Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Կայունության հոմանիշը այլևս քաոսն է

Կայունության հոմանիշը  այլևս քաոսն է
18.03.2014 | 01:04

Անգլիական ասացվածքը զգուշացնում է. «Մի արթնացրեք քնած շանը, կարող է կծել»: Պահպանողական անգլիացիները հարկ չեն համարում ասել, որ կարող է նաև չկծել, բայց, մեկ է, պետք չէ քնած շանը արթնացնել: Իսկ քնած արջին արթնացնելը միանշանակ վտանգավոր է. եթե շունը կարող է և չկծել, արջը չի ների: Քնից անպատեհ արթնացած արջը չի վերադառնա իր որջը, մինչև չապահովի հետագա հանգիստ քունը: Կենդանական աշխարհի վարքագծի տարբերությունները գործուն են քաղաքակրթության մեջ, բնականաբար, քաղաքականության մեջ էլ:
Մարտի 16-ին Ղրիմում տեղի ունեցավ հանրաքվե, որի նախաձեռնությունը որքան թերակղզու բնակիչներինն էր, նույնքան ու ավելի Մոսկվայինն էր: Հանրաքվե, որի լեգիտիմությունը, հետևաբար և արդյունքները, ընդունելու է միայն Ռուսաստանը: Համենայն դեպս, նախօրեին հնչած հայտարարությունների համաձայն: Իսկ հայտարարությունները հրապարակային քաղաքականության մակարդակում վկայում էին, որ Արևմուտքը չի ընդունում Ռուսաստանի ուկրաինական քաղաքականությունը: Այնուամենայնիվ, մեծ ությակը մեծ յոթնյակ դարձնելու, Սոչիի փոխարեն Լոնդոնում միմյանց` առանց Ռուսաստանի հանդիպելու, եռամակարդակ պատժամիջոցներ կիրառելու, սառը պատերազմին վերադառնալու, Ռուսաստանի միջազգային մեկուսացման նախազգուշացում-սպառնալիքները չազդեցին` Ռուսաստանը մինչև վերջ գնաց իր որոշումների իրականացման մեջ: Ոչ Օբաման, ոչ Մերկելը, ոչ Օլանդը չփոխեցին Պուտինի որոշումը: Առավել ևս Չինաստանն ու Թուրքիան: ՌԴ նախագահին չկասեցրեց Մաքսային միության գործընկերներ Նազարբաևի ու Լուկաշենկոյի դիրքորոշումը: Կորցնելով Վիկտոր Յանուկովիչին` Պուտինը որոշեց պահպանել ՈՒկրաինան` այնքանով, որքանով անմիջականորեն պետք էր Ռուսաստանին, իսկ հետոն հետո կերևա: ՈՒկրաինական իրադարձություններով սկսված գործընթացներում ակնհայտ էր կրկնակի ու բազմակի ստանդարտների կիրառումը բոլոր կողմերից: Թեպետ երկուստեք վկայակոչում էին միջազգային իրավունքը, բայց նախ տարբեր էին այդ իրավունքի մեկնաբանությունները, հետո կողմերը իրենց էին վերապահում նախադեպերի ստեղծման համեմատության, մեկնաբանությունների իրավունքը: Հանրաքվեն Ղրիմում կայացավ, Ղրիմը հանրաքվեի արդյունքով այլևս անջատված է ՈՒկրաինայից: Ի՞նչ է լինելու հետո:
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը նախապես էր հայտարարել, որ Ռուսաստանի հետ առճակատում չեն ցանկանում, բայց եթե Ռուսաստանը չգնա զիջումների, ԵՄ երկրների արտգործնախարարների հանդիպմանը համարժեք պատասխան կստանա: Բայց դա հարցի մի կողմն է: Ակնհայտ է, որ Արևմուտքը որքան էլ արտաքուստ միասնական, իրականում ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների կիրառման հարցում չի կարող միասնական լինել տևական ժամանակի մեջ: Հարցը, իհարկե, արժեհամակարգային է, սկզբունքային, քաղաքական միանշանակ, բայց նաև նույնքան տնտեսական հարթության մեջ է մտնում իր զարգացումների մեջ: Ռուսաստանի պես պետության դեֆոլտը խորտակելու է համաշխարհային տնտեսությունը. անգամ դիլետանտական մակարդակով դա ակնհայտ է, առավել ևս ակնհայտ է տնտեսագետներին ու քաղաքական գործիչներին: Թուլացող Ռուսաստան, որ չի խառնվի իրենց գործերին` այո, բայց ոչ թուլացած Ռուսաստան, որ պիտի պահեն` ի հաշիվ իրենց զարգացման: Մյուս կողմից` Ռուսաստանը իր աշխարհագրական դիրքի շնորհիվ, հարկադրաբար հրաժեշտ տալով Արևմուտքին` կարող է ողջ ներուժը կուտակել Արևելքում: Գլոբալացված աշխարհը, սակայն, բավականին կայուն բաժանված է ազդեցությունների ոլորտների, որպեսզի դեպի Արևելք գնացող Ռուսաստանը չբախվի Չինաստանի, Թուրքիայի, Իրանի ու մյուս երկրների դիմակայությանը:
Եթե առաջին հայացքից Եվրասիական տնտեսական տարածքի ձևավորումը առանց ՈՒկրաինայի թվում էր անկատար, հիմա արդեն Ռուսաստանը իր ողջ քաղաքական, ռազմական ու տնտեսական ռեսուրսը կենտրոնացնելու է այդ ուղղությամբ` փորձելով նոր երկրներ ներառել: Հայաստանի ու Թուրքիայի փակ սահմանը նոր իրավիճակում կարող է խանգարել ապրանքաշրջանառության, առևտրի ու ծառայությունների ընդլայնման, մարդկային ռեսուրսների նպատակային տեղաբաշխման ռուսական ծրագրերին:

Դիվանագիտական ու քաղաքական դիմակայության մեծ պաշար է պետք Հայաստանին, որ ռուս-թուրքական հարաբերությունների խորացման հաշվին միջազգային մեկուսացումից Ռուսաստանի դուրս գալու գինը ինքը չվճարի: Այլ պետությունների տարածքների վերաբերյալ իր փոփոխվող օրենսդրության շրջանակներում Ռուսաստանի համար Լեռնային Ղարաբաղի հարցում նոր առաջարկներով հանդես գալն ու հակամարտության կողմերին «Ոչ քեզ, ոչ էլ քեզ, այլ ինձ» ասելը տեխնիկական խնդիր է, եթե Թուրքիան սահմանները բացելու համար շարունակի պահանջել Լեռնային Ղարաբաղի հարցի լուծումն ադրբեջանական տարբերակով: Առավել ևս, որ միգրացիոն օրենսդրության փոփոխությամբ` Ռուսաստանն արդեն իրավական հիմքերի վրա Հայաստանը դատարկելու հնարավորություն է ստանում: Ակնհայտ է, որ հանուն աշխատանքային պայմանագրերի կնքման հայ միգրանտները հարկադրված են լինելու դառնալ ՌԴ քաղաքացի: Ճիշտ է` Ռուսաստանն ընդունում է երկքաղաքացիությունը, բայց հազիվ թե օտարազգի բոլոր միգրանտներին վերաբերվի այնպես, ինչպես Ժերար Դեպարդիեին, ում, հանուն սեփական PR-ի, ռուսական անձնագիր տվեց: Հաշվի առեք նաև, որ տնտեսական պատժամիջոցների կիրառման դեպքում Ռուսաստանում մի քանի ամսում կրճատվելու են աշխատատեղերը ¥հատկապես այլազգիների համար¤, իշխանափոխության հետևանքով հայերը իրենց բիզնես հնարավորությունները ՈՒկրաինայում ևս կարող են կորցնել, հավելեք բեռնափոխադրումների ու դեպի ծով ելքի հնարավոր դժվարացումներն ու թանկացումները: Ստացվելու է ռուս-ուկրաինական ծագմամբ տրանսֆերտների կրճատում, մի կողմից` հարկադիր վերադարձ Հայաստան ¥կամ միգրացիոն նոր հասցեների որոնում¤, մյուս կողմից` ժողովրդագրական պատկերի փոփոխություն Հայաստանում: Եթե դուք կասեք, որ այդ ամենի անունը կայունություն է, ես պիտի մտածեմ, որ այդ կայունության հոմանիշը այլևս քաոսն է: Զարմանալի չի լինի, եթե ռուսական լրատվամիջոցներն ու նրանց հայկական մասնաճյուղերը սովետական ջանադրությամբ սկսեն ջատագովել միասնական պետության ստեղծման անհրաժեշտությունը, առավելություններն ու անխուսափելիությունը, անկարևոր ու անպարտադիր համարելով ընդհանուր սահմաններ ունենալը: Ժամանակակից աշխարհում դա խոչընդոտ չէ: Ռուսաստանը թաթարներին ինքնավարություն է խոստացել Ղրիմում, մեզ էլ նման մի խաղալիք կտան: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մի քանի բանաձև կքննարկի, իսկ Ռուսաստանը վետո կդնի, ինչպես Ղրիմի հանրաքվեն հակասահմանադրական ճանաչելու հարցում: Արևմուտքը հերթական պատժամիջոցներով կսպառնա, բայց արդեն չի էլ կիրառի, որովհետև ջրի մեջ անձրևից չես թրջվում: Չինաստանը կմնա ձեռնպահ, Թուրքիան իր քրդերին մանրից կարտահանի Հայաստան ¥Հայաստանի պատմական հողերում ապրելուն քրդերը նոր չեն ընտելանալու¤: CNN-ը, հետո նաև BBC-ն հետաքրքիր հաղորդաշարեր կնկարահանեն տեղաբնակների բարքերի ու սովորույթների մասին, ԱՄՆ-ը նոր հարցում կանցկացնի, և ամերիկացիների արդեն ոչ թե 69 տոկոսը, ինչպես ուկրաինական իրադարձություններից հետո, այլ 71 տոկոսը Ռուսաստանը մեծ վտանգ կանվանի ԱՄՆ-ի համար, գուցե ավելի մեծ, քան Հյուսիսային Կորեան ու Իրանը: Ֆրանսիայի նախագահը նորից կհանդիպի Թուրքիայի նախագահի հետ ¥գուցե Ֆրանսուա Օլանդը չլինի, բայց նորից Աբդուլլահ Գյուլին կհանդիպի¤ կքննարկվի Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությունը` Ցեղասպանության 105-ամյակի կամ 110-ամյակի տարելիցին: Ճիշտ է, հայերը Հայաստանում արդեն աբորիգեններ կլինեն, բայց Ֆրանսիան միշտ էլ ժողովրդավարական արժեքները պաշտպանում է: Հայկական սփյուռքն էլ հաղթանակ կտոնի: Պատմական հաղթանակ դարավոր ոսոխի դեմ` չգիտես հանուն ում: Եվ գուցե Թուրքիան էլ անի այն, ինչ չարեց 100-ամյակին` դա արդեն վտանգավոր չի լինի, որովհետև փոխհատուցման խնդիրը նույնքան տեսական կլինի, որքան տեսական դարձած կլինի հայոց պետականությունը, որի վերականգնման մասին հայերն էլ արդեն դժվարությամբ կհիշեն հարազատացած իրենց «Որտեղ հաց` էնտեղ կաց» փիլիսոփայությունը: Իսկ Իրա՞նը: Չընդմիջված պետականության դարավոր դիվանագիտական հմտություններին համապատասխան` Թեհրանը հանդարտ, անշտապ կվերականգնի իր ազդեցությունը նախ տարածաշրջանում, հետո աշխարհում ու ինքնուրույն որոշումներ ընդունելու որոգայթում գայթած հարևանին տնտեսական անկախության դաշտ բերելու փորձերից ժամանակի մեջ կհրաժարվի, այլընտրանքային ճանապարհ գտած իր գազի ու նավթի փոխադրման համար, փոխարենը սահմանը կամրապնդի, որովհետև հայտնի չէ` ինչ երկիր է լինելու այդ Հայաստանը:
Իսկ դուք սպասում եք Ղրիմի հանրաքվեի արդյունքների՞ն: Բայց չէ որ ինքներդ ձեր փորձով գիտեք ռուսական ազդեցության տարածքում ինչ արդյունքներ են ունենում հանրաքվեներն ու ընտրությունները: Պահանջված: Նախապես համաձայնեցված տոկոսներով ու թվերով, որոնք հաստատում են նախապես ընտրված դիտորդները, իսկ եթե երբեմն չեն հաստատում, ուրեմն կոռումպացված են ու առաջնորդվում են իրենց երկրների հակաժողովրդավարական շահերով: Սահմանադրական իրավունքի հարցով ԵԽ փորձագետները, որ Ղրիմի կարգավիճակի հարցով մարտի 16-ի հանրաքվեն անօրինական էին համարել, որովհետև հանրաքվեի հավանականությունը նախատեսված չէ ոչ ՈՒկրաինայի, ոչ Ղրիմի սահմանադրություններով, կմատնանշեն, որ հանրաքվեի անցկացման պայմանները չեն համապատասխանում ժողովրդավարության չափանիշներին, ու Վենետիկի հանձնաժողովը պաշտոնական հայտարարությունը կհրապարակվի: Գուցե արդեն մարտի 21-22-ին: Վիկտոր Յանուկովիչը ևս մի ասուլիս կտա ու կասի, որ Ղրիմը երբեք ՈՒկրաինայի կազմում չի եղել, իսկ ինքը ՈՒկրաինայի միակ ու հավերժ նախագահն է: Ղրիմի վարչապետ Սերգեյ Աքսյոնովը կվերահաստատի, որ Ղրիմի հանրաքվեն չի բողոքարկվի, և Ղրիմը կդառնա ՌԴ-ի մաս, թեպետ ՈՒկրաինայի Սահմանադրական դատարանը մարտի 11-ին Ղրիմի հանրաքվեի անցկացման որոշումը ճանաչել էր հակասահմանադրական, բայց չէ որ Ռուսաստանն էլ նրանց չի ճանաչում իբրև իշխանություն: Այնպես որ, փոխադարձ չճանաչումներին հետևած փոխադարձ չճանաչումը ոչինչ չի փոխի: Ծայրահեղ դեպքում ևս մեկ ինքնատիպ ասուլիս կտա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ամեն ինչ իր տեղը կընկնի, չէ՞ որ նրա խոսքը գործ է, գործը` հավերժ:
Հեռավոր 1954 թվականի փոխարեն բոլոր դասագրքերում կլինի միայն 2014 թվականը, որովհետև 60 տարին ոչինչ չի նշանակում, առավել ևս, որ չգիտես ինչու ՈՒկրաինայի Հանրապետության պատմությունը հաշվվում է միայն ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, ուրեմն ի՞նչ 60 տարի: Վերջ: Եթե, իհարկե, Ռուսաստանը կանգ առնի Ղրիմում, ու ՈՒկրաինան դառնա Դաշնային պետություն` չկորցնելով իր մյուս տարածքները: Մի հանրաքվեի հետևանքնե՞րը: Ոչ, ավելի շուտ` պատճառները: Եվ ոչ թե մեկ հանրաքվեի, այլ մի միության չկայացման պատմության` նոյեմբերից մարտ: Երբ շունը կարող է և չկծել, իսկ արջը չի ներում, որ ինքն արթնացել է, բայց իրեն չեն տեսնում: Մինչև այն անխուսափելի պահը, երբ արջը կավերի ինքն իր որջը ու կորոշի նորը կառուցել, որովհետև հինն արդեն սպառվել է իբրև կենսատարածք ու ռեսուրսներ չունի լիարժեք կյանքի համար:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ.-Իսկ այդ պատմական ու կիսապատմական օրերին Բիայնա-ՈՒրարտուի հինավուրց հողում պղնձագույն հիքսոսների ժամանակակից ժառանգները հրաշալի քառյակի ձևաչափով քննարկում էին պահանջել, թե չպահանջել, եթե պահանջել` ինչ ու ումից, եթե չպահանջել` ինչու ու երբ: Եվ հինավուրց երկիրը շունչը պահած սպասում էր իր հրաշալի քառյակի որոշումին, որից կախված էր հայի բարգավաճ լինել-չլինելը, կոնգրեսվել-չկոնգրեսվելը, դաշնակցվել-չդաշնակցվելը, ժառանգել-չժառանգվելը` նույն այդ քառյակի շրջանակներում: Որովհետև քանի դեռ նրանք քննարկում էին, երկրում մնացել էին միայն իրենք: ՈՒ ժամանակի մեջ իրենց հավերժությունն ապահոված` նրանք հրաժարվել էին ժամանակավոր տարածքի իրավունքից, իսկ պետք է, չէ՞, խելամիտ փոխզիջում ռազմավարական գործընկերոջը:

Դիտվել է՝ 2414

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ