Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Ժամանակը չի կարող անվերջ ինքն իր դեմ աշխատել

Ժամանակը չի կարող անվերջ  ինքն իր դեմ աշխատել
23.12.2014 | 00:10

Բարի կաղանդ ձեզ ու բարի պատրանք՝ Զահրատը ասել է տասնամյակներ առաջ, բոլորովին այլ ենթատեքստով, բայց դասականները հենց դասական են նրանով, որ նրանց խոսքը նույնիսկ փոխված ենթատեքստում ու ժամանակի մեջ ընդհանրապես մնում է Խոսք: Եվ ուրեմն՝ Բարի կաղանդ ձեզ, բարի պատրանք: Իսկ եթե ամանորյա տրամադրություններ չունեք, ոչ էլ սիրում եք Նոր տարին, ուրեմն՝ անդրադառնանք պատրանքներին:
Պատրանք 1. Նոր տարին լինելու է խաղաղ ու հանգիստ տարի: Սահմաններին չեն գրանցվելու զինված բախումներ: Որևէ երկիր չի ցանկանալու հակամարտության թեժացման հաշվին իր խնդիրները լուծել: Հայաստանը ճանաչվել է աշխարհի երրորդ ամենառազմականացված պետությունը, և ուրեմն՝ մենք վախենալու ոչինչ չունենք: Թող մեզնից վախենան: Ռուս-թուրքական ակտիվ համագործակցությունը այն ոսկելարն է, որ մեզ հնարավորություն է տալու սեփական խնդիրները լուծել, չէ որ մենք արդեն միության մաս կլինենք հունվարի 1-ից՝ եվրասիական տնտեսական տարածքի, որ, ի հակակշիռ բարոյալքված, արժեքային համակարգը խարխլած ու ֆինանսապես թուլացած Եվրամիության, նոր է թափ հավաքելու ու ասելու է իր վճռական քաղաքական, տնտեսական, ֆինանսական ու սոցիալական խոսքը համաշխարհային մակարդակով: Իսկ մենք կապրենք այդ միության հովանու տակ, չէ. որ արդեն սկսել են ֆինանսական ներարկումները: Ինչ-որ խնդիրնե՞ր կան: Պատժամիջոցնե՞րը: Ժամանակավոր են: Եվրամիությունն ինքն է ավելի շատ տուժում այդ պատժամիջոցներից ու ինքն էլ կսկսի վերացնել: Արևմուտքը կսկսի պառակտվել, իսկ շահողը միանշանակ կլինի Ռուսաստանը, որ վերջապես կսկսի դիվերսիֆիկացնել իր տնտեսությունը, պատրաստվել նոր ցատկի: Նավթի գնանկումը: Սպասեք մինչև տարեկես, համաշխարհային տնտեսությունը չի կարող ինքն իր դեմ անվերջ գործել: Նավթի գները կսկսեն բարձրանալ, և Ռուսաստանի տնտեսության շնչառությունը կբացվի: Բելառուս-ռուսական-ղազախական տնտեսական պատերազմնե՞րը: Ժամանակավոր դժվարություններ են, որ հընթացս կհաղթահարվեն: Ի վերջո, դիվանագիտությունը դա կոչում է միջպետական հարաբերություններ:
Պատրանք 2. Հաջորդ տարի Հայաստանում վերջապես կհասկանան՝ ինչ է նշանակում տնտեսության դիվերսիֆիկացիա: Վարչապետը, որ պաշտոնավարման սկզբից նախագահից ստացել է ազատ գործելու լայն լիազորություններ, կյանքի կկոչի վաղուց փայփայած ծրագրերը՝ աշխատատեղերի ստեղծման, նա այլևս ոչ թե կշրջի խանութներում ու իր ձեռամբ գնապիտակներ կպոկի կամ կփոխի, այլ ոսկե մկրատը ձեռքին կբացի մեծ արդյունաբերության վերագործարկումը խորհրդանշող գործարաններ, կսկսի «Նաիրիտից»՛: Հայաստանը տարեկեսից կհավասարեցնի ներկրումն ու արտահանումը: Հայկական ապրանքատեսակները, շնորհիվ նոր տեխնոլոգիաների կիրառման ու ֆինանսական մեծ ներդրումների, մրցունակ կլինեն ոչ միայն Եվրասիական տարածքում, այլև Եվրամիության: Նոր տարում տրանսֆերտների կրճատումը այլևս ճակատագրական դեր չի ունենա Հայաստանի համար: Դա կլինի դառը, բայց անվերադարձ անցյալ: Եվ, ուրեմն՝ Հայաստանը ԵԱՏՄ-ի չորս հայտնի ազատություններից՝ ֆինանսների, ապրանքների, ծառայությունների ու աշխատուժի ազատ տեղաշարժի, կդադարի օգտվել միայն վերջինից և առաջին տեղում կհայտնվի առաջին երեք դիրքերում:
Պատրանք 3. Եվ ուրեմն՝ ինչո՞ւ ոչ: Այս ընթացքում կլուծվի ամենացավոտ հարցը՝ արտագաղթի: Ո՞ր խելագարը կհեռանա մի երկրից, որտեղ ունի աշխատանք, բնակարան, ընկերներ ու հարազատներ և վաղվա օրվա հանգիստ ու խաղաղ կյանքի աներեր հեռանկար: Կսկսեն, կսկսեն վերադառնալ: ՈՒ՝ կվերադառնան նոր փորձ, մասնագիտացումներ, հմտություններ, ֆինանսներ կուտակած, և վերջապես իրենք էլ պետք կգան երկրին, որին միայն պահանջներ էին ներկայացնում նախկինում: Չգիտես ինչու՝ բոլորը սպասում են, որ Հայրենիքն իրենց արժևորի, հիմարաբար հույս ունեն, որ գնահատված ու արժևորված կլինեն հասարակության մեջ, Հայրենիքը կսիրի ու կկարևորի իր բոլոր զավակներին: Կանցնի, կանցնի նաև այդ ապարդյուն մոլորությունը, վերջապես կհասկանան, որ իրենք էլ պետք է Հայրենիքը սիրեն: Կցրվի ևս մեկ մոլորություն՝ որ Հայրենիքը իշխանությունն է, ու եթե չես սիրում իշխանությանը, ու իշխանությունն էլ միայն իրեն է սիրում, ուրեմն սերը աշխարհում վերացել է: Կա, կա սերը:
Պատրանք 4. Տարեսկզբին Ցեղասպանությունը կճանաչի ԱՄՆ-ը, բայց դա չի լինի վերջին անակնկալը, երբ ԱՄՆ-ի նախագահը ապրիլքսանչորսյան իր ուղերձում կարտաբերի ակնկալված գենոցիդը՝ կոտորածների, ջարդի, եղեռնի փոխարեն, իսկ հետո Սենատն ու Կոնգրեսը բանաձև կընդունեն: Ոչ, անակնկալը կմատուցի Թուրքիան, Ռեջեփ Թայիբ Էրդողանը ապրիլի 24-ին իբրև Թուրքիայի նախագահ կգա Երևան, օդանավակայանից ոտքով կհասնի Ծիծեռնակաբերդ ու հենց այնտեղ կասի, որ իր երկիրը ճանաչում է 1915-ը իբրև ցեղասպանություն ու իր մարդասպան նախնիների համար ներում է հայցում, պատրաստ է ոչ միայն ֆինանսական փոխհատուցման, այլև հողային: Ծիծեռնակաբերդից նա կմեկնի նախագահական, որտեղ կստորագրվի դիվանագիտական հարաբերությունների հաստատման պայմանագիրը: Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը ջերմ ձեռքսեղմումով միմյանց կփոխանցեն ստորագրված նոտաները: Հաջորդ օրը կբացվի փակ սահմանը։ Իլհամ Ալիևը հրաժարական կտա:
Պատրանք 5. ՈՒ քանի որ Իլհամ Ալիևը հրաժարական կտա, Ադրբեջանում իշխանության կգան նոր մտածողությամբ մարդիկ, ովքեր կգերադասեն ոչ թե Ռուսաստանի Դաշնությունից, Իսրայելից, Չինաստանից ու այլ երկրներից հարձակողական զինատեսակներ գնել, այլ՝ տնտեսությունը հանել նավթային ասեղից ու դիվերսիֆիկացնել, նրանք արդեն հասկացած կլինեն՝ որն է ու որտեղ է իրենց հայրենիքը ու հարևաններին ոչ տարածքային պահանջներ կներկայացնեն, ոչ պատերազմի սպառնալիքներ: Նրանց կհետաքրքրեն ներկան ու ապագան, ու հարևան Թուրքիայի օրինակով կորդեգրեն «Հարևանների հետ 0 պրոբլեմներ» քաղաքականությունը: Վերջապես ի՞նչ է նշանակում մեկ ազգ, երկու պետություն, եթե ոչ համատեղ բարեկեցություն: Իսկ համատեղ բարեկեցության տարրական պահանջը խաղաղությունն ու տնտեսական համագործակցությունն են տարածաշրջանում: Վերջ արատավոր ու սխալներով լի անցյալին՝ ինչպե՞ս կարելի է ատել հարևանին ու թիվ 1 թշնամի հռչակել պետական գաղափարախոսության մակարդակով: Ալլահը վկա՝ 21-րդ դարն է: Միևնույն է, հայերն այնքան քիչ են, որ Թուրքիան հանձնում է հողերը, բայց այնտեղ ապրում են ու ապրելու են քրդերը, ուրեմն՝ յուրայինները: Պատմական փորձով ապացուցված է՝ քրդերը գյավուրներին չեն պաշտպանի՝ հակառակ մուսուլմանների, և ուրեմն՝ հողը նրանն է, ով ապրում է հողի վրա: Հայերը թող դատարկ բարոյական հաղթանակներով ուրախանան, նրանք միշտ էլ բարձրագույն բարոյախոսներ են եղել, լավ կռվողներ են, բայց դիվանագիտության մեջ նրանց շերեփը թղթե էլ մնացել է: Որովհետև հայերը հավատում են պատրանքների, իսկ մուսուլմանները բազմանում են:
Պատրանք 6. Հայկական սփյուռքը վերջապես կվերախմբագրի իր առաջնահերթությունները և առաջին տեղում կդնի Հայաստանի Հանրապետության հզորացումը ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչումը: Բոլոր փոթորկոտ ճառերը, վայ-վույերը, սանկ-նանկերը կդադարեն: Երկիր ունե՞ս, պետություն ունե՞ս, տուն արի: Կպարզվի, որ Հայաստանը ոչ միայն Հայրենիք է, այլև՝ տուն, որտեղ ապրում ու աշխատում են, որը սիրում են ոչ թե հեռվից հեռու՝ «նոստալժիի» պատմական ալիքի վրա, այլ՝ տեղվույն վրա ու գործնականում: Լոբբիստական ու ֆինանսական, բարձրաձայնվող ու գաղտնագրված բոլոր քայլերը ուղղված կլինեն մեկ նպատակի՝ Հայաստանի Հանրապետությունը մեր պատվի ու կյանքի գործն է: Հայրենիքն այլևս նկարվելու տեղ չէ, այլ՝ կառուցելու ու պաշտպանելու: ՈՒ ոչ ոք չի ապացուցել, որ միասնությունը անհնար կամ գնդակահարված ու մոռացված հասկացություն է: Ոչ, կենսակերպ է, մտածողության որակ, գործելակերպ: Մենք հայտարարություններ այլևս չենք անում, մենք վերջապես սկսել ենք մեր հայտարարությունները կենսագործել:
Պատրանք 7. Ես չեմ խելագարվել:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ.- Իսկ դոլար-դրամ տատանումնե՞րը, իսկ վարչապետի հերոսական ճիգե՞րը, որոնց վրա սառը ¥իսկ դրսում, այնուամենայնիվ, ձմեռ է¤ ջուր լցրեց ՀՀԿ մամլո խոսնակը, երբ ասաց, որ նախագահը խորհրդակցություն է հրավիրել ու հանձնարարականներ է տվել, ու դոլարի գինը սկսեց իջնել: Բայց չէ՞ որ իշխանությունը մի թիմ է, ինչ կարևոր է՝ ո՞վ: Թիմն աշխատում է արդյունքի վրա: Իսկ Գագիկ Նիկոլաևի՞չը, որ անխոնջ-անդադրում գրասենյակներ է բացում՝ հանուն համաժողովրդականի: Կարևոր չէ՝ ինչի, շարժումի, տեղաշարժի, իշխանափոխության, իշխանաթողության, իշխանամերձության, թե իշխանամեջության, նա տարեմուտը կդիմավորի Դուբայում, «Կենտրոնը» նախապես կնկարահանի ու ցույց կտա բոլորովին այլ կադրեր: Կարևորը՝ ԲՀԿ բոլոր պատգամավորները կունենան հարկ եղած ելույթները տարեսկզբից մինչև տարեվերջ, հետո էլի մի երկու տարի: Ազատամարտիկների ծեծե՞րը: ՀԱԿ-ի պատգամավորի՞նը: Ահարոն Ադիբեկյանն արդեն ասել է՝ կատարված է քայլ առաջ. առաջ սպանում էին, հիմա ծեծում են, վաղը ընդամենը կհայհոյեն ու կանցնի-կգնա: Մեծ տուն է, ո՞ր տանը անախորժություններ չեն լինում: ՀԱԿ-ն ի՞նչ կանի: Նույնը, ինչ արել է մինչև այսօր՝ թույլատրելի ու անթույլատրելի բոլոր տեխնոլոգիաները կգործադրի, որ Հայաստանում ինքը խաղա ընդդիմության սակրալ դերը, որովհետև ո՞վ, եթե ոչ Լևոն Տեր-Պետրոսյանը, ո՞ւմ, եթե ոչ Գագիկ Ծառուկյանի փողերով և Ռոբերտ Քոչարյանի հեռահար համաձայնությամբ: Ժողովո՞ւրդը: Մի քիչ ուրախ, մի քիչ տխուր Նոր տարի կանի ու 12-օրյա հանգստից հետո նոր ուժով հինգշաբթի օրերը կլցվի Հանրապետության հրապարակ՝ Հովիկ Աբրահամյանից պատասխան պահանջելու, փետրվարից կսկսի առիթից առիթ դիրքավորվել Բաղրամյան 19-ում, իսկ այնտեղից Բաղրամյան 26 քանի՞ քայլ է: Բայց ասեմ ի սկզբանե՝ չարժի գնալ, միևնույն է, կպարզվի, որ հենց այդ օրերին նախագահը մեկնել է Մոսկվա (բազմազանության համար՝ Մինսկ, Աստանա): Քաղաքական մյուս ուժե՞րը: Հանգիստ եղեք, բոլորն իրենց գործը գիտեն, հաշվելիքը հաշվել են, առնելիքը՝ առել, տալիքը՝ տվել, և միայն Րաֆֆի Հովհաննիսյանը շարֆը վզին կշարունակի իրավատեր-իրավատեր խաղալ, Արամ Սարգսյանը երեք ամսից կասի նույնը, ինչ ասել է երեք ամիս, երեք տարի ու ավելի առաջ, որովհետև այդ ընթացքում ոչինչ, բառացիորեն ոչինչ փոխված չի լինի: Բայց դա բոլորովին չի նշանակում, որ չի էլ փոխվելու:
Զահրատը գիտեր՝ ինչ էր ասում, իսկ ընդհանրապես՝ վախեցեք ձեր ցանկություններից, դրանք կատարվելու սովորություն ունեն: Խնդիրը մեկն է՝ ե՞րբ: Ժամանակը չի կարող անվերջ ինքն իր դեմ աշխատել:

Դիտվել է՝ 1735

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ