Թել Ավիվում Թուրքիայի դեսպանատունը, ի հիշատակ ՀԱՄԱՍ-ի սպանված առաջնորդ Իսմայիլ Հանիեի, խոնարհել է իր դրոշը: Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը նկատողություն է արել ԱԳՆ հրավիրված Իսրայելում Թուրքիայի փոխդեսպանին։ Ի պատասխան՝ Թուրքիայի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը հայտարարել է. «Մի օր դուք անպայման պատասխան կտաք մեր պաղեստինցի եղբայրների ու քույրերի սպանության և ձեր կատարած ամոթալի ցեղասպանության համար»:               
 

Հայաստանը Մինսկում պայմանագիրը ստորագրեց, սակայն ռիսկերը հանված չեն օրակարգից

Հայաստանը Մինսկում պայմանագիրը ստորագրեց,  սակայն ռիսկերը հանված չեն օրակարգից
17.10.2014 | 00:38

Այս անգամ Հայաստանի պետական բարձրաստիճան պաշտոնատար անձանց կանխատեսումները հավաստի դուրս եկան. հոկտեմբերի 10-ին նախագահ Սերժ Սարգսյանը Մինսկում ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների ավանդական հանդիպման շրջանակներում պայմանագիր ստորագրեց այն մասին, որ մեր երկիրը միանում է... Ոչ, Մաքսային միությանը չէ։ Կատարվեց Հայաստանի ամերիկամետների երազանքը, այլապես նրանք սոցցանցերը կհեղեղեին իրենց կականով. «Չենք ուզում տայգային միություն», «Դեմ ենք տայգային միությանը» (այստեղ ռուսերենով «Таможенный»-«Таежный» բառախաղ է սարքված)։ Մինսկից եկավ հանգստացուցիչ լուր. Հայաստանը շրջանցում է Մաքսային միությանը (ՄՄ) միանալու փուլը, երևի դա ավելի ուշ կարվի, գուցե և երբեք չի արվի։ Հայաստանը բարեհաջող շրջանցում է նաև Եվրասիական տնտեսական ընկերակցությանը (ԵվրԱզԷՄ) միանալու փուլը, քանի որ դեռ 2000 թ. ստեղծված այդ կառույցի պաշտոնական լուծարման մասին հայտարարեցին հենց հոկտեմբերի 10-ին Մինսկում։ Իսկ ո՞ւր ենք մենք մտնում։ Միանգամայն նոր, ուստի դեռևս ոչ այնքան կանխատեսելի մի կառույց` Եվրասիական տնտեսական միություն` ԵԱՏՄ։ Սա հնարավոր դարձավ ոչ միայն Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի հետ Հայաստանի բազմաստիճան բանակցություններից, այլև այն բանից հետո, երբ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհուրդը հավանություն տվեց ԵԱՏՄ-ին Հայաստանի միանալուն։
Անկեղծ ասած, հիմա իմաստ չունի քննության առնել և կանխատեսել, թե դա ինչ կտա Հայաստանին և հայ ազգին ավելի շատ` լա՞վ, թե՞ վատ բաներ։ 2013 թվականից խոստանում էին միայն լավ բաներ, բայց նախկին խոստումներն ու գործերն էլ այսօր իմաստ չկա քննարկելու։ Ի վերջո, ով էլ, ինչ էլ որ խոստանա Հայաստանին և հայ ժողովրդին, և թե իրականում ինչ է լինելու, կախված կլինի միայն երկրի նախագահից և մեր իշխանության օրենսդիր ու գործադիր ճյուղերից։ Պարզապես անհասկանալի է մնում, թե ինչո՞ւ հիմա, երբ ԱՊՀ պետությունների ղեկավարների Մինսկի գագաթնաժողովի նախօրեին Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ Հայաստանը հենց հոկտեմբերի 10-ին կմիանա ԵԱՏՄ-ին, Մոսկվայի տարբեր կառույցներից հետևեց երկու ճշգրտում. նախ հայտարարեցին, թե Հայաստանը կարող է միանալ միայն 2015 թ. հունվարի 2-ին, իսկ հետո «ճշտեցին» այդ ամսաթիվը` 2015 թ. հունվարի 1-ին։ Դժվար է հասկանալ, թե առհասարակ այս ի՞նչ գաղտնիքներ են թաքնված տարբեր ամսաթվերի այդ ձեռնածության տակ, երբ Երևանը պետք է ստորագրեր կամ պատրաստվում էր այդ ստորագրմանը։ Բայց վերստին տպավորություն էր ստեղծվում, թե իբր հենց Հայաստանի իշխանություններն են «շտապում» ստորագրել, իսկ ահա մեր երկրի գործընկերները մի տեսակ ավելի զուսպ էին դրան վերաբերվում։
Դրանից մեկ օր առաջ Հայաստանի համար շատ կարևոր ու նշանակալի որոշում է կայացվել. Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտին տրվել է գրավոր ժառանգության պահպանման և վերականգնման ասպարեզում ԱՊՀ բազային կազմակերպության կարգավիճակ։ Հետաքրքիր քայլ է և բազմանշանակ. ժամանակը ցույց կտա, թե այդ որոշումը որքանով նաև քաղաքական նեցուկ կդառնա պաշտոնական Երևանի ձեռքին։ Գլխավորն այն է, որ մեր իշխանություններն իրենք հասկանան ու գիտակցեն, որ Հայաստանն իր ձեռքին ունի մի կարևոր գիտական, ինչ-որ տեղ նաև քարոզչական լծակ` բարձրացնելու իր կշիռը, ընդ որում, ոչ միայն ԱՊՀ տարածությունում։ Մինսկում տեղի ունեցավ մեկ այլ նշանակալի իրադարձություն ևս. ԱՊՀ երկրների արտաքին գործերի նախարարները հավանություն տվեցին ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների` Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին նվիրված դիմումի նախագծին, որով «աշխարհի պետություններին ու ժողովուրդներին կոչ է արվում վճռականորեն դիմակայել նացիստական շարժման հերոսացմանը, ֆաշիստական գաղափարախոսության վերականգնմանը, այլատյացության և ռասիզմի տարածմանը, դահճի ու զոհի միջև հավասարության նշան դնելու փորձերին»։ Մաղթենք, որ այդ փաստաթուղթը Երևանում սկսեն հաշվի առնել նրանք, ովքեր շարունակում են մոլեգին պաշտպանել Կիևի ֆաշիստական վարչակազմը, որի պարագլուխ Պորոշենկոն արդեն հայտարարել է, թե իր համար պատերազմի ժամանակների գերմանական նացիստների հանցակիցները` ի դեմս բանդերաների ու շուխևիչների, «հերոսներ են» ու «ևս պատերազմի մասնակիցներ»։ Ի դեպ, նկատելի էր միանգամայն անկանխակալ ագրեսիվությունը ՈՒկրաինայի հասցեին, ընդ որում, ոչ թե Ռուսաստանի կողմից, այլ... ՈՒզբեկստանի ու Բելառուսի։ Թե ինչու էր այդքան բորբոքվել Իսլամ Քարիմովը, կարելի է փորձել գուշակություններ անել. հնարավոր է, նա արտահայտում էր Միջին Ասիայի հանրապետությունների համատեղ տեսակետը։ Իսկ ահա Ալեքսանդր Լուկաշենկոյի արձագանքը հասկանալի է. Բելառուսի հատուկ ծառայություններն արդեն սկսել են իրենց հողում կալանավորել «կիևյան մայդանի» ամեն տեսակի «հարյուրապետների» և ուկրաինացի ֆաշիստների, այլ «հանձնակատարների»։ Երևում է «բոլոր գումարումների կիևյան մայդանի» խնամակալները հիմա էլ մտադիր են արյան մեջ խեղդել նաև ՈՒկրաինայի հարևան Բելառուսը։ Իսկ «Բատկան» նման խաղեր չի հանդուրժում։
Հայտարարվել է նաև, որ Հայաստանը կստանա ԵԱՏՄ ներմուծվող ապրանքների մաքսատուրքերից հավաքվող գումարների 1,13 %-ը։ Մինչև 2022 թ. Հայաստանը կարող է կիրառել մի շարք ապրանքների, այդ թվում մսամթերքի ու կաթնամթերքի` միութենականից տարբերվող տոկոսադրույքներ։ Ընդ որում, Հայաստանը կարծես փոխարենը ոչինչ չի էլ տալիս. ԵԱՏՄ շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, բոլոր երկրները ընդհանուր կուտակարան են ներմուծում մաքսատուրքերից առաջացող բոլոր մուտքերը, ապա բաժանում իրար մեջ` մշակված մեխանիզմին համապատասխան։ Դրա շնորհիվ Հայաստանը կստանա շատ ավելի, քան հիմա է ստանում միայն իր մաքսատուրքերից։
Առաջին հայացքից այնքան էլ վատ ձեռքբերում չէ, քանի որ ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի ապրանքաշրջանառությունները արտաքին աշխարհի հետ շատ ավելի ծավալուն են, քան Հայաստանինը։ Իսկ ընդհանուր առմամբ, իհարկե ժամանակը ցույց կտա։ Բուն ԵԱՏՄ պայմանագիրն ուժի մեջ կմտնի 2015 թ. հունվարի 1-ից։ Եվ այն բանից հետո միայն, երբ կսկսի գործել քառակողմ միությունը (մոտենում են նաև Ղրղզստանի օրերը, որի ԵԱՏՄ-ին անդամակցության «ճանապարհային քարտեզը» ևս հավանություն ստացավ Մինսկում), կարելի կլինի ճշտորեն ասել` նոր կառույցը երբևէ կայուն հատույց կապահովի՞ իր մասնակից սուբյեկտների համար, թե՞ ոչ։ Սակայն սա հեշտուհանգիստ բան չէ, և զուտ «տնտեսագիտություն» է։ Այստեղ, անկասկած, կլինեն նաև ընդհանուր վերպետական մարմիններ։ Ռիսկեր ու երկյուղներ, անշուշտ, կան, բայց դե, կապրենք` կտեսնենք։
Շատ ավելի հետաքրքրական է, թե աշխարհաքաղաքական տեսակետից ինչպիսի՞ փորձանք է մեր երկրի գլխին սարքելու ԱՄՆ-ը։ Չէ՞ որ իրավիճակը միարժեք չէ. Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանն արդեն ամռանը մեր իշխանություններին շանտաժում էր Որոտանի հէկերի համալիրը ամերիկյան ֆիրմաներին հանձնելու պայմանագրի առնչությամբ, և մենք գիտենք, որ պայմանագրի տեսքստում կա մի կետ, որն էապես սահմանափակում է Հայաստանի իրավունքները էներգետիկայի ոլորտում Իրանի հետ առևտրի ու համագործակցության հարաբերությունների հարցում։ ԱՄՆ-ի դեսպանը սպառնում էր նաև Ռուսաստանի դեմ Արևմուտքի պատժամիջոցների կապակցությամբ։ Եվ ահա հենց հոկտեմբերի 10-ին Երևանում ընդդիմությունը` արևմտամետ քաղաքական ուժերով հանդերձ, բավական բազմամարդ հանրահավաք արեց։ Չէ, ամեն ինչ, կարծես, «պատշաճության շրջանակում» էր։ Բայց հանրահավաքի կազմակերպիչները և համապատասխանաբար ընդդիմադիր կուսակցությունների և շարժումների առաջնորդները, չէին կարող չիմանալ, որ իրենց ակտիվիստները սոցցանցերում հանրահավաքի քարոզչությունը կատարում էին հենց որպես «Մաքսային միության դեմ ուղղված ակցիա»։ Դժվար է ասել, Հայաստանում կա՞ն, արդյոք, հիշողությունը կորցրած անձինք, ովքեր մոռացել են, որ 2013 թ. կիևյան մայդանը ևս սկսվեց, կարծես, իբրև «խաղաղ ակցիա` հանուն Եվրամիության»։ Ով ասես «պատասխան» չի պահանջել Հայաստանի իշխանություններից, թե, իբր, ի՞նչ է նշանակում Հայաստանի միանալը ԱՊՀ-ի ինտեգրման կառույցներին։ Ե՛վ Մեծ Բրիտանիայի դեսպանը, և՛ Լեհաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի դիվանագետները։
Օրերս Աստրախանում կայացած մերձկասպյան երկրների գագաթնաժողովը Արևմուտքին զրկեց տարածաշրջան, մասնավորապես Ադրբեջան լիամասշտաբ ռազմաքաղաքական ներթափանցման հույսերից։ Բացի այդ, սկսվում է Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի միջև առևտրից դոլարի շրջանառությունը վերացնելու ակտիվ շարժումը։ Նախագծով հետաքրքրվել է անգամ ԱՄՆ-ի տիպիկ խամաճիկ Սաուդյան Արաբիան։ Արգենտինան քննության է առնում ոչ միայն Ռուսաստանի շուկաներում Եվրոպային լիովին փոխարինելու, այլև իր տարածքում ռուսական ռազմաբազա տրամադրելու հարցը։ Չինաստանն ու Իրանը Նիկարագուայի հետ մեկտեղ քննարկում են Նիկարագուայի տարածքով «Նոր Պանամայի ջրանցք» կառուցելու հարցը։ Ապագայում ոչ միայն Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ), այլև ԵԱՏՄ-ին առընթեր այս կամ այն կարգավիճակը ստանալու մտադրության մասին են զգուշորեն արտահայտվում Իրանը, Հնդկաստանը, Պակիստանը, Հյուսիսային և Հարավային Կորեաները, նույնիսկ ԱՄՆ-ի մեկ այլ խամաճիկ` Թուրքիան։ Սիրիան, Իրաքը, Պակիստանը և քրդերը կտրականապես դեմ են «Իսլամական պետություն» խմբավորման դեմ Արևմուտքի ցամաքային գործողություններին և նախազգուշացրել են, որ դա կգնահատեն որպես ագրեսիա։
Աշխարհաքաղաքականության բոլոր որոգայթներում Արևմուտքի «հաջողությունների» շարքին որոշ հոռետեսությամբ կարելի է դասել ընդամենը երկու-երեք բան. 1) ուրիշի ձեռքով Սիրիայի դեմ ահաբեկչական ագրեսիա սանձազերծելու միջոցով Արևմուտքը Սիրիան ներքաշեց արյունալի ու տևական պատերազմի մեջ և դրանով իսկ վիժեցրեց դեպի Միջերկրական ծով իրաքա-սիրիական արտահանական գազամուղի շինարարությունը։ 2) Եվրամիության անդամ որոշ պետությունների ձեռքերը ոլորելով` «սառեցրեց» ռուսական «Հարավային հոսք» արտահանական գազամուղի շինարարության իրականացումը։ 3) ՈՒկրաինայում պետական հեղաշրջմանը աջակցելու միջոցով այդ հանրապետությունը մասամբ պոկեց ՌԴ-ի ազդեցության գոտուց, բայց ոչ լրիվ. այդ է ապացուցում այն փաստը, որ ԵՄ-ն ստիպված էր ինքը մինչև 2016 թ. հետաձգել ՈՒկրաինայի հետ ասոցացման համաձայնագրի տնտեսական մասի կիրարկումը, որով ապացուցեց Յանուկովիչի վարչակազմի տապալման անիմաստությունը, քանի որ նա ևս Արևմուտքին խնդրել էր ընդամենը հետաձգել այդ ամբողջ ակցիան։
Ի՞նչ է մնացել ԱՄՆ-ին հարավային ուղղությունում։ «Անհասկանալի» Վրաստանը, Թուրքիան` քրդական գործոնի պայթման հետևանքով առաջացած մշուշոտ հեռանկարներով, և... Հայաստանը։ Մեզ շանտաժում են 2014-ի ամռանից։
Եվ Աստծուն է միայն հայտնի, թե ինչ մարդատյաց ծրագրեր են հիմա նյութում Երևանի համար վաշինգտոնյան «հեղափոխության ռազմավարները»։ Այնպես որ, լարվածության ոչ մի թուլացում չի լինի։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 2975

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ