«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Չինաստանն ու Բելառուսը ձեռքբերումների դափնիներին նիրհել չեն պատրաստվում

Չինաստանն ու Բելառուսը ձեռքբերումների դափնիներին նիրհել չեն պատրաստվում
04.07.2014 | 00:05

Իր ժամանակին Բենջամին Ֆրանկլինը նկատել է. «Մեծ կայսրությունը, ինչպես մեծ կարկանդակը, ավելի հեշտ է ուտել կողեզրերից»: Հավանաբար լավ հասկանալով ինքնապահպանման այդ բանաձևը` բոլոր կայսրությունները, Հռոմեականից մինչև Խորհրդային, ոչ միայն հատուկ ուշադրություն էին դարձնում իրենց ծայրամասերին, այլև հասկանում էին` կայսրությունը ոչ միայն մեծ արտոնություն է, այլև մեծ պատասխանատվություն: Բացի այդ, մարդկության պատմությանը հայտնի բոլոր կայսրությունները կազմավորվում էին արյունահեղությամբ ու պատերազմներով: Հիմա էլ, նոր տեխնածին աշխարհում Կրեմլի համար այդ հին կանոնները, կարծես, ավելի արդիական ու նախընտրելի են, քան Ֆրանկլինի խորհուրդները: Կրեմլի քաղաքականության մեջ հստակ ընդգծված է «գլխավոր գիծը». «ՈՒզում ենք վերականգնել կայսրությունը, բայց պատասխանատվություն կրել, հատկապես ծայրամասերի համար, ոչ ցանկություն ունենք, ոչ էլ, առավել ևս, միջոցներ»:

Այս համապատկերում հետխորհրդային տարածքում բավականաչափ հետաքրքիր են տնտեսական հայտերը Միջին կայսրության` այդպես են բազմանշանակ անվանում իրենց երկիրը չինացիները: Միայն վերջին մեկ տարում Չինաստանի վարկային գծերն ու ներդրումները նախկին ԽՍՀՄ հանրապետություններում մի քանի տասնյակ միլիարդ դոլար են կազմել: Չինաստանի տարադրամային պահուստը, որ գերազանցում է 3,5 տրիլիոն դոլարը և որը ՉԺՀ-ն ձգտում է «տեղավորել», այդ հնարավորությունը տալիս է: Փողը, ինչպես հայտնի է, հոտ չունի, և, հուրախություն նոր պետությունների ղեկավարների ու ի տարբերություն մյուս դոնորների, առանձնահատուկ հավակնություններ կամ ուժի ցուցադրություն Պեկինը, կարծես, չի դրսևորում:

Այդ գործընթացի դրոշակակիրներից մեկը Բելառուսն է: Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վաղուց է հայտարարել, որ իր նպատակն է դառնալ «հենակետային երկիր Չինաստանի համար Եվրոպայում»: Նման զեղումներից հետո Պեկինի շռայլությունը Մինսկի հետ համատեղ նախագծերի իրականացման նպատակով վարկային գծերի բացման առումով իրեն երկար սպասել չտվեց` 16 միլիարդ դոլար ընդհանուր ծավալով: Վերջերս էլ հերթական վարկը հատկացվեց` 1,6 միլիարդ դոլարի չափով, իսկ օրերս դրվեց չին-բելառուսական արդյունաբերական պարկի առաջին քարը, ինչը Մինսկում գնահատեցին որպես ևս մեկ վկայություն, որ Չինաստանի բիզնեսմենները բարձր են գնահատում Բելառուսի ներդրումային գրավչությունը: Նախագծի վերաբերյալ չինական մեքենաշինական կորպորացիայի վարչության նախագահ Խեն Խունբինը ասաց. «Մենք բարձր ենք գնահատում արդյունաբերական պարկի հեռանկարները: Չինաստանը նման նախագծերի փորձ ունի, Բելառուսը` պայմաններ: Դա հաջող համադրում է»: Արդեն իրենց մասնակցությունը հաստատած ընկերություններից բացի, արարողությանը Մինսկում ներկա էին նաև բազմաթիվ բիզնեսմեններ, որ մտադիր են գնահատել, թե իրականում որքա՞ն բարենպաստ է Բելառուսում ներդրումների նկատմամբ վարվող քաղաքականությունը: Իրենց հերթին Բելառուսի ներկայացուցիչները ամեն կերպ ընդգծում են, որ չին գործընկերների հետ իրենք ստեղծում են բոլոր պայմանները, որ երկիր գան գերժամանակակից ընկերություններ` գերժամանակակից տեխնոլոգիաներով: Նրանք անխոնջ հիշեցնում են, որ դեռ 2013-ի հուլիսին ՉԺՀ-ի նախագահ Սի Ձինպինը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, որ այդ ժամանակ այցով Չինաստանում էր, համատեղ հայտարարել են չին-բելառուսական փոխհարաբերությունները համակողմանի ռազմավարական համագործակցության մակարդակի բարձրացնելու և պատմական նոր մեկնարկի մասին: Ի՞նչ է իրենից ներկայացնում այդ մեկնարկը` ճշտվեց Բելառուսի վարչապետ Միխայիլ Մյասնիկովի` Չինաստան կատարած այցի ընթացքում: Այն ժամանակ երկու երկրների կառավարությունների ղեկավարները հայտարարեցին 2014-2018 թթ. ՉԺՀ-ի ու Բելառուսի միջև համակողմանի ռազմավարական գործակցության և հարաբերությունների զարգացման ծրագրի մասին, որոշվեց ստեղծել համագործակցության միջկառավարական հանձնաժողով վարչապետների մակարդակով: Այդ ժամանակ էլ որոշում ընդունվեց Բելառուսում իրականացնել չինական ZTE պետական կորպորացիայի երկու համակարգային ծրագրեր: ZTE-ն հեռուստահաղորդակցության սարքավորումների և բջջային հեռախոսների խոշորագույն արտադրողն է Չինաստանում, որ երկու տասնյակ հետազոտական կենտրոններ ունի ամբողջ աշխարհում: Միայն անցյալ տարի կորպորացիան ստացել է ավելի քան չորս հազար արտոնագիր IT և բարձր տեխնոլոգիաների ոլորտում: Չինաստանում իրականացվող նախագծերից մեկը տրանսպորտային-լոգիստիկ հոսքերի մոնիթորինգն է առաջավոր տեխնոլոգիաների օգտագործումով, որը հնարավորություն է տալիս զարգացնել լոգիստիկան ու առևտուրը: Կա ևս մեկ մասշտաբային խնդիր` խոշորագույն մալուխային օպերատորի ենթակառույցների նորացումը: Սակայն նոր բարեկամները բացահայտորեն ձեռքբերումների դափնիներին նիրհել չեն պատրաստվում:
Բելառուսում ՉԺՀ դեսպան Ցույ Ցիմինը պատմում է. «Մեր դիվանագիտական հարաբերությունների ավելի քան քսան տարիներին մենք կարողացել ենք փոխադարձ առևտրի ծավալը մեծացնել համարյա 100 անգամ: Բելառուսական վիճակագրությամբ` 2013-ին այդ ցուցանիշը հասել է 3,29 միլիարդ դոլարի, աճելով 17,2 տոկոսով` 2012-ի համեմատ: Շատ կարևոր է, որ ակտիվ իրականացվում են համատեղ միջին ու խոշոր նախագծեր, որոնք ընդգրկում են այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են հյուրանոցային համալիրների ստեղծումը, ճանապարհաշինությունը, հաղորդակցուղիները, էներգետիկան, բնակարանային շինարարությունը, քիմիական արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, ծառայությունները, ավտոմոբիլաշինությունը: Տնտեսական արդյունավետության հաջող օրինակներից ես կանվանեի «Лебяжий» միկրոշրջանը, «Պեկին» հյուրանոցները, չինական «ԲելՋԻ» ավտոմեքենաների հավաքման ձեռնարկությունները»:
Փոխգործակցությունը տնտեսությամբ չի սահմանափակվում, և՛ Պեկինը, և՛ Մինսկը հատուկ կարևորություն են տալիս հումանիտար փոխանակման ակտիվացմանը: Չինարենն ու չինական մշակույթը ուսումնասիրելու ցանկություն ունեցողների թվի անդադար մեծացման պատճառով առաջիկայում Բելառուսում կբացվի Կոնֆուցիուսի անվան արդեն երրորդ ինստիտուտը: Բելառուսի բուհերում հիմա ուսանում է մոտ 2 հազար չինացի, իսկ Չինաստանում` 400 բելառուս: Երկու կողմերն էլ հերթականությամբ համատեղ կազմակերպում են մշակույթի օրեր, գեղարվեստական ցուցահանդեսներ, համերգներ, ելույթներ, կինոյի շաբաթներ և այլ մշակութային միջոցառումներ, որոնց օգնությամբ անդադար ամրապնդվում են երկու ժողովուրդների շփումները:
Զարգացող բարեկամության ևս մեկ կողմը` Բելառուսում գործը մայրաքաղաքով չի սահմանափակվում, համագործակցության կարևոր շարժիչ գործոն է տարածքային շփումների բուռն զարգացումը: Արդեն տասներկուսի են հասել բելառուսական ու չինական եղբայրացած քաղաքներն ու շրջանները, և չինացիները մեծ ցանկություն ու վիթխարի հետաքրքրություն են դրսևորում Բելառուսի հետ համագործակցելու և կապիտալի ներդրումների առնչությամբ: Բացի այդ, այսօր Չինաստանում գործում են բելառուսա-չինական ընկերություններ, մասնավորապես` գյուղատնտեսական ու ավտոմոբիլային տեխնիկա արտադրող: Այնուհանդերձ, առավել հեռանկարային ու մասշտաբային է համարվում չին-բելառուսական արդյունաբերական պարկը, որից էլ սկսեցինք պատմությունը երկու երկրների կապերի մասին: Պարկը իր տարածքով ամերիկյան հանրահայտ Մանհեթենից 40 տոկոսով մեծ է լինելու, իսկ սկզբնական փուլերում ընդհանուր կապիտալ ներդրումները կարող են հասնել 5,6 միլիարդ դոլարի: Պարկի նախագիծը համատեղ է, ծրագրի իրականացման համար ստեղծվել է հատուկ համատեղ ձեռնարկություն, որտեղ չինական մասնաբաժինը 60 % է, բելառուսականը` 40: Այդ քայլով Բելառուսի իշխանությունները ջանացել են նվազեցնել բոլոր կասկածներն ու մեղադրանքները երկրի «չինական օկուպացիայի» վերաբերյալ: Ակնհայտ է, որ այդքան մեծ կապիտալ ներդրումներ ու արտադրության երկարաժամկետ ցիկլ ունեցող խոշոր նախագծի համար անհրաժեշտ են ընդհանուր ուսումնասիրություններ ու ծրագրավորում, մշտական խորհրդակցություններ: Ակնհայտ է նաև, որ երկար ժամանակ ու շատ ջանքեր են պետք, որպեսզի ՉԺՀ-ի ու Բելառուսի առևտրատնտեսական համագործակցության համար այդ կարևորագույն միջկառավարական նախագիծը սկսի աշխատել: Սակայն փաստը, որ նախագիծը երկու երկրների ղեկավարների անձնական վերահսկողության տակ է, հույսեր է ներշնչում, որ այն արագ տեմպերով կենսագործվելու է և ապագա համագործակցության հիմնաքարն է դառնալու էլեկտրոնային տեղեկատվության, նուրբ քիմիայի, կենսաբժշկության, նոր նյութերի արտադրության և այլ ոլորտներում: Այսինքն, Լուկաշենկոն մտադիր է Չինաստանի հետ բարեկամություն անել երկարաժամկետ ու սերտորեն` առանց որևէ մեկի կարծիքը հաշվի առնելու: Իսկ որ աշխարհում, իհարկե, լավ գիտեն հին չինական իմաստությունը` «Հանգիստ սպասիր մինչև գետը բերի թշնամուդ դիակը», հետևաբար, հասկանում են, որ հետխորհրդային երկրների վրա աշխարհաքաղաքական ներգործության համար պայքարը Պեկինն ընդամենը մի քիչ հետաձգում է, Բելառուսի պրագմատիկ նախագահի համար ամենագլխավորը չէ: Որքան ավելի բարձրանա «նոր եղբայրության» մակարդակը, այնքան կատարելագործվելու է Կրեմլի հավակնությունների ու ֆոբիաների վրա վիրտուոզ խաղի նրա ընդունակությունը:


Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 1805

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ