«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Մաքսավորների մաքսը

Մաքսավորների մաքսը
17.06.2014 | 00:11

Շատ սիմվոլիկ ստացվեց ամեն բան: Հայտնի ճշմարտություն է, որ մասոնիզմը, Կիսելյովի լեքսիկոնով ձևակերպած` անգլո-սաքսոնական ողջ փիլիսոփայությունը, կառուցված է հոգևոր գիտության վրա. հիմնական թեզն էլ հետևյալն է. երկնքի ու երկրի արքայությունը վերցվում է ուժով. սա, ի դեպ, նաև Սուրբ գրքի «ալֆա և օմեգան» է:
Ինչո՞ւ էս նեղ մաջալին հիշեցինք անգլո-սաքսերին: Արձանագրելու, որ կամա-ակամա, գիտությամբ, թե անգիտությամբ, «տունը», ուր պետք է մտնի Հայաստանը, կոչվում է Մաքսային միություն, առավել ստույգ` Եվրասիական: Եվ գիտենք, թե ինչ է ասում Սուրբ գիրքը մաքսի ու մաքսավորների մասին:
Անցանք քաղաքական բաղկացուցիչներին: Այսպիսով. Հայաստանը հուլիսի 1-ին կստորագրի Եվրասիական միության պայմանագիրը: Բաց է մնում Ղարաբաղի հետ մաքսային կետի խնդիրը: Սկեպտիկները, թե հայաստանյան, թե ռուսական, պնդում են, որ նման կետ անպայման կտեղադրվի: Ռուսական պաշտոնական քարոզչությունը խաղում է երկու լարի վրա էլ: Արձանագրենք` Դ. Կիսելյովի հայաստանյան այցն ուներ նախ և առաջ «հետախուզական» նպատակ. հասկանալու` մաքսային կետ դնելու դեպքում հայաստանյան հասարակությունն ի՞նչ ռեակցիա կտա, ի՞նչ կանեն Վոլինկինից զգուշացված, Ռուսաստանի ու Հայաստանի միջև «սեպ» խրող արևմտյան հասարակական կազմակերպությունները:
Ինչպես տեսանք` հայոց ընդհանրական ռեակցիան անչափ բուռն էր: Եվ եթե դրանից մի քանի օր առաջ Ադրբեջանի հետ Եվրասիական միության անդամակցության շուրջ բանակցող Ռուսաստանն իր փորձագետների միջոցով ասել էր, որ մաքսային կետ անպայման դրվելու է, նոր ռեպերտուարով շրջան մտավ. հիմա էլ ասելով, թե Պուտինն ու Ռուսաստանն անում են ամեն ինչ, որպեսզի օգտագործեն իրենց ազդեցությունը Նազարբաևի վրա, որպեսզի վերջինս հետ վերցնի իր խոսքերը:
Սա նախ երկսայրի սուր է. որովհետև, բացի հայերի գլխի տակ փափուկ բարձ դնելուց, ճնշում է Ադրբեջանի վրա, որպեսզի այնտեղ գնացող Ռոգոզինը կարողանա արդյունքի հասնել ու համոզել Ալիևին, ինչը չհաջողվեց ՌԴ տնտեսական հարցերով նախարարին, որն էլ հիշենք` ասել էր (ի դեպ ավելի վատ բան, քան Կիսելյովը, բաց չգիտես ինչու մեր հասարակությունում այդ «ասվածքն» ուշադրության չարժանացավ)` «չկա հարց, որի շուրջ Ռուսաստանն ու Ադրբեջանը չկարողանան պայմանավորվել»: Այն է` Ռուսաստանն իր պատրաստակամությունն է հայտնում Ղարաբաղի շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերելու, որովհետև Ղարաբաղը միակ կռվանն է, որը կարող է Ադրբեջանին ուղղորդել դեպ Եվրասիական միություն: Դատելով ռուսական կողմի պահվածքից, կարելի է նաև հասկանալ, որ առ այս պահը որևէ հաջողություն Ադրբեջանի առնչությամբ չի արձանագրվել:
Ի դեպ, հետաքրքիր է, որ Հայաստան է ժամանում Ս. Լավրովը, որը տևական ժամանակ այս կողմերում առանձին չէր երևում:
Վրացահայ Լավրովը Հայաստանում կլինի Վրաստանի ԵՄ ասոցացումից երկու-երեք օր առաջ. կարելի է հասկանալ, բացի Վրաստանում ունեցած անհանգստություններից, ղարաբաղյան խնդրից, Լավրովը այլ անհանգստություններ էլ ունի տարածաշրջանի հետ կապված, վերջինս Հայաստանը մշտապես օգտագործել է Իրանի ներկայացուցիչների հետ հանդիպման համար: Իսկ Հայաստանի ու Ղարաբաղի միջև մաքսային կետը նույնքան էականորեն շոշափում է Իրանի շահերը, առաջին հերթին՝ քաղաքական, ապա և` տնտեսական:
Մաքսային կետ ինքնին նշանակում է ռուսական (զինվորակա՞ն) ներկայություն Ղարաբաղի պռնկին, որպես ընդհանուր սահման, իսկ դրանից դեպ իրական զինվորական ներկայություն ընդհանուր միության սահմանին, տեխնիկայի և ցանկության հարց է:
ՈՒ ողջ խնդիրը հենց այս է:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1747

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ