Թել Ավիվում Թուրքիայի դեսպանատունը, ի հիշատակ ՀԱՄԱՍ-ի սպանված առաջնորդ Իսմայիլ Հանիեի, խոնարհել է իր դրոշը: Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը նկատողություն է արել ԱԳՆ հրավիրված Իսրայելում Թուրքիայի փոխդեսպանին։ Ի պատասխան՝ Թուրքիայի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը հայտարարել է. «Մի օր դուք անպայման պատասխան կտաք մեր պաղեստինցի եղբայրների ու քույրերի սպանության և ձեր կատարած ամոթալի ցեղասպանության համար»:               
 

Մի հեղափոխության պատմություն

Մի հեղափոխության պատմություն
19.02.2015 | 12:01

Տարածաշրջանային այցի շրջանակներում Երևանում էր ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդը: ԱՄՆ-ի քաղաքական կյանքում բավականին ակտիվ պաշտոնյան տարածաշրջան եկել էր ոչ միայն ճանաչողական-տեղեկատվական առաքելությամբ, այլև ազդարարելու իր պետության նոր քաղաքականությունը՝ հետայսու հետխորհրդային ողջ տարածքը ԱՄՆ-ի հետաքրքրությունների շրջանակում է: ՈՒկրաինայի տված մեկնարկը լավագույն հենման կետ է, եթե հաշվի առնենք, որ հետխորհրդային տարածքի բոլոր երկրներն էլ անկախացումից տասնամյակներ անց նույն խնդիրներն են լուծում ու շարունակում են մնալ իբրև պետություն կայացման փուլում: Իհարկե, ազգային պրոբլեմատիկայի տարբերություններ կան, բայց կա ամենամեծ ընդհանրությունը՝ տնտեսական վիճակը, որ հեռու է պետության քաղաքացիների համար բարեկեցիկ կյանք ապահովելուց: Մի տեղ՝ շատ, մի տեղ՝ քիչ: ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյայի այցին նախորդեց ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների նույնքան հստակ մեսիջը՝ Եվրամիությունը չի հեռացել ու չի հեռանալու Հայաստանից: Արևմուտքը, ի դեմս Վիկտորիա Նուլանդի, հաստատում է՝ Արևմուտքը չի հեռացել ու չի հեռանալու Հայաստանից: Բայց դա կարող էր լինել միակողմանի երթևեկություն, եթե Հայաստանն ընդառաջ չգնար: Ընդառաջ չգնալու համար Հայաստանը հետայսու ունի իրավական ու քաղաքական հիմքեր՝ ՀՀ-ն անդամակցել է ԵԱՏՄ-ին, բայց ունի տնտեսական հիմքին առաջնահերթություն տալու անհրաժեշտություն: Ոչ ոք չէր զարմանա, եթե Հայաստանում Վիկտորիա Նուլանդին ընդունեին բարձր մակարդակով, հնչեցվեին հերթական արարողակարգային հայտարարությունները ու հրաժեշտ տային՝ ոչինչ չտալով ու ոչինչ չստանալով: Բայց ակնհայտորեն իրավիճակ է փոխվել և ըստ նոր իրավիճակի՝ Վիկտորիա Նուլանդը հանդիպելով ՀՀ նախագահին՝ գոհունակությամբ է խոսել պետական մարմինների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպումների մասին և ընդգծել է, թե ԱՄՆ-ը պատրաստակամ է քննարկելու Հայաստանին հետագա աջակցության հնարավորությունները: Իսկ ՀՀ նախագահը հույս է հայտնել, որ նրա այցը Երևան նոր շունչ կհաղորդի հայ-ամերիկյան բարձր մակարդակի երկխոսությանը, որ Հայաստանում ԱՄՆ-ի նորանշանակ դեսպան Ռիչարդ Միլսը նույնպիսի ակտիվությամբ կշարունակի նախորդի գործը՝ մեծ ավանդ ունենալով հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում: Այսքանը զուտ արարողակարգային պատշաճության մեջ, բայց՝ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է ԱՄՆ-ի դերակատարությունը տարածաշրջանում անվտանգության և կայունության պահպանման գործում, հատկապես՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, ԱՄՆ-ի ակտիվ ներգրավվածությունը ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում: Եվ Նուլանդն արդեն պատրաստ է եղել նրան պատասխանել, որ իր երկիրը խորապես շահագրգռված է օգտակար լինել Հայաստանին՝ տնտեսության զարգացման, բարեփոխումների, ժողովրդավարության, քաղաքացիական հասարակության կայացման հարցերում: Իսկ ԵԱՏՄ-ն: Իսկ ԵԱՏՄ-ն առայժմ ի զորու չէ լուծել ինքն իրեն առաջադրած խնդիրները: Թե Ղազախստանը, թե Բելառուսը բացահայտ բանակցում են ԵՄ-ի ու Արևմուտքի հետ տնտեսական ու քաղաքական օրակարգով՝ ներառելով իրենց ազգային անվտանգության ապահովման հարցերը: Արևմուտքը պատրաստ է նրանց պատասխանել Ռիգայի գագաթնաժողովում Արևելյան գործընկերության ծրագրում անհատական մոտեցման դրույթներով, երկկողմ հարաբերությունների խորացումով բոլոր ոլորտներում: ՈՒ դա ոչ թե պատասխան է Ռուսաստանին, այլ ստեղծված իրավիճակից բոլոր ոլորտներում ելքեր որոնելու անհրաժեշտություն, որ ընդունում են կողմերը: Պատահական չէ, որ Ադրբեջանում ու Հայաստանում Վիկտորիա Նուլանդի բանակցությունների ծրագրում եղել է ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորումը: ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրի նոր առաջարկներ ներկայացրել է ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալը, թե ոչ, չի բարձրաձայնվի, բայց ակնհայտ է, որ ԱՄՆ-ը լռելյայն ընդունում է հարցի լուծումը ազատագրված տարածքների հաշվին չլինելու Հայաստանի քաղաքականությունը, որ ԱՄՆ-ի համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքի անունը բոլորը գիտեն, իսկ մյուս համանախագահներին հիշում են միայն հանդիպումների առիթով: Դա, իհարկե, չի նշանակում, որ մյուս համանախագահները ոչինչ չեն անում, բայց նշանակում է, որ ԱՄՆ-ը հանձնառու է ԵԱՀԿ Մինսկի ձևաչափի պահպանմանը և բանակցությունների միջոցով հարցի խաղաղ լուծմանը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Ի՞նչ կապ ունի հեղափոխությունը: Խաղաղ հեղափոխություն է, որ Հայաստանի Հանրապետությունը պաշտպանում է իր արտաքին ու ներքին քաղաքական շահերը:

Դիտվել է՝ 1385

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ