«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Սպասենք առայժմ

Սպասենք առայժմ
01.07.2014 | 00:38

Հուլիսի 1-ին, այսինքն` այսօր, Հայաստանը պետք է ստորագրեր Եվրասիական միությանն անդամակցության համաձայնագիրը: Ընդ որում, հիմնադիր անդամ չդառնալուց հետո: Ասել է` մեկ անգամ հետաձգվելու արդյունքում: Գիտենք` ո՛չ այսօր, ո՛չ հուլիսի 3-ին այդ համաձայնագիրը չի ստորագրվելու: Հուզականությունը չի եղել և չի լինելու քաղկատեգորիա ո՛չ անցյալ դարի սկզբին, ո՛չ էլ հիմա: Գործ ունենք չոր փաստերի հետ, որոնք հավաստում են, որ թե՛ սեպտեմբերի 3-ին, թե՛ հիմա Հայաստանը եղել է գործիք Ռուսաստանի ձեռքում:
ա) Սեպտեմբերի 3-ին Ռուսաստանը փորձեց կանխել Վրաստանի, ՈՒկրաինայի, Մոլդովայի ԵՄ ասոցացումը, որն էլ, ինչպես տեսանք, չստացվեց: Ինչ գնով, նույնպես չանդրադառնանք, սակայն արձանագրենք` նման գին Հայաստանը չէր կարող վճարել, իմաստ-անհրաժեշտություն էլ չկար: Նկատի ունենք Մայդանը, ՈՒկրաինայի տրոհումն ու առկա դիմակայության անհայտ հեռանկարը:
Այո, սեպտեմբերի 3-ից հետո հայ հասարակության առաջադեմ, ռուսական «շինելից» մեկընդմիշտ դուրս թռած մասն ահավոր ծանր տարավ դեպի Մաքսային միություն հայաստանյան «երթը», սակայն հակառակն է՛լ ավելի ահավոր էր լինելու, այդու` չարիքի փոքրագույնի «ստվերի» տակ երկրի ամբողջականության պահպանման, անցնցումության, մեծ կոլապսների, ագրեսիաների բացակայությունը լրացրեց այն «սուրբ տեղը», որը բաց էր մնացել ՄՄ-ին անդամակցելու որոշման արդյունքում:
բ) Եվրասիական միություն: Այո, այնտեղ ևս մենք չդարձանք հիմնադիր անդամ, ինչն ինքնին նշանակում էր վետոյի իրավունք Եվրասիական միության ցանկացած անդամի նկատմամբ, ասել է` թույլ չէինք տալու, որ Ադրբեջանն անդամակցեր Եվրասիական միությանը (եթե՛), ուստի Նազարբաևն Ադրբեջանի «խորքից» Պուտինին «դուրեկան» նամակ կարդաց:
Ի դեպ, հիմնադիր անդամության մասով իշխանական մեր աղբյուրները միաբերան պնդում են, որ առանձնապես մեծ չէ տարբերությունը հիմնադիր և շարքային անդամության միջև, և վետոյի իրավունքը աներկբա է երկու դեպքում էլ, սակայն դա ամենևին այդպես չէ:
Անցնենք առաջ։ Այո, մեզ Եվրասիական միությունում չեն սպասում և հազար ու մի պատճառ են որոնում Հայաստանի անդամակցությունը ձգձգելու համար: Եվ եթե առաջին փուլում դա Ալիևի նամակն էր, երկրորդում ԱՀԿ-ի որոշ կետեր ԵՄ օրենքներին համապատասխանեցնելն է։ Ձգենք դադարը ու ժպիտով հարցնենք ռուս էմիսարներին` իսկ դո՞ւք, պարոնայք, դուք և մնացած ԵՄ անդամներդ ԱՀԿ անդամներ չե՞ք:
Թողնենք այդ «անդամներին» իրենց տվայտումների հետ, մեզ համար արձանագրենք` չկա չարիք առանց բարիքի: Որքան ուշ, այնքան լավ: Նախ, որ Արևմուտք-Ռուսաստան խաղը դեռ ՈՒկրաինայում չի որոշակիացվել, որից հետո միայն հասկանալի կլինի` աշխարհը դեպի ուր է գնում: Այնպես որ, շտապել ամենևին էլ պետք չէ:
Չի ճշտվել նաև վավերականության չափը` Ադրբեջանի Եվրասիական միության մերժման, որից հետո նույնպես ամեն բան շատ ավելի հստակ կլինի:
Ռուսաստանը, ասոցացվող Վրաստանից ու Ադրբեջանի մերժումից հետո, ստիպված կլինի ամբողջ դեմքով շրջվել դեպի Հայաստան: Հայաստանն էլ Հարավային Կովկասում Ռուսաստանի միակ «կղզի» լինելու հնարավորությունը կարող է մանևրի, կամրջի լուրջ պլացդարմ դարձնել իր համար:
Այնպես որ, սպասենք առայժմ։


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1475

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ