«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

«Չինաստանի և Տաջիկստանի բարեկամությունը դեպի երկինք սավառնող արծվի է նման»

«Չինաստանի և Տաջիկստանի բարեկամությունը դեպի երկինք սավառնող արծվի է նման»
30.09.2014 | 00:15

Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ)՝ Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում կայացած գագաթնաժողովը շատ վերլուծաբաններ արդեն որակել են որպես «բախտորոշ», համարելով, որ այն «նոր հնարավորություն է բացում ՇՀԿ-ի զարգացման համար»։ Նրանց կարծիքով, դատելով գագաթնաժողովի արդյունքներից, ՇՀԿ-ի անդամ պետությունները, «ելնելով միջազգային բարդ ու փոփոխական իրադրությունից, համախմբում են գիտելիքները, խորացնում են գործակցությունն ու շարունակում են կատարելագործել բազմակողմ համագործակցության մեխանիզմը»։
Իրոք, Դուշանբեի հռչակագրում շարադրվում են աշխարհաքաղաքական առավել նշանակալի խնդիրների վերաբերյալ եղած կարծիքները։ Մասնավորապես ասվում է, որ կազմակերպության անդամները հանդես են գալիս «ահաբեկչության, անջատականության, ծայրահեղականության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ մղվող պայքարի ակտիվ միջոցառումների օգտին» և պատրաստ են շահագրգիռ կողմերի հետ մեկտեղ նպաստելու այդ պայքարի հաջողությանը։ ՇՀԿ-ի անդամները հանդես են եկել առևտրի ու ներդրումների համար նպաստավոր պայմաններ ստեղծելու, արդյունաբերությունն արդիականացնելու, բարձր տեխնոլոգիաները զարգացնելու, ինչպես նաև պարենային ու էներգետիկ անվտանգությունն ապահովելու և շրջակա միջավայրի մասին հոգ տանելու օգտին (նշենք, որ գագաթնաժողովի ընթացքում Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնն առաջարկել է կազմակերպության անդամ երկրների տարածքում տնտեսական աճի գոտիներ ստեղծել)։ Գագաթնաժողովի արդյունքների հիման վրա ստորագրվել են որոշումներ «Կազմակերպության անդամի կարգավիճակ շնորհելու կարգի մասին», մինչև 2025 թ. ՇՀԿ զարգացման ռազմավարության նախագծի մասին»։ Այնպես որ, ռուսական մամուլում և ԱՊՀ երկրների մամուլում տեղ գտած լայն լուսաբանումը, կարծես, լիարժեք պատկերացում է տալիս այդ կազմակերպության գործերի ու ծրագրերի մասին, և լրացուցիչ մեկնաբանությունների հարկ չկա։
Սակայն սույն թեմային լրացուցիչ անդրադարձը թելադրված է, մեր կարծիքով մի հետաքրքրական հանգամանքով։ Ռուս լրագրողներն ուշադրությունը սրել են, թվում է, ամենաբազմազան հարցերի վրա, այն բանի վրա, որ որոշումներ են ընդունվել Երկրորդ համաշխարհային պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 70-ամյակի տոնակատարության մասին, ՇՀԿ-ի խորհրդանիշների մասին, կազմակերպության հետագա զարգացման մասին, ՇՀԿ-ին միանալու՝ Հնդկաստանի ու Պակիստանի մտադրության մասին, այն մասին, որ եկող տարի ՇՀԿ նախագահը լինելու է Ռուսաստանը։ Խոսվել է նաև այն մասին, որ չի հաջողվել շրջանցել ուկրաինական խնդիրը, և ՈՒկրաինայի իրադրությունը «տեղ է գտել» խոսակցություններում ու փաստաթղթերում։ Բայց գագաթնաժողովի մեկ հարց, որը գտնվում էր չինական լրատվամիջոցների սևեռուն ուշադրության կենտրոնում, համենայն դեպս, դուրս է մնացել։ Խոսքն այն մասին է, որ ՉԺՀ-ն՝ այսօրվա դրությամբ ՇՀԿ-ի ոչ պաշտոնական առաջատարը, Դուշանբեի գագաթնաժողովում հետևողականորեն առաջ էր մղում իր գերակա խնդիրը՝ «Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու» շինարարությունը։ Եվ այդ ասպարեզում հերթական առաջընթացին հասավ։
Այսպես, «Սինխուա» գործակալությունը գագաթնաժողովի գլխավոր հաջողությունը համարում է «Միջազգային ավտոմոբիլային փոխադրումների համար նպաստավոր պայմաններ ստեղծելու մասին ՇՀԿ անդամ պետությունների կառավարությունների համաձայնագրի» ստորագրումը։ Այն, չինացի վերլուծաբանների կարծիքով, արտասովոր նշանակություն ունի և կարող է մեծ ճեղքում համարվել։ Ինչպես պնդում է «Սինխուան», «իրականում այդ համաձայնագրի ստորագրումը զուգադիպում է «Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու» շինարարության վերաբերյալ Սի Ցզինպինի նախաձեռնությանը, որն արժանացել է ՇՀԿ անդամների հավանությանը։ Այդ համաձայնագրի ստորագրումը կարող է համարվել Սի Ցլինպինի նախաձեռնության նկատմամբ ցուցաբերված ակտիվ արձագանք»։ Չինական լրատվամիջոցները գրում են, թե քանի որ ՇՀԿ որոշ պետություններ ելք չունեն դեպի ծով, և հաղորդակցության դժվարությունները լուրջ խնդիր են հարուցում զարգացման ճանապարհին, ավելի ու ավելի օրախնդիր է դառնում ճանապարհային հաղորդակցության շուտափույթ միավորման անհրաժեշտությունը։ ՈՒ հիմա, միջազգային ավտոփոխադրումների մասին ստորագրված համաձայնագրին համապատասխան, ՇՀԿ-ն պայմաններ կապահովի Եվրասիական տարանցիկ տրանսպորտային մայրուղու ստեղծման համար։ Նշվում է նաև, որ այդ նախագծի իրականացումը, նախ և առաջ, համապատասխանում է Կենտրոնական Ասիայի երկրների շահերին։ Ճանապարհների ցանցի ստեղծումից հետո միջինասիական պետությունները կկարողանան չինական նավահանգիստներն օգտագործել իրենց արտադրանքն անարգել միջազգային շուկա հանելու համար։
Ի դեպ, չինական լրատվամիջոցները նշում են, որ Դուշանբեում ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինի և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի առանձնազրույցի ժամանակ չինական գլոբալ նախագծի այդ կենսական խնդիրները ևս գտնվել են ուշադրության կենտրոնում։ Այսպես, Սի Ցզինպինն ընդգծել է. «Անցած տարի Ղազախստան այցիս ընթացքում ես «Մետաքսի ճանապարհի» տնտեսական գոտի ստեղծելու առաջարկություն արեցի, որտեղ հիմնականը ենթակառուցվածքի կառուցումն է, առևտուրը, էներգետիկան, ներդրումները և այլն։ Ղազախստանը մեր կարևոր գործընկերն է։ Չինական կողմը պատրաստ է հետագայում երկու կողմերի գործակցությունը շարունակելու հում նավթի վաճառքի, գազի հանքերի շահագործման, նավթի ու գազի արդյունահանման սարքավորումների արտադրության ասպարեզում, պատրաստ է մեծացնելու արծաթի հաստատագրված փոխանակությունը (սվոպ), ընդլայնելու երիտասարդական փոխանակությունները»։ Նազարբաևը պատասխանել է. «Ղազախստանը հուսով է, որ, օգտագործելով «Մետաքսի ճանապարհի» տնտեսական գոտու համատեղ շինարարությունը, կողմերը կկարողանան ընդլայնել համագործակցությունն էներգետիկայի, փոխադարձ ներդրումների, վերամշակման արդյունաբերության և անդրսահմանային առաքման ասպարեզում և կառուցել Կենտրոնական Ասիա-Չինաստան գազամուղը, նպատակ ունենալով բարձրացնել Ղազախստանի և Չինաստանի համագործակցության մակարդակն ու ընդլայնել համագործակցությունը կենտրոնասիական երկրների ու Չինաստանի միջև»։ Նկատենք, Չինաստանում այն կարծիքին են, որ «Մետաքսի ճանապարհի» տնտեսական գոտու շինարարությունը կոնկրետ արտացոլում է գտնում «Չինաստան-Կենտրոնական Ասիա» գազամուղի «D» ճյուղում (ՌԴ գազարդյունաբերության համար բավական խնդրառատ այդ նախագծին մենք քանիցս անդրադարձել ենք)։ Իրադրությանն առանձնակի զավեշտալիություն է հաղորդում այն, որ գագաթնաժողովի օրերին Տաջիկստանի նախագահ է. Ռահմոնը և ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինը մասնակցեցին այդ միջպետական գազամուղի տաջիկական հատվածի շինարարության մեկնարկի արարողությանը։ Ավելին, նկատենք, որ գազամուղի շինարարության միջկառավարական համաձայնագիրը ստորագրվել էր անցած տարի Բիշքեկում կայացած ՇՀԿ-ի գագաթնաժողովի օրերին։
Եվ էլի մեկ պերճախոս հանգամանք. գագաթնաժողովի նախօրեին Սի Ցզինպինը տաջիկական լրատվամիջոցներում հրապարակել էր հեղինակային մի հոդված «Չինաստանի և Տաջիկստանի բարեկամությունը դեպի երկինք սավառնող արծվի է նման» վերնագրով։ Հոդվածում հիշատակելով Կոնֆուցիոսի «Ազնվաբարո մարդը գնահատում ու սիրում է լեռնային պեյզաժը» խոսքը, ՉԺՀ-ի ղեկավարը գրում է, որ Չինաստանն ու Տաջիկստանը բարեկամներ են արդեն ավելի քան երկու հազար տարի՝ Սիհանի դինաստիայի ժամանակներից, երբ չին հանձնակատար Չժան Ցյանը երկու անգամ այցելեց արևմտյան կողմեր և հայտնաբերեց հայտնի Մետաքսի ճանապարհը՝ դնելով ժողովուրդների բարեկամության սկիզբը։ «Պատկերացնում եմ այն հեռավոր ժամանակները, երբ մետաքսի ճանապարհին միալար ղողանջում էին ուղտերի զանգուլակները, դոփում էին նժույգների սմբակները, անվերջանալի շարքով հոսում էին բարեկամության առաքելություններն ու առևտրական քարավանները։ Չինաստանի ու Տաջիկստանի բազմադարյա բարեկամական կապերի վկան Պամիրի լեռնագագաթներից վեր սավառնող արծիվն է»,- ասվում է հեղինակային հոդվածում։
Այնպես որ, Դուշանբեի ավարտված գագաթնաժողովը դարձավ ևս մեկ վկայություն այն բանի, որ այսօրվա դրությամբ Շանհայի համագործակցության կազմակերպությունն արդեն վերջնականորեն ու փաստորեն անշրջելիորեն դարձել է չինական գաղափարների կենսագործման արդյունավետ գործիք։

Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 1672

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ