Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

Լույսից վախենալ չի կարելի

Լույսից վախենալ  չի կարելի
20.12.2013 | 00:17

ԽՍՀՄ-ի ողջ պատմության ընթացքում կոմունիստական կուսակցության գլխավորությամբ ձեռք բերված հաջողություններն ակնառու դարձնելու համար համեմատության եզր էր վերցվում 1913 թվականը` Ռոմանովների դինաստիայի 300-ամյակը: Ռոմանովների մասին, իհարկե, չէր հիշատակվում: 1913-ը նաև Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեն էր, երբ ամենաբուռն ծաղկման մեջ էր արդյունաբերությունը` շնորհիվ 1906-ին վարչապետ դարձած Ստոլիպինի բարեփոխումների, թեպետ ինքը` Պյոտր Արկադևիչը, 1911-ին սպանվել էր: Իսկ նա ասում էր` «Լույսից վախենալ չի կարելի»: 2013-ին Ռուսաստանը հնարավորինս փառավոր նշում է Ռոմանովների դինաստիայի 400-ամյակը: Տոնական միջոցառումները, սակայն, գլխավորը չեն: Գլխավորը Ռուսաստանի` իբրև գերտերության, նոր ժամանակների կայսրության իմիջի հաստատումն է: Պետական լրատվամիջոցները քարոզում ու պաշտպանում են կայսերական Ռուսաստանի աշխարհափրկիչ առաքելությունը և, որ առաջին հայացքից գուցե տարօրինակ է, Իոսիֆ Ստալինի` իբրև ցարի կարգ ու կանոնի հաստատման քաղաքականությունը: Հիմքում երկուսն էլ նույն նպատակն ունեն` Ռուսաստանին պետք է ուժեղ ձեռք, Ռուսաստանը կայսրություն է, որ ստանձնել է աշխարհը փրկելու դժվար գործը, թեպետ ոչ ոք չի ուզում փրկվել: Նոր ժամանակների կայսրության ուժեղ ցարը, իհարկե, Վլադիմիր Պուտինն է: Նոր ցարն ամեն ինչ անում է, որ իր գահակալության 2013-ը ևս պատմության մեջ մտնի, ինչպես Նիկոլայ Երկրորդի 1913-ը:
2013-ը համաշխարհային քաղաքականության մեջ շատ հասցեներ չունի. մեծ ու փոքր իրադարձությունների շարանում ինքնաբերաբար առանձնանում է Սիրիան: «Պատերազմը Սիրիայում չի ավարտվում, բայց և չսկսվեց». եթե հակիրճ, սա է բանաձևը, որի հեղինակային իրավունքը Վլադիմիր Վլադիմիրովիչը հաճույքով կպատենտավորեր, բայց կա և Նոբելյան մրցանակի դափնեկիր Բարաք Օբաման: Քիմիական զենքից հրաժարումով Սիրիայի նախագահ Բաշար Ասադը արեց քայլ, որ երկիրը փրկեց ՆԱՏՕ-ի զինված ուժերի միջամտությունից: Թեպետ եթե ՆԱՏՕ-ն անհրաժեշտ համարեր, Ասադն ինքն իրենից էլ հրաժարվեր, զինված ուժերը Սիրիա կմտնեին: Բարաք Օբաման իր որոնածը Սիրիայում ստացավ առանց պատերազմի, Վլադիմիր Պուտինը ձեռք բերեց խաղաղարարի անանց համբավ: Ի վերջո, ինչո՞ւ ոչ: Երկրորդ կարևոր աշխարհաքաղաքական փոփոխությունը կատարվեց Իրանում: Երբ օգոստոսին նախագահի պաշտոնը ստանձնեց Հասան Ռուհանին, քաղաքականությունից հեռու (թերևս և ոչ այնքան հեռու) գտնվող շատ քչերը կկանխատեսեին հետագա զարգացումները: Նախագահ Մահմուդ Ահմադինեժադի օրոք Հասան Ռուհանին եղել էր միջուկային հարցով Իրանի բանակցողը և հենց նա էր, որ միջուկային խնդիրը փակուղուց դուրս բերելու համարձակություն ունեցավ: Միջնորդների վեցյակի հետ բանակցություններում Թեհրանը պահպանեց խաղաղ ատոմի իրավունքը, իր բոլոր ցենտրիֆուգաները, արտոնեց ՄԱԳԱՏԷ-ին իր ցանկացած պահին մոնիթորինգ անել և հասավ պատժամիջոցների թուլացման, ավելին` վեցամսյա ժամկետից հետո գուցե նաև վերացման: Իրանը քայլ առ քայլ վերադառնում է մեծ քաղաքականություն` փոխելով ոչ միայն տարածաշրջանի, այլև համաշխարհային քաղաքականության մեջ ուժերի դասավորությունը: Իրան-ԱՄՆ հարաբերությունների նորմալացման գործընթացը ստիպեց ընդհանուր եզրեր գտնել Իսրայելին ու Սաուդյան Արաբիային, երկրներ, որ նույնիսկ միմյանց զբոսաշրջիկներին չեն ընդունում, ԱՄՆ-ից նեղացած` փորձում են նոր ճակատ կազմել: Փոփոխությունների ամբողջական պատկերը 2014-ն էլ թերևս չպարզի, բայց հիմնական հարցերում վերադարձի կետն այլևս չկա:

Եվրոպան դանդաղ ու վերջնականապես դուրս է գալիս ճգնաժամից: Տնտեսական: Բայց ոչ քաղաքական` չափազանց մեծ է եվրոպական տարածքը, որպեսզի ընտրական գործընթացը երբևէ դադարի պահ ունենա, ուրեմն և կանխատեսելի ու անկանխատեսելի քաղաքական զարգացումները շարունակելու են փոխել եվրոպական քաղաքականությունը: Բայց ոչ առանցքային հարցերում: Եվրոպան շարունակելու է դավանել իր սկզբունքները և տարածել արժեհամակարգը: Քաղաքականապես հետամնաց երկրներում, որտեղ քարոզչությունը կատարվում է կացնով, այդ արժեհամակարգը սկսվում ու վերջանում է միասեռականների խնդրով, առավելագույնը գենդերային իրավահավասարության դարակազմիկ հարցով: Ազգային դավաճանություն է դիտվում այն թեզը, որ Եվրոպան միայն միասեռականները չեն, և ընդհանրապես այդ հարցը կարևոր է միայն նրանց համար, ովքեր այլ ասելիք ու անելիք չունեն: Ծանծաղ ու ծառայակամ միտքը արագ մարսում է իրեն հրամցվածը ու նույնքան ծանծաղ ու ծառայակամ կառուցում իր փրկչական ծրագրերը:
Եվրամիության Վիլնյուսյան գագաթնաժողովը գնահատվեց պարտություն` ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիր չստորագրեց ՈՒկրաինան: Ավելի վաղ հրաժարվել էր Հայաստանը: Վրաստանն ու Մոլդովան նախաստորագրեցին Արևելյան հարևանությունն ընդլայնող համաձայնագրերը: Պարտությո՞ւն էր արդյոք Վիլնյուսը և ո՞ւմ պարտությունն էր` ցույց կտա ժամանակը: Վիլնյուսից հետո ակնհայտ դարձավ, որ հետխորհրդային տարածքում ձևավորվում են երկու կարգի պետություններ. նրանք, որոնք դիմադրում են Ռուսաստանին և նրանք, որոնք չեն դիմադրում բնավ: Ընդ որում` ոչ միայն իշխանության մակարդակով: Ո՞րն է ՈՒկրաինայի ու Հայաստանի տարբերությունը: Աշխարհագրական դիրքը, տարածքը, բնակչության թիվը, բնական պաշարները, տնտեսական վիճակը: Ոչ միայն: Ողջ 21-րդ դարում փոփոխական հաջողությամբ ՈՒկրաինան ապացուցում է, որ չի ցանկանում լինել «Մայր Ռուսիայի» կցորդը: Ռուսաստանն էլ ապացուցում է, որ չի ընկալում հարևանի անկախ պետություն լինելը: Ինչո՞ւ Արևմուտքը տրամագծորեն տարբեր վերաբերմունք ցուցաբերեց ասոցացումից հրաժարված ՈՒկրաինայի ու Հայաստանի նկատմամբ: Այս հարցի պատասխանը տվեց Մայդանը: Սեպտեմբերից նոյեմբեր Հայաստանում առավելագույնը մի քանի քնկոտ քննարկում ու ելույթներ եղան իբրև արձագանք Մաքսային միությանն անդամակցության անակնկալ որոշմանը: Նախագահ Սերժ Սարգսյանի որոշմանը, որի հետ հետո միայն պիտի բուռն ու անդառնալի համաձայնեին վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը և այլք: Քաղաքական քննարկում, որ կարող էր իրավիճակ փոխել, չեղավ: Սոցիոլոգիական հարցումներ եղան` ինչպես լինում են Հայաստանում, հանձնարարված արդյունքով, ու` հարցը փակվեց: Ժողովուրդը, որ վաղուց արդեն ամեն ինչ գիտի ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի իշխանության մասին ու հեքիաթների չի հավատում, գերադասեց չխառնվել, թեպետ հարցը առավել քան կարևոր է ու առավել քան վերաբերում է բոլորին: Խնդիրը միայն ռուսական տարածքից առաքվող տրանսֆերտները, Ռուսաստանում աշխատանք գտնելը չէ, Հայաստանում չի ձևավորվել և անհրաժեշտ ուժի չի հասել մտածողության այն որակը, որի հիման վրա կարող է իրավիճակ փոխվել: Արդեն մեկ տասնամյակ Հայաստանի ընդդիմությունը տրտնջում է եվրոպական կրկնակի ստանդարտներից: Ինչո՞ւ Արևմուտքը Վրաստանում պաշտպանեց վարդերի հեղափոխությունը, ինչո՞ւ Արևմուտքը նարնջագույն հեղափոխությանը տեր կանգնեց ՈՒկրաինայում: Որովհետև այնտեղ կար առաջնորդ ու կար թիմ, որ կարող էր ու կարողացավ համակարգ փոխել, իսկ դրանից էլ առաջ բոլոր հեղափոխությունները կատարվել էին մարդկանց մտքում: Հայաստանում Արևմուտքը չնայելով էլ տեսնում է ռուսական դաշտի գործիչների թե աջ, թե ահյակ` իշխանության ու ընդդիմության պորտալարը Ռուսաստանից չի կտրվում: Անձերի փոփոխությունը իրավիճակ չի փոխի, համակարգային փոփոխությունների անպատրաստությունը Հայաստանին դնում է երկակի ստանդարտների կիրառության տակ: Իհարկե, պարանը երկու ծայր ունի` Ռուսաստանից բացի աշխարհում նաև այլ երկրներ տեսնող, զարգացման այլ մոդելներ նախընտրող ընդդիմությունը չի կայանում, որովհետև Հայաստանի քաղաքական դաշտում դիտվում է պերսոնա նոն գրատա, իսկ դրսից աջակցություն չի ստանում, որովհետև որևէ անգամ այդ ընդդիմությունը չի մնացել ժողովրդի կողքին ու հերթական նախագահական ընտրություններում հաղթելով` հայտարարվել է պարտված, իսկ ընտրության արդյունքների հետ չհաշտվող ժողովրդին այս կամ այն պատրվակով ուղարկել տուն: 2008-ը բացառություն չէր. Արևմուտքը չաջակցեց Լևոն Տեր-Պետրոսյանին, որովհետև նրա պաշտոնավարման և Սերժ Սարգսյանի պաշտոնավարման միջև իր համար ոչ մի տարբերություն չէր տեսնում, երկուսն էլ ռուսական դաշտում էին գործելու, անկախ ով ինչ էր ասում: Ինչը և եղավ հետո, թեպետ ներկայացվեց, թե Լևոն Տեր-Պետրոսյանը հիասթափվեց Արևմուտքից ու շրջվեց դեպի Ռուսաստան: Լևոն Տեր-Պետրոսյանը նորելուկ չէր քաղաքական ասպարեզում, և քաղաքական ասպարեզն էլ ամնեզիա չուներ: Ընդհանրական կամ տեղային: Հայաստանի կապիտուլյացիան Ռուսաստանի առաջ ոչ այսօր է սկսվել, ոչ երեկ, բայց դա չի նշանակում, որ պիտի շարունակվի վաղն էլ: Այո, Հայաստանն արդեն գործել է ռազմավարական, մարտավարական, իրավիճակային սխալներ` 49 տարով երկարացնելով Գյումրու ռազմաբազայի գործունեության ժամկետը, «ՀայՌուսգազարդի» հետ մինչև 2049 թ. համաձայնագիր կնքելով, ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրից հրաժարվելով և Մաքսային, ապա նաև Եվրասիական միության անդամակցության որոշում կայացնելով, բայց այդ սխալներից ոչ մեկն անդառնալի չէ, եթե Հայաստանում վերջապես անդառնալիորեն կայանում է մտածող ու իրեն լավագույն կյանքի ի զորու համարող քաղաքացին: Ստոլիպինը ճիշտ էր` պետք չէ վախենալ լույսից: Անհեթեթ է իրապես:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- Կդառնա՞ 2013-ը ողջ 21-րդ դարի համար չափանիշային տարի, ինչպես 1913-ն էր 20-րդ դարի համար: Թերևս ոչ: Նույնիսկ եթե 2017-ին Ռուսաստանում հեղափոխություն լինի, ինչպես 100 տարի առաջ: Չի դառնա, որովհետև 21-րդ դարը խիստ մեծ արագություններ ունի և անկանխատեսելի է բավականաչափ իր զարգացումների մեջ, նույնիսկ հակառակ միջպետական տարատեսակ պայմանագրերի, որոնք ինչպես կնքվում են, այնպես էլ կարող են լուծարվել: Իրավիճակի փոփոխության դեպքում: Վիկտորիա Նուլանդի սենդվիչներն ու թեյը չճաշակելը բոլորովին էլ վերաբերմունքի ցուցիչ չէ: «ՈՒժասպառ ձիերին սպանում են», «Շրջադարձին ձիերին չեն փոխում», «Ձի չեղած տեղը էշն էլ ձի է»` Ձիու տարում ընտրեք որ ասույթն ուզում եք: Անձամբ ինձ դուր է գալիս «Նժույգին սայլին չեն լծում» ասույթը, առավել ևս, որ մեր սայլը, որպես կանոն, ունենում է հինգ անիվ:

Դիտվել է՝ 2052

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ