«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Ծառուկյանի «սուրբ» տեղը կզբաղեցնի Քոչարյանը

Ծառուկյանի «սուրբ» տեղը  կզբաղեցնի Քոչարյանը
17.02.2015 | 00:41

Այսօր բոլորը փորձում են հասկանալ` ի՞նչ է լինելու:
Նախ` արձանագրենք. ԲՀԿ-ՀՀԿ խաղն առայժմ ասիմետրիկ է: ՀՀԿ-ն «ռազմադաշտ» է մտել բաց խաղաքարտերով, որպեսզի ԲՀԿ-ում իրական խաղացողը նույնպես բաց դաշտ մտնի, խաղը «պարզվի», իրական թիրախը «հայտնաբերվի» ու «ոչ ևս» արվի:
«Իրական խաղացողը» սա շատ լավ է հասկանում և դրդում է իշխանությանն ավելի «անկեղծ» խաղի: Ասել է` ՀՀԿ-ն թիրախավորել է Ծառուկյանին, սակայն հնարավորություն է թողել նահանջի համար: Այլապես աբսուրդային կլիներ Սերժ Սարգսյանի նման «գորշ կարդինալի քայլը»` ընդամենը լրատվականներում «շրջող» լուրերի հիման վրա հարկային և «հանցագործային» ստուգումների ենթարկել իսկապես խոցելի օլիգարխին, ում անունը մեկ տասնյակ աղմկոտ գործերում չէ, որ հայտնի է:
Իշխանական կողմի պլան «ա»-ն Ծառուկյանին քաղաքական դաշտում իր տեղը ցույց տալն ու ԲՀԿ-ին «որբացնելն» է, որպեսզի, ինչպես ասացինք, իրական «հայրիկը» գա-տեր կանգնի իր «որբին»: Իրական «հայրիկի» նկատմամբ հանրության մեջ ահռելի բացասականություն կա, և եթե հիմա Քոչարյանը մտնի քաղաքականություն, հանրությունը անվերադարձ երես կթեքի ԲՀԿ-ից ոչ միայն որպես «որբի դեռ չխուզված գլուխ», այլև խաղը հասկանալի կդառնա, և Քոչարյանը կէներգաթափվի: ՈՒստի Քոչարյանը հնարավորինս ծեքծեքում ու «ցանկանում» է, որ Գագոյի մայրամուտը առավել զգայական ու ցնցող լինի, մանդատից ու անձեռնմխելիությունից զրկված Ծառուկյանի մոտ իշխանությունները հարկային խախտումներ գտնեն, քրեական գործ հարուցեն, Գագոն հագնի հալածյալի փշեպսակը, ինչպես կասեր Աշոտյանը, «տապանաքարի» վերածվի, ու Քոչարյանը, «ժողովրդին հետևը գցած», հայտնվի այդ «տապանաքարի» մոտ` ողբալու քաղաքականությունից ու բիզնեսից Ծառուկյանի վտարվելու հանգամանքը, ու ժողովուրդն այնքան զբաղված լինի այդ «վտարմամբ», որ չհասկանա, թե ինչպես է Ծառուկյանի դատարկ մնացած «սուրբ» տեղը «քնքշորեն» զբաղեցրել Քոչարյանը:
Իսկ մինչև փետրվարի 20-ը` եռյակի միտինգն ընկած այս ժամանակահատվածը, կարելի է համարել նյարդերի պայքարի հատված: Իշխանություններն այս օրերին կփորձեն հասկանալ` ինչքան ժողովուրդ է հավաքվելու, ինչ էներգետիկայով, արժե՞ գլուխ դնել եռյակի հետ, թե՞ ինքն իրեն կմաշվի այդ բողոքը, որովհետև, որքան էլ ժողովուրդը սոցիալական պայքարի դրդապատճառ ունենա, անհնար է առանց գաղափարի, էլ չենք ասում` հանուն Քոչարյանի երկար կանգնի «պոդիումին»։ Նույն այդ ընթացքում կսկսվի ԲՀԿ-ի կազմաքանդումը, «սեփական» ելույթին իսկ չընդունակ Ծառուկյանը, ում բոլոր որոշումները ցայս ընդունել են այլք, ի վիճակի չի լինի բրգացնել հանրահավաքային ժողովրդին, հասցնել նրան նեյրոլինգվիստիկ-տրանսային այնպիսի վիճակի, որ վերջինս մոռանա, թե ինչ է արել Գագոն երիտասարդ տարիներին, ինչու են նրան հիմա զրկում մանդատից, ինչպես է կարողացել այսքան արագ հարստանալ։ Չի բացառվում, որ այդ ընթացքում էլ պարզվի, թե ինչու է ծեծվել բհկական ակտիվիստ Արտակ Խաչատրյանը` Ծառուկյանի մտերիմ Աբրահամ Մանուկյանի Տէց-ի «օբյեկտում»: Իսկ միտինգներին անեկդոտ պատմող, Ծառուկյանին նկատողություն անող Լևոն Տեր-Պետրոսյանը նրա փոխարեն ժողովրդին տրանսի հասցնել չի ցանկանա: Ընդ որում, այլևս չի էլ կարողանա, զի արդեն յոթանասուն տարեկան է:
Ինչ վերաբերում է Րաֆֆուն, ապա նա իր համար չկարողացավ ժողովուրդ կոնսոլիդացնել, ուր մնաց` Ծառուկյանի։
Մնում է Արթուր Բաղդասարյանը, ում թիմը ևս դեռ չի բացում իր խաղաքարտերը, սակայն այստեղ նույնպես վիճարկելի թեզերը շատ են:
Այնպես որ, Քոչարյանն ստիպված կլինի ոչ ուշ, սակայն խաղի մեջ մտնել` կյանքի կոչելով իշխանության պլան «բ»-ն:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1878

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ