«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Հանոյն ու Պեկինը այսօր նախընտրում են առևտուր անել, ոչ թե կռվել

Հանոյն ու Պեկինը այսօր նախընտրում  են առևտուր անել, ոչ թե կռվել
09.09.2014 | 00:12

Մինչ Եվրոպան ավելի ու ավելի է խրվում գլոբալ դիմակայության ճահճում, երբեմնի բարեկամ և անգամ «եղբայր» ժողովուրդները թշնամիներ են դառնում, իսկ դրանց պարագլուխներն արդեն խոսում են հարաբերությունների անշրջելիության մասին։ Պեկինն ակտիվորեն, հետևողականորեն և, գլխավորը, հաջողությամբ Ասիայում առաջ է տանում նոր մոտեցումները միջազգային հարաբերություններում։ Եվ հիմա մենք կարող ենք առարկայնորեն տեսնել, թե ինչպես են Չինաստանի վաղեմի «երդվյալ թշնամիները» սրընթաց վերածվում գործընկերների, իսկ տարածքային վեճերը, որոնք դեռ վերջերս բազմաթիվ զոհերի ու արյան հեղման պատճառ էին, տեղը զիջում են առևտրական ու տնտեսական շփումներին։ Եվ ահա վերջերս Վիետնամի կոմկուսի կենտկոմի գլխավոր քարտուղարի հատուկ հանձնակատար Լի Հոնգ Անի հետ Պեկինում կայացած հանդիպման ժամանակ ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինը կոչ արեց չին-վիետնամական հարաբերությունները վերադարձնել բնականոն հուն։ Հիշեցնենք, որ Չինաստանն ու Վիետնամը ասես ավանդաբար թշնամաբար էին տրամադրված միմյանց հանդեպ, և դա գալիս էր դարերի խորքից։ Հազարամյա չինական տիրապետությունից հետո մ. թ. 10-րդ դարում Վիետնամը կարողացավ անկախություն նվաճել, սակայն հետագայում պետությունների միջև էլի մի քանի թշնամական բախում եղավ, ընդ որում, վերջինը պատմական չափանիշներով հենց վերջերս է տեղի ունեցել։ Ի՞նչն էր հարևանների՝ պատերազմի վերաճած այդ բախման պատճառը։ Հետազոտողները նշում են, որ սովետա-վիետնամական համագործակցության հետևանքը եղավ Վիետնամի կողմից վիետնամա-չինական սահմանի հարցի հանկարծական բարձրացումը (այն ժամանակ ՉԺՀ-ի ու ԽՍՀՄ-ի հարաբերությունները հեռու էին իդեալական լինելուց)։ Վիետնամն իր դժգոհությունն արտահայտեց նաև Տոնկինի ծոցի սահմանազատման հարցում, ընդ որում, նա պահանջում էր ծոցի ջրատարածքի 2/3-ը։ Հենց այդ ժամանակ էլ նա զավթեց մի քանի չինական կղզի։ Միաժամանակ, խախտելով ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունները, Վիետնամն սկսեց նախկին Հարավային Վիետնամում բնակվող ՉԺՀ-ի քաղաքացիներից պահանջել հրաժարվել չինական քաղաքացիությունից։ Սկսվեց Վիետնամի տարածքից չինացիների դուրսմղման մի արշավ, ինչի պատճառով հարյուր հազարավոր մարդիկ ստիպված էին Հարավային Վիետնամից փախչել հարևան երկրներ, այսպիսով, մինչև 1978 թ. վերջը Վիետնամից արտաքսվեց ավելի քան 280000 մարդ։ 1979 թ. սկզբներին չին-վիետնամական սահմանին մշտապես զինված միջադեպեր էին տեղի ունենում, իսկ ակտիվ մարտական գործողություններ սկսելու մասին վերջնական որոշում Պեկինն ընդունեց փետրվարի 9-ին։ Ի դեպ, նշված է, որ այդ պատերազմը «Գաղտնի պատերազմներից» մեկն էր նաև ԽՍՀՄ-ի համար։ «Պատերազմի արդեն առաջին օրերից ինչպես Վիետնամում, այնպես էլ հարևան երկրներում գտնվող խորհրդային մասնագետները մարտական գործունեության ձեռնամուխ եղան վիետնամցիների հետ մեկտեղ։ Ի լրումն նրանց, ԽՍՀՄ-ից սկսեցին համալրումներ ստացվել։ Հաստատվեց ԽՍՀՄ-Վիետնամ օդային կամուրջ»,- գրում է ռուսական sokrytoe.net պորտալը։ Իսկ այնուհետև, ինչպես հաղորդում է Վիքիպեդիան, «երկու կողմերը հայտարարեցին պատերազմում իրենց տարած հաղթանակի մասին։ Վիետնամը հայտարարեց, և նրա տեսակետը պաշտպանեցին խորհրդային աղբյուրները, որ ինքը հաջողությամբ հետ է մղել չինական ագրեսիան, ծանր կորուստներ պատճառելով հակառակորդին»։ Սակայն կան նաև այլ գնահատականներ, համաձայն որոնց՝ պատերազմում հաջողություն, թեկուզև մասնակի, ունեցել է Չինաստանը։ Ինչևէ, այն ժամանակ երկու կողմից զոհվեց ավելի քան չորս հազար մարդ։
Ի դեպ, հարկ է նշել, որ անցած դարավերջին, այն բանից հետո, երբ Վիետնամը զրկվեց ռազմավարական դաշնակցից՝ ի դեմս Խորհրդային Միության, նա հայտարարեց, որ «ուզում է լինել ամբողջ աշխարհի երկրների բարեկամն ու հուսալի գործընկերը»։ 1991-ին Չինաստանի ու Վիետնամի հարաբերությունները, ասես, կարգավորված էին, և շուտով Չինաստանը դարձավ Վիետնամի գլխավոր առևտրական գործընկերներից մեկը. 2009 թ. երկու երկրների միջև առևտրի եկամուտը կազմում էր մոտ 21,5 մլրդ դոլար։ Բայց հին «վերքերն» ու դժգոհություններն իրենց զգալ էին տալիս, իսկ այս տարվա գարնանը աշխարհի լրատվամիջոցները հաղորդեցին, որ չինական զորքերը՝ ծանր սպառազինությամբ, շարժվում են դեպի Վիետնամի սահման, և որ երկրները նորից կանգնած են պատերազմի եզրին։ Արդեն մայիսին Վիետնամում հակաչինական հանրահավաքներ բռնկվեցին։ Ամբողջ երկրում ջարդուփշուր արվեց 1000-ից ավելի չինական ձեռնարկություն։ Անկարգությունները էական հարված հասցրին Վիետնամի տնտեսությանը և սպառնալիքի տակ դրեցին Վիետնամում աշխատող չինացիների կյանքը (մի նուրբ մանրամասն. Պուտինի այցը Պեկին տեղի ունեցավ հենց այդ սրման շրջանում, սակայն, ի տարբերություն խորհրդային պրակտիկայի, կողմերից ոչ մեկն ակնհայտ աջակցություն չցուցաբերեց։ Թեև ավելի վաղ, Հանոյում, ՌԴ նախագահն ընդգծել էր. «Մենք համատեղ աշխատանքի և պայքարի հերոսական ընդհանուր անցյալ ունենք, այդ թվում՝ հանուն Վիետնամի անկախության»)։ Հետո կրքերը փոքր-ինչ մարեցին, բայց ավանդական անվստահությունը մնաց։
Եվ ահա հիմա, հարաբերությունների այդ լարվածությունից հետո առաջին հանդիպման ընթացքում, Սի Ցզինպինը բավական ջանքեր գործադրեց լարվածության թուլացման համար։ Նա ընդգծեց, որ Չինաստանն ու Վիետնամը մոտիկ հարևաններ են, բացի այդ, «երկու երկրները սոցիալիստական զարգացման հետևորդներ են՝ կոմունիստական կուսակցությունների ղեկավարությամբ», ուստի Չինաստանի ու Վիետնամի կոմկուսների ղեկավարները պետք է ամեն ինչ անեն ամրապնդելու երկկողմ հարաբերությունները, ժամանակին տեղեկույթ փոխանակելով հիմնական հարցերի վերաբերյալ։ Իր կողմից Չինաստանը շարունակում է հետևել «երկարաժամկետ կայունության, բարեկամության, բարիդրացիության և բազմակողմանի համագործակցության կուրսին», նպատակ ունենալով երկու երկրների հարաբերություններում հասնելու հետագա առաջխաղացման, նշեց ՉԺՀ-ի ղեկավարը։
Լի Հոնգ Անն իր հերթին իր երկրի նվիրվածությունն արտահայտեց Պեկինի հետ բարեկամական հարաբերությունների պահպանմանը։ Նա նշեց, որ, հաշվի առնելով միջազգային ասպարեզում տիրող բարդ իրադրությունը, Չինաստանի ու Վիետնամի համար ծայրաստիճան կարևոր է ունենալ երկկողմ լավ հարաբերություններ, ժամանակին հարթելով առաջացող տարաձայնությունները։ Դա համապատասխանում է երկու երկրների ռազմավարական շահերին, նպաստում է տարածաշրջանում խաղաղության, կայունության պահպանմանը և երկու երկրների բարգավաճմանը։ Հանդիպման ընթացքում Լի Հոնգ Անը և Սի Ցզինպինը պարտավորվեցին լիովին օգտագործել չին-վիետնամական բարձր մակարդակի բանակցությունների մեխանիզմը՝ վիճելի հարցերի շուրջ երկարաժամկետ և երկու երկրների համար ընդունելի լուծումներ գտնելու համար։ Հասկանալի է, որ լիակատար փոխըմբռնման մասին խոսելը դեռ վաղ է, սակայն բանակցություններում ամենագլխավորը ձեռք բերվեց. հաջող փորձ արվեց «քննարկելու» վիճելի կղզիների հարցը և հայտարարվեց երկկողմ համաձայնագրի ստորագրման հնարավորությունը՝ ծովային սահմանների շուրջ եղած վեճերի կարգավորման նպատակով։ Այսինքն, Հանոյն ու Պեկինը, ըստ էության, այսօր նախընտրում են առևտուր անել, ոչ թե կռվել, առավել ևս, որ երրորդ, «շահագրգիռ կողմերը» ներկա իրավիճակում արդեն առանձնակի դեր չեն խաղում։
Թեև, առայժմ, այնքան էլ պարզ չէ, թե ինչ սպասելիքներ կարելի է ունենալ հեռանկարում, և որքանով իրականություն կդառնան որոշ փորձագետների կանխատեսումներն այն մասին, որ «վիետնամցիները՝ իրենց վճռականությամբ, կռվելու ունակությամբ և ինքնիշխանության համար տևական պայքարի պատմությամբ, անվերջ համբերել չեն կարող»։ Բայց հիշենք, դեռ վերջերս փորձագետներն անխուսափելի ռազմական բախում էին կանխատեսում Չինաստանի և Հնդկաստանի միջև։ Սակայն, դատելով Պեկինի և Դելիի միջև վերջերս ձեռք բերված պայմանավորվածություններից, այդ կանխատեսումները հազիվ թե իրականանան։ Իսկ թե հնագույն «հազարամյա հակառակորդներն» ինչպես են հիմա դառնում տնտեսական գործընկերներ, կիմանանք այս հոդվածի շարունակությունից։
(շարունակելի)

Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 1672

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ