Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

Սիրիայի հարցում ԱՄՆ-ի և Թուրքիայի խաղաթղթերը վերստին խփված են

Սիրիայի հարցում ԱՄՆ-ի և Թուրքիայի խաղաթղթերը վերստին խփված են
06.06.2014 | 00:03

ՈՒկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները, ինչպես նաև Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի (ԵԱԲՏԽ) նիստին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցության հետ կապված փաստերը Հայաստանի հասարակայնությանը լրջորեն շեղեցին Սիրիայի իրադրությունից։ Եվ, իհարկե, սիրիահայերի ճակատագրից։ Շարունակում ենք վստահ լինել, որ գլոբալ իմաստով այդ հարցերից է կախված ոչ միայն ամբողջ Մերձավոր Արևելքի վաղվա օրվա ճակատագիրը, այլև այնպիսի կարևոր հարցերի լուծումը, ինչպիսիք են. 1) Թուրքիայի լինել-չլինելու հարցը, 2) հայոց հողերում անկախ Քրդստանի լինել-չլինելու հարցը, 3) բնիկ հայ բնակչություն կպահպանվի՞, արդյոք, Հայկական Կիլիկիայի գոնե մի մասում, որպես աշխարհի այդ մասում մեր ազգի գալիք վերածնության հիմք։

Մինչդեռ 2014 թ. ապրիլի երկրորդ կեսին և մայիսին ունեցած ռազմական լուրջ հաջողությունների պայմաններում Սիրիայի ղեկավարությունը բավական վաղուց սկսել էր պատրաստվել առաջին այլընտրանքային նախագահական ընտրություններին։ Այսինքն` իսկական ժողովրդավարական ընտրությունների։ Ի դեպ, պարզվում է, այսուհետ Սիրիայի պատմության մեջ էլ Մայիսի 9-ը որպես հանդիսավոր օր կնշվի. հենց այդ օրը սիրիական բանակը և աշխարհազորը օտարերկրյա վարձկաններից ու ահաբեկիչներից վերջնականորեն մաքրեցին հնամյա և ռազմավարական առումով կարևոր Հոմս քաղաքը։ Այսպես կոչված, «սիրիական ընդդիմությունը» հենց Հոմսն էր ուզում դարձնել «իր մայրաքաղաքը»` հենվելով այն բանի վրա, որ Հոմսի սուննիադավան մեծամասնությունը, որպես կանոն, հանդես է եկել ընդդեմ ալավիների ու Ասադների ընտանիքի։ Սակայն ժամանակները փոխվում են։ Ամերիկյան ու թուրքական խամաճիկների գազանությունները հանգեցրել են այն բանին, որ անգամ Սիրիայի սուննիադավանների շրջանում «սիրիական ընդդիմությունը» օրեցօր կորցնում է դիրքերը։ Եվ այն, որ ընդամենը անցած տարվա նոյեմբերին «սիրիական ընդդիմության պաշտպանության նախարար» նշանակված Ասաադ Մուստաֆան մայիսի 19-ին «շտապ» պաշտոնաթող եղավ, մեկ անգամ ևս ապացուցում է, որ Սիրիայի հարցում ԱՄՆ-ի և Թուրքիայի խաղաթղթերը վերստին խփված են։

Հակիրճ այն մասին, թե ինչպես ծավալվեց քաղաքական կյանքը Սիրիայում այն բանից հետո, երբ նախագահ Բաշար Ասադը հայտարարեց, որ 2014 թ. հունիսին երկրում տեղի կունենա հերթական (հենց հերթական) նախագահական ընտրություն։ Եվ պետության գործող նախագահի այդ հայտարարությունը ևս մեկ անգամ հավաստում էր, որ Արևմուտքին և Թուրքիային Սիրիայում շառաչուն ապտակ է հասցվել։ «Լիբիական սցենարը» չգործեց։ Բացի այն բանից, որ նույն Ռուսաստանը, Չինաստանն ու Իրանը, ի տարբերություն Լիբիայում իրենց բռնած դիրքի, չափազանց ակտիվորեն հակազդում էին Արևմուտքին ու թուրքերին, բուն Սիրիայում էլ չհաջողվեց կազմակերպել փոքրիշատե մարտունակ զինված ընդդիմություն։ Աշխարհի նույնիսկ առաջատար (առաջին հերթին արևմտյան) փորձագետների վկայությամբ, հակակառավարական կողմում կռվողների ընդամենը 10-15 տոկոսն էր Սիրիայի քաղաքացի, մնացածները օտարերկրյա վարձկաններ էին` Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի, Քաթարի, մի շարք այլ երկրների, ինչպես նաև ԱՄՆ-ի գլխավորած Արևմուտքի փողերով։ Օրերս, օրինակ, ԱՄՆ-ի պետդեպարտամենտը ստիպված եղավ հաստատել, որ Դամասկոսում չեզոքացված ահաբեկիչներից մեկը իրականում ԱՄՆ-ի քաղաքացի էր։ Մինչդեռ իրենց ճղում էին` «սիրիական ժողովրդավարական ընդդիմությո՜ւն», «սիրիական ժողովրդավարությո՜ւն»։

Երկրի նախագահի պոստի համար անմիջապես 24 թեկնածու առաջադրվեց։ Ընդ որում` անգամ մեկ կին։ ԱՄՆ-ի շատ ու շատ «բարեկամների» համար չտեսնված «ճոխություն»։ Սակայն մայիսի 5-ին Սիրիայի բարձրագույն սահմանադրական դատարանը հաղորդեց, որ երկրի նախագահի պոստի համար հաստատվել է երեք թեկնածու` Սիրիայի Ժողովրդական խորհրդի (խորհրդարան) անդամ, կոմունիստ Մահեր Աբդել-Հաֆիզ Հաջարը, վարչական զարգացման և Ժողովրդական խորհրդի գործերի նախկին նախարար Հասան Աբդել Իլյահի ան-Նուրին, որը գլխավորում է ընդդիմադիր «Հանուն բարեփոխումների ազգային նախաձեռնությունը», և գործող նախագահ Բաշար Ասադը։ Ինչպես հայտարարեց դատարանի մամուլի քարտուղարը, պետական գլխավոր պոստի այն հավակնորդները, որոնց դիմումները չեն հաստատվել, կարող են բողոքարկել առաջիկա երեք օրում։ Մի քանիսը բողոքարկեցին, սակայն, ի վերջո, դարձյալ վերոհիշյալ երեք թեկնածուները մնացին ասպարեզում։ Եվ սա արդեն աննախադեպ ժողովրդավարություն է, քանի որ Սիրիայում դեռ հիշում են այն ժամանակները, երբ ներկա նախագահի հայրը` Հաֆեզ Ասադը, բառացիորեն ոչնչացնում էր սիրիական կոմունիստներին, թեև համարվում էր «ԽՍՀՄ-ի բարեկամ»։

Երբ այս հոդվածը հրապարակվի, Սիրիայի նախագահական ընտրությունը, հուսանք, կայացած կլինի և կարող են նաև հայտնի լինել արդյունքները։ Ինչու ենք զգուշավորությամբ նշում` «կարող են»։ Բանն այն է, որ դեռ մայիսի 12-ին Սիրիայի ԱԳՆ-ն Ֆրանսիային և Գերմանիային բացահայտորեն մեղադրել էր իրենց տարածքներում ապրող սիրիացիների քվեարկությանը խոչընդոտելու մեջ։ Ինչպես ասված էր Սիրիայի ԱԳՆ-ի պաշտոնական հայտարարության մեջ, այդ երկրների «մատը խառն է սիրիացիների արյան հեղմանը, քանի որ ֆինանսավորում ու զինում են ավազակային կազմավորումներին, նպատակ ունենալով խարխլել Սիրիայի պետականությունն ու երկրի բնակչության միասնությունը»։ Դե, իսկ մայիսի 14-ին էլ ԱՄՆ-ի նախագահ Բ. Օբաման հարեց այն ուժերին, որոնք փորձում էին տորպեդահարել Սիրիայի նախագահական ընտրությունը։ ԱՄՆ-ի ղեկավարն այդ օրը հանդիպում ու զրույց ունեցավ, այսպես կոչված, «Սիրիական հեղափոխական ընդդիմադիր ուժերի ազգային կոալիցիայի» (Սիրիայից դուրս գործող գլխավոր արևմտամետ ընդդիմադիր խմբավորումը-խմբ.) առաջնորդ Ահմադ Ջարբայի հետ։ Հասկանալի է, որ Օբաման և Ջարբան չեն քննարկել` ինչպես համատեղ ուժերով օգնել Սիրիայի իշխանություններին նախագահական ընտրության անցկացման գործում։ Հիշեցնեմ, ավելի վաղ ԱՄՆ-ը իր տարածքում գործող «Ազգային կոալիցիայի» գրասենյակները պաշտոնապես ճանաչել էր իբրև օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններ և ընդլայնել «ընդդիմությանը» տրամադրվող անլեգալ օգնության չափերը, հասցնելով 27 մլն դոլարի, ինչի արդյունքում սիրիացի խամաճիկներին ամերիկյան օգնության ընդհանուր ծավալը կկազմի 287 մլն դոլար։ Առաջ անցնելով, որպես ամփոփում, ասենք, որ Օբաման մեկ անգամ ևս հաստատեց, որ թեև ԱՄՆ-ը զորք չի մտցնի Սիրիա, այնուամենայնիվ, մտադիր է մեծացնելու ընդդիմությանը ցուցաբերվող աջակցությունը։

Վաշինգտոնի հետ, առհասարակ, ինչ-որ անհեթեթ բան է կատարվում։ Դե լավ, ասենք որոշել են շարունակել օգնել իրենց դրածոներին։ Հորդանանի և այլոց միջոցով ձգտում են խանգարել Սիրիայում նախագահական ընտրության անցկացման։ Բայց այդ դեպքում ի՞նչ կարիք կար մայիսի 1-ին հրապարակավ խոստովանելու, որ «Ալ-Քաիդայի» գրոհայինները իրոք Թուրքիան օգտագործելու են Սիրիա տարանցում կատարելու համար, ընդ որում, թուրքական իշխանությունների ու զինվորականների թողտվությամբ։ Նման կերպ թուրքերին «քաշել» հազիվ թե հաջողվի ամերիկացիներին, որովհետև Անկարան միշտ կհայտարարի, ընդ որում, ապացույցներով, որ այդ բանն արել է բացառապես ԱՄՆ-ի «խնդրանքով»։ Այսպես թե այնպես, Արևմուտքը դեմ է, Թուրքիան տարածաշրջանում Արևմուտքի «կրտսեր գործընկերներով» դեմ էր ընտրությանը։ Բայց Սիրիան, այնուամենայնիվ, 2014 թ. հունիսի 3-ին մոտեցավ դրան և վստահորեն մոտեցավ։ Բավական է հիշեցնել, որ արդեն ապրիլի 30-ին, օրինակ, սիրիական բանակն ու հայկական աշխարհազորայինները Քեսաբ քաղաքավանի արվարձանները մաքրել էին թուրք ագրեսորներից ու օտարերկրյա վարձկաններից։ Ի՞նչ պակաս հաջողություն է։ Հոմսի ու «սիրիական Մայիսի 9-ի» մասին մենք արդեն հիշատակեցինք։ Սիրիական բանակը հաջողությամբ գրոհում է նաև երկրի հարավում գտնվող ռազմավարական կարևոր նշանակությամբ Դերաա քաղաքի շրջանը։ Բայց խնդիրն այն է, որ Արևմուտքը շարունակում էր ջանքեր գործադրել ձախողելու նախագահական ընտրությունը։ Մեծ բան պետք չէ իրադարձությունների տրամաբանական ընթացքը և սիրիական ղեկավարության ջանքերը խաթարելու համար։ 2014 թ. մայիսի 26-ին արաբական մեծաթիվ լրատվամիջոցներ հաղորդեցին Հորդանանի և Սիրիայի ղեկավարությունների միջև «սիրալիությունների փոխանակման» մասին։ Նախ, Հորդանանի ղեկավարությունը նոտա հանձնեց Սիրիայի դեսպան Բահջաթ Սուլեյմանին` նրան որպես անցանկալի անձ երկրից արտաքսելու վերաբերյալ։ Պատասխանը երկար սպասել չտվեց։ Սիրիայի պաշտոնական լրատվական գործակալությունը` ՍԱՆԱ-ն տեղեկացրեց, որ Հորդանանի դեսպանի պաշտոնակատարին արգելված է մուտք գործել Սիրիայի տարածք։ ՈՒ նորից ծայր առան Դամասկոսի հարավային արվարձաններ օտարերկրյա վարձկանների զինված ներխուժման փորձերը, ահաբեկչական գործողությունները երկրի մայրաքաղաքում ու Հալեպում, վերսկսվեցին Դամասկոսի ու Հալեպի քրիստոնեական թաղամասերի ականակոծումներն ու գնդակոծությունը, իսկ դա նշանակում է` հայկական թաղամասերի, հայերի տների ու գործատեղերի։ Մայիսի 27-ին Սիրիայի ԱԳՆ-ն հաղորդեց Քիմիական զենքի արգելման կազմակերպության անդամների առևանգման մասին։ Ներկայացուցչությունը հետաքննում էր Համայի նահանգի Քաֆր-Զեյթ քաղաքի շրջանում քլորի օգտագործման մեղադրանքի փաստերը։ Հաղորդվում էր, որ ներկայացուցչության աշխատակիցների երկու ավտոմեքենաներ գրոհայինների կողմից հարձակման են ենթարկվել Թայբեթ ալ-Իմում բնակավայրի շրջանում և առևանգվել են։ Հայտարարության մեջ նշվում է նաև, որ առևանգված երկու ավտոմեքենաներում գտնվել է տասնմեկ մարդ, որոնցից հինգը` Սիրիայի քաղաքացի, իսկ վեցը` ներկայացուցչության անդամ։ Փառք Աստծո, որ հետագայում խմբի անդամները, այնուամենայնիվ, գտնվել են, այլապես Արևմուտքը մի առիթ էլ կունենար աշխարհով մեկ նոր վայնասուն բարձրացնելու Սիրիայից բխող «քիմիական սպառնալիքի» մասին։

ՈՒշադրություն դարձնենք. ԱՄՆ-ի կողմից «ընդդիմությանը» ցուցաբերվող օգնությունը, որի ընդլայնման մասին Օբաման մեկ անգամ ևս հայտարարեց մայիսի 29-ին, անմիջապես իրեն զգալ տվեց։ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները Սիրիայի հյուսիս-արևելքում 15 քուրդ, այդ թվում` յոթ երեխա են սպանել հյուսիս-արևելյան Հասեկի նահանգի` հիմնականում քրդերով բնակեցված Ռաս-էլ-Այն քաղաքի մերձակա մի գյուղի վրա հարձակման ժամանակ։ Եվ անմիջապես Սիրիայի երեք շրջանների` Ջազիրեի, Աֆրինի ու Կոբանի հիմնականում քրդաբնակ և ավելի վաղ ինքնավարություն հռչակած շրջանների վարչակազմը հայտարարել է, որ ներկա պայմաններում երկրում ժողովրդավարական ընտրություններ անցկացնելն անհնար է, ավելացնելով, որ դա կհանգեցնի նոր մահերի ու ավերածությունների։ Երևի կա՛մ «սիրիական ընդդիմությանն» ամերիկյան օգնությունն է «հասել հասցեատիրոջը», կա՛մ էլ քրդերն են սկսել մայիսի ընթացքում իրոք ավելի շատ վախենալ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորումից։ Այլ ենթադրություններն ուղղակի բացառված են։ Այսպիսով, մենք լիովին կարող ենք ենթադրել, որ սիրիական քրդերի անգամ մասնակի չեզոքացումը «սիրիական ընդդիմությանը ցուցաբերվող ամերիկյան օգնության» մի էական հաջողություն է 2014-ի հունիսի 3-ի ընտրության նախօրեին։ ՈՒ անմիջապես էլի ահաբեկչություններ, այս անգամ (հունիսի 2-ին) Հալեպի և Հոմսի քրիստոնեական թաղամասերի դեմ։ Առաջին դեպքում զոհվեց մոտ 50 մարդ, այդ թվում` ինը քրիստոնյա երեխա։ Երկրորդ դեպքում` 10 մարդ։ Բա ո՜նց, ԱՄՆ-ի «ավանդը» Սիրիայի «ժողովրդավարացման» գործում ակնհայտ է. նա նպաստում է երեխաների սպանությանը, այդ թվում` սիրիացի քրիստոնյաների երեխաների։ Այնպես որ, ի դեմս ԱՄՆ-ի, աշխարհը ստացել է բնօրրանում` Մերձավոր Արևելքում, քրիստոնեության ոչնչացման հետևողական և անզիջում մարտիկի բավական հետաքրքիր մի տիպար։

Մինչդեռ քրիստոնյաների մեջ չեն նկատվում անգամ այն տատանումները, որ հունիսի 3-ին համակել էին Սիրիայի քրդերին։ Իսկ արևմտյան գործակալություններն ու այլ աղբյուրներ շփոթված հաղորդում էին` սիրիացի քրիստոնյաները 99 տոկոսով հանդես են գալիս Բաշար Ասադի վերընտրության օգտին։ Ինչպես կատակով ասում են` իսկ հայերը` նույնիսկ 101 տոկոսով։ Թե որն է խնդիրը, մենք ավելի վաղ քանիցս գրել ենք։ Նախագահ Ասադը ոչ թե պարզապես հարգում է իր երկրի հայ համայնքը, այլև ամեն կերպ նպաստել է նրա ամրապնդմանն ու բարգավաճմանը (համենայն դեպս, մինչև Սիրիայի դեմ սանձազերծված ագրեսիան)։ Հիմա հայերը և՛ իրենց տեղերն ունեն խորհրդարանում, և՛ երկու նախարարական պաշտոն (դեռ 2012 թվականից) կառավարությունում։ Էլ ի՞նչ է պետք, որ արևելյան երկիրը համարվի հիրավի ժողովրդավարական, ընդ որում` մահմեդական հիմք ունեցող երկիրը։ Բազմազգ և բազմակրոն Սիրիան իր դավանանքների ու ազգային փոքրամասնությունների իրավունքների ու շահերի հարգմամբ միայն արդեն տեղ է գրավում Մերձավոր Արևելքի ամենաժողովրդավարական արաբական երկրների կոչման առաջին հավակնորդների շարքում։ Մեկ անգամ ևս հիշեցնենք. նախագահի թեկնածուների գրանցման փաստաթղթեր ընդունվել էին 24 մարդուց, այդ թվում` մեկ կնոջից։ Ո՞վ է մեղավոր, որ ԱՄՆ-ի և Թուրքիայի դուդուկի տակ պարող «Սիրիայի հեղափոխական և ընդդիմադիր ուժերի ազգային կոալիցիայի» ներկայացուցիչները չէին մասնակցում հունիսի 3-ի ընտրությանը. է, թող հլու-հնազանդ չենթարկվեին վաշինգտոնցի տերերին ու չպահանջեին Ասադի հրաժարականը, պետք է հաշվի նստեին պատերազմական իրավիճակի և սիրիական հանրության ներսում գերիշխող իրողությունների հետ։ Ի վերջո, պետք չէր դառնալ Սիրիայի ժողովուրդների եղեռնի գործիքներ, այն էլ` ամերիկացիների ու թուրքերի ձեռքին։ ՈՒստի և հետևանքը օրինաչափ է` պարտություն։ Ահա թե ինչու, անկեղծ ասած, Մերձավոր Արևելքի գծով ռուս փորձագետ Դմիտրի Նևեդենկոյի կարծիքին այնքան էլ պետք չէ համաձայնել. «Ընդդիմության ճամբարից ելած ահաբեկիչների դեմ սիրիական կառավարության պատերազմի պայմաններում չսխալվելու մեր հավանականությամբ կարելի է ասել, որ հաղթանակն ընտրություններում կտանի գործող նախագահ Բաշար Ասադը»։ Ոչ թե որպես «պատերազմի պայման» կհաղթի Ասադը, այլ այն պատճառով, որ գրեթե ոչ մի տեղ Արևմուտքին ու նրա խամաճիկներին չի հաջողվել թուլացնել նախագահի դիրքերը։ Եվ քրիստոնեական համայնքների դերը այդ գործում զարմանալիորեն մեծ էր։

Բայց, ավաղ, նույնիսկ հունիսի 3-ի նախագահական ընտրությունը չի նշանակում, որ պատերազմն ավարտված է, և նրա հետևանքները հաղթահարված են։ ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները շատ հիվանդագին են տանում իրենց ռազմավարական պարտությունը։ Սադրանքները շարունակվում են։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 1935

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ