«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Ռուս-թուրքական մերձեցումը Հայաստանի համար սպառնալի՞ք է, թե՞ ոչ

Ռուս-թուրքական մերձեցումը Հայաստանի համար սպառնալի՞ք է, թե՞ ոչ
20.03.2015 | 01:15

2015 թ. սկիզբը նշանավորվեց դեպի Թուրքիայի հետ կտրուկ մերձեցում Ռուսաստանի ղեկավարության աննախադեպ քայլերով, ինչպես նաև Իրանի հետ հարաբերությունների ընդգծված խորացմամբ։ Շատ կարևոր է հիշել, որ Ռուսաստանը այդ երկու գործը, ըստ էության, տանում է զուգահեռաբար, ընդ որում, նկատելի է հատկապես իրանական ուղղության գերակայությունը Մոսկվայի համար։ Դրա ապացույցներն այնքան շատ են, որ թվարկումը կարող է զբաղեցնել լուրջ տպագիր ծավալ։ Լիովին բավարար է պարզապես հիշել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի Թեհրան կատարած այցն ու Իրանի մայրաքաղաքում կայացած բանակցությունների ընթացքում ձեռք բերված երկկողմ պայմանավորվածությունները։
2014-ի ընթացքում և 2015-ի անցած ամիսներին ռուս-իրանական համագործակցության զարգացման ամբողջ դինամիկայի վերլուծությունը ցույց կտա, որ Ռուսաստանի ղեկավարությունը (իրանական գործընկերների կողմից փոխըմբռնմամբ) ձգտում է լիարժեքորեն դաշնակցել Թեհրանի հետ, որպեսզի է՛լ ավելի երաշխավորված ապահովվեն ՌԴ-ի անվտանգությունն ու ռազմավարական շահերը հարավային և հարավարևմտյան ուղղություններում, այսինքն` Միջին Ասիայում, Աֆղանստանում ու Անդրկովկասում։ Խնդիրը ծայրաստիճան կարևոր է, եթե հաշվի առնելու լինենք, որ Աֆղանստանից արևմտյան զորքերը շարունակում են հեռանալ, Սիրիայում և Իրաքում շարունակվում են «Իսլամական պետության» ահաբեկիչներին ջախջախելու փորձերը, բայց և միաժամանակ շարունակում է անհարմարություններ առաջ բերել ԱՄՆ-ի կողմից պարտադրված «ՈՒկրաինայի խնդիրը»։ Մոսկվային անվերապահորեն ձեռնտու են Իրանի այն գործողությունները, որ նա 2013-2014 թվականներից ծավալել է իր շրջակա մի շարք տարածաշրջաններում։ Չէ՞ որ Թեհրանի և Արևմուտքի միջև միջուկային բանակցությունների «տարկետման» պայմաններում (հիշենք, մի ժամանակ ԱՄՆ-ը և ԵՄ-ն սպառնում էին, որ եթե «2013 թ. նոյեմբերին» Իրանը վերջնական համաձայնագիրը չստորագրի, ապա Թեհրանը կստանա թե՛ «նոր պատժամիջոցներ», թե՛ պատերազմի սպառնալիքը կսաստկանա և այլն) թուրքական և իսրայելական սահմանների անմիջական մոտակայքում իրանական կողմի հակաքայլերի վերածումը տարածաշրջանային քաղաքականության գերիշխող գործոնի, ցաքուցրիվ արեց ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների ռեսուրսներն ու ջանքերը։ Հետևաբար, Իրանը ինչ-որ չափով հեշտացրեց Ռուսաստանի անելիքներն ու նպատակները հարավային և հարավարևմտյան ուղղություններում։
Սակայն Հայաստանում մի շարք հասարակական և քաղաքական գործիչներ տագնապ էին հնչեցնում հենց անցած տարվա վերջին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Թուրքիա կատարած պետական այցի փաստի և Անկարայում ստորագրված ռուս-թուրքական պայմանավորվածությունների առթիվ։ Երևանում արտահայտվող հրապարակային տագնապի մեխը, ինչպես միշտ, այն, իբր, «խոր համոզմունքն» էր, թե Մոսկվան և Անկարան նորից հերթական «հակահայ դավն» են նյութում, և այլն։ Ասես չկա էլ այն աշխարհաքաղաքական իրողությունը, որ այժմ բնավ էլ 1917-23 թվականները չեն և Մոսկվայում իշխանության գլուխ բոլշևիկները չեն, իսկ Թուրքիայում քեմալականները չեն, ասես մոռացել են, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ԽՍՀՄ-Ռուսաստանը հիանալի գիտեր, որ Թուրքիան Երրորդ ռայխի գաղտնի դաշնակիցն էր և ուղղակի սպասում էր Ստալինգրադի անկմանը, որպեսզի օկուպացներ Կովկասը և մեջ-մեջ աներ գերմանացիների հետ։ Իսկ պատերազմից հետո թուրքերը ԽՍՀՄ-ի հետ հասունացած ռազմադիվանագիտական բախումից (ի դեպ, հենց Կարսի մարզի պատճառով) խույս տվեցին ՆԱՏՕ-ին անդամակցելու միջոցով միայն։ Սակայն 2015 թ., ինչպես և առհասարակ, ամբողջ, այսպես կոչված, երկուհազարական թվականներին, Երևանում արևմտամետ «հավաքների» ժամանակ մի տեսակ «ընդունված չէ» հիշել իրենց սեփական պատմության իրական փաստերը, էլ չենք խոսում ռուս-թուրքական հարաբերությունների բոլոր փուլերի պատմության մասին և ոչ թե միայն 1920-30 թթ. բոլշևիկների ու քեմալականների «եղբայրության» շրջանի։ Երևի ժամանակին ԱՄՆ-ը, այսպես կոչված, «հայ-թուրքական հաշտեցման» ծրագիրը նախաձեռնելիս (սկզբում ինչ-որ փորձագետների մակարդակով, ապա երկու երկրների ԱԳՆ-ների), որն ավարտվեց 2009 թ. աշնանը Ցյուրիխում տխրահռչակ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմամբ, որոնք ի վերջո չվավերացվեցին հենց Անկարայի մեղքով, նկատի էր ունեցել մեր հենց այն հայրենակիցներին, ովքեր տառապում են հիշողության ընտրովի կորստով։
Այս տարվա ապրիլին հայ ժողովուրդը նշելու է աշխարհի առաջին ցեղասպանության` օսմանյան Թուրքիայում և Անդրկովկասում 1915-23 թթ. կատարված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը։ Ռուս-թուրքական մերձեցման փաստի հանդեպ հայ հասարակության տվյալ մասի հիվանդագին վերաբերմունքը բացատրվում է նաև նրանով, որ այդ տարելիցը վաղուց արդեն ինչ-որ բարոյաքաղաքական Ռուբիկոն է դարձել ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքահայ համայնքներում։ Օրինակ, զուր չէ, որ հիմա Երևանում, փաստորեն, չի մեղմանում յուրօրինակ բանավեճը հասարակության տարբեր շրջանների միջև (այդ թվում` ինտերնետ-տարածքի բլոգերների). իսկ ի՞նչ կընտրեն տարբեր պետությունների ղեկավարները. գալ Հայաստան և հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատա՞կը, թե՞ կարձագանքեն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հրավերին և կմեկնեն Ստամբուլ (դարձյալ 2015 թ. ապրիլին) ներկա գտնվելու «Գալիպոլիի հաղթանակի» 100-ամյակի տոնակատարությանը (խոսքը Անտանտի դաշնակիցների նկատմամբ թուրքերի հաղթանակի մասին է)։ Ի դեպ, այս կապակցությամբ շատ է խոսվում հենց այն նկատառումով, որ Վլադիմիր Պուտինը, որպես Հայոց ցեղասպանությունն ընդունած (1995 թ.) երկրի նախագահ, Անկարա կատարած այցից հետո, «անհարմար դրության մեջ» կլինի` Երևան գալը «կվիրավորի» թուրքերին, Երևան չգալը «կվիրավորի» ոչ թե պարզապես Հայաստանին, այլ ամբողջ աշխարհի հայությանը։ Ընդ որում, Երևանում հասարակությունը բարեվայելուչ լռում է, օրինակ, ի պատասխան Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի թագուհու հայտարարված որոշման` 2015 թ. ապրիլին ներկա գտնվելու թուրքական հանդիսություններին և ոչ թե գալու Երևան... Դե, իսկ մարտի 12-ին ԶԼՄ-ները հաղորդեցին, թե, իբր, Ռուսաստանի նախագահը և Հայաստանի ղեկավար Սերժ Սարգսյանը հեռախոսային խոսակցության ժամանակ «համաձայնեցրել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի և Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ նախատեսված միջոցառումներին համատեղ մասնակցության շրջանակներում իրենց առաջիկա հանդիպումների ծրագրերը»։ Կապրենք` կտեսնենք։
Բայց ընդհանուր առմամբ առայժմ Հայաստանի հանրության ակնարկվող մասի արձագանքը Վ. Պուտինի գլխավորությամբ ռուսական պատվիրակության այցի արդյունքների առնչությամբ ո՛չ հասկանալ է հնարավոր, ո՛չ բացատրել։ Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանի այդ քաղաքացիների համար կենսականորեն անհրաժեշտ է, որ Ռուսաստանն ու նրա նախագահը թավալ տան մեր արևմտամետների առջև և «ծնկաչոք ներողություն աղերսեն» այն բանի համար, որ ՌԴ-ն էլ իր ազգային շահերն ունի, և մասնավորապես Կովկասի ու Թուրքիայի հետ կապված շահեր, և այն բանի համար, որ ժամանակին (ասենք, 1877-78 թթ.) ռուսները մինչև վերջ չջարդեցին թուրքերին և Հայաստանի հասարակության այսօրվա վերնախավին սկուտեղով չմատուցեցին Հայաստանի գոնե մեկ-երկու պատմական մարզով ավելի, քան այն տարածքը, որ այսօր զբաղեցնում է միջազգայնորեն ճանաչված Հայաստանի Հանրապետությունը։ Մինչդեռ, ռուս-թուրքական համաձայնագրերի ու հուշագրերի ամբողջ ծրարը առհասարակ չի հետաքրքրում Հայաստանին, այդ թվում` նույնիսկ «Թուրքական հոսք» անվանումն ստացած (հենց Ռուսաստանի չեղարկած «Հարավային հոսքի» փոխարեն) գազամուղի շինարարության մասին համաձայնագիրը, ռազմատեխնիկական կապերի վերաբերյալ նախնական պայմանավորվածությունները և այլն։ Հեռանկարային առումով, Հայաստանի համար և միջազգային օրակարգում Հայկական հարցի քաղաքական ապագայի համար յուրօրինակ սպառնալիք կարող են ներկայացնել միայն ռուս-թուրքական պայմանավորվածությունները Ռուսաստանի հովանու ներքո Թուրքիայում ատոմային էներգետիկայի զարգացման ոլորտում։ Գոնե այն պատճառով, որ այս կամ այն երկրում ատոմային էլեկտրակայանների նույնիսկ առկայությունը, գրեթե ինքնաբերաբար, նման պետությունը և նրա ներքին կառուցվածքի և ներքին կայունության խնդիրները վերածում է միջազգային սևեռուն ուշադրության օբյեկտի (թեկուզև ՄԱԳԱՏԷ-ի մակարդակով), ինչպես նաև այդ երկիրը դարձնում է համամոլորակային աշխարհակարգի հիմնարար արժեքի մի ինչ-որ մեծություն։ Որպես օրինակ բավական է վերլուծել Պակիստանի գոյության և Հնդկաստանի հետ նրա հարաբերությունների ամբողջ ընթացքը, ինչպես նաև Արևմուտքի հետ Իրանի փոխհարաբերությունների ամբողջ ժամանակագրությունը` այն բանից հետո, երբ Ռուսաստանը ատոմային էներգետիկայի համալիրի ստեղծման գործում օգնություն ցուցաբերելու ձեռք մեկնեց Իրանին։
Հարցն այն է, թե որքանով Թուրքիան ու նրա դիրքերը կարող են ուժեղանալ (այդ թվում` Անդրկովկասի ռազմավարական կոորդինատների համակարգում), և որքանով դրանք կարող են թուլանալ Պուտինի կողմից Անկարայում երկկողմ փաստաթղթերի ստորագրման արդյունքում։ Միանգամայն հնարավոր է, որ թուրքական կողմը մի տեսակ «քարտ բլանշ» ստանա ԵՄ-ի հետ իր բանակցություններում. օրինակ, իր ներքին «ժողովրդավարացման» կամ քրդական հարցում, Կիպրոսի հարցում, ԵՄ-ին Թուրքիայի ենթադրյալ անդամակցության (դեռ 2000 թվականից) հարցում և այլն։ Բայց ոչ ավելին։ Փաստերը վկայում են, որ չի եղել և չկա ոչ մի վստահություն ո՛չ Կովկասի, ո՛չ Սիրիայի ու Իրաքի, ո՛չ էլ, ասենք, մյուս այն խնդիրների առնչությամբ Թուրքիայի դիրքորոշմամբ ու մտադրությունների նկատմամբ, որոնց շրջանակներում Ռուսաստանն ունի իր հայտարարված շահերը։ Չի կարող հանկարծ անսահման վստահության ջահ բռնկել Ռուսաստանի (որի հետ համագործակցության բոլոր ձևերը կտրուկ դադարեցրել է ՆԱՏՕ-ն) և այդ դաշնախմբի անդամ հանդիսացող Թուրքիայի միջև։ Դժվար է պատկերացնել նաև, թե Մոսկվայում «չեն հիշում», թե ինչպես էին թուրքերն ուզում ԱՄՆ-ի պատվերով 2002-2008 թթ. Ղրիմի ենթակառուցվածքում ներդնել (ՈՒկրաինայի կիևյան ղեկավարության լիակատար թողտվությամբ) մոտ 20 մլն դոլար և ինչպես էին ամեն կերպ հովանավորում ռուսատյաց «Ղրիմի թաթար ժողովրդի մեջլիսին»։ Թե՛ Ռուսաստանում, թե՛ Ղրիմում, թե Սև ծովի ամբողջ ավազանում աշխարհաքաղաքական փոփոխված իրողության պայմաններում այդ հարցն ամենևին էլ երկրորդական չի դառնում։ Վերջապես, դժվար է պատկերացնել, թե Կրեմլում, հատկապես ՌԴ զինվորական վերնախավի միջավայրում, չեն հիշում, որ ԱՄՆ-ի ՀՀՊ ազգային ծրագրի կարևորագույն տարրերից մեկը տեղակայված է հենց Թուրքիայում (Մալաթիայի շրջանում) և, ըստ էության, ուղղված է ոչ այնքան Իրանի, որքան Ռուսաստանի և նախկին սովետական տարածության դեմ։
Ինչպիսին էլ լինեն Թուրքիայում ատոմային էներգետիկայի զարգացման կամ գազի ոլորտում եղած պայմանավորվածությունները, միևնույն է, շատ դժվար է պատկերացնել, որ արդեն ավելի քան 14 տարի իրեն որպես անսասան իրատեսական դրսևորած Ռուսաստանի նախագահ Վ. Պուտինը հանկարծ վերածվեր անզուսպ թրքասերի և սկսեր անտեսել ոչ այնքան Հայաստանի շահերը, որքան, առաջին հերթին, իր սեփական երկրինը։ Հետևաբար, իմաստ չունի սպասել, որ 2014 թ. դեկտեմբերի սկզբին Թուրքիայի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների խաթեր Մոսկվան կզոհաբերի Հայաստանի կամ Իրանի հետ իր հարաբերությունները։ Հիշեցի 2010 թ. Կազանում նույն Վ. Պուտինի (նա այդ ժամանակ ՌԴ վարչապետն էր) կողմից Թուրքիայի այն ժամանակվա նախագահ Աբդուլլահ Գյուլին ուղղված մի արտահայտություն, որ վերաբերում էր հայ-թուրքական արձանագրություններին և, մասնավորապես, ղարաբաղյան հարցին. «Ճանճերն` առանձին, կոտլետներն` առանձին»։ Չէ որ, կարծես, Թուրքիային ուժեղացնելով ատոմային էներգետիկայի ոլորտը զարգացնելու ռուսական կողմի պատրաստակամության հավաստմամբ և գազի «Թուրքական հոսքի» շինարարության հաստատված նախագծի «ընծայումով», Ռուսաստանը միաժամանակ հարվածի տակ է դնում Անկարային, ընդ որում` ինչպես Եվրամիության ու Եվրահանձնաժողովի կողմից, որոնք «ոտքի են ելել» ընդդեմ «Հարավային հոսք» նախագծի ու կոնկրետ «Գազպրոմի», այնպես էլ ԱՄՆ-ի ու Իսրայելի կողմից, որոնք կանգնած են ոչ միայն «Հարավային հոսքի» տորպեդահարման, այլև, օրինակ, Իրաքի տարածքով դեպի Միջերկրական ծովի սիրիական ափ իրանական արտահանական գազամուղի շինարարության ձախողման թիկունքում։
Հասկանալի է, որ մինչև հիմա էլ օրախնդիր են այն պատճառները, որոնք Եվրահանձնաժողովի պաշտոնյաներին հարկադրել են կատարելու ԱՄՆ-ի (իսկ ամերիկացիները արդեն չեն էլ թաքցնում, որ բնավ միայն ՈՒկրաինայի հարցում չէ, որ իրենք «ոլորել են» Եվրոպայի ձեռքերը) և, ենթադրաբար, Իսրայելի թելադրանքը։ Սնահոգի Բուլղարիան չկարողացավ գոնե Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի կամ Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչի օրինակով (թեև երկուսն էլ տիպիկ արևմտամետ քաղգործիչներ են) պաշտպանել իր ազգային շահերը «Հարավային հոսքի» հարցում։ Բայց դա նշանակում է, որ այն նույն ուժերը, որոնք ձախողեցին «Հարավային հոսքի» երթուղին Բալկաններում, պետք է միջոցներ ձեռնարկեն նաև «Թուրքական հոսքը» ձախողելու ուղղությամբ։ Չէ՞ որ այդ նախագիծն էլ է ռուսական բնական գազը Սև ծովի հատակով հասցնում հենց Բալկանյան թերակղզի` Հունաստանի սահման և ոչ թե Թուրքիայի «մայրցամաքային» ասիական մաս։ ՈՒստի Էրդողանը Պուտինի հետ անգամ ստորագրելով «Թուրքական հոսքի» վերաբերյալ փաստաթուղթը, հետագայում մի քանի անգամ կրկնեց, որ դա օրակարգից չի հանում ԱՄՆ-ի կողմից հովանավորվող մեկ այլ` TANAP (Անդրանատոլիական գազամուղ) նախագիծը, էլ չենք խոսում այն մասին, որ վերսկսվել են բանակցությունները «Nabucco» նախագծի հնարավոր վերակենդանացման շուրջ։ Հասկանալի է, որ դրանով թուրքերը ձգտում են ժամանակ շահել կամ թուլացնել ռուս-թուրքական համաձայնագրերի դեմ ուղղված հնարավոր հակագործողությունների թափը։ Սակայն ով կարող է նախապես ասել, որ Մոսկվայի որոշումը ուղղված չի եղել հենց այն բանին, որ ազդակ հաղորդվի հակասությունների խորացմանը, ասենք, Սիրիայի և Իրաքի դեմ ագրեսիայի գծով դաշնակիցների ճամբարում։
Ամեն դեպքում, Հայաստանի համար այս ամբողջ խառնաշփոթում շատ ավելի կարևոր են այլ կարգի հարցեր։ Առաջին հերթին այս հարցը. «Իսկ ի՞նչն է ձեռնտու Հայաստանին` ռուս-թուրքական հարաբերություններում գոնե ժամանակավոր անդո՞րրը, թե՞ Մոսկվայի ու Անկարայի միջև արագորեն խորացող առճակատումը, այդ թվում` Կովկասում»։ Էլ չենք խոսում պատերազմի մասին։ Երևի Հայաստանի սուտ հայրենասիրական շրջանակներում կամ լիովին բացակայում է այն բանի գիտակցումը, որ, բացի Հայկական հարցից (կամ էլ անգամ հենց միայն Լեռնային Ղարաբաղի հարցից), նույն Ռուսաստանն ու Թուրքիան տարակարծության և նույնիսկ շահերի բախման ռազմավարական այլ հարթակներ ևս ունեն։ Թեև պատմական ներկա պահը թե՛ Հայաստանի ղեկավարությունից, թե՛ երկրի հասարակայնությունից բառացիորեն պահանջում է և՛ ոչ հեռու անցյալի արժեքների վերագնահատում (ասենք 1991-2013 թթ. ժամանակաշրջանի), և՛ սառը դատողություն` ապագան ծրագրելու փորձեր կատարելիս։ Բայց, ամեն պարագայում, հայ քաղաքական և հասարակական գործիչները հաշվարկներ անելիս վերապահորեն պետք է ելնեն այն բանից, որ ռուս-հայկական և ռուս-թուրքական հարաբերությունների բարդ երանգապնակում միշտ եղել է և շարունակում է լինել տեղ ևս մեկ «զույգի»` ռուս-իրանական հարաբերությունների (ուրեմն և փոխադարձ շահերի) համար։ Հետևաբար, հաշվի առնելով նաև հայ-իրանական հարաբերությունների առանձնահատուկ բնույթը, Հայաստանը հիմքեր ունի բախտորոշ փոփոխություններ անելու իր տարածաշրջանային քաղաքականության մեջ, թեև առանց Իրանի և Ռուսաստանի դիրքորոշումները հաշվի առնելու Երևանը հազիվ թե հաջողության հասնի իր նախաձեռնություններում։ Ինչպես ասում են, արտատարածաշրջանային ուժերը գալիս-գնում են, իսկ ավանդական հարևանները մշտական մեծություն են։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 4138

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ