Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

Ինչո՞ւ Հայաստանի ներկայացուցիչներն Աստանայում չպատասխանեցին Նազարբաևի «ռեպլիկին»

Ինչո՞ւ Հայաստանի ներկայացուցիչներն  Աստանայում չպատասխանեցին Նազարբաևի «ռեպլիկին»
03.06.2014 | 11:54

2014 թ. մայիսի 29-ի օրն ավարտվեց, և ոչ մի ահավոր բան, որով Հայաստանի քաղաքացիներին տեղեկատվական առումով գնդակոծում էին մերթ երկրի իշխանությունները, մերթ արևմտամետ ընդդիմությունը, այդպես էլ տեղի չունեցավ։ Աստանայում կայացավ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի (ԵԱԲՏԽ) պատմական դարակազմիկ (ինչպես հենց նրա մասնակիցներն էին բնորոշում) նիստը, որին մասնակցում էին նաև «հավակնորդ» երկրների` Հայաստանի ու Ղրղզստանի ներկայացուցիչները։ Եվ վերջ։ Այդ կառույցը շարունակում է մնալ իբրև «երեքի ակումբ». Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի պետությունների ղեկավարները ստորագրեցին այն, ինչ նախատեսել էին ստորագրել մինչև ընթացիկ տարվա հունիսի 1-ը։ Եվ բավական վաղուց էին մտմտում։
Եվ այսպես, ձևավորվեց երկար սպասված Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ)։ Եկեք սա չշփոթենք այն նույն Եվրասիական միության (ԵԱՄ) հետ, որ նույն գործող անձինք պատրաստվում են աշխարհաքաղաքականության մեջ ներդնել 2015 թ. հունվարի 1-ից։ Ինչ ուզում են ասեն, այնուամենայնիվ, տարբեր կառույցներ են։ Շնորհիվ ուղիղ հեռարձակման, մենք բոլորս լսեցինք և՛ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը, և՛ այդ առթիվ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի մեկնաբանությունը, և՛ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ¥ԵԱՏՀ¤ կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոյի մեկնաբանությունը։ Ավաղ, տպավորությունը գարշելի էր։
Չէ, մեկնելու նախօրեին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, պատասխանելով վերջապես, ցրեց պարապ զրույցները, թե իրենք Աստանա են գնում «ինչ-որ բան» ստորագրելու։ «Եթե Աստանայում նախատեսված լիներ ինչ-որ փաստաթուղթ ստորագրել, ապա մենք կհայտնեինք այդ մասին։ Կլինի այն, ինչ հայտարարված է եղել,- նախազգուշացրեց նախարարը, բայց վերապահում արեց.- երբ սկսվի Աստանայի նիստը, այն ժամանակ էլ կտեսնենք»։ Ստացվում է, որ Հայաստանի արտգործնախարարը կարծես ինքն էլ չգիտեր, թե մեր բարձրաստիճան պատվիրակությանը ինչ կարող է սպասել Աստանայում կայանալիք ԵԱԲՏԽ նիստում։ Սակայն հեռարձակումից երևում էր, որ գլխավոր գործող անձինք, նաև Ս. Սարգսյանը, կարծես գիտեն, թե ով ինչի մասին է խոսում։ Եվ ամենագլխավորը` ինչու։ Բայց չխախտենք ժամանակագրությունը։
Ընդլայնված նիստի (իսկ դրանից առաջ եղել էր նաև միայն Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահների, դարձյալ հեռարձակված, առանձին նիստը) մասնակից հյուրերից առաջինը ելույթ ունեցավ հենց Հայաստանի նախագահը։ Նրա խոսքը մեջբերենք բառացի. «Միանալու «ճանապարհային քարտեզը» ձևավորվել էր, ելնելով 2015 թ. հունվարի 1-ից Եվրասիական միությանը Հայաստանի միանալու տրամաբանությունից։ Այդ ժամկետն արդեն ֆիքսված է ինչպես մեր բիզնեսի, այնպես էլ հանրության կողմից, որը պետք է հնարավորինս շուտ ստանա հետաքրքրող հարցերի պատասխանները։ Երկրորդ` միանալու պայմանագրի ստորագրումից հետո մենք պետք է ձեռնամուխ լինենք մոտ երկու հարյուր օրենսդրական ակտերի ընդունմանը, ապահովենք մի շարք կարևոր համակարգային փոփոխություններ, ինչի համար առնվազն վեց ամիս կպահանջվի։ Ելնելով վերոհիշյալից, ուշադրության առնելով, որ մնացել է ավարտին հասցնել 2-3 հարց, որոնց վերաբերյալ փորձագիտական մակարդակով արդեն նախանշված են փոխզիջումային որոշումներ, խնդրում եմ սահմանել մինչև ընթացիկ տարվա հունիսի 15-ը Եվրասիական տնտեսական միության պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու մասին պայմանագրի ստորագրման ժամկետը։ Հասկանալով, որ ժամկետը շատ սեղմ է, ձեր պատրաստ լինելու պարագայում, համոզված եմ, 2-3 օրում մենք կարող ենք գտնել փոխընդունելի լուծումներ, որոնք կբավարարեն մեզ ու մեր գործընկերներին»։
Արդեն հասցրել ենք սոցցանցերում մեկնաբանություններ կարդալ այն մասին, թե իբր, այդ «2-3 հարցը» անպայմանորեն առնչվում է միայն ու միայն Արցախին։ Կարելի է համաձայնել կամ չհամաձայնել սուրճի բաժակում գուշակություն անելու այդ փորձերին, բայց կարծում եմ, որ թե՛ Հայաստանի համար, թե՛ ԵԱՏՄ «Մեծ եռյակի» համար Արցախի հարցը թող որ հսկայական, ինչ-որ տեղ նաև գլոբալ, բայց, այնուամենայնիվ, միայն մեկ հարց է։ Թեկուզ և ենթակետերով։ Իսկ թե ինչ 1-2 հարց կա, որ պետք է քննարկել և լուծում տալ կամ 2-3 օրում, կամ 14-15 օրում (մինչև հունիսի 15-ը), մնում է գուշակել միայն։ Մամուլի հրապարակումներից (եթե, իհարկե, խոսքը վերաբերեր միայն Հայաստանի և Ռուսաստանի փոխհարաբերություններին) կարելի է ենթադրություններ անել, թե կարող է դեռ որոշ անավարտ դետալներ կան` կապված աշխատանքային միգրանտների կամ նույնիսկ երկրորդ քաղաքացիությունը թաքցնելու հարցերի հետ։ Ինչ խոսք, Ռուսաստանում կան Հայաստանի այնպիսի քաղաքացիներ, ովքեր միաժամանակ նաև ՌԴ քաղաքացիներ են, իսկ հիմա Մոսկվայում իրենց քաղաքացիների երկրորդ քաղաքացիության դեմ «պայքարի» քաղաքական համաճարակ է տիրում։ Իսկ աշխատանքային միգրանտների հարցը անմիջականորեն կապված է և՛ ԵԱՏՄ-ի, և՛ Մաքսային միության հետ. չէ՞ որ «Մեծ եռյակը» պնդում է, որ սպասվում է Եվրասիական ինտեգրման գործընթացի մասնակից երկրների միջև քաղաքացիների ու աշխատուժի տեղաշարժի դյուրացում։
Բայց դա միայն գուշակություն է, ոչ ավելին։ Բացի այդ էլ, Սերժ Սարգսյանի տխուր ոգևորության վրա արագորեն «սառը ջուր լցրեց» միջոցառման տանտեր Ն. Նազարբաևը։ Նրա մյուս երկու գործընկերները բազմանշանակ լռում էին։ Սկզբում ընդգծելով (ընդ որում` մի տեսակ «շտապելու բան չունենք, իբր, Արևելքը մեզ մոտ է» ոճով), թե «մենք պետք է հանձնարարենք համապատասխան որոշում նախապատրաստել. եթե մնացած բոլոր հարցերն էլ այդքան արագ լուծվեն, իրոք, արժե մտածել այն մասին, որ հունիսի ընթացքում, մինչև հուլիսի 1-ը, այդ հարցը լուծենք», Ղազախստանի նախագահը Հայաստանի հարցը ամբողջ մեկ ամսով արդեն հետաձգեց։ Միանգամայն պերճախոս ակնարկ, որ ո՛չ Ն. Նազարբաևը, ո՛չ Վ. Պուտինը Ա. Լուկաշենկոյի հետ չեն հավատում Ս. Սարգսյանի վստահությանը, թե «2-3 օրում» հնարավոր է «2-3 հարց» լուծել։ Ապա փակագծերը մի փոքր բացվեցին. «Որպեսզի մեր մյուս ընկերոջը չբորբոքենք Ադրբեջանում, դե, մենք նամակ ենք ստացել, դուք այդպես եք մտել ԱՀԿ, պետք է Եվրասիական միություն էլ մտնել ՄԱԿ-ում հաստատանշված սահմաններով»,- պարզաբանեց Ն. Նազարբաևը։ Հայաստանի նախագահն ու ԱԳՆ ղեկավարը չարձագանքեցին։ Միգուցե նրանք գոնե միջոցառման կուլիսներում, ասենք, Աստանայի ազգային օպերայում համերգի ժամանա՞կ էին իրենց հակափաստարկները առաջադրել Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի նախագահներին, կամ էլ «անփողկապ» և առանց ԶԼՄ ներկայացուցիչների ներկայության կայացած հանդիպումներո՞ւմ։
Մեզ նման բան հայտնի չէ։ Հիմք ընդունենք այն, ինչ հայտնի է։ Նազարբաևի խոսքերից հետո լսվեց Վ. Պուտինի ռեպլիկը, «ոչ այստեղ»-ի նման մի բան։ Եվ դրանից հետո միայն Ղազախստանի նախագահը, մի տեսակ կառչելով դրանից, վերապահեց, թե «հարցը դեռ կքննարկվի»։ Ի մի բերելով այս բոլոր փաստերը, մի տեսակ դժվար է համաձայնել լրագրողների համար Հայաստանի փոխարտգործնախարար Ս. Մանասարյանի մայիսի 29-ին արած այն մեկնաբանությանը, թե Եվրասիական տնտեսական միության պայմանագրին Հայաստանի միանալու հարցում խնդիրներ չկան. «Կոնցեպտուալ հարցեր չեն քննարկվում, դրանք լուծված են։ Լեռնային Ղարաբաղի խնդիրը կոնցեպտուալ է, իսկ առկա տարաձայնությունները տեխնիկական հարցերին են առնչվում»։ Այո, մի կողմից, եթե նույն Ղազախստանը պնդի, որ Հայաստանի մաքսային սահմանները հաստատվեն «ՄԱԿ-ի ճանաչած սահմանների շրջանակներում», այսինքն` առանց Արցախ-ԼՂՀ-ի, ապա դա, իրոք, (հատկապես Ղազախստանի կամ, ասենք, Բելառուսի համար), տեխնիկական հարց է։ Բայց մեզ համար այդ հարցը աշխարհաքաղաքական է։ Ի դեպ, փոխնախարար Ս. Մանասարյանն էլ վերապահեց. «Շատ բան պարզ կդառնա նախագահի այսօրվա բանակցություններից հետո»։ Հազիվ թե Ս. Սարգսյանի բանակցությունների (չշփոթել ԵԱԲՏԽ նիստին նրա մասնակցության հետ) վերաբերյալ բովանդակային տեղեկությունները լայն հասարակության համար նախատեսվածի կարգի լինեն։ Առայժմ մի բան է հասկանալի. Հայաստանի կողմից այս կամ այն փաստաթղթի ստորագրումը հետաձգված է, «Մեծ եռյակը» համաձայն է մինչև հուլիսի 1-ն էլ, Հայաստանի նախագահը պնդել է մինչև հունիսի 15-ը։
Արդյո՞ք դա վկայում է, որ կողմերից յուրաքանչյուրը համապատասխանաբար վստահ է, որ.
1) հարցերի լուծման համար կես ամիսը բավական է,
2) հարցերի լուծման համար մեկ ամիս է պետք,
հիմա դժվար է դատել։ Չէ՞ որ, եթե «տարաձայնությունները տեխնիկական հարցերին են առնչվում», ապա դրանց լուծման համար, և այստեղ Ս. Սարգսյանը ճիշտ է, 2-3 օրն էլ լրիվ հերիք է։ Առավել ևս, եթե, իբրև կոնցեպտուալ հարց, Արցախի խնդիրը համաձայնեցված ու լուծված է։ Ընդհանրապես անկարելի էր որևէ մեկից հրապարակավ որևէ բան լսել ոչ միայն Արցախի, այլև որևէ այլ պետության մասին։ Սակայն հենց ուղիղ հեռարձակումից առաջ ռուսական հեռուստաալիքների հաղորդավարները, Հայաստանից և Ղրղզստանից բացի, ԵԱԲՏԽ-ին միանալու մտադրության մասին հայտարարած երկրների թվում բազմիցս նշեցին նաև չճանաչված Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության անունը։ Այդ նույն Նազարբաևը, սակայն, չգիտես ինչու (դե, հասկանալի է, թե ինչու), Պուտինին չխնդրեց կարգի հրավիրել ռուս հեռուստալրագրողներին։ Եթե ԴԺՀ-ի մասին հիշատակել կարելի է, ապա, ներեցեք, այդ ինչո՞ւ չի կարելի Արցախի մասին։ Իսկ Մերձդնեստրն էլ վաղո՜ւց դռներն է թակում։
Բայց ապշեցուցիչ է, որ այդ մասին խոսք իսկ չասացին... Ս. Սարգսյանն ու Է. Նալբանդյանը։ Ինձ հայտնի չէ ԵԱԲՏԽ-ի նիստերի ձևաչափը, ուստի չեմ կարող ասել, արարողակարգով նրանք հնարավորություն ունեցե՞լ են, արդյոք, «տաք հետքերով» բանավեճի մեջ մտնելու Նազարբաևի հետ։ Սակայն, եթե ունեցել են ու չեն օգտվել, ապա 2014-ի մայիսի 29-ին Աստանայում Հայաստանի ներկայացուցիչների վարքագիծը պետք է գնահատել ինչպես կուզեք, միայն ոչ ազգային շահերի պաշտպանություն։ Օրինակ, ի՞նչ է նշանակում «նամակ ենք ստացել» և «մեր մյուս ընկերոջը չբորբոքենք», և բացի այդ, օրինակ բերելով, թե ինչպես է Հայաստանն անդամակցել ԱՀԿ-ի՞ն։ Այո, անդամակցել է։ ՈՒ ասենք թե այն ժամանակ էլ է Հայաստանը զանց առել ազգային շահերը։ Թեկուզև` ձևականորեն։ Բայց իրավիճակներն անհամեմատելի են։ Ադրբեջանն իրավունք ուներ ինչ-որ բան պահանջելու ԱՀԿ-ից այն նպատակով, որ այդ կառույցը Հայաստանի առջև նախապայմաններ դներ. իբր, անդամակցության պայմանագիրն ստորագրեք՝ «ՄԱԿ-ի ճանաչած սահմանների շրջանակների» վերաբերյալ վերապահությամբ։ Որովհետև Ադրբեջանն էլ, ոչ այն է արդեն ԱՀԿ անդամ էր, ոչ այն է՝ «հերթի էր»։ Բայց այստեղ, ԵԱԲՏՄ-ի և ամբողջությամբ վերցրած եվրասիական ինտեգրման պարագայում, Ադրբեջանը երբեք «կողքին կանգնած» չի եղել, նույնիսկ դիտորդի կամ ասոցացված անդամի կարգավիճակով։ Այդ դեպքում ի՞նչ հիմունքով Նազարբաևը հրապարակավ «չի բորբոքում» Ալիևին։ Գուցե այդ դեպքում տեղին կլիներ առհասարակ ոչինչ հրապարակավ չհայտարարե՞լ։
Բայց ալլահը Նազարբաևի հետ։ Ալիևը նրան խնդրել է, գուցե մի բան էլ «նվիրել է ի հիշատակ». դե, ըստ արևելից կարգի, մարդը մարդուն եղբայր է ու բարեկամ։ Այս երկուսն ինտեգրման այլ ձևաչափեր էլ ունեն, ասենք, թուրքական պետությունների կազմակերպության շրջանակներում։ Բայց ինչո՞ւ են լռում Ռուսաստանն ու Բելառուսը, նրանք, կարծես, այդ կազմակերպության անդամներ չեն։ Էհ, Աստված իրենց՝ Ռուսաստանի ու Բելառուսի հետ։ Ինձ, իբրև Հայաստանի քաղաքացու, հիմա ավելի շատ հետաքրքրում և անհանգստացնում է Ս. Սարգսյանի ու Է. Նալբանդյանի լռությունը՝ ի պատասխան Ղազախստանի նախագահի ռեպլիկի։ Չէ՞ որ քանի Ն. Նազարբաևն անհրաժեշտ է համարել հրապարակայնորեն խոսել Արցախի խնդրի և Հայաստանի արտաքին մաքսային սահմանների մասին, ապա, ըստ էության, մենք ստանում ենք այն նույն բացասական իրավիճակը, ինչ պետք է լիներ, եթե Հայաստանը պայմանագիր ստորագրեր Եվրամիության հետ ասոցացման վերաբերյալ։ Մեր ներկայացուցիչներն Աստանայում պարտավոր էին հրապարակային և իրավաբանական-դիվանագիտական բանավեճի կարգով Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի նախագահներին հիշեցնել, որ ինչպես ԱՊՀ ՀԱՊԿ-ի շրջանակներում իրենք հաշվի չեն առնում «Բաքվի մյուս ընկերոջ» «վերապահումները», քանի որ Ադրբեջանը պարզապես այդ ինտեգրացիոն կառույցի անդամ չէ, այնպես էլ Մաքսային միության ու ԵԱՏՄ-ի շրջանակներում իրենք իրավունք չունեն հաշվի առնելու Ադրբեջանի շահերը՝ ի վնաս Հայաստանի շահերի։
Սակայն ոչ մի նման բան, համենայն դեպս, Աստանայում ԵԱԲՏԽ նիստի հեռարձակման կադրերում, Ս. Սարգսյանի ու Է. Նալբանդյանի կողմից չհնչեց։ Մեկ էլ կրկնենք. մեզ հայտնի չէ, գուցե նրանք Երևանի հակափաստարկներն առաջադրել են հետո՝ կուլիսներում, տեսախցիկների «աչքից հեռու»։ Տա՛ Աստված։ Բայց խնդիրն այն է, որ երբ քեզ հրապարակայնորեն են փորձում «ձաղկել», ապա հարկավոր է իրենց հրապարակայնորեն էլ պատասխանել և հասկացնել, որ ԱՊՀ-ի (և ոչ թե ԱՀԿ-ի) շրջանակներում ոչ ոք լիազորություն չունի ավելի բարձր գնահատելու մի երկրի շահերն ի վնաս մյուսի շահերի։
Բայց դե, ժամանակն ամեն ինչ տեղը կդնի. և՛ մինչև հունիսի 15-ը, և՛ մինչև հուլիսի 1-ը շատ չի մնացել։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 2181

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ