիկ Աբրահամյանը արդեն «պատահական» հանդիպումների իմունիտետ ունի, բայց մեկ է՝ ի պաշտոնե պարտավոր է տեսակետ էլ ունենալ: Գալուստ Սահակյանը երկար կմտածի Ղարաբաղ գնալ-չգնալ, առավել ևս՝ այնտեղ որևէ մեկին հանդիպել-չհանդիպելու մասին, իսկ եթե ասելիքն էլ ասի, հաստատ, թարգմանիչ է պետք, որ հասկացվի: Մի անգամ նկարվեց՝ հերիք է:

Խորհրդարանական ընտրությունները Ղարաբաղում այս անգամ արտահայտեցին ոչ միայն ժողովրդի ազատ կամահայտնությունը, այլև՝ քաղաքական ուժերի պայմանավորվածությունը՝ թեթևակի խախտումներով: Գործնականում ՀՅԴ-ն Հայաստանն ու Արցախը մի փաթեթում է դիտում և կոալիցիան Հայաստանում հասկանում է նաև իշխանություն Ղարաբաղում: Իսկ ինչո՞ւ ոչ: Իշխանությունն իշխանություն է: Արա Հարությունյանն ուզո՞ւմ է հաջորդել Բակո Սահակյանին, ու պետք է, որ մնա վարչապե՞տ: Թող մնա, ժամանակը կգա՝ կտեսնենք՝ ո՞վ է նախագահելու Ղարաբաղում: Բայց Աշոտ Ղուլյանին կարելի՞, չէ՞, տեղաշարժել ԱԺ նախագահի պաշտոնից: Լավ, գոնե փորձել: Ինչո՞ւ ոչ: Հայաստանը չի՞ խառնվում Արցախի գործերին: Հետո ի՞նչ: Կամ էլ՝ ո՞վ ասաց, որ չի խառնվում: Շատ տարողունակ հասկացություն է այդ «խառնվելը»՝ ոնց ուզես՝ կբացատրես: ՈՒ՝ ընդհանրապես՝ ինչո՞ւ չխառնվի: Ստեփանակերտը, համենայն դեպս, չի առարկում: Օրինակ, նաև սահմանադրական փոփոխություններն են պատրաստ քննարկել, եթե Հայաստանն ընտրի խորհրդարանական կառավարումը: Դեռ այնքան ջուր կհոսի մինչև Ղարաբաղի նախագահի ընտրություն, Հայաստանի խորհրդարանի ու նախագահի ընտրություն: Գուցե ընդհանրապես Արթուր Բաղդասարյանից բացի ոչ ոք Հայաստանում չցանկանա նախագահ դառնալ, այնքան նախագահի իրավասությունները կրճատվեն սահմանադրական փոփոխություններով: Ժամանակը խայտառակ տեր է՝ հաշվի չի նստում օրվա տերերի ու նրանց նպատակների հետ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Իսկ Ռոբե՞րտ Քոչարյանը: Դե նա ի՞նչ մեղավոր է, որ Հայաստանում էլ, Արցախում էլ իրական քաղաքական գործընթացները երբեք հրապարակային չեն լինում, պայմանավորվածությունները, ստատուս քվոները և կուլիսային ու անդրկուլիսային այլ խոսք ու զրույցները շատ ավելի կարևոր են: Ի վերջո, ոչ նա է ասել իր վերջին խոսքը, ոչ Սերժ Սարգսյանը, փաստորեն, միայն Լևոն Տեր-Պետրոսյանն է գրել: Առաջին անգամ իբրև «Լրջանալու պահ», երկրորդ անգամ իբրև հրաժարական, երրորդ անգամ քաղաքագիտական վերլուծություն:

Դիտվել է՝ 1269

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ