«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Մեռյալ կետից՝ մեռյալ կետ

Մեռյալ կետից՝  մեռյալ կետ
08.05.2015 | 09:24

Միգել Սաավեդրա դե Սերվանտեսը ասում էր. «Բառը քար է՝ նետեցիր, չես վերադարձնի»: Եթե բառը չես նետում, դառնում է նույն քարը, բայց՝ մեռած: Ինչքան քարեր ենք մենք ամեն օր նետում ու ինչքան քարեր են մեզ վրա նետում: Խոսել առանց մտածելու, նույնն է՝ կրակել առանց նշան բռնելու: Իսկ մենք չենք սիրում թիրախ լինել: Մենք սիրում ենք կրակել: Եթե մի քիչ, շատ քիչ ընդհանրացնենք՝ ամբողջ կյանքը թիրախին կրակելու ու հանդիպակաց կրակից վահանվելու ընթացք է: Միշտ ու ամենուր: Բոլոր երկինքների տակ: Մարդը միշտ ջանացել է պաշտպանվել մարդուց, երբեմն այդ նպատակով հարձակվելով մարդու վրա: Պետություններն էլ մարդու նման պաշտպանվում են միմյանցից ու պատերազմում միմյանց հետ՝ պաշտպանելու իրենց շահը: Ամբողջ խնդիրը արժեհամակարգն է՝ ինչ են պաշտպանում, հանուն ինչի են մեռնում ու սպանում: Կամ՝ ապրում: Ամեն օր մենք այդ մասին չենք մտածում, բայց մենք ամեն օր ապրում ենք այդ արժեքներով: Մեր նախընտրություններով, ցանկություններով, լավ ու վատի, ճիշտ ու սխալի ընկալումներով, որոնց հիմքում ¥գիտակցում ենք, թե ոչ¤ մեր արժեհամակարգն է: Կարելիների ու տաբուների մեր ցանկը, որի մեջ տեղավորում ենք մեր կյանքն ու ըստ այդմ տեղավորվում՝ հարմար կամ անհարմար: Կրակող, կամ՝ կրակի տակ: Միգել Սաավեդրա դե Սերվանտեսը նաև ասում էր՝ զզվում եմ շատ բառերից:
Ցեղասպանության թեման, որպես կանոն, բառաշատ է: Մեզ ասացին լիքը բառեր: Մենք էլ: Ի՞նչ մնաց բառերից: Ցավը պակասե՞ց: Սրբադասված զոհերի համար հիմա նաև պիտի ուրախանանք, որ նրանց հոգիներն այլևս հանգստություն գտան: Իսկ մե՞րը: Մեր անդադրում հոգին, որ միատեղվել է մտքին ու տեղ չի գտնում: Իսկ մեր հողի՞ հոգին, որ հիշողություն ունի: Հողի հոգին, որ մոռանալ չգիտի: Էներգետիկան, որ ոտքից գլուխ պարուրում է քեզ, եթե նունիսկ պատենավորվում ես քո ներսում ու շփում չես ուզում: Պարզ է, չէ՞, որ պատմությունը այն չէ, ինչ գրքերում է գրած, պատմությունը զգացողություն է, որ պահպանվում է՝ հակառակ գիտակցության ու տրամաբանության: Մեռյալ կետ: Կարող ես անցնել ու հեռանալ՝ առանց փոխադարձության: Կարող ես կենդանացնել, ու նա կգա քեզ հետ: Հարյուր տարի անց հաղթահարեցի՞նք մեր պատմության մեռյալ կետը, որտեղ մեզ սպանել են, ու մենք սպանվել ենք: Հետայսու կարո՞ղ ենք այդ կետում արթնացնել մեր այն կեսին, որ պայքարել է ու չի սպանվել, նաև սպանել է, որ չի սպանվել: Որ պաշտպանվել է ու կա: Կարողացա՞նք հասկանալ մեր էության այն բեկորներն իրար բերելու ու ամբողջանալու առավելությունը, որոնք չունեն նվնվոցի կրավորականություն ու նայելիս տեսնում են:
Այսօր Շուշիի ազատագրման օրն է: Մեռյալ կետին կենդանություն տալու օր, որ միագումարեց մեր հաղթող՝ անվերապահ, անդառնալի, անկասելի հաղթող բեկորներն իրար ու դարձավ պատմական փաստ՝ ազատագրված հայրենիք: Հրաշալի պատմություն թիկունքներին սպիտակ խաչ ունեցող զինվորների մասին, որ արդեն գրավել էին իրենց ներսի բերդը, ու բերդաքաղաքը չէր կարող չգրավվել: Կարսից հետո, որտեղից հեռացան առանց կրակոցի: Էրզրումից հետո, որտեղից հեռացան՝ հրանոթները թողած: Վանից հետո, Մուշից ու…
Մենք շատ հաճախ չգիտենք՝ ինչ անենք ոչ միայն պարտություններից հետո, այլև հաղթելուց: ՈՒ սպասում ենք:
Մեռյալ կետ: Նորից:
Քաղաքական դաշտում իշխանությունը 2015-ը սկսեց անակնկալ՝ արդեն փետրվարից ինքն իրեն համաժողովրդական համարող շարժումը միանգամից մարեց: ՈՒրեմն՝ համաժողովրդական չէր, հնարված էր, հարմարեցված: Ընդունեք, որ Գագիկ Ծառուկյանը շատ հեշտ հեռացավ քաղաքական դաշտից, շատ արագ մոռացավ «մեր կողքին լինելը»: Կարծես՝ այսքան տարի չէր էլ եղել: Հեշտ ու արագ նրան մոռացավ իր կուսակցությունը: Իրավիճա՞կ փոխվեց: Խնդի՞ր փոխվեց: Նպատա՞կ: Ոչ:

Իրականում ոչ խնդիր կար, ոչ նպատակ: Միջոց էր: Գործնականում ԲՀԿ-ն եղել էր ու մնում է միջոց՝ իր ներսում ու դրսում եղած մարդկանց ձեռքին՝ պահի հարցեր լուծելու համար: Եվ լինելու է ճիշտ այնքան, որքան հարցեր կան: Այսինքն՝ երկար: Ձեռքից ձեռք է անցնելու, սկզբունք, տեսակետ, ծրագիր է փոխելու, կարգախոս ու մնացյալ ամեն ինչ, որպեսզի մնա ու լինի: Դա կապ չունի քաղաքական դաշտը մաքրելու հետ: Քաղաքական դաշտը մաքրելու համար նախ պետք է հստակ պատկերացում լինի, թե ի՛նչ է քաղաքական դաշտն ընդհանրապես: Բայց այդ պատկերացումը ոչ ոք չունի: Բոլորն ունեն ծրագիր ու բոլորի բոլոր ծրագրերը շաղկապվում են նույն կետում՝ ինչպես մնալ ու դառնալ իշխանություն: Տարօրինակ է, չէ՞, որ ապաքաղաքական կուսակցության, որ այդպես էլ ոչ իշխանություն, ոչ ընդդիմություն իրեն չանվանեց, տրանսֆորմացիայից հետո քաղաքական կյանքը լռվեց մեռյալ կետում: Մի քիչ աղմկեցին ու քաշվեցին սեփական պատյանների մեջ՝ փաթեթավորվելով հին պաստառներով: Ոմանք՝ «Կորչի ավազակապետությունը», ոմանք՝ «Կեցցե կոալիցիան», ոմանք՝ «Մենք իշխանություն չենք, ուրեմն ընդդիմություն ենք» կարգախոսներով: Մեռյալ կետից տեղաշարժի բարձրագոչ հայտարարություններ արեց «Հիմնադիր խորհրդարանը», բայց այդպես էլ չհասկացվեց՝ բացի ծեծվելը, ապրիլի 24-ին քաղաքացիական անհնազանդություն պահանջելը, «100-րդ տարելիցն առանց վարչակարգի» հայտարարելը ի՞նչ են ուզում ընդհանրապես: «Այլընտրանք» պիեսի ձախողումից հետո բեմադրվում է նո՞ր պիես, որ նույնքան հասկանալի չէ իր անվանումով՝ ի՞նչ է հիմնադրում կամ՝ ո՞վ է ընտրել: Այսինքն՝ Հայաստանի քաղաքական դաշտը եթե կրկես չէ, փորձադաշտ է: Մարդկանց զբաղմունք է պետք: Ոմանց՝ ինքնազբաղմունք: Իշխանությունը տարին սկսեց անակնկալով, հետո ինքն իրեն քաղաքական արձակուրդ տվեց ու անցավ 1915-ի 100-րդ տարելիցին: Բայց հիմա 2015-ն է, ու անխուսափելի է վերադարձը: Եվրոպական շաբաթ ապրեցինք, չինական, ռուսական: ԱՄՆ գնացինք, կվերադառնանք Ռուսաստան: Հետո՞: Ֆինանսների նախարարության հաշվետվության համաձայն՝ Հայաստանի 1000 խոշոր հարկատուները առաջին եռամսյակում պետական բյուջե 1,3 տոկոսով ավելի քիչ գումար են փոխանցել, քան 2014-ին: 154 միլիարդ դրամ: Այսինքն՝ ԵԱՏՄ 170-միլիոնանոց շուկայի դռները «Սեզամ, բացվիր»-ով չեն աշխատում: Չբացվեցին դռները: Պարզվեց՝ ճգնաժամ է, արժեզրկում, գնանկում:
Ի՞նչ է կատարվում այն երկրում, որտեղ բյուջեն թերակատարվում է: Նայած՝ երկիր: Հայաստանն ընտրում է ոչ մի տեղ տանող, բայց՝ ինքնատիպ ճանապարհ: Կառավարությունն ու վարչապետը, այդ գործընթացի հետ ոչ մի կապ չունենալով, զբաղվում են օրենսդիր գործունեությամբ: Սա հանճարեղ ելք է՝ օրենք գրի ու փող սարքի: Ամենատարբեր ոլորտներում: Ֆինանսական՝ հատկապես: Օրինակ՝ եկամտահարկի ու շահութահարկի մասին օրենքում: ՈՒ՝ ինչպե՞ս մինչև հիմա պետությունը փայ չէր մտել իր քաղաքացիների եկամուտներում: Օրենք փոխելը գյուտ է: Երբ դրսից փող չեն տալիս՝ չունեն կամ չեն վստահում, որ կվերադարձնես, երբ տնտեսությունդ չի ձգում՝ տնտեսություն էլ լինի, երբ կոռուպցիայի դեմ պայքարում ես, բայց կոռուպցիան էլ քո դեմ է պայքարում, երբ Կենտրոնական բանկը ձեռքերը լվանում է, մնում է օրենք գրելը և ժողովրդի գրպանից հանելը: Իսկ թե գրպանահատությունների պատճառով գնողունակությունը ինչ անկում է ապրում՝ կարևոր չէ: Տրանսֆերտները մի օր կսկսեն վերականգնվել: Ճգնաժամի կորը չի կարող անվերջ գահավիժել, մի կետում կանգնելու է ու սկսելու է բարձրանալ: Տնտեսագետները գոնե համոզված են, որ այդպես է: Հայաստանն իսկապես ընտրում է ինքնատիպ ճանապարհ՝ չի բացառվում, որ մեր կայուն զարգացումը հանկարծ ընդհատվի ու կառավարություն փոխվի: Տնտեսական հիմնավորումները՝ լիքը: Միջազգային կազմակերպությունների գնահատականներից՝ ԱՎԾ-ի տվյալներ, կենսամակարդակից՝ արտագաղթ: Բայց դա, որպես կանոն, երբեք չի թելադրվում տնտեսական նպատակահարմարությամբ, որպես կանոն, միշտ քաղաքական խնդիր է լուծում: Որպես կանոն՝ նաև երաշխիք չէ, որ վարչապետի ու կառավարության փոփոխությունը իրավիճակ փոխվելու նախադրյալ չէ: Եկավ, չէ՞, Տիգրան Սարգսյանը: Դիվերսիֆիկացիա խոստացավ: Օլիգոպոլիաների դեմ պայքար: Տնտեսության կառուցվածքի փոփոխություն: 100000 աշխատատեղ: Արտահանման ու ներմուծման հաշվեկշռի փոփոխություն: Ներսես Շնորհալիով օծված ծրագիր ներկայացրեց: Ոմանք հավատացին, որ վերջապես տառաճանաչ վարչապետ ունեցանք, համարյա արևմտամետ, համարյա անկախ: Արագ պարզվեց՝ Հայաստանի համար շատ է ինտելիգենտ: ՈՒ՝ նորից մեռյալ կետ: Անբացատրելի երկար: Հետո եկավ Հովիկ Աբրահամյանը: Ներսես Շնորհալուն չհիշեց, աշխատատեղեր չխոստացավ: Խոստացավ օլիգարխներին հարկային դաշտ բերել: Յուրայիններից սկսել ու կանգ չառնել: Կոռուպցիան տեղնուտեղը վերացնել: Կես տարի ասում էր՝ ժամանակ է պետք: Կախարդական փայտիկ չկա: Կես տարի է՝ ժամանակի մասին էլ չի խոսում, երևի բիզնես տաղանդը թելադրել է, որ ժամանակը կապ չունի՝ քաղաքականությունն է պետք փոխել: Բայց քաղաքականությունը փոխել չի կարող, այդ դեպքում քաղաքականությունն իրեն կփոխի: Հին ու նոր, ներսից ու դրսից վարչապետի քանի թեկնածու կա, որ սպասում է իր աստեղային ժամին: «Այսօր վարչապետ՝ վաղը նախագահ» անցումը Հայաստանում լավ է ստացվում: Եզակի բացառություններով՝ Վազգեն Սարգսյանին սպանեցին, Անդրանիկ Մարգարյանը հանկարծամահ եղավ: Հայաստանում լավ է ստացվում նաև պաշտպանության նախարարից վարչապետին անցումը: Երբեմն նաև կոալիցիա ձևավորելը, որտեղ միակ սկզբունքը նախարարական պորտֆելները «արդարաբար» բաժանելն է: Թե կոալիցիայում ինչ կուսակցություններ կլինեն, ինչ ծրագրեր ունեն՝ որքանով են համադրելի նրանց քաղաքական ու տնտեսական ծրագրերը՝ կարևոր չէ: Կարևորը քաղաքական նպատակահարմարությունն է՝ «Դու ինձ, ես քեզ» սկզբունքով: Համարյա՝ քաղաքական ատկատ: Մեկ հենման կետը բավարար է, իսկ մեռյալ կետում հենման մեկ կետ հնարելը տեխնիկայի հարց է: Քաղաքական պերճախոսությունը ամեն ինչ կբացատրի, կհիմնավորի, կարդարացնի: Իսկ եթե ոչ, համադարման կա՝ Սահմանադրության փոփոխությունը: Իշխանությունը, այո, տարին գեղեցիկ սկսեց՝ քաղաքական դաշտը մաքրեց, Սահմանադրական բարեփոխումների խայծը գցեց, բայց արդյունքները, այնուամենայնիվ, այն չեն: Գործնականում իշխանությունը արդեն ինքն իր դեմ է պայքարում՝ քաղաքական մաքրված դաշտում, ռեսուրսները կորցրած տնտեսական դաշտում, սեփական քրեական սեկտորի կրակոցներով: Սահմանադրական բարեփոխումները ևս ամբողջությամբ մնում են իշխանության հույսին՝ հիմա արդեն ոչ միայն Հիմնական օրենք պիտի փոխվի, այլև ընդդիմություն ստեղծվի, որ կոնսոլիդացիա ապահովվի, որ հասարակական աջակցություն ձևավորվի, որ, վերջապես, փոփոխվող Սահմանադրությամբ ոչ թե կառավարման մոդել փոխվի ու պետության կառավարման արդյունավետություն բարձրացվի, անվտանգություն ապահովվի, այլ լուծվի Հայաստանի անկախ պետականության գոյության ժամանակների հարցերի հարցը՝ կադրայինը: Բոլորը մնան ձիու վրա: Առավելագույն փոփոխությունը կարող է վերաբերվել ձիերին, երբեք՝ ձիավորներին: Եթե, այնուամենայնիվ, ինչ-որ մեկը հետիոտն մնա, կստեղծվի նոր Հանրային խորհուրդ՝ նոր անդամներով: Բառը քար է՝ նետեցիր, չես վերադարձնի: Բայց չես վերադարձնի ոչ միայն քարը, այլև ժամանակը, որ քար նետելու վրա ես ծախսում: Եթե բառը չես նետում, դառնում է նույն քարը, բայց՝ մեռած: Իսկ գուցե ավելի լավ է մեռած բառեր ունենալ, քան խոսել առանց մտածելու, նույնն է՝ կրակել առանց նշան բռնելու: Երբ բոլորը կրակում են առանց նշան բռնելու, բոլորն են հայտնվում կրակի տակ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- Միգել Սաավեդրա դե Սերվանտեսը ասում էր՝ զզվում եմ շատ բառերից: Ես էլ:
Մեռյալ կետից մեռյալ կետ շարժվելու համար, սակայն, բառերը՝ շատ բառերը, անհրաժեշտություն են: Լռության մեջ են գիտակցվում մեռյալ կետերը, շարժման ուղղությունն ու արագությունը:

Դիտվել է՝ 1421

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ