«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Եգիպտոսը Մերձավոր Արևելքում պատերազմ է հայտարարել ամերիկյան խամաճիկներին

Եգիպտոսը  Մերձավոր Արևելքում պատերազմ է հայտարարել ամերիկյան խամաճիկներին
20.02.2015 | 00:11

Աշխարհն ականատես եղավ ԱՄՆ-ի խամաճիկների ևս մեկ չարանենգ արարքի. Լիբիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման տեղական «մասնաճյուղը» գազանաբար սպանել է եգիպտացի 21 ղպտի ձկնորսի, որոնց ամբողջ մեղքն այն էր, որ քրիստոնյա էին, և որ Եգիպտոսի բոլոր քրիստոնյաները (իսկ նրանք նաև մեր արյունակից հայերն են) պաշտպանում են Եգիպտոսի զինվորականներին և ներկա նախագահ ֆելդմարշալ Աբդել Ֆաթահ աս-Սիսիին։ Արմատական իսլամականներն ատում են Եգիպտոսի նախագահին և պնդում են, թե նա «Եգիպտոսի ժողովրդի դահիճն է»։ Այդ մարդու և եգիպտացի զինվորականների մեղքը միայն այն է, որ նրանք ժամանակին տեսան, որ եգիպտական քրիստոնյաների ջարդերից ¥իսկ տուժածների մեջ էին ոչ միայն ղպտիները, այլև հայերը¤ հետո երկիրը կտրուկ խրվելու է միջնադարյան խավարի վիհը, իհարկե, գովական «արաբական գարնան»` ԱՄՆ-ից և Արևմտյան Եվրոպայից լսվող հավանության գվվոցի ձայնակցությամբ։

Առաջին անգամ չէ, երբ հարկ է լինում անդրադառնալ այն թեմային, որ Արևմուտքն ինքն է Մերձավոր Արևելքում ստեղծում սուննիական մահմեդականների ահաբեկչական խմբեր, ապա շտապ կարգով հավաքում իր միջազգային կոալիցիաները «ահաբեկչության դեմ պայքարելու համար»։ Նպատակները մոտավորապես պարզ են. օրինակ, Եգիպտոսի պարագայում բավական է ուշադրություն դարձնել այդ երկրի հաղորդուղիների ռազմավարական կարևոր բնույթին, ասենք, հենց Սուեզի ջրանցքի։ Իսկ Իրաքում, որի վրա ամերիկացիներն ու Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի կամակատար Իսրայելը «բաց են թողել» ԻՊ-ի ահաբեկիչների հիմնական մասին, այժմ Վաշինգտոնը սկսում է իր մշտական ռազմաբազայի ստեղծման աշխատանքները։ Այսինքն, նավթով ու գազով հարուստ Հյուսիսային Իրաքի շրջանում հենց։ Ինչպես փետրվարի 13-ին խոստովանեց քրդական տարածաշրջանային կառավարության զինված ուժերի մամուլի քարտուղար Հելգուրտ Հիքմեթը, ամերիկացիներն իրենց ռազմաբազան կտեղակայեն հենց Էրբիլում։ ԱՄՆ-ի կառավարության հետ կնքվելիք պայմանագրի նախագիծը, որ հիմա նախապատրաստում են երկու կողմերի իրավաբանները, նախատեսում է «ԱՄՆ-ի բանակի կարիքների համար» հողի 15-ամյա վարձակալում, ընդգծում է թուրքական «Hurriyet» թերթը` վկայակոչելով Իրաքի Քրդստանի դիվանագիտական աղբյուրները։
Իհարկե, ամերիկացիները պնդում են, թե, իբր, օբյեկտը նախատեսված է «Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետության» դեմ պայքարի համար»։ Թե ինչպես է ԱՄՆ-ը ոլորում Արևմտյան Եվրոպայում իր ռազմական ու տնտեսական դաշնակիցների ձեռքերը, աշխարհն արդեն գիտե, Սպիտակ տան վարչակազմն ինքն էլ արդեն բացահայտորեն պարծենում է դրանով` այն համարելով իր մեծագույն նվաճումը միջազգային քաղաքականության մեջ։ Օրինակ, ԱՄՆ-ը եվրոպացիների «ձեռքերը ոլորել է» թե՛ Իրանի դեմ անօրինական պատժամիջոցների կիրառման, թե՛ Ռուսաստանի դեմ ոչ պակաս անօրինական պատժամիջոցների։ Մինչ այդ, նույնքան անօրինական պատժամիջոցներ են սահմանվել Հնդկաստանի, Չինաստանի և այլ երկրների նկատմամբ։ Հասկանալի է, որ ամերիկացիները Իրաքի քրդերի ձեռքերն էլ են հմտորեն «ոլորել», եթե քրդերին «համոզել են» համաձայնել Հյուսիսային Իրաքի երկարաժամկետ օկուպացմանը։ ԱՄՆ-ը չի թաքցնում, որ Իրաքյան Քրդստանի տարածքում այդ ռազմաբազան ստեղծում է Մերձավոր Արևելքում իր մշտական ներկայությունն ուժեղացնելու համար։ Եվ հասկանալի է, թե նրա ինչին է դա պետք. չէ՞ որ հարևան Իրանը սկսել է մինչև Սիրիա հասնող գազամուղի շինարարության նոր նախագծի իրագործումը, այս անգամ իրաքյան Բասրայի վրայով։ Ի՞նչ կապ ունի այստեղ «ահաբեկիչների դեմ պայքարը»։ ԱՄՆ-ն առաջվա նման պարզապես միտք ունի դարձյալ ձախողելու տարածաշրջանում Իրանի աշխարհառազմավարական նախագիծը։
Մյուս պատճառը. Իրաքի և Սիրիայի իշխանություններին իրապես օգնելով ամերիկյան խամաճիկների դեմ մղվող պայքարում, տարածաշրջանում այս կամ այն ձևով ներկա են իրանցի զինվորականները։ Բացի Իրաքի հարավում նրանց ունեցած ազդեցությունից, ինչը միանգամայն բացատրելի է շիական երկրների համար, հիմա իրանցի զինվորականները, ըստ էության վերահսկում են նաև սուննիադավան քրդերին` ներկա լինելով նաև Իրաքյան Քրդստանում։ Վաշինգտոնին արդեն տևական ավերիչ պատերազմ է պետք ոչ միայն Իրաքում, այլև հարևան Սիրիայում, որտեղ նույնպես կան իրանցի զինվորականներ, որոնք Դամասկոսին հնարավորինս օգնում են մի պատերազմում, որտեղ Սիրիայի ժողովրդի դեմ այսօրվա դրությամբ կռվում են մինչև 20 հազար օտարերկրյա վարձկաններ։ Ընդ որում` նաև Արևմուտքի երկրներից։
Վերջերս մենք գրեցինք այն մասին, թե Իրանը մեր տարածաշրջանում ինչպես է պաշտպանում իր ազգային շահերը, և դրա համար ինչպես են Իրանից վրեժ լուծում ԱՄՆ-ն ու Իսրայելը։ Կարելի է ինչ-որ բան կրկնել։ Հունվարի վերջին, «ահաբեկիչների դեմ պայքարի» պատրվակով, Իսրայելը հուժկու ավիացիոն հարված հասցրեց Սիրիայի Գոլանի բարձունքների Էլ-Կունեյտրայի շրջանին։ Զոհվեցին լիբանանյան «Հըզբոլլահ» կուսակցության շատ անդամներ, զոհվեց Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գեներալ Մոհամմադ Ալի Ալլահդադին, այնուհետև Իրանի արևելյան սահմաններում (Աֆղանստան-Պակիստան) մի նոր ահաբեկչական կազմակերպություն «հայտնվեց», որն իրեն համարում է «Իսլամական պետության» մաս։ Իրանի ներքին գործերի փոխնախարար Հոսեյն Զոլֆագարին հայտարարեց. «Իսլամական պետություն» հորջորջվող խմբավորումը հայտարարել է մեր արևելյան սահմանների երկայնքով իր գոյության մասին։ Եվ մենք հիմա ուսումնասիրում ենք, թե իրո՞ք այն առնչվում է ԻՊ-ին»։ Փետրվարի 1-ին ԻՊ-ի ահաբեկիչները պակիստանյան Սինդի նահանգի Շիկարպուրե բնակավայրում սպանեցին 61 շիականի, փետրվարի 14-ին արդեն «Թալիբան»-ի ահաբեկիչները սպանեցին 19 հավատացյալի, վիրավորեցին ավելի քան 50 մարդու Փեշավարի (Պակիստան) Իմամ Մասջիթ Իմամբարղի շիական մզկիթում։
Ինչի՞ց հետո «հանկարծ» այս ամենը սկսվեց։ Կատարելով ժամանակագրական համեմատություն, դժվար չէ համոզվել, որ Ռուսաստանի հետ Իրանի աննախադեպ մերձեցումից, այդ թվում` ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի Թեհրան կատարած այցից և ռազմական ու ռազմատեխնիկական բնագավառներում համագործակցության ուժեղացման վերաբերյալ իրանա-ռուսական նորագույն համաձայնագրերի կնքումից հետո։ Ինչ խոսք, նաև իրանական ատոմային ծրագրի վերաբերյալ Վիեննայի բանակցությունների հերթական ռաունդի ժամանակ Իրանի վրա ԱՄՆ-ի ճնշման ձախողումից հետո։ Ամերիկացիները փորձեցին ապատեղեկատվական գրոհ ձեռնարկել Թեհրանի վրա, իբր, ահա, տեսեք, նույնիսկ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեին է «նամակագրություն սկսել» ԱՄՆ-ի նախագահ Բ. Օբամայի հետ և պատասխանել 2014 թ. սեպտեմբերի կեսերին նրա ուղարկած անձնական նամակին։ Բայց փետրվարի 16-ին Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարզիե Աֆհամը հերքեց ամերիկյան «Wall Street Journal» հանդեսի հաղորդագրությունն այդ մասին. «Wall Street Journal»-ի հայտարարությունը լրատվամիջոցների ոչ պրոֆեսիոնալ խաղ է»։
Ի դեպ, այդ ժամանակ մենք գրել ենք նաև ԱՄՆ-ի ճնշմանը Իրանի «պատասխանների» մասին։ Եվ ահա Իրանի ևս մեկ «պատասխան». փետրվարի 17-ին հայտարարվեց, որ Իրանը մտադիր է միանալ չինական «մետաքսի նոր ճանապարհ» նախագծին։ Այդ մասին հայտարարեց հենց Իրանի նախագահ Հասան Ռոհանին Չինաստանի արտգործնախարար Վան Իի հետ բանակցությունների ժամանակ, ով այցով գտնվում էր Իրանում։ Իսկ Պեկինը պատրաստ է իրանական ինդուստրիային աջակցելու ածխաջրածինների ¥նավթ, գազ¤ արդյունահանման գործում, ինչպես նաև համագործակցելու էներգետիկայի, շինարարության և զբոսաշրջության ոլորտներում։
Իսկ հիմա ուշադրության առնենք այն, թե «Իսլամական պետությունը» երբ «հանկարծ» որոշեց սպանել քրիստոնյա եգիպտացիներին։ Չէ՞ որ փետրվարի 9-10-ին այցով Կահիրեում էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Բանակցություններում խոսվել էր ոչ միայն առևտրի ու զբոսաշրջության, այլև ահաբեկիչների դեմ պայքարում դաշինքի, ՌԴ-ից Եգիպտոսին զինամատակարարումներ կատարելու մասին։ Ստորագրված փաստաթղթերը հարգանք են ներշնչում իրենց անվանումների պատկառելիությամբ. «Եգիպտոսի տարածքում ԱԷԿ-ի շինարարության նախագծի զարգացման մասին», «Եգիպտոսի տարածքում օբյեկտների շինարարության մեջ ներդրումների կատարման և մասնակցության ասպարեզում փոխըմբռնման հուշագիր» և, վերջապես, «Ներդրումային համագործակցության զարգացման գործում փոխըմբռնման հուշագիր»։ Ճիշտ է, դրանք մեծ հաշվով ընդամենը մտադրությունների մասին արձանագրություններ են, որոնցից առավել իրագործելի է միայն «ատոմային պայմանագիրը»։ Հատկապես, եթե հաշվի առնենք, որ Եգիպտոսի համար գիտահետազոտական միջուկային ռեակտորը հենց Ռուսաստանն է կառուցել, և տեղի մասնագետները լավ ծանոթ են ռուսական տեխնոլոգիաներին։ Բայց կան նաև Եգիպտոսի ու Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջև ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագիր (ինչպես տեսնում ենք, մի բան էլ ապագայի նկատառումով, որ կարող է պետք գալ նաև Հայաստանին), փոխադարձ հաշվարկներում ռուբլու անցնելու և այլ պայմանավորվածություններ։
Մինչդեռ Կահիրեի և Մոսկվայի հարաբերություններում կա ևս մեկ խնդիր, որը անտեսանելիորեն ներկա էր այցի ընթացքում։ Այդ մասին պաշտոնապես ոչ մի խոսք չասվեց, ասես գոյություն չունենա էլ, բայց հենց այն է Ռուսաստանին ու Եգիպտոսին մերձեցնող գործոններից մեկը և տարածաշրջանում Մոսկվայի դիվանագիտության հրատապ խնդիրը։ Խոսքը Թուրքիայի մասին է։ Ավելի ճիշտ, նրա հարաճուն հավակնությունների և Եգիպտոսի ու Ռուսաստանի իրական շահերի միջև հավասարակշռության պահպանման մասին։ Այստեղ էլ Պուտինը, առանց հարցի ուղղակի բարձրացման, լիակատար ըմբռնում գտավ իր եգիպտացի գործընկերոջ կողմից։ Կահիրեն թշնամական վերաբերմունք ունի Անկարայի նկատմամբ, և այդ թշնամությունը միայն այն հարցում չէ, որ ֆելդմարշալ աս-Սիսին իր համախոհներով տապալեց Էրդողանի և նրա կուսակցության համար գաղափարապես մոտիկ «մահմեդական եղբայր» և ԱՄՆ-ի դաշնակից Մոհամմեդ Մուրսիին։ Եվ ոչ էլ այն հարցում միայն, որ թուրքերն աջակցում են իսլամականներին, որոնք Սիրիայից վարակի նման տարածվում են, այդ թվում` Սինայում։ Թեև արտաքուստ դա, թվում է, երկու երկրների գլխավոր հակասությունն է, սակայն իրականում ամեն ինչ շատ ավելի խոր արմատներ ունի։ Եգիպտոսը չի ընդունի տարածաշրջանի առաջատարը լինելու թուրքական հավակնությունները։ Կահիրեն այդ հարցում «բազմաբևեռության» կողմնակից է, ու եթե դրա համար իր ռեսուրսները չբավարարեն, ապա թող լինեն իրար հետ մրցակցող մի քանի տերություններ։ Անկարայի նկատմամբ մի առանձնակի վստահություն չունի նաև Մոսկվան։ «Գազպրոմի» նախագծերը «Գազպրոմի» նախագծերն են։ Ռուսական ղեկավարության ուժային բլոկի համար Թուրքիան եղել և մնում է որպես իսլամիստական և անջատական ուժերի պոտենցիալ հավաքակետ, որոնք սպառնալիք են ինչպես բուն Ռուսաստանի, այնպես էլ նրա խոցելի կետերի` Կովկասի ու Միջին Ասիայի կայունության համար։ Եվ, բացի այդ, հասկանալի է, որ ԱՄՆ-ը, ԵՄ-ն ու ՆԱՏՕ-ն շատ ավելի մեծ ազդեցություն ունեն Թուրքիայի վրա, քան Մոսկվան։ ՈՒստի եգիպտական ակտիվության տեսքով թուրքական ակտիվության հանդեպ հակակշիռը ամենևին էլ ավելորդ չի լինի այն ձևով, ինչ ձևով ուզում է կառուցել Ռուսաստանը Մերձավոր Արևելքում։
Այո, ղպտիների գազանային սպանության առիթով Եգիպտոսի նախագահին ու ժողովրդին ցավակցեցին ոչ միայն Պուտինն ու Եգիպտոսի դաշնակից երկրների ղեկավարները։ Ինչպես ասված է Սպիտակ տան փետրվարի 16-ի հայտարարության մեջ, «ԱՄՆ-ը դատապարտում է Լիբիայում Եգիպտոսի 21 քաղաքացիների զազրելի սպանությունը»։ Իսկ Արևմուտքի երկրները, մասնավորապես Իտալիայի պաշտպանության նախարար Ռոբերտա Պինոտտին, նույն օրը հայտարարեց, որ Արևմուտքը «պատրաստ է Եվրոպայի և Հյուսիսային Աֆրիկայի երկրների հետ Լիբիայում անցկացնելու համատեղ գործողություն Խալիֆայության հարձակումը կասեցնելու համար, որն արդեն 350 կմ է հեռու մեր ափերից»։ Բայց Եգիպտոսում և ամբողջությամբ վերցրած Մերձավոր Արևելքում ո՞ւմ կխաբի Արևմուտքի երեսպաշտությունը, եթե վաղուց բոլորը գիտեն, որ ԻՊ-ն ստեղծվել ու զորեղացել է հենց «սիրիական ընդդիմությանն օգնության» քողի ներքո հատկացված Արևմուտքի ֆինանսներով։
Սակայն, թիկունքին ունենալով Ռուսաստանի աջակցությունը, էլ չենք խոսում Մոսկվայի ստանձնած կոնկրետ պարտավորությունների մասին, Եգիպտոսի նախագահը գրոհեց Լիբիայի վրա, պատերազմ հայտարարելով «Իսլամական պետություն» խմբավորմանը։ Հնարավոր է, որ հիմա դա ահաբեկիչներից վրեժ լուծելու է նման. Եգիպտոսում բանը հասել է նրան, որ մարդասպաններից վրեժ լուծել են պահանջում ոչ միայն քրիստոնյա ղպտիները, այլև մահմեդական եգիպտացիները, որոնք խիստ վրդովված են իրենց հայրենակիցների նկատմամբ գազանային հաշվեհարդարի պատճառով։ Սակայն ֆելդմարշալ աս-Սիսին հետևողական է, նա ոչ միայն «վրեժ է լուծում» ԻՊ-ի ահաբեկիչներից, այլև հենց պատերազմ է հայտարարել և պատերազմում է։ Արտաքուստ միայն արմատականների դեմ, բայց, ըստ էության, ամբողջ Լիբիայի, քանի որ Մուամմար Քադաֆիի ռեժիմի տապալումից հետո Լիբիայում «օրինական և լեգալ կառավարության» անվան ներքո կառավարում են նույն իսլամիստ ահաբեկիչները` վայելելով ամբողջ Արևմուտքի աջակցությունը, սկսած ԱՄՆ-ից։ Փետրվարի 16-17-ին եգիպտական ավիացիան երեք անգամ հրթիռակոծել ու ռմբակոծել է Լիբիայի տարածքը` ոչնչացնելով ԻՊ-ի տասնյակ անդամների։ Ընդ որում, ընդգծենք, ԱՄՆ-ի Պենտագոնը նյարդայնացած հայտարարել է, թե Եգիպտոսի ՌՕՈՒ-ն ԻՊ-ի զինյալների դիրքերին ավիահարվածներ է հասցրել առանց ԱՄՆ-ի հետ կոորդինացնելու։ Այդ որոշումն ընդունել է Եգիպտոսի կառավարությունը, և նա իր գործողությունների մասին Վաշինգտոնին չի ծանուցել։
Զարմանալի է, որ ամերիկացիներն իրարով են անցել։ Ի՞նչ է, Սիրիայում ԻՊ-ի զինյալների դիրքերին իրենց ավիահարվածները նրանք կոորդինացնո՞ւմ էին սիրիական ռազմական ղեկավարության հետ, և Վաշինգտոնը Դամասկոսին ծանուցո՞ւմ էր։ Մի՞թե ԱՄՆ-ը ստացել էր Սիրիայի ղեկավարության համաձայնությունը այդ ավիահարվածների համար, որոնցից ավելի շատ տուժում էին Սիրիայի զինվորականներն ու անզեն քաղաքացիները։ Իսկ ահա Եգիպտոսի նախագահ աս-Սիսին, փաստորեն, նախազգուշացրեց ամբողջ աշխարհին, որ իր երկիրը լիիրավ է ցանկացած պատասխան գործողությունը ձեռնարկելու որպես «Իսլամական պետության» դեմ ուղղված վրեժի քայլ։ Մեր կողմից ավելացնենք` մեկ անգամ ևս հիշեցնելով ԱՄՆ-ի դրածոներին ու Լիբիայի այսօրվա պաշտոնական կառավարիչներին` ֆելդմարշալ աս-Սիսին նույնիսկ ավելի քան հետևողական է. փետրվարի 17-ին նա դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին` կոչ անելով միջազգային միջամտություն թույլ տալ Լիբիայում։ Եգիպտոսի առաջնորդը ֆրանսիական «Europe-1» ռադիոկայանի եթերում հայտարարեց, որ ընտրություն չկա, քանի որ միջազգային կոալիցիայի միջամտությունն են խնդրում Լիբիայի բնակիչները։ «Մենք դա նորից պետք է անենք, բոլորս միասին»,- ավելացրեց նա։ Հնարավոր է, որ մինչև այս հոդվածի հրապարակումը ՄԱԿ-ի ԱԽ-ն դեռ պատասխանած չլինի Եգիպտոսի նախագահին, բայց իրավիճակի նրբությունն այն է, որ նա պատերազմ է հայտարարել ոչ միայն Լիբիային կամ ԻՊ-ի լիբիական մասնաճյուղին, նա պատերազմ է հայտարարել ամբողջ «Իսլամական պետությանը»։ Այսինքն, եթե եգիպտացի զինվորականներն առաջիկայում հարվածներ հասցնեն Սիրիայում և Լիբիայում բնակալած ամերիկյան խամաճիկներին, ապա աշխարհը չպետք է զարմանա։ Վերը նկարագրվածը նշանակում է, որ շուտով ամբողջ Մերձավոր Արևելքը կթևակոխի իր պատմության որակապես նոր փուլ։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 3438

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ