«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Նոր բլիցկրիգը՝ ինտրիգով

Նոր բլիցկրիգը՝ ինտրիգով
17.03.2015 | 00:33

2015-ը, իհարկե, Օսմանյան կայսրության տարածքում հայերիս ցեղասպանության 100-րդ տարելիցի առանցքով է անցնելու, 100 թե 1000 տարի հետո էլ 1915-ը մնալու է 1915՝ իր ճակատագրական նշանակությամբ: Մենք սովորաբար ցեղասպանության զոհերի թիվը հաշվում ենք մեկուկեսից երկու միլիոն, բայց չենք հաշվում, թե այդ մեկուկես-երկու միլիոնը ինչքան դարձած կլիներ 100 տարվա մեջ և ինչքան կլինեինք մենք՝ հայերս, եթե երեք փաշաների տրիումվիրատը իշխանության չգար ու չկարողանար ազգային պետության ստեղծման իրենց տարբերակը իրականացնել: Առանցքը՝ առանցք, բայց 2015-ը 2017-2018-ի սկիզբն է՝ դատելով հայ քաղաքական ասպարեզում ամիս առ ամիս միմյանց հաջորդող բլիցկրիգներից՝ փետրվարին մենք անժամանակ հրաժեշտ տվեցինք ԲՀԿ-1-ին ու ստացանք ԲՀԿ-2-ը, մարտին մենք ճիշտ նույն օրերին՝ 12-13-ին, ստացանք բլիցկրիգ քաղաքական մյուս ուժերի հետ: Յոթ կուսակցության հետ ՀՀ նախագահի հանդիպումները նախագահականում սահմանադրական բարեփոխումների նկատմամբ վերաբերմունքի ճշտման նշանաբանով, գործողության առաջին արարն էին, առավել տպավորիչը երկրորդ արարն էր՝ նախագահի հանդիպումը սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ և նրա ելույթը, որ ոչ թե հանգուցալուծեց, այլ ինտրիգը վերջապես դաշտ բերեց: Քննարկումների նոր առանցքը, որ հետին պլան մղեց «սերժագնացների» ձեռքբերումների ու կորուստների հաշվեկշռումը և հետևանքները, դարձավ բլիցկրիգի երկրորդ օրը, երբ Սերժ Սարգսյանը ասաց՝ համոզեք ինձ, որ գործող Սահմանադրությունը ավելին չէ, կատարելագործեք ու բարեփոխեք, զուգահեռ խորհրդարանական հանրապետության մոդելը հիմնավորեք ու համադրեք իրականության հետ, հետո կգնահատենք. սա էր նրա ելույթի իմաստը:
Փայլուն քայլ, որ առաջին հերթին զինաթափում է Սահմանադրության փոփոխությունների դեմ զինվածներին՝ ոչ ոք չի ասում, որ գործող Սահմանադրությունը միանշանակ փոխվելու է, միաժամանակ թև է տալիս Սահմանադրության փոփոխության կողմնակիցներին՝ ոչ ոք չի ասում, որ գործող Սահմանադրությունից առավել առաջադիմական, համակարգային փոփոխություններ բերող ու երկրի զարգացումն ապահովող տարբերակ չի գտնվելու: Աշխատեք, պարոնայք, աշխատեք:
Սահմանադրական փոփոխությունների իրավական հարթությունը նախագահը առանձնացրեց քաղաքական հարթությունից, բայց դա պայմանական բաժանում է, ու պատճառը նա չէ, որ ի վերջո քաղաքական որոշում է ընդունվելու: Պատճառն այն է, որ Սահմանադրական փոփոխությունների ողջ գործընթացի սկիզբը, ընթացքը, ավարտը բացառապես քաղաքական խնդիր են լուծում: Պետական կառավարման մոդելի ընտրությունը նույնքան պայմանական է, որովհետև և նախագահական, և կիսանախագահական, և խորհրդարանական կառավարմամբ տասնյակ երկրներ կան՝ հաջող ու անհաջող փորձով: Այստեղ աքսիոմատիկ ճշմարտություններ չկան: Մոդելի ընտրությունն ընդամենը կառավարման ձևի ընտրություն է, բայց կա կառավարման բովանդակությունը, իսկ բովանդակությունը ցանկացած ձևի մեջ էլ կարելի է ապահովել: ՈՒստի ողջ խնդիրը հանգում է իշխանության բուրգի պահպանման, վերաձևավորման կամ կազմաքանդման տարբերակների ընտրությանը: Սերժ Սարգսյանը միանշանակ կողմ է իշխանության բուրգի պահպանմանը, նա առավելագույնը համաձայն է այդ բուրգում թեթևակի տեղաշարժերին: Վերաձևավորման կողմնակից են այսօր խորհրդարանական դաշտում, բացի ՀՀԿ-ից, մյուս բոլոր կուսակցությունները, նաև արտախորհրդարանականներից մի քանիսը: Նրանք բուրգի գագաթին տեսնում են եթե ոչ իրենց, համաձայն են կոալիցիոն կառավարման, այս դաշտում գաղափարական պայքար չկա, այստեղ ինտրիգը սկսվում ու վերջանում է համամասնություններով՝ ով որքան ձայն կստանա խորհրդարանում, ով քանի պորտֆել կստանա կառավարությունում, կստանա կամ չի ստանա և ինչ կստանա:

Կամ՝ հանդիսավորապես կկարգվի ընդդիմություն՝ պահպանելով իշխանության գրավիտացիոն առանցքը և համապատասխանաբար՝ իշխանական ամբարները մուտք գործելու հնարավորությունը: Այս դաշտում են նաև ՀՀ նախորդ երկու նախագահները: Լևոն Տեր-Պետրոսյանը և Ռոբերտ Քոչարյանը: Ստեղծված դասավորության մեջ նրանց շահերը գրեթե համընկնում են, բայց շատ տարբեր է նրանց մարտունակության աստիճանը: Լևոն Տեր-Պետրոսյանն ունի ՀԱԿ, Ռոբերտ Քոչարյանն արդեն չունի ԲՀԿ, բայց կարող է՝ կհասցնի ստեղծել նոր կուսակցություն, եթե վճռի պայքարը շարունակել նախագահական նստավայր վերադառնալու համար: Եթե որոշի, նրա գլխավոր խնդիրը դառնալու է գործող Սահմանադրության պահպանումը, որովհետև խորհրդարանական կառավարման մոդելում նախագահական աթոռը այլևս չի լինելու առաջինը, իսկ վարչապետի ու խորհրդարանի նախագահի համար նա դեռ պիտի հերթ կանգնի, ու գուցե հերթը մի տասնամյակ չհասնի: Առաջին հայացքից Լևոն Տեր-Պետրոսյանի առավելությունները ակնհայտ են Ռոբերտ Քոչարյանի համեմատությամբ, բայց իրական դաշտում Լևոն Տեր-Պետրոսյանը իրապես մենակ է ու անհենակ՝ նրան այլևս քաղաքական որևէ ուժ բուռն կամ գաղտնի աջակցելու ցանկություն չի դրսևորում, նույնը՝ ֆինանսական, դրսից Լևոն Տեր-Պետրոսյանը միշտ էլ ունեցել է ընդամենը պատվեր, որի կատարման դիմաց ստացել է ԱԺ հինգերորդ գումարման խորհրդարանում ՀԱԿ յոթհոգանոց խմբակցություն՝ Հրանտ Բագրատյանի չեզոք դիրքով ու Նիկոլ Փաշինյանի բացահայտ հակաՀԱԿական պայքարով, Լյուդմիլա Սարգսյանի ինքնուրույն նավարկության որոնումներով: Նրա քաղաքական արևը այլևս չի ջերմացնում, իսկ մայրամուտի ժամին խնդիրը սեփական ինքնապահպանման ու կուսակցության ինքնապահպանման հարցն է: Եթե երկու հարցերն էլ ընդունելի տարբերակով լուծվում են, Լևոն Տեր-Պետրոսյանը հրապարակավ դադարեցնում է «ավազակապետության կազմաքանդումը» և տեղավորվում է կառուցողական ընդդիմության ՀՀԿ-ի փորած խրամատում, որտեղ տաք է, լուսավոր, և, ամենակարևորը, թիկունքից ու դիմացից չեն կրակում: Այլ է Ռոբերտ Քոչարյանի պարագան, նա ունի սեփական խրամատը՝ տարիքը, ֆինանսները, հավակնությունները այն հարթությունն են, որ Լևոն Տեր-Պետրոսյանի համեմատությամբ անվիճելի առավելություն են տալիս Ռոբերտ Քոչարյանին և ՀՀԿ-ի համար նրան դարձնում են մրցակից, ուրեմն՝ վտանգավոր: Վտանգավոր՝ հատկապես այն դեպքում, եթե նրան հաջողվի ստանալ ռուսական աջակցություն: Մոսկվան միշտ աշխատում է իշխանության հետ՝ սա ևս աքսիոմատիկ ճշմարտություն է, բայց Սերժ Սարգսյանն այլևս չի կարող առաջադրել իր թեկնածությունը և ուրեմն՝ հարցը օրակարգից դուրս է գալիս ու օրակարգ է գալիս նոր հարց՝ իսկ ո՞վ է լինելու իշխանություն: Հենց այս կետում է գործող Սահմանադրության և առաջարկվող Սահմանադրության ընտրությունը՝ մենք ընտրելու ենք ոչ թե կառավարման մոդել, այլ այն մոդելը, որը կպահպանի երրորդ նախագահին իշխանական բուրգում կամ իշխանական բուրգ կվերադարձնի երկրորդ նախագահին: Փաստորեն՝ ընտրությունն արդեն կատարված է, մեզ առաջարկվում է միայն սեփական կամքով հանգել ճիշտ ընտրության: Սա է ամբողջ պատմությունը: Հիմքում: Իրականում: Ըստ էության: Մնացածը ձևերի բազմազանությունն է, որ գործող անձ է դարձնում քաղաքական կուսակցություններին իրենց տարբեր տեսակետների համադրում-հակադրումներով, որոնք այս ամբողջ ընթացքում լցնելու են պարապը և դառնալու են շատ հետաքրքիր ու շատ կարևոր, շատ կենսական իրենց համար, բայց ոչ հասարակության: Ո՞Ւմ համար է գաղտնիք, որ մարտի 12-ին Սերժ Սարգսյանի հանդիպումները յոթ կուսակցությունների ղեկավարների ու անդամների հետ ընդամենը իրավական նշանակություն ունեին, որևէ նորություն ոչ Սերժ Սարգսյանը, ոչ կուսակցությունների նրան հանդիպած ներկայացուցիչները, ոչ այդ հանդիպումներին հետևող կամ չհետևող հասարակությունը չիմացավ: Ամեն ինչ մինչ այդ էլ հայտնի էր: Ընդամենը հասարակությանը հնարավորություն տրվեց մի քիչ լիցքաթափվել՝ քննադատելով «սերժագնացներին» կասկածի տակ դնելով նրանց նկատառումների անկեղծությունն ու ընդդիմադիր կեցվածքը: Բացարձակապես անհիմն քննադատություն՝ քաղաքական որևէ կուսակցություն չի կարող ինքնաբավ լինել ու ինքնասպասարկման մեթոդով աշխատել: Իշխանության հետ համագործակցությունը իշխանությունը ներկայացնող նախագահի հետ հանդիպելը չէ, նրան կարող ես ընդհանրապես չհանդիպել, բայց երբ խաղում ես նրա խաղը և քո գործողությունների արդյունքում շահեկան դիրքում է հայտնվում նա, դու իսկապես համագործակցում ես իշխանության հետ: Մարտի 12-ի հանդիպումների ողջ իմաստը սահմանադրական փոփոխությունների մեկնարկն էր, ոչինչ ավելին, իսկ 13-ին արդեն խաղի հասցեատերը դարձավ հասարակությունը: Սերժ Սարգսյանը առաջարկում էր ոչ թե իրեն համոզել, այլ հասարակությանը, որ սահմանադրական փոփոխությունները հիմնավորված ու անհրաժեշտ են զարգացման համար: Իսկ համոզիչ լինելու համար հակացուցված է մեկ տարբերակը, մարդկանց պետք է ընտրություն, այլընտրանք է պետք, որ նրանք սեփական կամքով հանգեն քո ճշմարտությանը: Եվ քաղաքական դաշտին էլ պետք է ինքնահաստատման ու ինքնարտահայտման հնարավորություն, որ հասկանան իրենց նպատակները և վերջնանպատակը դարձնեն քաղաքական արդյունքը, ոչ գաղափարական կամ կուսակցական:
Սահմանադրական փոփոխությունների գործընթացի մեկնարկը տրված է, Սերժ Սարգսյանն արել է իր քայլը, հիմա արդեն մյուսները պետք է անեն իրենց քայլերը, որ ընդհանրական հաղթանակից ունենան իրենց փայաբաժինը: 2015-ի վերջին կամ 2016-ի սկզբին հանրաքվեի կդրվի Սահմանադրության այն տարբերակը, որին հավանություն կտա խորհրդարանը, իսկ խորհրդարանը ՀՀԿ-ի մեծամասնությամբ կընտրի այն տարբերակը, որ ապահովելու է իշխանության ապահով գոյությունը: Հանրաքվեն լինելու է վերջին արարը, որից հետո այլևս հայտնի կլինի 2017-2018-ի քաղաքական զարգացումների ընթացքն ու ավարտը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- Բայց այս ամենը չի նշանակում, որ մենք բոլորս խաղից դուրս ենք: Սահմանադրության առաջին հոդվածը՝ որ իշխանությունը Հայաստանի Հանրապետությունում պատկանում է ժողովրդին, որևէ տարբերակում չի կարող փոփոխվել: Մնում է, որ մենք ընկալենք մեր ժողովուրդ լինելը, ընտրազանգվածի հոգեբանությունից դուրս գանք, ընտրակաշառքը նպատակ չդարձնենք՝ այլ նպատակների բացակայության պատճառով, ու հիշենք, որ մենք, պարտականություններից բացի, ունենք իրավունքներ: ՈՒ ընդհանրապես՝ ժամանակն է հասկանալու՝ իսկ ի՞նչ ենք ուզում մենք մեզ ու մեր պետության համար: Որևէ բլիցկրիգ հաղթանակի կամ պարտության ելքին հասնում է բարենպաստ կամ խանգարող պայմանների պատճառով: Պայմանը մենք ենք, որ ընդունում կամ մերժում ենք մեզ ներկայացվող խաղը իր բոլոր արարներով, հակախաղ ունենալը մեր ոչ միայն իրավունքը, այլև պարտականությունն է: Իսկ դա նշանակում է նախ մտածել, հետո գործել: Իշխանական դաշտի գրավիտացիան կարող է գործել քաղաքական կուսակցությունների համար, բայց Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների համար պիտի գործի բոլորովին այլ գրավիտացիա: Որոնեք ձեր գրավիտացիան ու որոշեք արագ, այլապես ձեր խաղը ձեր փոխարեն կխաղան ուրիշները, և ձեզ նորից կմնա հետևանքների դեմ պայքարը ու պատճառների հետ հաշտվելու հնարավորինս անկորուստ տարբերակների ընտրությունը:

Դիտվել է՝ 1454

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ