«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Մեր կողքին են, իսկ մենք մենակ ենք

Մեր կողքին են, իսկ մենք մենակ ենք
27.01.2015 | 00:10

Ն.Գ.

Չգիտեմ ինչու՝ ավելի շուտ հետգրությունն է գրվում, դառնալով նախագրություն, քան բառավորվում է բուն հրապարակումը: Երևի այն դեպքն է, որի մասին ասել են՝ ձեռքդ հետ տար ցավի վրայից: ՈՒրիշ առիթով, ուրիշ իմաստով, բայց մեկ է՝ ցավի վրա ձեռքս չի ուզում վերուվարել, իբր եզրակացնել, իբր ամփոփել, իբր հասկանալ, իբր բացատրել: Չի գրվում, որովհետև առաջին միտքն է՝ ու ի՞նչ: Դառնացած մարդկանց ի՞նչ ես ասում: Ավելացնո՞ւմ ես դառնությունն ու ցավը, դա է իրավիճակը, դու չես, որ կարող ես իրավիճակ փոխե՞լ: Ավելացնում ես շրջանառվող տագնապնե՞րը, ու՝ ինչո՞ւ: Ավելացնում ես քո տարբերակները, որ ի՞նչ: Բայց կա երկրորդ միտքը, որ առաջինից համառ գալիս ու թելադրում է՝ եթե մեկ մարդ կարդալու է գրածդ, նրա համար պիտի գրես: Քո մեկ մարդուն պիտի ասես՝ մի նվա, կյանքը շարունակվում է: Երրորդ միտքը վերջապես գալիս է առաջին երկուսը զգետնելու:

Անցած շաբաթն ի՞նչ հավելեց մեր ընդհանրական կյանքին: Նկատե՞լ եք, որ ոչ ազգովին գուցե, բայց մեծամասնությամբ սկսել ենք ապրել Ավետիսյանների զոհված ընտանիքի կյանքով: Պաշտոնապես սուգ չհայտարարվեց, որն ավելի համախմբեց: Մեր վիշտը, ցավը, ցասումը դարձան թե ընդհանրական, թե անձնական: Անցած շաբաթ ինչ-որ պահից զգացի, որ կարևոր չէ՝ ո՞վ ի՞նչ ասաց ու չասաց, ո՞վ եկավ-գնաց, ցավակցեց, հայտարարեց, խոստացավ: Նոր ոչինչ չի ասվելու, սա այն պահն է, երբ դադար է վերցվելու «Նախաքննության գաղտնիք» պատճառաբանությամբ և շրջանառվելու են միայն շուրջ-մերձ վարկածները, որոնք իրականությանը որքան մոտ, նույնքան հեռու կարող են լինել:

Խորհրդարանական լսումներն էլ մեծ հայտնություններ չէին խոստանում: Նախաքննության գաղտնիքի պատճառով ու այն պատճառով, որ լսումները, շանթարգելից բացի, այլ խնդիր չունեին՝ արդյունքի տեսակետից: Նաև այն պատճառով, որ խորհրդարանական ուժերը քաղաքական ուժեր չէին լինելու, եթե այս իրավիճակում էլ չփորձեին իրենց խաղը խաղալ: ՈՒ նրանք, որ հունվարի 12-ից երդվյալ լռում էին, լսումների հարթակում հանկարծ դարձան պահանջատեր՝ Հայաստանի մասով, մնացին խելամիտ Ռուսաստանի մասով: Լսումները ի սկզբանե լինելու էին միակողմանի՝ ամբողջ իշխանությունը ներկայացված էր գլխավոր դատախազի կերպարով՝ տեղ-տեղ պերճախոս, տեղ-տեղ անհամոզիչ, տեղ-տեղ հուսադրող, տեղ-տեղ հիասթափեցնող: Արտաքին գործերի նախարարությունը, Ազգային անվտանգության ծառայությունը, ոստիկանությունը խնդիր չէի՞ն տեսել, թե՞ լիազորել էին գլխավոր դատախազին իրենց գործառնությունները: Այդպես էլ պարզ չդարձավ՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ՀՀ-ՌԴ միջպետական համաձայնագրի խախտման հարցով նոտա ուղարկե՞լ է ՌԴ արտաքին գործերի նախարարություն, թե՞ սահմանն ամեն օր խախտվում է, ու խախտողը հանձնվում է այն երկրին, որի քաղաքացին է, հարցն արդեն կարգավորվում է ոչ թե օրենքներով, այլ պայմանավորվածությա՞մբ, կամ նպատակահարմարությա՞մբ: Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, համենայն դեպս, ընդունեց, որ ռուս սահմանապահները նման իրավունք չունեին: Գևորգ Կոստանյանը տղամարդավարի վերահաստատեց, որ դիմելու է՝ կասկածյալին հայկական կողմին հանձնելու պահանջով, բայց՝ երբ բավարար հիմքեր ու նախադրյալներ լինեն: Բայց նա լավ գիտի, որ հարցը իրավական հարթությունում չէ:

Գլխավոր դատախազը, որ լսումներում ոչ այն է Ալեքսանդր Մատրոսովի պես կրծքով հրանոթ էր պատրաստ փակել, ոչ այն է Ալեքսանդր Մակեդոնացու պես պատրաստ էր սրով հատել գորդյան հանգույցը, թեև սուրն իր ձեռքում չէր ու ավելի շատ Դամոկլյան էր, հայտնվել էր քավության նոխազի դերում՝ ստիպված լինելով պատասխանել բոլորին՝ բոլորի փոխարեն: Պերմյակովին հանձնել-չհանձնելը քաղաքական որոշում է: Նա ռազմաբազայից դուրս կգա, երբ նախաքննության ամբողջ շղթան օղակ-օղակ հավաքվի ու որևէ անակնկալ այլևս բացառվի: Օբյեկտիվորեն հայկական կողմը ճշմարտության բացահայտման համար կորցրեց շատ կարևոր ժամանակ՝ հնարավորություն չունենալով անմիջապես հարցաքննել կասկածյալին, որքանո՞վ ռուսական կողմը կփոխհատուցի այդ ժամանակը՝ հայտնի չէ: Ռուսական կողմը ի սկզբանե առաջնորդվեց քաղաքական նպատակահարմարությամբ՝ հայկական կողմին թողնելով իր գիծը շարունակելու չգրված պարտավորությունը, ինչը բարեխիղճ ու կարգապահ կատարում են իշխանական ու ոչիշխանական քաղաքական դաշտն ու իրավապահ համակարգը, բայց ոչ միջին վիճակագրական հայը, որ հոդաբաշխ բացատրության է սպասում:

Երբ առաջին շոկը նահանջում է, ակնհայտ է դառնում, որ քաղաքական, հասարակական շրջանակների համար ոչինչ չի փոխվել: Հասարակության մասով՝ մարդիկ թե Գյումրիում, թե Վանաձորում, թե Երևանում նույն պահանջն ունեն՝ Պերմյակովին հանձնել հայկական կողմին: Դա արդարության վերահաստատման բնազդային պահանջ է, փորձն ու սթափ մտածողությունը պիտի թելադրեին, որ «կողմ» հասկացություն գործնականում չկա, կայացվելու է այն որոշումը, որը կայացվելու է: Ավելի շատ՝ ազգային վիրավորված արժանապատվության պահանջ է, որ խորանում է՝ հանդիպելով չհիմնավորվող ու չբացատրվող դիմադրության, իրարամերժ, կիսատ-պռատ մեկնաբանությունների, որոնք միջպետական համաձայնագրերի կամ խախտում են, կամ կամայական մեկնություն: Քաղաքական մասով՝ բացառվում էր, որ ոճրագործությունը չքաղաքականացվեր և քաղաքականացվեց: Օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով: Նախ՝ խնդիրն առնչվում է միջպետական հարաբերություններին, ուրեմն և քաղաքականությանը: Բայց օբյեկտիվ իրականությանը արագ հավելվեց սուբյեկտիվը: Ընդամենը մի քանի ժամում պարզ դարձավ, որ եթե հայկական լրատվամիջոցները փոխանցում են տեղեկատվություն՝ առանց մեկնաբանությունների, ռուսական լրատվամիջոցները որևէ ցանկություն չունեն կատարվածը պարզելու ու առաջնորդվում են ամենօրյա աշխատանքում թրծված կարծրատիպերով՝ իրադարձությունը հարմարեցնելով իրենց ստանդարտներին: Այդպես ասպարեզ նետվեց «Վալերայի խղճի կալանավորի» անհեթեթ պնդումը: Շատ արագ ի հայտ եկավ ռուսական ռազմաբազայի խնդիրը, որ Հայաստանում չէր քննարկվում, բայց ռուսները իրենք հարցը տալիս, իրենք պատասխանում էին, իրենք վախենում, իրենք վախեցնում էին, թե առանց իրենց հայերն ու Հայաստանը վերանալու են: Առաջին մի շաբաթում ցավակցության ու ներողության համարյա ոչ մի բառ, միայն բարոյախոսություն: Հետո, երբ ոտքի ելան գյումրեցիները, ՌԴ նախագահը որոշեց մի կողմ դնելով միջպետական հարաբերությունների արարողակարգը՝ հեռախոսազանգով ցավակցել, մի քանի ժամում Հայաստան գործուղվեցին ռուսաստանաբնակ հայեր՝ լրագրող Արմեն Գասպարյանցն ու ռեժիսոր Կարեն Շահնազարովը, որ հավաստեն բարեկամության հարատևությունը, եկավ հեռուստալրագրող Անդրեյ Մալախովը, որ իսկապես ցնցված էր ու ցավում էր, բայց հաղորդում չնկարահանեց, երբ վերջին Ավետիսյանն էլ հիվանդանոցում մահացավ: Հաջորդեցին Պետդումայի պատգամավորները, որ խոստացան ուշադրության կենտրոնում պահել հետաքննությունը: Մինչ այդ ասուլիս տվեց ՌԴ արտգործնախարարը ու «հպարտ հայ ժողովրդին» կոչ արեց չքաղաքականացնել վիճակը, ավելին՝ Ղարաբաղում դիվերսիայի կազմակերպման մեղադրանքով ձերբակալված ու դատված ՌԴ քաղաքացի, ադրբեջանցի դիվերսանտի վերադարձի հարց մեջտեղ բերեց: Ստացվեց, որ մի կողմ թողած բուն հանցագործությունը ու հանցագործության հետաքննությունը, ռուսները զբաղվում են առօրյա քաղաքական խնդիրներով՝ նաև հընթացս ասպարեզ բերելով Արևմուտքին, որ «մայդան» է նախապատրաստում Հայաստանում ռուսական ռազմաբազայի զինվորի ձեռքով 7 հայ սպանելու տարբերակով: Իսկ այդ ընթացքում ՌԴ ռազմավարական գործընկեր Ադրբեջանը սահմանային դիվերսիաների նոր ալիք սկսեց ՌԴ ռազմավարական գործընկեր Հայաստանի դեմ, որ հունվարի 2-ից ԵԱՏՄ անդամ է, ու անդամակցելիս տնտեսական նպատակահարմարության հարցը փակում էր անվտանգության ապահովման գերխնդրով: Սահմանին կանգնած հայ զինվորը ինչպես ամռանը, այնպես էլ հիմա հակահարված է տալիս ու դիմակայում է՝ միայնակ լուծելով ՀՀ, հիմա նաև ԵԱՏՄ սահմանների անվտանգության ապահովման հարցը, իսկ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան ցնցված է Գյումրու դեպքերով: Նաև հայկական քաղաքական ուժերն են զբաղվում իրենց առօրյա խնդիրներով՝ Գյումրու ողբերգության համապատկերում քաղաքական դիվիդենդներ գրանցելով համառուսական հաճկատարության իրենց ակտիվում: Ի տարբերություն երրորդ ու առաջին նախագահների ¥ՌԴ ռազմաբազան Հայաստանում հայտնվեց Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության օրոք 1997-ին կնքված համաձայնագրով, 2008-ին ՀՀ տարածքում լինելը երկարացրեց Ռոբերտ Քոչարյանը, 2010-ին մինչև 2044 հասցրեց Սերժ Սարգսյանը՝ երեք նախագահներն էլ այդ գործում կան¤, երկրորդ նախագահը առիթ գտավ խոստացված հարցազրույցը տալու ու իր խոսքը ասաց՝ ի հայտ բերելով «մեր պաշտոնյաների լղոզված, իրարամերժ և շփոթված հայտարարությունները», որոնք «լարված իրավիճակին ազգային նվաստացման երանգ հաղորդեցին»՝ ձևավորելով «պայթյունավտանգ համադրություն»: Նույնքան սահուն Ռոբերտ Քոչարյանը մեկնաբանեց «սև» դեկտեմբերը ու նավթի գնի անկումը, ՌԴ-ից մասնավոր տրանսֆերտների նվազման կորուստները, ենթադրեց, որ կարող է վերանայվել գազի գինը, «եթե, իհարկե, թույլ կտա վերջերս «Գազպրոմի» հետ ստորագրված խնդրահարույց պայմանագիրը», բացատրեց դրամի ոդիսականը, տնտեսական աճի անհավանականությունը, միջնաժամկետ ապագայում ԵԱՏՄ տնտեսության ռեցեսիայի հետևանքները, տնտեսության մենաշնորհացման վտանգները, ներդրումների ծավալների նվազումն ու ակտիվության դեգրադացումը: Եվ նման պատկերով փաստացի առ ոչինչ գնահատելով վարչապետ Հովիկ Աբրահամյանի ջանքերը՝ դրեց քաղաքական հարց. «Առաջին հերթին՝ ընդունել հիմնարար խնդիրների գոյությունը և անկեղծ երկխոսության տրամադրվել հասարակության ու բիզնեսի հետ՝ երկրում ստեղծված իրավիճակի և ճգնաժամից դուրս գալու ուղիների մասին: Իշխանության բոլոր գործողությունների հաջողության կարևորագույն պայմանը վստահությունն է, որն այսօր գործնականում բացակայում է: Երկրին անհրաժեշտ են արմատական փոփոխություններ, բայց խոսքը հաստատ սահմանադրական ռեֆորմների մասին չէ»: ՈՒ եզրակացրեց. «Հաջողության հասնելու ճանապարհին ամենամեծ խոչընդոտը կլինի քաղաքական էլիտայի տնտեսական շահերի բախումը երկրի երկարատև շահերի հետ»: Իսկ գուցե պատճառն այն է, որ ամբողջ աշխարհում հարուստներն իրենց հարստությունը բազմապատկելու նոր ուղիներ են գտնում, Հայաստանում միակ ուղին մնացել է եղածը վերաբաժանե՞լը: Կամ այն, որ երկրորդ նախագահի հիշողությունը մնում է ընտրովի՝ նա մոռանում է իր կառավարման «պայթյունավտանգ համադրումները», ու համոզված է, որ բոլորն են մոռացել: 1999-ի հոկտեմբերի 27 չի եղել, 2004-ի ապրիլ չի եղել, 2008-ի մարտ չի եղել, 2008-2015-ին ինքը Հայաստանի քաղաքական ու տնտեսական կյանքի հետ կապ չի ունեցել, իր նախագահության տարիներին երկիրը ոչ միայն երկնիշ տնտեսական աճ էր գրանցում, այլև ժողովրդավարության նմուշ էր՝ սպանություններ չկային, ընտրություններ չէին կեղծվում, արտագաղթ չկար, երկրի տնտեսության ռազմավարական ոլորտների օտարում չկար, բարեկեցությունն առատության եղջյուրից թափվում էր, պակասում էր միայն քաղաքական «Բարգավաճ Հայաստանը»: ՈՒ ընդհանրապես ինքը երիտասարդ թոշակառու է, որ թեթևակի ֆինանսական խնդիրներ ունեցավ Ռուսաստանում, բայց խնդիր չունի Հայաստանում: Փաստացի՝ Ռոբերտ Քոչարյանը իրեն համարում է դուրս ՀՀ թե քաղաքական, թե տնտեսական էլիտայից, թեև պատրաստ է երկուսն էլ կառավարել: Ինչպե՞ս: Փետրվարի 5-ին կասի Գագիկ Ծառուկյանը, կամ չի ասի, բայց կհիշեցնի, որ մեր կողքին է:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1374

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ