«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Պեկինին նետած իսլամականների մարտահրավերն այս անգամ անպատասխան չի մնա

Պեկինին նետած իսլամականների մարտահրավերն այս անգամ  անպատասխան չի մնա
03.10.2014 | 00:21

Վերջերս լրատվամիջոցներում մի շատ հետաքրքրական տեղեկություն հրապարակվեց այն մասին, թե Հորդանանի ընդհանուր հետախուզության վարչությունը հիմա հարկադրված է մշտական շփումներ ու կապեր հաստատել չինական պետանվտանգության, մասնավորապես նրա այն բաժնի հետ, որն զբաղվում է Արևելյան Թուրքեստանի ազատագրության շարժմամբ։ Իսկ ընդհանուր ցանցում պնդումներ հայտնվեցին, թե արաբական երկրներում իր ձեռնարկած գործողություններում չինական հետախուզությունը համակարգում է ջանքերը և հենվում է իսրայելական «Մոսսադ» և իրանական ԾԼՁ հետախուզական ծառայությունների աջակցության վրա։ Հետո։ Իրաքի իշխանությունները պնդում են, թե «Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորման մի գրոհային ՉԺՀ-ի քաղաքացի է գերել երկրի տարածքում, հաղորդում է «South China Morning Post»-ը։ Գրոհայինի՝ ԴԱԱՇ մակագրությամբ լուսանկարը (ԴԱԱՇ-ը «Իրաքում և Սիրիայում իսլամական պետության» հապավված անվանումն է) հայտնվել է Իրաքի պաշտպանության նախարարության կայքէջում և Facebook սոցցանցում։ Դա եղավ Իրաքում և Սիրիայում ընդարձակ տարածքներ զավթած սուննիական մուսուլմանների ծայրահեղական մարտական խմբավորման շարքերում պատերազմական գործողություններին չինական քաղաքացիների մասնակցության առաջին ապացույցը։ Ավելին, Ինտերնետում ի հայտ է եկել մի տեսանյութ, որում Բո Վան անունով ներկայացած մի չինացի հայտարարում է, թե իսլամական գրոհայինների շարքերն է մտել Սիրիայում կռվելու համար։ Իսկ չինական «Global Times» թերթը հաղորդել է, որ Սինցզյանի արմատական տարրերն անդամագրվել են Իրաքի, Սիրիայի և ասիական այլ երկրների ահաբեկչական խմբավորումներին։ Չինացի փորձագետները պնդում են, որ նրանք մերձավորարևելյան ծայրահեղականներին միանում են երկու ճանապարհով. կա՛մ ուղիղ Սիրիա և Իրաք, կա՛մ Թուրքիայում, Ինդոնեզիայում ու Ղրղզստանում գործող իսլամական կազմակերպության «բաժանմունքների» միջոցով։ Թերթի տվյալներով, օրերս Չինաստանի չորս քաղաքացի է կալանավորվել Ինդոնեզիայում։ Նրանց կասկածում են հենց այն բանում, որ մտադիր են եղել կապեր հաստատել ծայրահեղականների հետ։ Ինչպես հաղորդում է թերթը, ույղուր անջատականները ծրագրում են ճանաչվել միջազգային ահաբեկչական խմբավորումների կողմից, ուղիներ մշակել կապեր հաստատելու, «իրական մարտական փորձ ձեռք բերել», վերադառնալ Չինաստան և իրենց ստացած հմտությունները գործի դնել՝ օգտվելով օտարերկրյա «գործընկերների» աջակցությունից։ Եղած տվյալների համաձայն, այս տարվա ամռանը 100 ույղուր է մեկնել Մերձավոր Արևելք ռազմական պատրաստություն անցնելու, և դա այն դեպքում, որ, արևմտյան հետախուզության տվյալներով, մոտ 400 ույղուր արդեն վարժվում է թալիբների մոտ՝ Պակիստանի սահմանամերձ գոտում։ Եվ ի լրումն այս պատկերի, այս տարվա հուլիսին «Իսլամական պետության» պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադին իր ճառում հայտարարել էր, թե «Չինաստանում, Հնդկաստանում ու Պաղեստինում մահմեդականների իրավունքները դաժանորեն ոտնահարվում են», և այդ երկրների բոլոր մահմեդականներին կոչ էր արել աջակցել ԻՊ-ին։
Այսպիսով, կարելի է ենթադրել, որ անցել են այն ժամանակները, երբ Չինաստանը բավական անտարբեր հետևում էր աշխարհում տեղի ունեցող արյունալի իրադարձություններին։ Չէ՞ որ առայժմ ՉԺՀ ԱԳՆ-ն սահմանափակվել է ահաբեկչության դեմ ջանքերը միավորելու ընդհանուր կոչերով միայն, Իրաքից ու Սիրիայից դուրս է բերել իր քաղաքացիներին և որևէ օգնություն չի առաջարկել ԻՊ-ի դեմ ամերիկացիների սկսած ռազմարշավին։ Զգուշանո՞ւմ էր։ Չէ՞ր ուզում, ինչպես հայտարարում են չինացի որոշ փորձագետներ, ի դեմս սիրիական ընդդիմության «կերակրել վագրերին»։ Շատ հնարավոր է։ Մինչդեռ արևմտյան ընկերակցությունը ՉԺՀ-ին հաստատակամորեն կոչ է արել և անում է մասնակցելու «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» արմատական խմբավորման դեմ պայքարելու համար ստեղծված միջազգային կոալիցիային։ Օրերս Ավստրալիայի արտգործնախարար Ջուլյա Բիշոպը «The Wall Street Journal» թերթի հետ հարցազրույցում հույս էր հայտնել, որ «Չինաստանն ու Ռուսաստանը կհասկանան, որ կոալիցիային համեստ և համաչափ մասնակցությունը տեղին կլինի, և որ մենք կգործենք Իրաքի կառավարության համաձայնությամբ, լիովին կոորդինացնելով մեր քայլերը նրա հետ»։ Սակայն, հնարավոր է, որ Պեկինը ստիպված լինի որոշումներ ընդունել, առավել ևս, որ ահաբեկչության խնդիրը բուն Չինաստանի համար էլ է հիմա իրական դարձել, քան երբևէ։
Հիշեցնենք, գարնանը, բազմաթիվ զոհերի հանգեցրած մի շարք արյունալի ահաբեկչական ակտերից հետո (ընդ որում՝ ՉԺՀ-ի տարբեր նահանգներում) իշխանությունները Սինցզյան-ՈՒյղուրական ինքնավար շրջանում հակաահաբեկչական գործողություն հայտարարեցին, որը կշարունակվի մինչև գալիք տարվա ամառ։ Հանրային անվտանգության նախարարությունը մշակել է ահաբեկչական խմբավորումների հայտնաբերման ռազմավարություն, տեղական ոստիկանական վարչություններին հանձնարարել է ահաբեկչության դեմ պայքարի մասին բնակչության իրազեկվածության բարձրացման աշխատանք տանել, մարդաշատ հանրային վայրերն սկսել են վերահսկվել զինված պարեկային ծառայության ջոկատների կողմից։ Արդյունքում վերացվել է Արևելյան Թուրքեստանի ազատագրության շարժման մի քանի բջիջ, ձերբակալվել են ահաբեկչական կազմակերպությունների զինյալներ։ Իսկ վերջերս Չինաստանում տեղի ունեցավ մի իրադարձություն, որը լայն արձագանք գտավ երկրի սահմաններից դուրս. Սինցզյանի նահանգում առաջին ատյանի դատարանն ույղուրական ծագում ունեցող գիտնական Իլհամ Տոհտիին մեղավոր ճանաչեց անջատականության մեջ և դատապարտեց ցմահ բանտարկության («պետական կարգերի խարխլմանն ուղղված» գործողությունների համար առավելագույն պատժաչափը մահապատիժն է)։ «Սինխուա» գործակալությունը հաղորդում է. «Ինչպես պարզվեց դատաքննության ընթացքում, Չինաստանի ազգային փոքրամասնությունների կենտրոնական համալսարանի նախկին դասախոս Իլհամ Տոհտին «ՈՒյղուր օնլայն» կայքով երկար ժամանակ ուսանողների շրջանում տարածել է ազգային անջատականության գաղափարը։ Նա նաև ազգային փոքրամասնությունների ուսանողների մի մասին հրահրել և հարկադրել է միանալու իր կարծիքին, դրանով իսկ ստեղծելով հանցավոր խմբավորում։ Պետության պառակտման նպատակին հասնելու համար այդ խմբավորումն Իլհամ Տոհտիի գլխավորությամբ կազմակերպել և իրականացրել է մի շարք հանցավոր գործողություններ։ Իլհամ Տոհտին, մասնավորապես, գրել, կազմել, թարգմանել և արտատպել է 100-ից ավելի հոդված՝ հանուն Սինցզյանի անկախության իրականացման պետությունը պառակտելու մասին»։
Սակայն ասել, թե Չինաստանում լուծված է ույղուրական ահաբեկչության խնդիրը, երևի չափազանցություն կլիներ։ Հարձակումներն ու պայթեցումները, չնայած ձեռնարկված բոլոր միջոցներին, շարունակվում են։ Սինցզյան-ՈՒյղուրական ինքնավար շրջանում վերջերս նորից անկարգությունների ու սպանությունների ալիք էր բարձրացել։ Այսպես, օգոստոսի սկզբին Քաշղար քաղաքում սպանեցին 74-ամյա Ջում Թահիրին՝ ՉԺՀ-ի խոշորագույն մզկիթի իմամին։ Հաղորդվում էր, որ հոգևորականին սպանել են «երեք մարդասպան՝ կրոնական ծայրահեղության գաղափարախոսության ազդեցությամբ»։ Այնուհետև ոստիկանությունն սկսել է համատարած հետախուզումն ու գնդակահարել երկու ենթադրական հանցավորների։ Իմամի սպանությունից երկու օր առաջ նույն պրեֆեկտուրայում ույղուր ակտիվիստները բախում ունեցան ոստիկանության հետ, որի ընթացքում տասնյակ մարդիկ սպանվեցին կամ վիրավորվեցին։ Իսկ սեպտեմբերի 25-ին չինական լրատվամիջոցները հաղորդեցին, որ 40 խռովարար է զոհվել վերջերս մոնղոլական ինքնավար շրջանի (Սինցզյան-ՈՒյղուրական ԻՇ) Բուղուր Բայանգոլի գավառում տեղի ունեցած պայթյուններից։ Պայթյունները տեղի են ունեցել խանութում, տոնավաճառում և երկու ոստիկանատներում՝ մոտավորապես ժամը 17.00-ին։ Եվս վեց քաղաքացի, երկու ոստիկան և օժանդակ ոստիկանության երկու աշխատակից էլ դարձել են միջադեպի զոհեր։ Հաղորդվում է, որ ոստիկանությունը ձերբակալել է երկու խռովարարի։ ՍՈՒԻՇ-ի ոստիկանությունը միջադեպը բնութագրել է իբրև «կազմակերպված և լուրջ ահաբեկչական գրոհ»։
Եվ ահա՝ նոր մարտահրավերներ Չինաստանին, հիմա արդեն նաև «ահաբեկչական ինտերնացիոնալի» կողմից։ Ինչպիսի՞ն կլինի Պեկինի արձագանքը։ Արդյոք նա դուրս կգա՞ դիվանագիտության սովորական շրջանակներից։ Առայժմ հաստատական ու միարժեք պատասխաններ չկան։ Ավելին, դժվար է չհամաձայնել Միջին Արևելքի գծով ՉԺՀ-ի նոր հատուկ հանձնակատար Գուն Այաոշենի հետ, որը «Ժենմին ժիբաո» թերթում հայտարարել է. «Միջին Արևելքի խնդիրը վերջին հաշվով պետք է լուծեն իրենք՝ տարածաշրջանի ժողովուրդները»։ Բայց միաժամանակ, անդրադառնալով հակաահաբեկչական միջոցառումների հարցին, ՉԺՀ-ի հատուկ հանձնակատարը հայտարարել է, որ «չինական կողմն անշեղորեն ու վճռականորեն հանդես է գալիս ցանկացած ձևի ահաբեկչության դեմ և ենթադրում է, որ դա ընդհանուր սպառնալիք է աշխարհի բոլոր երկրների համար» (միշտ հենց այսպես էլ ասվել է), ապա գալիս է ավելի նոր մոտեցումը՝ «մտադիր է միջազգային ընկերակցության հետ համատեղ միջոցներ ձեռնարկել ահաբեկչության դեմ պայքարի ուղղությամբ»։ «Սակայն ահաբեկչության խնդիրը չի կարելի վերացնել բացառապես ռազմական եղանակներով։ Աշխարհի երկրները պետք է խորացնեն ահաբեկչության առաջացման պատճառների հետազոտությունը և օգտագործեն քաղաքական, տնտեսական և այլ միջոցներ։ Միայն այս կերպ կարելի է արմատախիլ անել ահաբեկչությունը»,- ասում է Գուն Սյաոշենը։ Իհարկե, հայտարարությունն արվել է միանգամայն «չինական ոգով», և չինական զգուշավորությանը միանգամայն համապատասխան։ Բայց արդեն կարելի է այն հետևությանը հանգել, որ Պեկինում ընդունում են, որ գլոբալացման պայմաններում չի կարելի բացառել գործակցությունը Մերձավոր Արևելքի իսլամական ծայրահեղականների և Սինցզյանի ընդհատակայինների միջև, ինչպես չի կարելի բացառել նաև այն, որ գրոհայինները, ստանալով համապատասխան պատրաստություն, կարող են վերադառնալ և սպանություններ սկսել արդեն Չինաստանում։ Այնպես որ, Պեկինին նետած իսլամականների մարտահրավերը, ամենայն հավանականությամբ, այս անգամ անպատասխան չի մնա։

Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Շանհայում
մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 1334

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ