Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

Տաբուների տաբուները ու մեր պայծառ հեռանկարը

Տաբուների տաբուները ու մեր պայծառ հեռանկարը
07.02.2014 | 01:41

2013-ից սլացիկ 2014-ին անցավ գազի խնդիրը: Երբ անցյալ տարեվերջին արտահերթ նստաշրջանում դետեկտիվ քվեարկությամբ Ազգային ժողովը վավերացրեց հայտնի համաձայնագիրը, ակնհայտ էր, որ հարցը փակված չէ: Պատճառը քվեարկության կասկածելի ընթացքն ու արդյունքը չէր, պատճառը բուն համաձայնագիրն է, որ ամրագրում է կողմերից մեկի իրավունքները, մյուսի՝ պարտականությունները: Պատկեր, որ լիովին տեղավորվում է հայ-ռուսական ռազմավարական համագործակցության տրամաբանության մեջ: Հինգերորդ գումարման Ազգային ժողովի հինգերորդ նստաշրջանն էլ իր ներդրումն ունեցավ այդ պատկերում: Հերթական ներդրումը: Իհարկե, սա ընդամենը սկիզբն է, պատգամավորները դեռ կհասցնեն ոսկե տառերով իրենց անունները գրել (դա անկախության ժամանակների վերջին մոդան է) Հայաստանի Հանրապետության պատմության մեջ՝ անխոնջ ու անհոգնել վավերացնելով անհրաժեշտ փաստաթղթերը դեպի Մաքսային միություն նույնքան սլացիկ անցման համար: Այս դեպքում պետք չէ, որ տարիներ անցնեն ու պատմությունը գնահատական տա նրանց գործողություններին, նրանք հիմա էլ գիտեն, որ մաս-մաս հրաժարվում են Հայաստանի Հանրապետության դեյուրե ու դեֆակտո անկախությունից ու անզեն-անպաշտպան նետվում են մի տարածք, որտեղ ոչ ոք ոչ ցանկություն, ոչ մտադրություն, ոչ շահ, ոչ իմաստ, ոչ էլ պատճառ չունի իրենց պահելու: Եթե գազային համաձայնագրի ստրկությունը 30 տարով է, եվրասիական տնտեսական տարածքի ստրկությունը ժամանակային լիմիտ չունի: Միայն մեկ տարբերակ կա՝ ինքն իրեն կփլուզվի ինչպես կավե ոտքերով հսկան: Ո՛չ «գազի մարդ» Արամ Մանուկյանը, ո՛չ լավ տեղեկացված ու հուզական Հրանտ Բագրատյանը, ո՛չ Ռոբեսպիեր ու Դանտոն լինելուց խելամտորեն հրաժարված Լևոն Զուրաբյանը, ո՛չ կառավարության հրաժարականը պահանջող Նաիրա Զոհրաբյանը, ո՛չ իր վրա պատասխանատվություն վերցնող ու ենթադրող, որ պարտք դարձած գումարն ուղղակի գրպանվել է՝ Ռուբեն Հակոբյանը, ո՛չ Արմեն Ռուստամյանը, որ համոզված է՝ «Թաքուն պահելու գինն են վճարում, բայց վճարում են ժողովրդի հաշվին», ոչ բոլոր մյուսները նոր ոչինչ չասացին: Փաստորեն, խորհրդարանի հերթական նիստը երկու օր դարձել էր նախորդ արտահերթ նիստի շարունակությունը: Բնականաբար՝ նաև նույն ավարտով: Ի սկզբանե պարզ էր, որ մեծամասնությունը դեմ է լինելու և ոչ մի ժամանակավոր հանձնաժողով չի ստեղծվելու: Որքան էլ գործարքը «մութ» է, բոլորին ամեն ինչ առավել քան պարզ է: Ամենավտանգավորը, որ հնչեց ու չպատասխանվեց խորհրդարանում ¥թեպետ մանր-մունր կծոցներին պատասխաններ հաճույքով էին տրվում¤ Մհեր Շահգելդյանի «մտավախություններն» էին: Նա, իհարկե, դեմ չէր ստանալ բարձրացված հարցերի պատասխանները, բայց հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների մասին էր մտածում և բավականին թափանցիկ ակնարկեց, որ այս հարցով խորանալը կվնասի հայ-ռուսական հարաբերություններին մյուս ոլորտներում: Սա ոչ միայն կոնֆորմիզմի կլասիկա է, սա ընդհանրապես կապիտուլյացիա է՝ քեզ կողոպտում են, իսկ դու ասում ես՝ ես չեմ նկատել, որովհետև վախենում ես, որ եթե «նկատես», կարող են տունդ էլ քանդել, քեզ էլ վռնդել տնիցդ: Մհեր Շահգելդյանը պրագմատիկ ու իրատես է, որ չսխալվի, բայց նաև այնքան փորձառու է՝ հասկանալու, որ հենց «չնկատելն» է սկիզբը հետագա ունեզրկման ու տնազրկման: Ժամանակավոր հանձնաժողովի այլընտրանք առաջարկվող լսումները կամ քննարկումները, հարցապնդումը, հայ-ռուսական համագործակցության հանձնաժողով տեղափոխելը հարցը օրակարգից հանելու միջոց են: Եվ դա բոլորն էլ լավ հասկանում են:
Ի վերջո, ակնհայտ է նաև, որ խորհրդարանական որևէ ժամանակավոր հանձնաժողով (իսկ այդ հանձնաժողովները Հայաստանի խորհրդարանական պատմության մեջ ձախողումի փառավոր ավանդույթներ ունեն՝ ճիշտ այնքան թվով, որքան ստեղծվել, գործել կամ չեն էլ գործել) իրավիճակ փոխելու լիազորություն չէր էլ ունենալու:

Նույնքան ակնհայտ էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան կատարած վեցժամյա պետական այցի ընթացքում ստորագրված համաձայնագիրը Հայաստանի Մաքսային միության անդամակցության ենթատեքստում է, ներում-բեկում չի ունենալու, ու Հայաստանի Հանրապետությունը այդ իրավահարաբերություններում սուբյեկտ չէ այլևս: ՈՒրեմն և՝ որևէ հարց այդ սուբյեկտը չի որոշում: Պատգամավորներն իրենք էլ ասում էին, որ խնդիրը քաղաքական է, և խնդրի լուծումը կապիտուլյացիոն պայմանագրի բեկանումը չէ, Հայաստանում պետք է իշխանափոխություն իրականացնել (Ռուբեն Հակոբյան): «Կամ հարցի պատասխանը փնտրելու ենք Ազգային ժողովում, կամ պետք է հասկանաք, որ հարցերի պատասխանները ստանալու համար ժողովուրդը ստիպված է լինելու դուրս գալ փողոց»,- ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը, իսկ ԲՀԿ-ի քարտուղարը զգուշացրեց. «Քաղաքական այն ուժերը, որոնք մտահոգ են երկիրը այս վիճակից դուրս բերելու համար, ժամանակն է իրապես ձեռնարկեն կոնկրետ քայլեր, այլապես վաղը ուշ է լինելու»: Այո, բայց երեկ ո՞ւր էիք: Իշխանությունն այսօր բոլոր իրավունքները վաստակել է բակլան խաշած ցանելու: Այո, 2011 թվականի ապրիլից է սկսվել թանկացումը: 2011 թվականից էին սկսվել համապետական ընտրությունները, և որևէ իշխանություն իր ընտրողին չէր ասի՝ ինձ ընտրիր, որ կյանքդ դժոխք դարձնեմ: Այսօր են ԲՀԿ-ն, «Ժառանգությունը», ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն ուզում համատեղ հասկանալ` 2011-ից ինչպե՞ս է գոյացել 300 մլն դոլարի պետական պարտքը, որի դիմաց ռուսական կողմին է փոխանցվել «ՀայՌուսգազարդ»-ում Հայաստանի կառավարության վերջին 20 տոկոս բաժնեմասը, ինչո՞ւ Հայաստանի սահմանին 159 դոլար արժեցող գազը բնակչությանը 110 տոկոսով ավելի թանկ՝ 380-ով է հասնում, ինչո՞ւ կառավարությունը երաշխավորեց, որ մինչև 2044-ը ռուսական գազ է գնելու միայն «Գազպրոմ»-ից: Երեկ ո՞ւր էին, ինչո՞ւ կամ չէին հարցնում, կամ առանձին-առանձին էին հարցնում: Սեպտեմբերի 3-ին ո՞ւր էին: Երեքից հետո ո՞ւր էին: Ի՞նչ արեցին, ի՞նչ ասացին, ինչո՞ւ: Երբ Իրանի դեսպանն էժան գնով գազ էր առաջարկում, վարչապետը գնա՞ց՝ բանակցեց, թե՞ նախարարը գնաց: ՀՀ նախագահն ի՞նչ արեց: ՈՒ եթե նրանք բոլորը Ռուսաստանի ահից ոչինչ չարեցին, խորհրդարանական ընդդիմությունն ի՞նչ արեց: Շատ տեղին Էդուարդ Շարմազանովը հարցրեց՝ ո՞ւր էիք մինչև հիմա, ԱԺ փոխնախագահը չասաց, բայց լավ էլ մի ռեպլիկի մեջ ընդամենն ընդդիմության ամբողջ պատմությունը չափեց-կշռեց ու զրոյացրեց արդյունքի տեսակետից: Իրավունք ունի:
Շատ դառն է, որ իշխանություն-ընդդիմություն այս փոխհարաբերությունների պայմաններում ճշմարտությունը վերասերվում է ու դառնում ապարդյուն: Լավ, ևս մեկ անգամ իմացանք՝ ինչ խելոք, պերճախոս, սրամիտ ու հայրենասեր ընդդիմություն ունենք: Եվս մեկ անգամ համոզվեցինք, որ իշխանությունը մեծամասնություն է ու ցանկացած պահի կասի` պատասխանատվությունը իմն է, որոշողը ես եմ, ու ոչ մի պատասխանատվություն չի կրի: Հետո՞: Համաձայնագիրը մնում է ուժի մեջ: Համաձայնագրի սահմանած իրավական դաշտում ևս 30 տարի ապրելո՞ւ ենք, կարողանալո՞ւ ենք ապրել: Եվրոպայի «ամենաէժան գնով» տրվող գազի համար ամենաթանկ գինը վճարելով, չմատուցված ծառայությունների համար վճարելով, ցածր կալորիականության գազով չտաքանալով ա՞յս, թե՞ այլևս հետագա ընդդիմությունների առաքելությունն է լինելու հասկանալը, որ իշխանափոխությունը գործընթաց է, որի միայն մեկ դրվագն է ընտրությունը: Որոշիչ դրվագը, որ, սակայն, ոչ սկիզբ է, ոչ ավարտ: Իշխանափոխության համար ընտրությունները պետք է դառնան միջոց, ի վերջո՝ ընտրությունը ընտրություններից առաջ կատարված-ավարտված պետք է լինի, և ընտրատեղամաս գնալն ընդամենն այդ ընտրության արձանագրում դառնա: Հայաստանում բոլորը գիտեն՝ ինչ անել, ոչ ոք չգիտի՝ ինչպես: Հետևանքների դեմ ապարդյուն պայքարը գերադասվում է պատճառի դեմ պայքարից: Իսկ պատճառը բոլորովին էլ իշխանությունը չէ: Իշխանության այս որակը, այս մակարդակը, այս գործելակերպը ևս հետևանք են: Պատճառը մենք ենք, մեր վերաբերմունքն է: Ընդհանրական ու անհատական: Կուռքեր ստեղծելու ու նրանցից ամեն ինչ սպասելու մեր կրավորական կեցվածքը, հետո նույն այդ կուռքերին պատվանդանից վար նետելու ու թե նրանց, թե մեր ոչինչ չանելը արդարացնելու նիհիլիստական պահվածքը: Հայաստանում վաղուց արդեն քվեարկում են ոտքով՝ արտագաղթով: Հեռանալու մեջ տեսնելով անձնական հարցերի լուծման միակ հնարավորությունը: Իսկ երկիրը շատ մեծ է, երկիրն իր հարցերը ինքը կլուծի, երկիրը մեզ չի պահում, մենք երկրին ինչպե՞ս պահենք: Ակնհայտ է, որ Մաքսային միությանն անդամակցումը Հայաստանի համար աղետ է լինելու: Եթե տեսական դրույթները կարող են վիճելի լինել, գազային այս պատմությունը ակնառու օրինակ չէ՞ր, թե հարցերը ինչ լուծումներ են ստանալու: «Գազպրոմը» Ռուսաստանի իրական դեմքն է՝ անթաքույց ու հրամայական, որ միայն մեկ հավելման պակաս ունի՝ ռազմարդյունաբերական համալիրը, որի շահերը ևս անթաքույց են՝ բիզնես, միայն բիզնես, անձնական ոչինչ: ՀՀ կառավարությունը նախատեսում է մինչև մայիսի 30-ը պատրաստել Մաքսային միությանը անդամակցության արձանագրությունը: Կառավարությունը նույնիսկ հրապարակել է ՄՄ-ի անդամակցության ժամանակացույցը, որի համաձայն բազում փոփոխություններ պիտի արվեն օրենքներում, վավերացվեն նոր պայմանագրեր: Արդեն իսկ անթաքույց խոսվում է նոր թանկացումների մասին: ՈՒ մենք ամեն ինչի համաձայն ենք: Մենք ամեն ինչ ընդունում ենք որպես ի վերուստ տրված իրողություն: Պատճառը վերացնելու փոխարեն մենք մտածում ենք հետևանքների մասին՝ խնդրենք, բացատրենք, աղաչենք Ռուսաստանին, որ արտագնա աշխատանքի մեկնած հայերին երեք ամսից չարտաքսի, որովհետև Հայաստանում այդ երեք ամսում նրանք, մեկ է, աշխատանք չեն ունենալու: Մարդասիրական չէ ռազմավարական դաշնակցին տրանսֆերտներից զրկելը: Երբ Ռուսաստանը ծավալում էր «Հայրենակիցներ» ծրագիրը, դրանից առաջ ու հետո դատարկում էր Հայաստանը, որտե՞ղ էինք: Երբ Ռուսաստանը հետևողականորեն կասեցնում էր Հայաստանի արդյունաբերության որևէ զարգացում, որտե՞ղ էինք ու ի՞նչ էինք անում: Ղարաբաղի հա՞րցը կար: Պատերազմը չի՞ ավարտվել: Տարածաշրջանը բարենպաստ չէ, հարևանները վտանգավոր են՝ անվտանգությա՞ն հարցը կա: ՈՒ դա նշանակում է, որ բոլոր հարցերը կարելի է լուծել Հայաստանի ինքնիշխանության մասնատմամբ, հետո վերացմամբ, երբ արդեն ոչ գազի գինը խնդիր կլինի, ոչ սահմանը պահելը, ոչ արտագաղթը, ոչ էլ, առավել ևս, Ղարաբաղը: Հետո արդեն, մի 100 տարի անց, կսկսենք ազգային-ազատագրական պայքար՝ 21-րդ դարասկզբին կորցրած անկախությունը վերականգնելու համար: Ինչո՞ւ ոչ: Այդ ժամանակ Ռուսաստանը արդեն մի քանի անգամ հասցրած կլինի իբրև կայսրություն կայանալ ու փլուզվել, մեկ էլ տեսար՝ նորից բախտներս բերի: Իսկ ընթացքում հասցրած կլինենք հազարավոր էջեր գրել՝ դատապարտելու, դատափետելու, անարգանքի սյունին գամելու արատների մեջ խրված Արևմուտքին իր երկակի, բազմակի ստանդարտների ու մեզ խորին անտարբերության մատնելու համար: Հազարավոր էջերի մեջ եթե գոնե մի յոթ էջ լինի սեփական սխալների մասին, մի յոթ էջ էլ այդ սխալներն ուղղելու անհրաժեշտության ու հնարավորությունների, քրիստոնեության ընդունման 1800-ամյակը կնշենք, հետո էլ թուրքերից կպահանջենք Ցեղասպանության 200-ամյակին ճանաչել 1915-ին մարդկության դեմ գործած իրենց ոճիրը: ՈՒ՝ կեցցե սփյուռքը, որ կպահպանի հայ ժողովրդին իբրև ազգատեսակ: Իսկ ուրիշ ի՞նչ ենք ընդունակ անել: Մենք, որ ստեղծում ենք տաբուներ ու փոփոխական հաջողությամբ պայքարում ինքներս մեր դեմ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- Իսկ գուցե ճիշտը Վարդան Օսկանյա՞նն էր՝ եթե գազային համաձայնագրի քվեարկությունը վիճարկելի է եղել, համաձայնագրի վավերացումն էլ վիճարկելի է: Ասաց ու լռեց, որովհետև ԲՀԿ-ն այլընտրանք է, ուրեմն տաբուներ կան: Տաբուների տաբուները վերացնելը մեր ժառանգների պայծառ հեռանկա՞րն է:

Դիտվել է՝ 1574

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ