Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

Օմերտայի օրենքը

Օմերտայի օրենքը
03.06.2014 | 11:31

2014-ի ամառը բոլոր շանսերն ունի շրջադարձային դառնալու, եթե միայն Հայաստանը ուժ ու խելամտություն ունենա սեպտեմբերի 3-ից հետո ապրել հունիսի 3, 13 կամ առավելագույնը հուլիսի 3: Մայիսի 29-ին Աստանայում Հայաստանը հետևեց օմերտայի օրենքին` լռություն, ինչ էլ պատահի` լռություն: Բայց եթե անկեղծ լինենք, երբ պատկառելի տարիքի հասած ցմահ նախագահ Նուրսուլթան Նազարբաևը կամավոր ստանձնել էր տակավին ոչ պատկառելի տարիքի ու նույնպես ցմահ նախագահ Իլհամ Ալիևի մամլո քարտուղարի պաշտոնը Աստանայում, ժանրի կանոններով` նրան պետք է առարկեր մյուս ցմահ նախագահը` Վլադիմիր Պուտինը: Եթե նա էլ հետևեց օմերտայի օրենքին, պետք չէ Սերժ Սարգսյանին մեղադրել լռության համար ու պատասխանի մեկ տասնյակ տարբերակներ հրապարակել: Այո, Սերժ Սարգսյանը հմայիչ ժպիտով կարող էր ասել, որ առնվազն անհեթեթ է այդ ձևաչափով քննարկել միության հետ բացարձակապես կապ չունեցող պետության նախագահի նամակը, օրակարգում կան շատ ավելի կարևոր հարցեր, որոնք խնդրո առարկային են վերաբերում: Նույնքան հմայիչ ժպիտով Սերժ Սարգսյանը կարող էր նաև ասել, որ ո՛չ Մաքսային միությունը, ո՛չ Եվրասիական միությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության քննարկման ու լուծման մանդատ չունեն, ինչի՞ մասին է խոսքը: Սերժ Սարգսյանը կարող էր բոլորովին չժպտալ ու ընդամենը հիշեցնել, որ Ռուսաստանը ՄԱԿ-ում ընդունված սահմաններով չի մտնում ԵՏՄ: Կարող էր նաև հիշեցնել, որ տնտեսական որևէ այլ կառույցի անդամակցելիս ¥օրինակ` Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, որ այնքան սիրում է օրինակ բերել Նուրսուլթան Աբիշևիչը¤ նման խնդիր չծագեց ու չէր էլ կարող ծագել: Բայց նա ոչինչ չասաց: ՈՒրեմն գիտեր ավելին, քան կարող էր ասել ու ստանալ ի պատասխան: ՈՒ լավ էր, որ լռեց, որովհետև օմերտայի օրենքը` սահմանելով լռություն, նաև պատճառաբանում է, որ միայն լռության դեպքում ես հնարավորություն ու իրավունք ունենում հարցը քո ցանկացածի պես լուծել: Սերժ Սարգսյանը լռեց, որովհետև շատ ավելի կարևոր խնդիր ունի լուծելու, քան անդամակցությունն է մի միության, որին իբր սրտատրոփ սպասում են հայ հասարակությունն ու հայ գործարարը: Չկա նման սպասում, չի եղել, չի էլ լինելու: Կա այլ խնդիր` արտագնա աշխատանքի մեկնած հայերի և Ռուսաստանից ստացվող տրանսֆերտների ճակատագիրը: Այսօր Հայաստանի քաղաքացու ապագան ու Հայաստանի Հանրապետության ապագան կախված են մեկ հարցից` ապավինե՞լ սեփական ուժերին ու հնարավորություններին, թե՞ գնալ անկախության բացարձակ կորստի ճանապարհով ու մի 50-100 տարի հետո անկախության պահանջով Ազատության հրապարակ դուրս գալ, որն այդ ժամանակ վերանվանված կլինի Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի անունով: Պուտինը Աստանայում լռեց, որովհետև Եվրասիական շրջագծում Ադրբեջանը ներգրավելու ծրագիր ունի: ՈՒ եթե Նազարբաևը ևս մեկ նամակ կարդա, որ Ադրբեջանը ԵՏՄ կգա ՄԱԿ-ում ընդունված սահմաններով, ուրեմն Հայաստանը պիտի համաձայնի, որ անդամակցում է մի միության, որտեղ Լեռնային Ղարաբաղը համարվում է Ադրբեջանի կազմում գտնվող տարածք:
Իսկ պատկերի մյուս կողմում ուրվագծվում է նոր իրավիճակ` Դմիտրի Մեդվեդևի նախագահությանը համընկած եռամյա ցիկլում Մինսկի խմբում Ղարաբաղի հարցում ՌԴ-ն, հանդիպումներ կազմակերպելով, հուշագրեր ու հայտարարություններ ընդունելով, որևէ հաջողություն չունեցավ ու շարունակեց անընդմեջ նոր զինատեսակներ վաճառել Ադրբեջանին: Մինսկի խումբն այլևս պետք չէ Կրեմլին, Կրեմլին պետք է պարտադրել Հայաստանին` սահմանին ռուս խաղաղապահներ ունենալ. սահմանային հաճախացող դիվերսիաներն ու Իլհամ Ալիևի անդուլ ռազմատենչությունն այդ շրջագծում են: Ռուս քաղաքագետները բացահայտ ասում են, որ երբեք չի քննարկվել ԼՂՀ-ի անդամակցության հարցը ՄՄ-ին կամ ԵՏՄ-ին, Ստեփանակերտը հայտ չի ներկայացրել: Ռուսական տրամաբանությամբ` հաջորդ քայլը Ստեփանակերտում «Միացում, միացում» կարգախոսներով ցույցերն են լինելու, միացում, բնականաբար, Ռուսաստանին ու ռուսական նախաձեռնությամբ ձևավորվող տնտեսական տարածքներին: Այդ դեպքում Ղարաբաղի հարց, որպես այդպիսին, պարզապես չի լինի: Համաձա՞յն է Սերժ Սարգսյանն այդ տարբերակին: Համաձայն լիներ, հունիսի 15-ի մասին խոսք չէր լինի:
Ի՞նչ կարող է լինել կես կամ մեկ ամսում:
Հայաստանը կարող է ոչ թե հարցերը լուծել օրակարգային հաջորդականությամբ, այլ համաժամանակյա: Առավել ևս, որ օրակարգային հաջորդականությունը պայմանական է, և ընդմիշտ հաստատված չէ որևէ հարց առաջին, որևէ հարց երկրորդ, որևէ հարց երրորդ տեղում:

Բոլոր դեպքերում, անհրաժեշտ է դադար, Հայաստանը պարտադիր ու պարտադրված պետք է դադար վերցնի` անդամակցության իր պահը հետաձգելով: Որևէ երկիր մեզ նման վազելով չի անդամակցում, եղել են ու կան հարցեր, որոնց լուծումը նաև ժամանակ է պահանջում: Իսկ դադարը պետք է օգտագործի` լուծելու քաղաքական ու տնտեսական դիվերսիֆիկացիա ապահովելու խնդիրը: Ֆրանսուա Օլանդի այցը Հայաստան և նրա հայտարարությունները նոր իմաստ են ստանում` Հայաստանը կարող է ստորագրել ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը: Դա կնշանակի, որ Հայաստանն ընդմիշտ չի խրվում ասիական տարածքում և իրականում, այլ ոչ կիսատ-պռատ հայտարարություններով ու հայացքը` Կրեմլին, բաց է պահում դեպի Եվրոպա դուռը: Դա նաև կնշանակի, որ ԵՄ-ը Հայաստանում ներդրումներ անելու իմաստ ու խթան է ստանում: Զուգահեռաբար, Երևանը պետք է վերջապես լիաձայն ու նախագահի մակարդակով պատասխանի Իրանի առաջարկներին, որոնք, բացի տնտեսական շահավետությունից, նաև աշխարհաքաղաքական ու քաղաքական նոր դիրք են ապահովում Հայաստանի համար` իբրև գազի արտահանման տրանզիտ երկիր, ուրեմն և որոշակի անվտանգության համաշխարհային երաշխիքներ ունեցող: Իրանը Հայաստանի համար նորից կյանքի ճանապարհ է դառնում, և այդ ճանապարհին ռուսական արգելափակոցը ոչ թե ռազմավարական ու դաշնակցային հարաբերություններ է վկայում, այլ մրցակցային-թշնամական: Բայց փոխընդունելի ու փոխշահավետ տարբերակ կա, որը չի կարող միշտ «ոսկե պաշարի» կարգավիճակում մնալ:
Հայ-թուրքական հարաբերություններում էլ Թուրքիայի նախագահին 2015-ի ապրիլի 24-ին Հայաստան հրավիրելուց հետո խորհրդարանը պիտի վավերացնի հայ-թուրքական արձանագրությունները, որպեսզի հյուրընկալվող նախագահը, որ այս պայմաններում բոլոր հիմքերն ունի Երևան չգալու, նաև պատասխան տա, թե ինչո՞ւ է իր երկիրը խուսափում ցյուրիխյան հանձնառությունից ու նախապայմաններ առաջադրում, և այլևս չկարողանա ազդեցիկ հայտարարությամբ իրավիճակ շրջել: Պարտադիր չէ, որ միշտ թուրքերը դիվանագիտություն սովորեցնեն, հայերն էլ կարող են դիվանագետ լինել, եթե ուզում են արդյունք ունենալ, ոչ թե շարունակ նվնվալ, թե 100 տարի առաջ ու 100 տարի հետո էլ երկաթե չէ իրենց շերեփը: Տարածաշրջանում բացարձակապես մեկուսացման մեջ հայտնվելով` Հայաստանը չի լուծի որևէ խնդիր: Միակողմանի կախվածությունը Ռուսաստանից, առանց որևէ հավասարակշռության, նշանակում է, որ Հայաստանը, թեկուզ անդամակցելով երեք «ցմահ» նախագահների միությանը, չի ստանալու որևէ քաղաքական ու տնտեսական հեռանկար: Հայաստանը երբեք չի դիտարկվի հավասար պետություն հավասարների հետ ու հավասարների մեջ: Դա միֆ է, որ որքան էլ կրկնվի, հիմնազուրկ է` օբյեկտիվորեն միշտ էլ հաշվի են առնվում պետությունների տնտեսական կշիռն ու քաղաքական ազդեցիկությունը:
Ի վերջո, հարցը բոլորովին էլ այն չէ` Լեռնային Ղարաբաղը դառնալո՞ւ է ԵՏՄ անդամ, թե՞ ոչ: Հարցն ավելի բարդ է` հրաժարվո՞ւմ է Հայաստանը Լեռնային Ղարաբաղից, թե՞ ոչ: Բոլոր իշխանափոխությունները Հայաստանում սկսվել են այս հարցից: 1999-ի հոկտեմբերի 27-ի հիմքում էլ այս հարցն էր. պաշտոնավարեին ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանն ու վարչապետ Վազգեն Սարգսյանը, Ղարաբաղի հարցը լուծվելու էր, հայ-թուրքական սահմանը բացվելու էր, ու Ռուսաստանը կորցնելու էր ազդեցությունը տարածաշրջանում: Ընդամենը մի քանի տարի հետո Վրաստանը դարձավ այն, ինչ լինելու էր Հայաստանը, եթե չլիներ 1999-ի հոկտեմբերի 27-ը: Հայաստանը չի կարող հրաժարվել Ղարաբաղից: Պատահական չէ, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է` Հայաստանը Եվրասիական միություն կգնա միայն Ղարաբաղի հետ կամ չի գնա: Քանի Զորի Բալայան էլ նամակ գրեն, Հայաստանը վաղուց այն երկիրը չէ, որտեղ ապրողները հավատում են «ռուսաց թագավորին» գրված նամակներին ու իրեն` ռուսաց թագավորին:
Ժամանակն է, որ իր ձայնը լսելի դարձնի Ստեփանակերտը: Պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը Երևանի դիրքորոշումից չի տարբերվի, բայց որևէ պետություն իր իշխանությամբ չէ կանգուն կամ երերուն, կա ժողովուրդ: Արցախցին պիտի ասի իր խոսքը, քանի դեռ մի կողմից պաշտոնական Ստեփանակերտը շարունակում է պնդել, որ բացառվում է մաքսային կետ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև, մյուս կողմից, Ղարաբաղի նախագահի խոսնակը վստահեցնում է, որ Նազարբաևի հայտարարությունները Ղարաբաղի հետ կապ չունեն, այդ խոսքը հավատ չի ներշնչում: Ղարաբաղը պետք է վերականգնի բանակցությունների մասնակցի իր մանդատը և հայտարարի, որ մադրիդյան սկզբունքները դասական գլուխկոտրուկ են, հնարավոր չէ միաժամանակ գործադրել տարածքային ամբողջականության և ազգային ինքնորոշման սկզբունքները, որոնք հակասում են միմյանց: Ժամանակի ֆոկուսն էլ իրավիճակ չի փոխում: Հելսինկյան հիմնարար ակտի երեք սկզբունքներից անխախտ կարող է գործել միայն ուժի չկիրառման սկզբունքը, որ բացառում է պատերազմը: Եթե դիվանագիտական լեզվից անցնենք պարզ մարդկային լեզվի, ստացվում է, որ միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքին է հետաքրքրում արցախցու կարծիքը, և միայն նրա երկիրն է պատրաստ հաշվի առնել, թե իրենց վերաբերող հարցին ինչ լուծում են ուզում տեսնել արցախցիները: Մնում է Ջեյմս ՈՒոռլիքը բացահայտ ասի` մի հանձնվեք, ու վերջ: Մինչդեռ Հայաստանում ՌԴ դեսպանը օրը մեկ սկանդալային հայտարարություն է անում, Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆեռնը մեկնել է ԱՄՆ և հանդիպումներ է ունենում բիզնես-շրջանակների ու հայկական կազմակերպությունների հետ` Հայաստանում ներդրումներ ապահովելու նպատակով, և ուզում է համոզվել ու համոզել, որ Հայաստանը բաց է բիզնեսի համար: ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակ Ջեյն Փսաքին էլ հորդորում է բոլոր կողմերին կրկնապատկել բանակցությունների սեղանի մոտ գործադրվող ջանքերը և կենտրոնանալ այն օգուտի վրա, որը խաղաղությունը կարող է բերել տարածաշրջանի ժողովուրդներին:
Քաղաքական ու տնտեսական մեկուսացման մեջ գտնվող Ռուսաստանին շտապ պետք է քաղաքական մանիֆեստ` Եվրասիական տնտեսական միության տեսքով, որն աշխարհին կապացուցեր, թե Կրեմլն ի զորու է իրավիճակը շրջել իր օգտին, բայց դա լինելու է ու մնալու է քաղաքական մանիֆեստ, որը բոլորովին պետք չէ Հայաստանին: Հայաստանն աշխարհին ապացուցելիք չունի, Հայաստանին պետք է զարգացման հեռանկար, որը ԵՏՄ-ն բացահայտորեն չունի իր ցմահ նախագահների ձևաչափի մեջ: Բայց դա չի նշանակում, որ Հայաստանը պետք է կտրուկ հեռանա իր հայտարարած քաղաքականությունից: Եթե սեպտեմբերի 3-ն անսպասելի ու գործնականում չարդարացված շրջադարձ էր, նոր «3»-ը չպետք է լինի ևս մեկ շրջադարձ հակառակ ուղղությամբ, այլ համադրի ու համատեղի նոր որակի հարաբերություններն Իրանի հետ, եվրաինտեգրման շարունակումը, քայլերը հայ-թուրքական հարաբերությունների կայացման ուղղությամբ, որոնք բոլորովին չեն հակասում 1915-ի Հայոց ցեղասպանության 100-ամյակի տրամաբանությանը, այլ իրապես ապացուցում են, թե ով չի վախենում իր պատմությանը բաց աչքերով նայելուց, ոչ միայն անցյալի, այլև ներկայի ու ապագայի:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մամլո խոսնակն ասել էր, որ նախագահն առաջիկայում կանդրադառնա Աստանայում հնչեցված հայտարարությանը: Համարենք, որ այդ անդրադարձը եղավ Ծաղկաձորո՞ւմ, թե՞ կհնչի արտերկրում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների խորհրդակցության ժամանակ, առավել ևս, որ նրանք ավանդաբար մեկնելու են Լեռնային Ղարաբաղ: Օմերտայի օրենքը հավաստում է` լռիր ու լռությունդ օգտագործիր նպատակիդ հասնելու համար, այլապես լռությունն ընդամենը հավաստում է, որ ասելիք չունես:

Դիտվել է՝ 1295

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ