Թել Ավիվում Թուրքիայի դեսպանատունը, ի հիշատակ ՀԱՄԱՍ-ի սպանված առաջնորդ Իսմայիլ Հանիեի, խոնարհել է իր դրոշը: Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը նկատողություն է արել ԱԳՆ հրավիրված Իսրայելում Թուրքիայի փոխդեսպանին։ Ի պատասխան՝ Թուրքիայի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը հայտարարել է. «Մի օր դուք անպայման պատասխան կտաք մեր պաղեստինցի եղբայրների ու քույրերի սպանության և ձեր կատարած ամոթալի ցեղասպանության համար»:               
 

Հայոց եռանկյունին, որ ունի երկու անկյուն

Հայոց եռանկյունին, որ ունի երկու անկյուն
17.02.2015 | 00:52

ՈՒրիշ է, հայոց փետրվարը ուրիշ է: «Միշտ մի աղետ, մի վնաս, գալիս է մեզ անպակաս»՝ ես չեմ ասել: ԲՀԿ-ականները կարող են ասել, որ իրենց է վերաբերում ասվածը: Իսկ ամեն ինչ այնքան խաղաղ էր՝ ԲՀԿ-ն իր համար խորհրդաժողով արեց, Լևոն Տեր-Պետրոսյանն իր համար Համահայկական հռչակագիրը քարուքանդ արեց, Րաֆֆի Հովհաննիսյանն իր համար Գյումրի գնաց-եկավ: Հետո «Ծղոտների» մոտից առևանգեցին «Կասեցում» շարժման ու ԲՀԿ անդամ Արտակ Խաչատրյանին, ու ԲՀԿ-ն ակտիվացավ՝ որոշելով, որ հետայսու բոլորն Արտակ են, բայց դա էլ ոչինչ: Համենայն դեպս՝ միջկուսակցական բացահայտ առճակատման պատճառ չդարձավ ու ԲՀԿ-ն խորհրդարանական պատվիրակությամբ մեկնեց Մոսկվա՝ Պետդումայի հետ կապերն ամրապնդելու: Ստացվեց, թե չստացվեց, ԲՀԿ-ի վերադարձից հետո ՀՀԿ-ն վերջապես որոշեց արձագանքել խորհրդարանական երկրորդ ուժի՝ իր համար այլևս անընդունելի գործունեությանը: Իրադարձությունների ժամանակագրության մեջ ոչ ամեն ինչ է հայտնի, բայց պատվիրակության այցի մասին տեղեկատվության հետ ԲՀԿ-ն զուգահեռեց իր հրավիրած խորհրդաժողովի աշխատանքներն ամփոփող տեղեկանքը ու հաստատեց, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն մերժում է ու պատրաստ է գնալ իշխանափոխության, եթե իշխանությունները չհրաժարվեն Սահմանադրությունը փոխելու մտադրությունից: Թվում էր՝ ԲՀԿ-ն բանակցային հարթակ է տալիս ՀՀԿ-ի հետ պայմանավորվածության: Փետրվարի 12-ին ՀՀԿ գործադիր մարմնի ու խորհրդի նիստում էլ սպասվում էր, որ քննարկվելու է Սահմանադրության փոփոխության գնալ, թե չգնալու հարցը, և ՀՀ ու ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն ասելու է իր «այո»-ն կամ «ոչ»-ը: Ասաց՝ «Բարեփոխումների հայեցակարգը վաղուց է պատրաստ և իմ սեղանին է: Ոչինչ ինձ չի խանգարել և չի խանգարում ստորագրել համապատասխան փաստաթուղթը և սկսել նոր Սահմանադրության նախագծի մշակման փուլը, ավելին՝ հաշվի առնելով, որ դրա համար առկա է սատարման ավելի քան անհրաժեշտ քաղաքական պաշար: Բայց ես կայացրել եմ կառուցողական որոշում և մինչ օրս առկախել եմ գործընթացը՝ հայտարարելով, որ սահմանադրական բարեփոխումներն ամենևին էլ ինքնանպատակ չեն, և ինձ համար բավականին մեծ նշանակություն ունի հնարավոր լայն քաղաքական կոնսոլիդացիա՝ համախմբում, ունենալու և դրանով առաջ գնալու հարցը», այսինքն՝ բարեփոխումները լինելու են: Բայց բոլորովին դա չէր փետրվարի 12-ի ՀՀԿ գործադիր մարմնի ու խորհրդի նիստի առանցքը: Փետրվարի 12-ի երեկոյան անակնկալ պարզվեց, որ Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը երկրի համար դարձել է չարիք: ՀՀ նախագահը մի քանի րոպեում քաղաքական կուսակցության նախագահին ու խորհրդարանական խմբակցության ղեկավարին, նախագահի հավանական թեկնածուին ու մեծահարուստ գործարարին վերածեց շարքային քաղաքացու, որ դեռ պիտի հաստատի օրենքի առաջ իր անպարտ լինելը:
Ի՞նչը լցրեց նրա համբերության բաժակը, ո՞րն էր վերջին կաթիլը, որ այլևս շրջեց բաժակը՝ սպառնալով, որ մի բաժակ ջրի փոթորիկը կարող է նոր տարածքներ տեղափոխվել: Սահմանադրական փոփոխությունների հարցում ԲՀԿ-ի անդրդվելի դիրքորոշումը հակասության անկյունաքարն է, բայց այդ անկյունաքարը ևս ունի իր անկյունաքարը՝ իշխանության համար պայքարում ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն այլևս անհամադրելի են: Նրանք կորցրել են ընդհանուր ափ տանող կամուրջը, կամուրջներն այրվել են նաև միջանձնային ու չբարձրաձայնվող փոխհարաբերություններում:

Իր ելույթի ոճով ու բովանդակությամբ, իր ելույթին հաջորդած՝ կուսակիցների առավել քան անհարգալից ելույթներով Սերժ Սարգսյանը միանգամից ու անդառնալի ԲՀԿ-ին մղեց ընդդիմադիր դաշտ, որից այդպես համառորեն ստեղծված օրից խուսափում է ԲՀԿ-ն: Վերջ այլընտրանքին՝ այլընտրանք չթողեց ՀՀ նախագահը՝ նույնիսկ այս դեպքում ԲՀԿ-ին վերաբերող որոշումը ինքը կայացնելով: Բայց ո՞ւմ էր դա պետք: Քաղաքական դաշտի «մաքրում», միևնույն է, չի ստացվում: Հարցը դրված է ոչ թե քաղաքական, այլ անձնական հարթության մեջ՝ քաղաքակա՞ն գործիչ է արդյոք Գագիկ Ծառուկյանը: Պարադոքս է, որ ինքնաբերաբար բարձրանում է նաև քաղաքական ո՞ւժ է ԲՀԿ-ն հարցը, ու պատասխանն այս դեպքում պետք է տա ԲՀԿ-ն: Փետրվարի 13-ին Գագիկ Ծառուկյանը փորձեց «այո» պատասխանել: «Կրկեսի վերածված հայրենիքում» ՀՀԿ-ին 9 կետով մատնացույց անելով իր ձախողումները՝ Գագիկ Ծառուկյանը քաղաքական պատասխան տվեց իրեն քաղաքականությունից դուրս դնող ՀՀԿ-ին ու կոչ արեց «ազատվել չարիքի այս իշխանությունից»: Համաժողովրդական կոնսոլիդացիայի նրա կոչը առաջինն ընդունեցին ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը»՝ հայտարարությունների մակարդակում: ՈՒ մինչ ՀՀԿ-ն հերթով կատարում էր իր նախագահի մատնանշած քայլերը՝ ԲՀԿ-ն մտավ խորհրդակցությունների փուլ, ու ոչինչ չհետևեց սեփական հայտարարությանը: Գագիկ Ծառուկյանն այլևս Անվտանգության խորհրդի անդամ չէ, նա նույնիսկ ֆիզկուլտուրայի ինստիտուտի խորհրդի նախագահ չէ, բացակայությունների պատճառով կզրկվի պատգամավորի մանդատից, վարչապետի հանձնարարականով սկսվել են ստուգումները նրան պատկանող ընկերություններում, կարող են քրեական գործեր հարուցվել հանցագործությունների պատվիրատու լինելու մեղադրանքով: ՈՒ գուցե ստացվի այնպես, որ Գագիկ Ծառուկյանը մնա միայն Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ, բայց հայտնի չէ՝ կնախագահի ազատությա՞ն մեջ, թե՞ անազատության:
ՀՀԿ-ի տեսակետից ի՞նչ խնդիրներ են լուծվում.
1. Նվազեցվում է սահմանադրության փոփոխությանը դեմ քաղաքական ուժի՝ քաղաքականության վրա ներգործելու հնարավորությունը, որը թուլացնելու է նաև մյուս ուժերի դիմադրությունը:
2. Քաղաքական դաշտում ԲՀԿ-ից վերցնել պայմաններ ու պահանջներ առաջադրողի իրավունքը և սեփական կուսակցության ներսում կասեցնել տարակարծությունները:
3. Սահմանադրական բարեփոխումներ կատարելով՝ հանգիստ գնալ հերթական համապետական ընտրությունների՝ կանխատեսելի արդյունքներով:
Ի՞նչ էր ուզում ու ի՞նչ ստացավ ԲՀԿ-ն.
1. Դեռ անցյալ տարվանից ԲՀԿ-ն իշխանության հետ իբրև հավասարը հավասարի հետ՝ բանակցության հարթակ էր փորձում ստեղծել՝ ընտրություններում ՀՀԿ-ից ստանալու իշխանության ղեկը: Իբրև անխոտելի փաստարկ օգտագործվում էր Համաժողովրդական անվանված շարժման գործոնը: ԲՀԿ-ն պատրաստ էր հերթական ընտրությունների սպասել՝ երաշխիքի դեպքում, որ իշխանությունը կանցնի իրեն: Փոխարենը ստացավ ոչ թե երաշխիք, այլ քաղաքական դաշտից դուրս մղվելու սպառնալիք:
2. ԲՀԿ-ն հույս ուներ, ոչ առանց հիմքերի, աջակցություն ստանալ Ռուսաստանից, բայց Մոսկվա այցով պարզվեց՝ հիմքերը հաստատուն չէին. Կրեմլը դեմ է որևէ օլիգարխի կազմակերպած իշխանափոխությանը: Նրան Մոսկվայում լսեցին ու ասացին՝ ոչ:
3. Համաժողովրդական շարժում հարուցելու իր քաղաքականությամբ ԲՀԿ-ն ինքն իրեն դրել էր հարվածի տակ, որևէ քայլ չձեռնարկելով՝ կորցնում էր հասարակության աջակցությունը՝ ոչ միայն եռյակում առաջատարի կարգավիճակը վտանգելով, այլև դուրս մղվելով ընդդիմադիր դաշտից: ՀՀԿ-ի սկսած պայքարը նրան վերադարձնում է ընդդիմադիրի պատմուճանը, ավելին՝ կարող է զոհի կարգավիճակ տալ, իսկ հայերս սիրում ենք զոհերին ավելի, քան հաղթողներին:
Ի՞նչ են ստանում ու ի՞նչ են կորցնում քաղաքական մյուս ուժերը:
1. Լևոն Տեր-Պետրոսյանը վերստին կարող է ստանձնել առաջնորդի դերը՝ Գագիկ Ծառուկյանի համար իրադարձությունների անցանկալի դասավորության դեպքում, բայց նա կորցնում է ֆինանսական աջակցությունը:
2. «Ժառանգությունը», որ եռյակում մնում էր միասնությունը չխախտելու մղումով, ոչինչ չի գտնում ու ոչինչ չի կորցնում: Գագիկ Ծառուկյանի հետ, թե առանց նրա՝ շարունակվելու է նույն արտաքին քաղաքականությունը, որին «Ժառանգությունը» դեմ է, և նույն ներքին քաղաքականությունը, որից «Ժառանգությունը» սպասելիքներ ունի:
3. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պետք է որոշի՝ ստանձնե՞լ Գագիկ Ծառուկյանի բացահայտ պաշտպանությունը, թե՞ մնալ ստվերում: Հաշվի առնելով Մոսկվայի վերաբերմունքը՝ նա չի ցանկանա գլխավորել Գագիկ Ծառուկյանի հայտարարած համաժողովրդական պայքարը, բայց և չի ցանկանում, որ Գագիկ Ծառուկյանին ասպարեզից հեռացնելով՝ ՀՀԿ-ն իրեն վերջնականապես զրկի քաղաքական հենարանից:
Ի՞նչ է կատարվելու քաղաքական դաշտում.
1. ՀՀԿ-ն միանշանակ հայտարարեց՝ ո՞վ է տերը և ի՞նչ է տերն ուզում:
2. Խորհրդարանական քաղաքական ուժերը պատրաստ չեն վճռական պայքարի, նրանք գերադասում են մարտավարական խաղերը՝ ժամանակ շահելով մինչև իրավիճակն ինչ-որ կերպ պարզաբանվի և գան համապետական ընտրությունների ժամանակները: Այլապես բոլոր ոչիշխանական ուժերը իրենց օրերի մեջ ձգվող խորհրդակցություններում համատեղ որոշում կկայացնեին վայր դնել պատգամավորական մանդատները համամասնական ընտրացուցակի բոլոր անդամներով ու սահմանադրական ճանապարհով գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների:
3. Իշխանությունը որոշ ժամանակից ասպարեզ է բերելու նոր ու անհաշտ «ընդդիմություն», որը կոչված է լեգիտիմացնել համապետական ընտրություններում իր հաղթանակը:
Ինչպե՞ս կարող է հանգուցալուծվել ՀՀԿ-ԲՀԿ առճակատումը.
1. Գագիկ Ծառուկյանը որոշակի զիջումների գնալով՝ կպահպանի ֆինանսական ու տնտեսական կապիտալի մի մասը, փոխարենը կհրաժարվի քաղաքական հավակնություններից: Փետրվարի 13-20-ի դադարը հենց այդ գործընթացով է պայմանավորված:
2. Առճակատումն ավելի կխորանա, և Գագիկ Ծառուկյանը իսկապես ժողովրդին փողոց դուրս կբերի՝ իշխանափոխության պահանջով ու այս անգամ տուն չի ուղարկի, որովհետև այդ դեպքում ինքը կարող է տուն չհասնել:
3. Գագիկ Ծառուկյանի դեմ անհերքելի ապացույցներով կհարուցվեն քրեական գործեր, և նա քաղաքական կարիերան կավարտի իբրև քրեական հանցագործ:
Փետրվարի 20-ին հրավիրված եռյակի հանրահավաքում Լևոն Տեր-Պետրոսյանը կհիշի Արցախյան շարժման սկիզբն ու հին ավանդույթով իշխանափոխության կոչ կանի, Րաֆֆի Հովհաննիսյանը կհիշի՝ ով է իրեն առաջին արտգործնախարարի պաշտոն տվել ու կհամաձայնի, հետո կհիշի՝ ով է պաշտոնանկել ու չի համաձայնի: Գագիկ Ծառուկյանը կվարվի ըստ անցյալ շաբաթ իշխանությունների հետ բանակցությունների արդյունքների: Հայոց դժվար փետրվարին կհաջորդի մարտը՝ առանց քաղաքական ցնցումների, իսկ ապրիլը կանցնի Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 100-ամյակի հունով և միայն մայիսին կպարզվի.
1. Ոչինչ չի փոխվել միջին վիճակագրական հայի կյանքում:
2. Ոչինչ չի փոխվել քաղաքական դաշտում, որը իրականում քաղաքական չի դառնում:
3. Մինչև ամառ քիչ ժամանակ է մնացել, իսկ ամռանը քաղաքական կյանքն արձակուրդում է, ուրեմն՝ մինչև սեպտեմբեր, երբ կարող են ոչ միայն քաղաքական գործընթացները նոր ուժով վերսկսվել, այլև պաշտոնանկություններ լինել, որոնք նորից իրար կխառնեն քաղաքական գործիչներին ու նրանց գլխավորած ուժերին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ.- Աշխարհում իրականում վերջ չկա՝ ցանկացած ավարտ նորի սկիզբ է, պարզապես մարդիկ ընտելացել են սկիզբ-վերջ, ես-դու, հաղթանակ-պարտություն բաժանումներին, որոնց մեջ իրենց ապահով են կարծում: Պարզվեց՝ իզուր:

Դիտվել է՝ 1243

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ