Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

Խաբեության ու ինքնախաբեության հմայքները

Խաբեության ու ինքնախաբեության հմայքները
05.06.2014 | 23:59

Ժամանակը տարօրինակ հատկություն ունի. թվում է` սողում է, ոչինչ չի կատարվում, տաղտուկ է` գումարած տաղտուկին, մեկ-մեկ ինչ-որ իրադարձություններ տարտղնում են նյարդերդ ու մոռացվում, հետո մեկեն ժամանակն արագանում է, ու դու չես հասցնում իրավիճակը նույնիսկ գնահատել` ամեն ինչ կատարվում է քո մասնակցությամբ, բայց առանց քեզ: Տասնյակ օրինակներ կան, որ արտակարգ իրավիճակներում գործել ենք անվրեպ կամ սխալներ ենք շարել իրար հետևից: Ամեն ինչ հարաբերական է: Պայմանական: Իհարկե, ամենահարաբերականը մեր գոյությունն է տարածության ու ժամանակի մեջ: Ամենապայմանականն էլ:

Ո՞վ կարող է բացատրել, թե ինչու ոչիշխանական ուժերը հերթական քաղաքական արձակուրդը վերցրին: «Քառյակը» ժամանակ է տալիս իշխանությա՞նը, թե՞ սպանում է իր ժամանակը, որովհետև օրակարգ չունի: Նրանք համատեղ որոշել են 12 պահանջ ներկայացնել իշխանությանը, և նրանց համար գործնականում մեկ է` իշխանությունը կկատարի՞ այդ պահանջները, թե՞ ոչ: Համարյա ինչպես Րաֆֆի Հովհաննիսյանի 21 կետերը, որ գուցե «Ժառանգությունն» էլ արդեն չի հիշում: Մամլո ասուլիս խոստանալով` «քառյակը» չի հրապարակում 12 պահանջների բովանդակությունը, չի բացառվում, որ մամլո ասուլիսն էլ հրավիրվի աշնանը, ինչպես հանրահավաքը, որ պարբերաբար հետաձգվում է, ու հիմա էլ խոստացվեց խաղաղ ամառ: Բայց ինչ բովանդակություն էլ ունենան 12 պահանջները, ակնհայտ է, որ «քառյակն» իր հերթական պահանջադրումով ոչ միայն հասարակությունից է հեռացել, այլև ինքն իրենից: Նրանք առանձին-առանձին ու առավել ևս միասին` դադարել են քաղաքական ուժ լինելուց և միայն իներցիայի ուժով շարունակում են հայտարարություններ անել ու հարցազրույցներ տալ, ձևաչափ պահպանել: Տասներկու պահանջները, որ իբր պիտի փոխեն բոլորի կյանքը, 12 չափազանցություն են, որոնցից մեկն էլ կատարվի` «քառյակը» հաղթանակ է հայտարարելու, ոչ մեկն էլ չկատարվի` նույնը: Գործում է ժամանակ ձգելու մարտավարություն` որևէ ռազմավարության բացակայությամբ: «Քառյակն» այս ժամանակը օգտագործելու է մեկ նպատակով` իշխանության հետ պարզաբանումների` ի՞նչ է պետք, որ առաջարկներն ընդունվեն, նրանք ակնհայտորեն պատրաստ են վերաձևակերպումների ու փոփոխությունների, անփոփոխ կմնա միայն թիվը` 12, իսկ մնացածը կհրապարակվի այն ժամանակ, երբ ոչիշխանությունը իշխանությունից ստանա հստակ պատասխան` համագործակցություն կայանալո՞ւ է, թե՞ ոչ: Հիշո՞ւմ եք` ինչպես սկսվեց ու ինչով ավարտվեց ընդդիմություն-իշխանություն երկխոսությունը Սերժ Սարգսյանի առաջին պաշտոնավարման ժամանակ: Սկսվեց Ազատության լիքը հրապարակով ու ավարտվեց Ազատության հրապարակով, որտեղ բոլորն իրար դեմքով ճանաչում էին: Փոխարենը ընդդիմությունը դարձավ խորհրդարանական, իսկ խորհրդարանում արդեն ընդդիմությունից դարձավ ոչիշխանություն: Թերևս 12 քայլով էլ ցանկանում է ինտեգրվել իշխանությանը:

Հենց այդ պատճառով էլ նրանց 12 առաջարկների մասին միակ տեղեկությունն այն է, որ ավելի շատ ներքաղաքական են և արտաքին քաղաքական խնդիրներ չեն ներառում: Չեն ներառում, որովհետև լիովին համամիտ են իշխանության հետ, ավելին` մրցակցում են իշխանության հետ Ռուսաստանին ավելի շատ ու ավելի ծանրակշիռ ծառայություններ մատուցելու կարևորագույն հարթակում, որտեղ, նրանց կարծիքով, որոշվում է Հայաստանի ներկա ու ապագա իշխանության հարցը: ՈՒրեմն իմաստ ունի վտանգել արդեն ձեռք բերված դիրքերն ու որևէ քաղաքական միավոր չբերող հայտարարություններ անել Եվրասիական տնտեսական միությանը Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի անդամակցության շանսերի ու ռիսկերի, եվրաինտեգրման պահպանված հեռանկարների ու հնարավորությունների մասին: Ոչիշխանական քաղաքական ուժերը գործում են 2017-2018-ի շրջագծում` ընդդիմադիրի երևութական ստաժը չկորցնելու համար պարբերաբար հայտարարելով, որ իրենց նպատակը համակարգային փոփոխություններն են:
ՈՒ հենց այդ պատճառով Աստանայի ու Աստանայում Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի հիմնադիր անդամ չդառնալու իրողությանը, Նուրսուլթան Նազարբաևի ընթերցած նամակին ու Ղարաբաղի` ԵՏՄ-ին անդամակցել-չանդամակցելու, ընդհանրապես Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ տեղի ունեցող զարգացումներին այս մի քանի օրում անդրադարձան` ով չալարեց, բայց ոչ «քառյակը»: Միայն «Ժառանգությունը» հայտարարություն արեց, որից կարելի է ենթադրել, որ 12 պահանջներից որևէ մեկը խնդրո առարկային չի վերաբերում: Իհարկե, եղան հարց ու պատասխանների ժանրով տեսակետներ, բայց չեղավ քաղաքական գնահատական: Առավել ևս` առաջարկ: Թեպետ առաջարկի մասին ընդհանրապես ավելորդ է մտածել, որովհետև ոչիշխանական ուժերը միայն սահմանված շրջանակներում քննադատության են ընդունակ, իսկ առաջարկը մեկն է` իշխանափոխություն, որը պիտի անի հասարակությունը, որպեսզի իրենք գան իշխանության, ու սկսվի հայ կյանքի դրախտը: «Քառյակը» Աստանան անտեսեց: Այսինքն, ասելիք չունի Հայաստանի Հանրապետության ճակատագրին վերաբերող հարցի մասին: Կամ` նախկինում արտահայտված տեսակետներին հավելելու ոչինչ չունի: Նրանք սահմանել են եվրասիական ինտեգրման անշրջելիությունը` Լևոն Տեր-Պետրոսյանի շուրթերով, ու ըստ կուսակցությունների` առանձնապես առարկություններ չունեն: Ակնհայտորեն` ոչիշխանականները համաձայն են իշխանության հետ, և նախագահը համապատասխանում է նրանց պատկերացումներին` իր վարած արտաքին ու ներքին քաղաքականությամբ: Ձևի համար ստեպ-ստեպ լեգիտիմության մասին են հիշում ու տեղնուտեղը մոռանում: Եթե նույնիսկ Սերժ Սարգսյանը չի բավարարում նրանց պատկերացումները, լիովին համաձայն են Վլադիմիր Պուտինի հետ, ուրեմն ի՞նչ կապ ունեն նրանք Հայաստանի հետ: Եթե նրանք լիովին ինտեգրվել են ռուսական քաղաքականության շրջանակներում ու ռուսական շահի սպասարկմանը, ի՞նչ կապ ունեն Հայաստանի հետ և ի՞նչ բարոյական իրավունք 12 կամ 21, 1212 կամ 2121 պահանջ ներկայացնելու, որը, իբր, բխում է հասարակության շահերից: Հասարակության հետ նույնացումը ո՛չ հարաբերական է, ո՛չ պայմանական, ընդամենը ինքնախաբեություն է: Բայց դառնում է խաբեություն: Վարչապետի հրաժարական էին պահանջում ու շուրջօրյա հանրահավաքներով սպառնում, որովհետև հաստատ գիտեին, որ Մոսկվայի թելադրանքով վարչապետ է փոխվելու, և ուրեմն խաղն անվրեպ էր, շահելու էին միանշանակ, վարկանիշ էին բարձրացնելու, գուցե նաև կերակրատաշտն էր մեծանալու: Ոչինչ ավելին: ՈՒ հիմա էլ նրանք ստիպված են մնալ ռուսական ուղեծրում ու դադար վերցնել: Հետո` ևս մեկ դադար: Ավելի տևական: Կամ ստիպված են ակտիվանալ, երբ Ռուսաստանն զգա, որ փոքր-իսկ վտանգ կա իր շահին տարածաշրջանում մեկուսացած Հայաստանում: Աստանան ակնհայտ դարձրեց և՛ հայտնի, և՛ անհայտ իրողություններ: Որ Հայաստանը Ռուսաստանին պետք էր սոսկ իբրև քաղաքական միավոր, և տնտեսական որևէ իմաստ չկար ոչ Ռուսաստանի, ոչ Հայաստանի համար Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հարցում, վաղուց պարզ էր: Բայց սեպտեմբերի 3-ից հետո իրավիճակ է փոխվել: ՈՒկրաինական իրադարձությունները նույնիսկ իր հիմնադրած միության մեջ են Ռուսաստանին դարձրել խոցելի ու մեկուսացած: Որ Ղազախստանն ու Բելառուսը երբեք էլ նպատակ չեն ունեցել ռուսական շահին ծառայելու, միշտ է հայտնի եղել, պարզապես ղազախական ու բելառուսական շահերը ռուսականի հետ շփման շատ կետեր ունեն: Թե՛ Նուրսուլթան Նազարբաևը, թե՛ Ալեքսանդր Լուկաշենկոն միշտ հասել են իրենց ուզածին և կարողացել են Վլադիմիր Պուտինից ստանալ զեղչերի ու արտոնությունների իրենց պահանջների կատարումը: Լուկաշենկոյի սննդամթերքային ու գազային պատերազմները, Նազարբաևի Բայկոնուրի կարգավիճակի խնդիրը` ապացույց: ՈՒկրաինական իրադարձություններից հետո այս զույգը հնարավորություն է ստացել Վլադիմիր Վլադիմիրովիչից ոչ թե խնդրել, այլ պահանջել: Նրանք այլևս վերահսկելի չեն: Նրանք խաղում են սեփական խաղը: ԵՏՄ-ում Ռուսաստանը կորցրել է վճռորոշ ձայնի իրավունքը: Հենց այս շրջագծում են Լուկաշենկոն, ապա նաև Նազարբաևը բարձրացնում Հայաստանի հարցը ու ինչ-որ պահանջներ դնում Պուտինի առաջ` օգտագործելով Հայաստանը: Հետևանքը` Հայաստանը չդարձավ ԵՏՄ հիմնադիր անդամ: Նազարբաևն առաջարկում էր Թուրքիայի անդամակցությունը Մաքսային միությանը: Իսկ Աստանայից հետո Ռուսաստանն է Ադրբեջանին ներքաշում ԵՏՄ. ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ ՈՒլյուկաևը Բաքվում հայտարարել է, որ Ռուսաստանն Ադրբեջանին հրավիրում է Եվրասիական տնտեսական ինտեգրման, որի ձևաչափերը քննարկելի են: Ձեզ հետաքրքրո՞ւմ է դեռ` ինչո՞ւ Պուտինը լուռ լսեց Իլհամ Ալիևի նամակը, կամ Նազարբաևն ինչո՞ւ կարդաց այն: Մոսկվայի համար Բաքուն Երևան չէ, միայն զենքի հավատարիմ գնորդ լինելը պարտադրում է Կրեմլին չկորցնել Ալիևին: Իսկ Ալիևն առևտուր անել գիտի: Առավել ևս` մի միության մեջ, որտեղ Հայաստանի շահը բացարձակապես անտեսված է: Եվ ամենակարևոր հարցը Հայաստանի համար բոլորովին էլ Ղարաբաղի հետ, թե առանց Ղարաբաղի անդամակցությունը չէ: Հայաստանի համար ամենակարևոր հարցը չանդամակցելն է: Իրականում ԵՏՄ-ն փաստաթուղթ է, որ երաշխավորում է փոխադարձ անընդունելի հայտարարությունների ու քննարկումների անվերջություն` պայմանավորված քաղաքական նկատառումներով: Ամենակարևոր հարցը, որ այս օրերին քննարկվում է, տեղադրե՞լ, թե՞ չտեղադրել Երևանում Անաստաս Միկոյանի արձանը: Ավելի ստույգ, հարց այլևս չկա, կա որոշում` տեղադրել, և այդ որոշման դեմ պայքար: Հարցի արժեքը մեկ արձանով ավելի, կամ պակաս Երևան ունենալը չէ: Տեղադրվեց, չէ,՞ ազատատենչ Միքայել Նալբանդյանի դեմ հանդիման Ռուսաստանի ու Հայաստանի եղբայրությունը, ավելի ճիշտ, քույրությունը խորհրդանշող արձանը, որ տեղնուտեղը կնքվեց ոչ այնքան պատշաճ «լեսբուհիներ» անունով, ու ոչինչ չփոխվեց: Հայոց հողը կդիմանա ևս մեկ քարե անարդարության` Անաստաս Միկոյանի խրոխտ տեսքով: Կարևորը` նրա հետ չվերադառնան նրա ժամանակները:
Սեպտեմբերի 3-ից հետո հայ հասարակական-քաղաքական միտքը, չգիտես ինչու, զբաղված էր միայն ո՛ր ապրանքը ինչքան կթանկանա հարցի պատասխաններով, քաղաքական թանկացումներն ու էժանացումները, քաղաքական արժեզրկումն այդպես էլ չիմաստավորվեցին ու չընկալվեցին: Հավանաբար այն պատճառով, որ մենք միայն տեսանելի ու շոշափելի կորուստներն ենք ծանր տանում, ընդհանրականը չենք ընկալում, ինչ վերաբերում է բոլորին, չի վերաբերում յուրաքանչյուրին: Այս մոլորությունը ենթակա է բուժմա՞ն, թե՞ վիրահատման: Հունիսի կեսին ՀՀ նախագահը կգնա ու կստորագրի ԵՏՄ-ին անդամակցության համաձայնագիրը, և այլևս կլինի ոչ թե հարց, այլ որոշում, ու կմնա պայքարել ոչ միայն Անաստաս Միկոյանի արձանի տեսքով Երևանին պարտադրվող արատավոր արժեհամակարգի, այլև ԵՏՄ-ի տեսքով Հայաստանին պարտադրվող արժեզրկման դեմ: Դե, իսկ մենք գիտենք «դեմ» պայքարել, մենք չենք կարողանում «հանունի» համար ձայն կամ զենք բարձրացնել: Ժամանակը, սակայն, տարօրինակ հատկություն ունի. թվում է` սողում է, ոչինչ չի կատարվում, տաղտուկ է` գումարած տաղտուկին, հետո մեկեն արագանում է: ՈՒ ոչինչ այլևս ո՛չ հարաբերական է մնում, ո՛չ պայմանական: Առերեսումի պահերն են որոշում մեր գոյությունը տարածության ու ժամանակի մեջ:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- «Կայսրությունների և ազդեցությունների ոլորտների ժամանակն անցել է: Մեծ երկրները չպետք է կարողանան վախեցնել փոքրերին կամ թելադրեն իրենց կամքը զենքի փողի տակ»,- ասել է Բարաք Օբաման: Ստատուս քվոյի հարցը նրան էլ է տանջում: Փաստորեն: Բայց դա մեր ստատուս քվոն չէ, որին բոլորը դեմ են, իսկ ինքը գոյություն ունի: Այդ ստատուս քվոյի գոյությունը կամ չգոյությունը որոշում է մյուս բոլոր ստատուս քվոների լինել-չլինելը` իրենց հետևանքներով ու արդյունքներով:

Դիտվել է՝ 1459

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ